Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փելեշյանի գիրքը գիտական սխրանք և հակակշիռ է աշխարհում տեղի ունեցող քաոսային մանր վազքի»

«Փելեշյանի գիրքը  գիտական սխրանք և հակակշիռ է աշխարհում տեղի ունեցող քաոսային մանր վազքի»
20.11.2018 | 14:15

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, օրերս տեղի ունեցավ մեծանուն կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Տիգրան Մեծ» հրատարակչությունը՝ մշակույթի նախարարության պատվերով: Թարգմանիչը Մերուժան Հարությունյանն է: Ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017-ին: Հանդիսությունը կազմակերպել և վարում էր Տաթև Սուքիասյանը:


«Արտավազդ Փելեշյանի երկու ոտքով հողի վրա կանգնած լինելն ու միևնույն ժամանակ տիեզերական բարձրությունից երկրագնդին նայելու անհավանական ունակությունը գալիս են ապացուցելու, որ վարպետն իր միտքը զարգացրել է «վտանգավոր» աստիճանի»,- իր խոսքն այսպես սկսեց մշակույթի վաստակավոր գործիչ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ՝ այս աշխատությունը ոչ միայն տեսություն է, բանաձև, այլև ընթերցողին ուղղորդելու ևս մի տարբերակ, որ հնարավորություն է տալիս փելեշյանական մտքի այդ հսկայական մեծ տիեզերանավով ճամփորդելու դեպի աներևույթ, անշոշափելի, անիրական հարթություններ և նայելու աշխարհին փելեշյանական դիտանկյունից:
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ պատմեց Փելեշյանի «Սկիզբը» ֆիլմի հաջողության մասին, նշելով, որ եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ. «Փելեշյանի հետ ընկերացել ենք 60-ականներից: Այն տարիներն էին, որ շատ հեշտ երազում էինք, որովհետև ունեինք ապագայի տեսիլք, թռիչքի պահանջ, հատկապես Փելեշյանի առաջին թռիչքն անասելի ծավալների հուզմունք բերեց Հայաստանին»: Իսկ երբ «Կյանքը» ֆիլմի համար իր հիացմունքն է հայտնել ու հետաքրքրվել՝ այդ մեկ ծնու՞նդն ես նկարել, շատ զարմացած նայել է իրեն ու ասել՝ 60-ից ավելի ծնունդ եմ նկարել: «Ես խոսում եմ նրա ընդգրկման կարողության մասին, մանրամասների հսկայական տարածքը սեփական մեկ ամփոփ աշխարհ դարձնելու հսկայական աշխատանքի մասին,- ընդգծեց մաեստրոն ու հավելեց,- Փելեշյանը վաղուց և՛ մերն է, և՛ մերը չէ, և այս գիրքը, իհարկե, պետք է ունենար անգլերեն թարգմանություն՝ հասանելի դառնալով աշխարհի տարբեր ծայրերում»:


Իսկ ահա արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ խոստովանեց, որ բավական ժամանակ է այդ գրքի հետ է և ճամփորդում է մարդկության անցած ճանապարհի հայտնի-անհայտ էջերով: Կինոգետը պատմեց՝ ինչպես է Փելեշյանին նվիրված մի երեկոյի ժամանակ հանդիսականներից մեկը բացականչել. «Ինչու՞ ինձ տարաք հասցրիք տիեզերք ու հետո վերադարձրիք երկիր»: «Բոլորը զարմացած նայում էին ձայնի ուղղությամբ, բայց նա լավ հանդիսատես էր և ըմբռնել էր Ձեր ստեղծագործության, մտածողության էությունը,- իր խոսքը վարպետին ուղղեց կինոգետը:- Մարդը տիեզերքի մոդելն է, տիեզերքը մեզնից դուրս անվերջն է և միաժամանակ մեր մեջ է թաքնված: Այդ իսկ պատճառով այն հիրավի ճանաչելու համար պետք է կա՛մ գիտնական լինել, կա՛մ պոետ: Պոետական տեսանկյունից իրերին նայելու Ձեր կարողությունը թույլ է տալիս տեսնել անտեսանելին, անսահմանությունը, որ մեզնից այդքան հեռու են և միևնույն ժամանակ մեր մեջ են: Ձեր ֆիլմերում մենք տեսել ենք ոչ միայն «մարդկանց երկիրը» (ինչպես կոչվում էր Ձեր առաջին աշխատանքներից մեկը) և գոյության մանրամասները, այլև հավերժության՝ տիեզերքի կերպարը, լսել ենք նրա սրտի բաբախյունը, և, կարծում եմ, տրամաբանական է այս գրքի ի հայտ գալն իբրև գիտական սխրանք և հակակշիռ՝ աշխարհում տեղի ունեցող քաոսային մանր վազքի: Տիեզերքն այստեղ ներկայացված է իբրև կենդանի օրգանիզմ, և նշվում է, որ նա ակնթարթորեն է տեսնում այն ամենը, ինչ կատարվում է իր ներսում: Նախ կուզեի շնորհակալություն հայտնել այս համոզմունքի համար և, իհարկե, գրքի վերջում հիմնավորված հույսի համար, երբ գրում եք՝ այնպիսի կատարյալ ու բանական էակ, որպիսին մեր տիեզերքն է, անհնար է, որ ինքնասպան լինի: «Ոչ մի աշխարհի վերջ չի լինելու»,- հայտարարում եք Դուք: Այս գիրքն առաջին հայացքից կարող է մարտահրավեր թվալ գիտությանը, անցյալի ու ներկայի գիտնականներին, սակայն, ըստ իս, այն երկխոսություն է տարբեր ժամանակների գիտական միտքը կրողների հետ»:


«Ամբողջ երեկոյի ընթացքում նրա դեմքին տեսա իր նկարած ֆիլմերը. տարվա եղանակներն էին հաջորդում իրար՝ մշտահոլով գարունում, ամառում, աշունում, ձմեռում՝ կրկին գարունելու համար»,- մեզ հետ զրույցում իր տպավորությունները երեկոյի մասին այսպես բնորոշեց հանդիսավար, մշակույթի նախարարության աշխատակազմի մամուլի, գրական ծրագրերի համակարգող ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց վարպետի «Կյանքը» ֆիլմը: 1993-ին նկարահանված այս ֆիլմը վարպետի առայժմ վերջին և միակ գունավոր աշխատանքն է: «Կյանքը» ֆիլմին նախորդել է «Վերջը», նկարահանվել է 1992-ին: Մի առիթով Փելեշյանն ասել է, որ վերջին ֆիլմերը նկարել է մութ ու ցուրտ տարիներին և կարծում է, որ դրանք հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի ֆիլմեր են:


Հավելենք, որ փելեշյանական երեկոյի հյուրերը հնարավորություն ունեցան ձեռք բերելու «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը՝ հեղինակի ընծայագրերով:
Արտավազդ Փելեշյանի անունը բոլոր ժամանակների աշխարհի լավագույն 100 ռեժիսորների և 10 վավերագրողների ցանկում է: «Տարածական մոնտաժի» հիմնադիրն է: 1969 թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը` առաջին անգամ օգտագործելով «տարածական մոնտաժի» հիմնատարրերից, և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի:


«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», նկատի ունեի հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»,- ասել է կինոբեմադրիչը:
Նրան բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգում է արել. «Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ