Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ավոն է գալու...»

«Ավոն է գալու...»
25.12.2018 | 00:54

Տարեմուտի վերջին օրերին մեր հոգում արթնանում են անանուն, անանց կարոտներ, որ մղում են հետ նայելու, վերապրելու արդեն անվերադարձ անցած օրերը, որոնելու, փնտրելու այն, ինչը կորցրինք անփութորեն, ինչին ձգտեցինք ու չհասանք թուլակամորեն, մղում վերստին անդրադառնալու հավերժական հին ու նոր հարցին՝ ո՞րն է մարդ արարածի առաքելությունն այս աշխարհում, ինչպե՞ս պետք է ապրի իրեն տրված կյանքը: Ամեն ոք յուրովի է մեկնաբանում կյանքի իմաստը: Ոմանց համար կարևոր է շքեղ, նյութապես ապահով ապրելակերպը, ուրիշների համար՝ հարազատ ժողովրդի բարեկեցությունը, հայրենիքի ազատությունն ու անվտանգությունը, որի համար պատրաստ է ամեն զոհողության: Մեր ժողովրդի պատմությունը եղել է բարդ ու դժվարին: Մեզ հասակակից շատ ազգեր չեն դիմացել ժամանակի խորշակներին, մարել, անհետացել են, բայց մենք՝ հայերս, ամենաահեղ պահերին անգամ ապավինել ենք մեր հոգու զորությանը, ամոքել ենք մեր վերքերը և լուսավոր հավատով նայել բացվող օրվան:


Ամեն տարեմուտի սիրով ու երախտագիտությամբ նվիրական անուններ եմ հիշում, անունները նրանց, ում համառ պայքարի ու անձնազոհության շնորհիվ հայոց Արցախն ազատագրվեց: Նրանց մեջ ոչ միայն խիզախությամբ ու հրամանատարական շնորհներով, այլև բացառիկ ազնվությամբ ու շիտակությամբ առանձնանում էր ԼՂՀ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը՝ մարտունեցիների սիրելի Ավոն: Ասում էին. «Ի վերուստ էր կանխորոշված Ավոյի Մարտունի գալը»: Նաև. «Հեռու երկրից եկած անահ կտրիճը դուրս կշպրտի մեր երկրից վերջին կարիճը»: Ինչպես և եղավ։ Սակայն այսօր, սիրելի ընթերցող, Մոնթե զորավարի սխրանքների մասին չէ իմ պատմությունը, այլ նրա հանդեպ պարզ ու լուսավոր սիրո մի գողտրիկ դրվագի:


...1992 թ. տարեվերջին մանկապարտեզում (հիմա այն կոչվում է Մոնթե Մելքոնյանի անունով) Նոր տարվա հանդես էր: Այն վարողը դիմեց դահլիճին.
-Երեխաներ, իսկ հիմա ո՞վ է գալու...
Երեխաները պետք է ասեին՝ Ձմեռ պապը, բայց գոչեցին.
-Ավո՜ն է գալու...
Մանկապարտեզի վարիչ Նաիրան մոտեցավ Ավոյին, որին նույնպես հրավիրել էին տոնածառի հանդեսին ու խնդրեց.
-Ավո՛, երեխաները Ձեր անունն են տալիս, Ձմեռ պապի փոխարեն Դուք պիտի գաք ողջունելու:
Ավոյին թվաց, թե դա հատուկ է կազմակերպված: Իրականում երեխաներն այնքան շատ էին սիրում նրան, որ Ձմեռ պապի փոխարեն իրեն էին ուզում տեսնել: Ավոն առաջ եկավ և ջերմ ժպտալով ասաց.
-Շնորհակալություն, երեխաներ: Սրտանց շնորհավորում եմ ձեր Նոր տարին:
Շատ էր ուրախացել, որ անմեղ մանուկներն իրեն Ձմեռ պապից շատ են սիրում:
Մեկ տարի էլ դառնում է անցյալ՝ անհանգիստ, լարված տարի: Լարված է վիճակը ոչ միայն Հայաստանի ու Արցախի սահմանագծում: Ամբողջ աշխարհն է ալեկոծ ու պայթյունալի: Եվ համատարած ու գնալով ահագնացող առճակատումների, ահաբեկչությունների, դեռ չմարած՝ նորից բռնկվող պատերազմի օջախների համապատկերում ավելի հրամայական է դառնում Արցախյան հիմնախնդրի արդար լուծումը:1993 թ. հոկտեմբերի 3-ին հարցազրույցի ժամանակ Մոնթեն ասել է. «Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժել ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին՝ մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել....»: Նաև. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Ամանորի սպասման այս թրթռուն պահերին, համոզված եմ, ամեն հայի սրտում, որտեղ էլ որ նա ապրի՝ հայրենիքում, թե հայրենիքից հեռու, մի բաղձանք կա՝ խաղաղ ու արդար լինի նոր տարին, ամենուր լռեն պատերազմի որոտները, չլինեն մոր ու մանկան լաց ու կսկիծ: Թող աշխարհի հզոր տերությունները, ականջալուր արդարության ու խղճի ձայնին, ճանաչեն Հայոց Արցախի ազատ, անկախ ապրելու իրավունքը, և, ինչպես Ռափայել Պատկանյանի հայրենաշունչ երգում է ասվում.

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն։

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 5899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ