Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայրենիքին չեն ծառայում միայն առաջնագծում կամ միայն երկու տարի»

«Հայրենիքին չեն ծառայում միայն առաջնագծում կամ միայն երկու տարի»
19.02.2019 | 02:38

Վերջին շրջանում ակտիվացել են քաղաքացիական նախաձեռնությունները՝ ուղղված հայկական զինուժի մարտունակության ու նյութատեխնիկական ապահովվածության օժանդակմանը: Ծնունդով ալավերդցի ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է խիստ շոշափելի օգնություն ցուցաբերել հայկական բանակին: Տարիներ առաջ նրա հիմնադրած «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն այսօր էլ կանգնած է զինվորի կողքին:

-Դավի՛թ, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Ամեն ինչ սկսվեց ապրիլյան պատերազմից հետո ՀԿ-ի հիմնադրմամբ՝ 2016 թվականի օգոստոսի 26-ին, իսկ առաջին այցելությունը զորամաս և կրակադաշտ տեղի ունեցավ սեպտեմբերի կեսին և շարունակվում է մինչ օրս։
-Որքա՞ն բան եք հասցրել անել այս տարիների ընթացքում։
-Առհասարակ, խուսափում ենք այդ ամենը քանակական չափանիշներով հրապարակելուց, մեզ համար սկզբունքային է զինվորներին հատկացված օժանդակ օգնությունը գովազդ չդարձնելը։ Սակայն, կարևորելով թափանցիկությունը, բոլոր այն դեպքերում, երբ ներգրավում ենք հանրային միջոցներ՝ ի դեմս դրամահավաքների, մեր պաշտոնական www.banak.info կայքի «Հաշվետվություններ» բաժնում տրվում է ֆինանսական անվանական հաշվետվություն թե՛ հավաքված գումարների, թե՛ ծախսերի, թե գնումների մասին։
-Ի՞նչ նոր գաղափարներ ու ծրագրեր ունեք։
-Այժմ մշակման փուլում է, իմ տվյալներով, ՀԿ-ների մեջ աննախադեպ ծրագիր, որը պետք է համաձայնեցնել 3-4 նախարարության, պետական այլ մարմինների հետ, ստանալ թույլտվություն և, բարեհաջող իրագործելուց հետո, հայտարարել ծրագրի մեկնարկը։ Բացելով փոքրիկ գաղտնիք` նշեմ, որ ծրագրում սինթեզված են տեսականն ու գործնականը։ Զուգահեռ փորձում ենք պատրաստել «Ազգ-բանակ-2019» ծրագիրը, որը ենթադրում է այցելություն Արցախի առաջնագիծ, դիրքեր և տեղում ծրագրերի իրականացում։ Թալիշը ջրի ուսապարկերով ապահովելուց հետո պլանավորվում է մեկ այլ ուղղությամբ իրականացնել նման ծրագիր, սակայն պետք չէ ժամանակից առաջ ընկնել, ամեն ինչ իր հերթին և ժամանակին Աստծո կամոք կիրականցվի։ Նման ծրագիր իրականացրել ենք նաև 2018 թվականի օգոստոսին Արցախում իրականացրած «Ազգ-բանակ-2018» ծրագրի ընթացքում, որի ընթացքում գնվել է ավելի քան 60 ջրի ուսապարկ, որոնք հատկացվել են հետախուզական խմբերին, իսկ այս դեպքում դեռևս հստակ թվեր նշել չենք կարող, քանի որ դրամահավաքի արդյունքները վերջնականապես ամփոփված չեն, սակայն նախնական գնահատականներով կկարողանանք գնել պլանավորված 50 հատից շուրջ 3 անգամ ավելի ջրապարկ։
-Դրամահավաքի շրջանակներում Ձեզ բարերարներ միանու՞մ են։
-Դրամահավաքին միանում են մեր հայրենակիցները թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից տարիքային բավականին լայն սեգմենտով` նվիրաբերելով 1000 դրամից մինչև 100 հազար դրամ։ Բարերարներին միացել է ամերիկաբնակ հայազգի բարերար` «Եղնիկներ» զորամասին տրամադրելով մի շարք ապրանքատեսակներ։
-Հաջորդիվ ի՞նչ եք մտադիր անելու։
-Այժմ բանակցություններ են ընթանում մի քանի ընկերությունների հետ ջրապարկերն անվճար Հայաստան տեղափոխելու համար, որպեսզի հավաքված ամբողջ գումարը ծախսվի միայն ջրապարկեր գնելու վրա։ Կոնկրետ ժամկետ նշել չենք կարող, թե փաստացի ձեռքբերումը երբ տեղի կունենա, սակայն մեկուկես ամսվա ընթացքում կավարտենք ամբողջ ցիկլը, և եղանակները տաքանալուն պես զինծառայողները կկարողանան օգտագործել ջրի ուսապարկերը։ Հաջորդ ծրագիրը կմեկնարկի միայն ջրապարկերն առաջնագիծ հասցնելուց հետո։
-Ձեր գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ կա՞ն։
-Օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ եղել են, կան և լինելու են, սակայն կարևորն այն է, որ դիտավորյալ խոչընդոտելու դեպքեր չեն եղել, և մենք հակված ենք խոչընդոտներից ու խնդիրներից բողոքելու փոխարեն դրանք դարձնելու հնարավորություններ և ավելի մեծ թափով շարժվելու առաջ։
-Ովքե՞ր են օգնում Ձեզ։
-Մեզ օգնում են մեր հայրենակիցները դրամահավաքների ընթացքում, ինչպես նաև մեր մի շարք գործընկերներ, ովքեր զորամասեր այցերի ընթացքում տրամադրում են սեփական արտադրանքի որոշակի քանակ՝ զինվորներին հատկացնելու նպատակով։
-Պետական որևէ մարմնից բարոյական կամ նյութական օժանդակություն սպասու՞մ եք։
-Երկու անգամ մեր ծրագիրը հաղթել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային մրցույթում և ստացել մասնակի ֆինանսավորում՝ ի թիվս այլ ՀԿ-ների, և իհարկե, բավականին սերտ աշխատել ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ. տրամադրել են մինչև 2018 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում զորամասեր այցի փոխադրամիջոցը՝ ՊՆ ավտոբուսը։ Այժմ, սակայն, փոխվել է ՊՆ քաղաքականությունը, այս պահին նյութական աջակցություն չի տրամադրվում, աջակցություն կարող է լինել ծրագրերին դրական գնահատական տալու և թույլտվություն տրամադրելու տեսքով։ Միաժամանակ բավականին ակտիվ ու սերտ աշխատել ենք նաև Արցախի պաշտպանության բանակի հետ, մեկ անգամ էլ` Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ։
-Ի՞նչ կմաղթեք հայկական զինուժին։
-Որպես կանոն նման ձևաչափով մաղթանքներ չեմ սիրում հղել, ինչպես նաև մինչև այսօր որևէ ելույթ չեմ ունեցել զորամասերում միջոցառումների ընթացքում։ Մեր զինծառայողներին կմաղթեմ ընդամենը խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։ Հայրենիքին չեն ծառայում միայն առաջնագծում կամ միայն երկու տարի. ծառայել հայրենիքին նշանակում է լինել սեփական դիրքում, սեփական դիրքում լավագույնը և պատվով կրել հայրենիքի զինվորի մշտական կոչումը։

Զրույցը` Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ