Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նախարարն ամենօրյա պարտականություններ ուներ կառավարությունում, իսկ հանձնակատարը շրջագայելու է համայնքներում»

«Նախարարն ամենօրյա պարտականություններ ուներ կառավարությունում, իսկ հանձնակատարը  շրջագայելու է համայնքներում»
19.03.2019 | 02:13

Եվ այսպես, Սփյուռքը այլևս չի ունենա նախարար, կունենա հանձնակատար։ Կառավարության կառուցվածքի հաստատումից հետո որոշվեց սփյուռքի նախարարության փոխարեն ձևավորել վարչապետի աշխատակազմին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Ճիշտ է, գրասենյակը դեռևս չունի գլխավոր հանձնակատար, սակայն դա շաբաթների խնդիր է։ Եվ մինչ կզբաղեցնի այս հաստիքը, սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող ԲԱԲԿԵՆ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցեցինք Հայաստան-Սփյուռք կապերի նոր ռազմավարությունից։

-Այո, արդեն հաստատված են մեր գործառույթները և ռազմավարական ուղղությունները,- ասաց մեր զրուցակիցը։- Հիմնականում աշխատելու ենք չորս ուղղությամբ` հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման գործընթացներին։ Ինչ վերաբերում է գործառույթներին, այստեղ առաջին հերթին կարևորված է համայնքների հետ կապերի պահպանումն ու ամրապնդումը, երկրորդ` մշակվելու է հստակ ռազմավարություն, իրականացվելու են ծրագրեր, որոնք կոորդինացնելու են գործող 12 նախարարությունները։ Այսինքն, մենք ասում ենք հետևյալը` սփյուռքի մեկ նախարարության փոխարեն այսօր գործող 12 նախարարություններ են զբաղվելու սփյուռքի հարցերով։
-Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի վարչապետի աշխատակազմին կից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ հիմնել, եթե 12 նախարարություններ զբաղվելու են այդ հարցերով։
-Մենք կոորդինացման գործառույթ ենք իրականացնելու և մեր կառույցում, ըստ օրենքի նախագծի, նախատեսվում է ունենալ 20-25 աշխատող։
-Երբ որոշվեց լուծարել սփյուռքի նախարարությունը, Սփյուռքը շատ բացասաբար արձագանքեց այդ որոշմանը, քանի որ նախարարությունը դիտարկում էր որպես իր տունը։ Հիմա այդ նոր գրասենյակը Սփյուռքը կընկալի՞ որպես տուն։
-Մենք բարձրացնում ենք Հայաստան-Սփյուռք կապերի մակարդակը։ Եվ պետք է նկատեմ, որ նախարարության լուծարումը ոչ բոլորը բացասաբար ընկալեցին։ Սփյուռքը բազմաշերտ է, հետևաբար մեկնաբանություններն էլ շատ տարբեր էին։
-Այո, սակայն մեծ մասամբ կարծիքները բացասական էին։
-Մենք տարբեր կարծիքներ ենք լսել, և հետո, դա նաև մեկնաբանության հարց է։ Պետք է նշեմ, որ բացասական կարծիքներն առաջացան այն ժամանակ, երբ հստակեցվում էր նախարարության կարգավիճակը։ Սակայն հիմա, երբ խոսում ենք այս նոր ձևաչափի մասին Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ և բացատրում, թե ինչ ենք պատկերացնում...
-Ձեզ ընդհատեմ` և ի՞նչ եք պատկերացնում։ Դուք ներկայացրիք Ձեր գործառույթներն ու ռազմավարական ուղղություններն ըստ վերնագրերի, սակայն կյանքը վերնագրերից դուրս է։ Խնդրում եմ մեկ-երկու օրինակով հիմնավորել, թե գործնականում ինչ եք անելու այդ կապերի ամրապնդման կամ զարգացման ուղղությամբ։
-Գիտե՞ք, հիմա նպատակարմար չեմ համարում խորանալ բովանդակային հարցերի մեջ, որովհետև դա հանձնակատարի գործն է։
-Իսկ ո՞վ կլինի հանձնակատարը։
-Դա դեռ չի քննարկվել։
-Ե՞րբ կքննարկվի։
-Չեմ կարող ասել։
-Վերջերս, անդրադառնալով հանձնակատարի պաշտոնը Ձեզ վստահելու հարցին, ասել եք, որ պատրաստ եք ծառայելու ՀՀ-ին այն կառույցներում, որտեղ Ձեզ կտեսնի կառավարությունը։ Եթե կառավարությունը որևէ կառույցում Ձեզ չտեսնի, դրա՞ն էլ եք պատրաստ։
-Ես չեմ ուզում մտնել այդպիսի քննարկումների մեջ։ Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
-Ինչպես ասում են` բարով ծառայեք, բայց կուզենայի, որ գործնական որոշ քայլեր, այնուամենայնիվ, ներկայացնեիք. մարդիկ ուզում են կոնկրետ գործ տեսնել։
-Կարող եմ հստակ շեշտադրել հանձնակատարի դերը և ասել, թե ինչով է այն տարբերվում նախարարի դերից։ Նախարարն ուներ ամենօրյա պարտականություններ կառավարությունում, իսկ հանձնակատարը շատ ավելի ազատ է լինելու, ինչը նրան թույլ կտա շրջագայել, շատ ավելի ժամանակ անցկացնել համայնքներում և հենց տեղում ծանոթանալ խնդիրներին։ Մենք որդեգրել ենք այս նոր քաղաքականությունը, որովհետև ասել ենք, որ Հայաստանը համայնքների «մեջքը» պիտի լինի։
-Այսինքն կառույցի բյուջեն պետք է մեծանա՞։
-Ոչ, հակառակը։
-Ինչպե՞ս։ Եթե հանձնակատարը շրջագայելու է, որպեսզի տեղերում ծանոթանա խնդիրներին, դրա համար միջոցներ չե՞ն հատկացվելու։
-Այո, բայց մենք ծրագրեր իրականացնող մարմին չենք լինելու։ Ծրագրերն իրականացնելու են 12 նախարարությունները, ինչպես ասացի, տեսականորեն։
-Այ տեսեք, Դուք ասում եք, որ տեսականորեն կամրապնդեք Հայաստան-Սփյուռք կապը, մյուս կողմից ասում եք, որ ծրագրերն իրականացնողները դուք չեք լինելու։ Այսինքն, դուք քաղաքականություն մշակո՞ղն եք լինելու։
-Քաղաքականություն մշակողը միայն նախարարություններն են, մենք ծրագրեր համակարգող և ռազմավարություն մշակող մարմին ենք։ Այսինքն, հայրենադարձության մասին ռազմավարությունը մենք ենք մշակելու։
-Այդ դեպքում, եթե հանձնակատարի գրասենյակի բյուջեն չի ավելանալու, ինչի՞ հաշվի են գործուղումներ իրականացվելու։
-Եթե մենք ծրագրեր իրականացնող մարմին չենք, հետևաբար մեր բյուջեն պետք է կրճատվի, սակայն ակնկալում եմ, որ գործուղման մասով բյուջեն կավելանա։
-Այսինքն, այսպես թե այնպես, հանձնակատարը շրջագայելու է հարկատուների՞ միջոցներով։
-Դա պետական աշխատանք է։
-Այո, իհարկե, և ցանկացած պետական պաշտոնյա շրջագայում է հենց հարկատուների հաշվին, դրա համար էլ հանձնակատարի շրջագայություններն արդյունավետ պետք է լինեն։
-Միանշանակ. մենք հաշվետու ենք լինելու մեր հարկատուներին, և հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը բխում է ՀՀ քաղաքացու շահերից։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ