Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սահակ Մաշալյան. Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք

Սահակ Մաշալյան. Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք
24.03.2019 | 21:41

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա: Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին` նա նշել է. «1863թ․ հայկական Սահմանադրության ուղիներով ենք գնում: Ըստ դրա՝ եթե պատրիարքի աթոռը թափուր է, պետք է քաղաքական և կրոնական ժողովները հավաքվեն և տեղապահ ընտրեն: Բայց քաղաքական ժողով մենք չունենք: Հետևաբար կրոնավորները պետք է լինեն: Բայց դա էլ մի բարդություն է»: Սահակ Մաշալյանը պատմեց, որ նախորդ չորս պատրիարքները փոխանորդներով են ընտրվել, փոխանորդներն են կազմակերպել այդ ընտրական շրջանը: «Հետևաբար պետք է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքն անցնի: Այնուհետ մենք՝ եկեղեցականներս, պետք է որոշենք, թե ինչպես պետք է շարունակվի ընտրություններին նախապատրաստվելը՝ տեղապահո՞վ, թե՞ փոխանորդով:


Երբ դա որոշվի, տեղապահի ընտրությունները կլինեն, և անմիջապես ընտրությունների նախաձեռնակ մարմին է ընտրվելու, և ընտրության աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա՝ նշելով, որ տեղապահի ընտրությունների գործընթացը՝ տեղապահին կամ փոխանորդին հանձնելու հարցը պետք է հստակեցնեն հոգևորականները և համայնքը: Սահակ Մաշալյանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ 6 ամիս հետո արդեն Պոլսո Հայոց պատրիարք կունենան, եթե ճանապարհին արկած չլինի: Միաժամանակ, նա հավանական համարեց, որ այս անգամ էլ, ինչպես անցած տարի՝ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունների ժամանակ, պետությունը կմիջամտի պատրիարքարանի գործընթացներին: «Ես չեմ կարող ապահովել, որ այս անգամ նման բան չի լինի»,- ասաց նա:


Անդրադառնալով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տրամադրվածությանը՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Բնականաբար, ինքն է ուզում ընտրական գործընթացը կազմակերպի, որովհետև դա նաև մեծ առաքելություն է: Հավանաբար նա կփորձի դա անել: Մենք՝ որպես եկեղեցական համայնք, չենք ցանկանում վիճաբանությունների մեջ մտնել: Մենք մեր պատրիարք հորը նոր հողին հանձնեցինք, մենք մեր սուգն ենք պահում»,- ասաց նա:


Թուրքիայի իշխանությունները կունենա՞ն իրենց թեկնածուն և կսատարեն նրան` հարցին Մաշալյանը պատասխանեց. «Պետությունն էլ ցանկանում է, որ ժողովրդի քվեով ընտրված, ժողովրդի, սփյուռքի, Հայաստանի կողմից հարգանք վայելող մեկը պատրիարք լինի, որովհետև Պոլսո պատրիարքը միջազգային դեմք է լինելու: Հետևաբար չեմ կարծում, որ պետությունը կոշտ քայլերի կդիմի»:
Պատասխանելով հարցին, թե ովքեր կարող են լինել Պոլսի պատրիարքի թեկնածուներ, Սահակ Մաշալյանը նշեց, որ մնայուն սահմանադրություն իրենք չունեն, Թուրքիան է կանոնադրություն տրամադրելու, և պարտադիր չէ, որ նախորդ անգամները ուղարկած կանոնադրությունն այս անգամ էլ ուղարկի:


«Անցյալ անգամ ուղարկած կանոնադրության համաձայն՝ ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված հոգևորականները, և նաև նրանք, ում հայրերը ծնվել էին Թուրքիայում: Մենք նորից, այդ կանոնադրությունը հաշվի առնելով, կարող ենք պատրիարքի թեկնածուների ցանկը կազմել, բայց թե պետության ցանկությունն ինչ կլինի, չգիտենք»,- ասաց նա:
Հարցին Սահակ Մաշալյանը կառաջադրվի՞ որպես Պոլսո պատրիարքի թեկնածու, նա արձագանքեց. «Դեռ շուտ է այդ մասին ասելը: Պատրիարքի քառասունքից հետո կհայտարարեմ այդ մասին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ