Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոքր Սեպասարի շարունակվող մեղեդին

Փոքր Սեպասարի շարունակվող մեղեդին
26.03.2019 | 01:11

Զարմանալի անակնկալներ է մատուցում մեր կյանքի ուղեկից դարձած ֆեյսբուքը: Նոր ընկերս՝ Մուշեղ Մուրադյանը, ընկերության իր հայտն ընդունելուն պես, գրեց. «Ահա և ձեզ հայտնաբերեցի: Երբ այդ մասին հայտնեցի մերոնց, շատ ուրախացան: Ես Չապաև Մուրադյանի որդին եմ, փոքրիկ Մուշոն, որի մասին գրել էիք «Ծիծեռնակ» մանկական ամսագրում: Հայրս ու մայրս շատ են ուզում, որ մեզ հյուր գաք»:

Հեռուներից եկած հուշի պայծառ շողը կտրեց միտքս ֆեյսբուքյան՝ իրար վատաբանող, սիրտ ցավեցնող գրառումներից ու տարավ հեռավոր ութսունական թվականները: Աշխատում էի «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում: Մեր լուսանկարչի հետ գործուղման մեկնեցի Աշոցք, այն ժամանակ՝ Ղուկասյանի շրջանի Փոքր Սեպասար գյուղ՝ տոհմաբուծական ֆերմայի առաջավոր փորձի մասին հոդված գրելու: Անասնապահների հետ զրուցելուց հետո, սովխոզի տնօրենը՝ Չապաև Մուրադյանը, որ գիտակ, հոգով-սրտով իր գործին նվիրված մարդ էր, տոհմաբուծական ֆերմայի աշխատանքներին ծանոթանալուց, անհրաժեշտ թվեր, տվյալներ գրառելուց, անասնապահներին լուսանկարելուց հետո մեզ հրավիրեց իր տուն: Շնորհակալությամբ հրաժարվեցինք, շտապում էինք հասնել շրջկենտրոնի հյուրանոց, սակայն Չապոն, այսպես էին սեպասարցիները մտերմիկ երանգով դիմում իրենց տնօրենին, անզիջում համառությամբ իրենը պնդեց, և քիչ անց հայտնվեցինք միահարկ ընդարձակ շինությունում, որի մի հատվածում ապրում էր նրա ընտանիքը, իսկ մյուս մասում տեղավորված էր Փոքր Սեպասարի փոքրիկ դպրոցը, որտեղ դասվարը կինն էր՝ Հայաստանը՝ գյուղի երեխաների կրթության գործին նվիրված համեստ, աշխատասեր մի հայուհի: Նրանց 5 տարեկան որդին՝ Մուշեղը, որին տանեցիները քաղցրությամբ Մուշո էին կանչում, քույրերի հետ դպրոց էր գնում, միայն թե նրա պայուսակում գիրք ու տետրի փոխարեն Հայկանուշ տատը համով պանիր ու հաց, խնձոր ու չամիչ էր դնում, որպեսզի դասամիջոցին Մուշոն բաժաներ ավագ ընկերներին: Մուշոն հետաքրքրված լսում էր մոր տված դասերը և երազում, թե երբ է գալու իր սովորելու ժամանակը: Հայրը հաճախ էր նրան տանում ֆերմա: Երբ ուզում էր շոյել հորթուկներին, սրանք տեղից ծուլ էին լինում, անհանգիստ թափահարում գլուխները: Մուշոն չէր նեղվում, արդեն իսկ որոշել էր, որ երբ մեծանա, հոր պես անասնաբույծ է լինելու:
Այդ օրը մինչ ուշ գիշեր մենք լսեցինք Մուրադյան գերդաստանի պատմությունը, առանց որի իմ գրելիք հոդվածը աղքատիկ էր լինելու: Պարթևահասակ Չապաևի մայրը՝ փոքրամարմին, փխրուն Հայկանուշը, որդու հորդորներին տեղի տալով՝ պատմեց, թե ինչ հրաշքով են եղեռնից փրկվել իր և ամուսնու՝ Մուշեղի գերդաստանները: Մուրադյանների (Քոսեյանների) պատմությունը հավաքել և սրբությամբ պահել են Արմենակ Պարույրի Մուրադյանն ու Չապաև Մուշեղի Մուրադյանը:
Ալաշկերտ քաղաքից 20 կմ հեռու գտնվող Զեթկան գյուղի հիմնադիրներից մեկը եղել է Մուրադ Մուրադյանը, որն իր ինը բարեկամ համագյուղացիների հետ 1827 թ. Խարբերդ գավառի Բերդակ գյուղից բարձրացել է Արածանի (Մուրադ) գետն ի վեր ու բարձրադիր բլուրի վրա հիմնել իրենց նոր բնակատեղին: Մուրադյան տոհմի նշանավոր այրերից է եղել բանահավաք, վարժապետ Պողոս Մուրադյանը՝ Մուրադ Մուրադյանի թոռնորդին: Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի Զեթկան, ապա Խասթուր գյուղերի դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել Կոստանդնուպոլսում: Հայ անվանի գրող Գրիգոր Զոհրապի մտերիմ ընկերն էր: 1914 թ. Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Շիրվանզադեն հյուրընկալվել են Պողոս վարժապետի տանը: Այդ մասին Շիրվանզադեն գրել է իր հուշերում: Պողոսը ոչ միայն ուսուցիչ էր, այլև գրող ու բանահավաք: Նրա բազմաթիվ ձեռագրերի միայն մի փոքր մասն է հաջողվում Կոստանդնուպոլսից հասցնել Թիֆլիս, ապա Երևան՝ ՀՀ ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ: 1880-ական թթ. նրա «Նշխարք գեղջկական գրոց» վերնագրով ձեռագիր նյութերի ժողովածուն, որտեղ ամփոփված էին ժողովրդական խաղիկներ, պարերգեր, աշուղական, մանկական, ծիսական ու երգիծական երգեր, առած-ասացվածքներ, աղոթքներ, օրհնանքներ, ծեսեր, հանելուկներ՝ կորստից փրկված մի ամբողջ ոգեղեն աշխարհ, Պերճ Պռոշյանն է հասցրել Թիֆլիս, հանձնել Տ. Նավասարդյանին, ում շնորհիվ էլ դրանց մի մասը տպագրվել է «Հայ ժողովրդական հեքիաթների» 6-րդ, 7-րդ գրքերում:
1914 թ. Զեթկանում ապրել է 90 ընտանիք՝ յուրաքանչյուրում 25-30 հոգի: 1915 թ. գարնանը, երբ ռուսական զորքը կրկին մտնում է Զեթկան, ականատես է լինում ահավոր պատկերի, որ նկարագրել է ականատես սպաներից մեկը. «....Առաջին օրը մեր կազակները արյունաշաղախ փողոցներից ժողովեցին ծերերի, կանանց, երեխաների 52 դիակ: Եվ ի՜նչ դրության մեջ, Աստված իմ, անարգված, հոշոտված, պղծված....»:
Թուրքական յաթաղանից մազապուրծ զեթկանցիները 1924 թ. հանգրվանել են Աշոցքում և Դալիչայ անունը կրող գետակի երկայնքով հիմնել իրենց նոր բնակավայրը, որին հետո Թավշուտ անունն են տվել: Մխիթար Մուրադյանը մահացել է 1946-ին: Նրա որդին՝ Մուշեղը, ամուսնացել է Արևմտյան Հայաստանի Իրիցկու գյուղից գաղթած Հակոբ Բենոյանի դստեր՝ Հայկանուշի հետ: Մեզ հյուրընկալելու այդ օրը Հայկանուշ մայրիկը պատմեց նաև, թե ինչպես է Զորավար Անդրանիկը գաղթի ճանապարհին զորավիգ եղել իր ընտանիքին ու համագյուղացիներին, հասցրել մինչև Խոյի կամրջից այս կողմ, փրկել թուրքական յաթաղանից: Նրա հոգում անխամրելի էր մնացել ձին հեծած զորավարի հոգսաշատ, խրոխտ կերպարանքը: Չապաևը, ծնվել է 1941-ի ապրիլի 5-ին, վեց ամսական է եղել, որ հայրը մեկնել է ռազմաճակատ և զոհվել Կրեչի համար մղվող դաժան մարտերի ժամանակ: Անդառնալի կորստի ցավն ամփոփած հոգու խորքերում՝ նուրբ ու փխրուն Հայկանուշը, ասես երկնքից ուժ ու կորով առնելով, նաև հայրություն է արել իր սիրելի զավակներին: Մինչև ուշ գիշեր տպավորված-կլանված լսում էինք Հայկանուշ մայրիկի կյանքի տխրանուշ պատմությունը: Չապաևը, գաղտնիք հայտնելու պես, կիսաշշուկ ասաց, որ մայրը ծոցում թանկագին մի բան է պահում և, չնայած իր ու Հայաստանի հորդորներին, երբեք ցույց չի տալիս այն ...
Փոքր Սեպասարի սովխոզի տոհմաբուծական ֆերմայի հաջողությունների և սովխոզի տնօրենի՝ սիրով ու համերաշխ ապրող ընտանիքի մասին ընդարձակ հոդվածից բացի, առանձին մի փոքրիկ ակնարկ գրեցի փոքրիկ Մուշոյի՝ խնձոր-չամիչով դպրոց գնալու և անասնաբույծ դառնալու երազանքի մասին, որը տպագրվեց «Ծիծեռնակ» ամսագրում: Եվ ահա, տասնամյակներ անց մերօրյա՝ իրական-անիրական ֆեյսբուքի անակնկալը՝ այն օրերի կայտառ մանչուկի՝ այսօր Շիրակի մարզպետարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող (ներքին աուդիտի բաժնի պետն է) Մուշեղ Մուրադյանի նամակ-հրավերը: Հենց այդ օրերին Պոլսից Երևան էր եկել Սկյութարի Սուրբ Խաչ Դպրեվանքի շնորհալի աշխատող Հարություն Քույումջյանը: Մեկ տարի առաջ, երբ ես Պոլսում էի, իմանալով պոլսահայերի մասին ակնարկաշար գրելու մտադրությունս, հոժարակամ ու սիրով հանձն առավ ինձ ցույց տալու Պոլսի հին թաղերն ու Մեծարենցի, Դուրյանի արծաթաղողանջ արևմտահայերենով բացեց իմ առջև պոլսահայ կյանքի անցյալի շքեղ գուներանգներն ու հայկականության՝ օրավուր նվազող ներկա պատկերը: Անթաքույց հետաքրքրությամբ ծանոթանալով երևանյան կյանքի համապատկերին՝ Հարությունը մեծ ցանկություն ուներ լինելու մայրաքաղաքից հեռու շրջաններում, ծանոթանալու գյուղաշխարհի մարդկանց հետ: Ես մտածեցի, որ նա անպայման պետք է տեսնի Հայաստանի լավագույն աշխատավորներից մեկին՝ Չապաև Մուրադյանին: Մարզպետարանի աշխատակցուհու ցույց տված դուռը բացելով՝ շփոթված կանգ առա սեղանի շուրջը կլանված ակներևորեն ինչ-որ կարևոր հարց քննարկող երիտասարդ պաշտոնյաների՝ ինձ ուղղված խիստ հայացքներից: Մի ակնթարթն իսկ բավական էր, որ գլխի ընկնեմ՝ կենտրոնում նստած բարետես երիտասարդն այն հեռավոր օրերի՝ աշխարհին ժպտուն հիացքով նայող սեպասարցի Մուշոն է: Ժամանակը չէր փոխել կայծկլուն հայացքը: Ողջագուրվեցինք հարյուր տարվա կարոտով. իսկապես էլ՝ չէ որ մեր առաջին ու միակ հանդիպումը եղել էր անցյալ հարյուրամյակում:
Աշխատանքի ավարտին Մուշեղ Մուրադյանն իր «Նիվայով» մեզ տարավ իրենց տուն՝ տանեցիներին անակնկալ մատուցելու անթաքույց ուրախությամբ: Մայրը՝ Հայաստանը, անսպասելի հյուրերի այցելությունից մի ակնթարթ շփոթմունքից հետո, ուրախ ընդառաջ եկավ, գրկեց ինձ, պինդ-պինդ համբուրեց ու հուզմունքով ասաց, որ միշտ հիշել են ինձ որպես հարազատի: Մուշեղի կինը՝ Հերմինեն, որը դպրոցում ուսուցչուհի է , զավակները՝ պապի անվանակիր ճառագուն հայացքով Չապաևը, քնքուշ ու համեստ Էմին, սիրալիր ողջունեցին ինձ: Մինչև ուշ գիշեր զրուցեցինք, հիշեցինք մեր առաջին հանդիպման ամենաաննշան մանրուքներն անգամ: Մուշեղը ցույց տվեց նորակառույց տան բոլոր անկյունները, դեռևս արվելիք գործերը: Նախքան Գյումրիում այս կիսակառույց առանձնատունը գնելը՝ հոր աշխատանքի բերումով ապրել են Աշոցքի շրջանի գյուղերում, մի քանի անգամ բնակավայր փոխել, ամեն անգամ դժվարությամբ բաժանվել տվյալ գյուղի ժողովրդից: Չապաև Մուրադյանը երկարամյա վաստակաշատ աշխատանքից հետո կարող էր հանգիստ ապրել դեռ փայտի բույրը պահող այս նոր տանը, բայց ասել է՝ առանց աշխատելու չեմ կարող ապրել, ու Աշոցք-Արփի տիրույթի ջրառատ, կանաչապատ Զորակերտ անունով վայրում հիմնել է փոքրիկ ագարակ, որտեղ պահում, բազմացնում է կովեր, ոչխարներ, խոզեր, աղավնիներ, հավեր: Չնայած օրնիբուն լարված աշխատանքին՝ գոհ է, որ տանեցիներին ապահովում է թարմ կաթնամթերքով, մսեղենով և բարիքների մի մասն էլ վաճառելով՝ ձեռք բերում ֆերմայի անասունների համար անհրաժեշտ կեր ու բուժանյութեր:
...Վաղ առավոտյան Մուշեղի «Նիվայով» ուղևվորվեցինք Զորակերտ՝ դեպի բարձրիկ սարերի, խոխոջուն ջրերի եզերքը, որտեղ Չապաև Մուրադյանի տնտեսությունն էր: Գյումրիից դուրս գալուն պես՝ գնալով ստվարացող ձյան տիրույթի հանդեպ ուշադիր ու զգոն Մուշեղը, զգուշորեն վարելով մեքենան, որպես այն հեռավոր երեկոյի շարունակություն՝ պատմում էր իրենց կյանքի ուշագրավ դրվագներից. «Անպայման ուզում էի, որ որդիս հորս անունը կրի: Ծննդյան վկայականը գրող աշխատակցուհին երկար բացատրում էր, որ խորհրդային օրերին բնորոշ Չապաև անունն այսօր ընկալելի, ընդունելի չէ, մեր ընտանիքի ավանդույթներին համահունչ չէ, բայց ես համառեցի, պահանջեցի, որ անպայման հորս անունը գրի»:
Երբ հարցրի իր կատարած աշխատանքի մասին, մի պահ մտորելուց հետո Մուշեղն ասաց, որ աշխատանքի բնույթը նկատառելով՝ շատ բան չի կարող ասել, կարևորը՝ սիրում է իր գործը և այն կատարում է հորից ժառանգած պատասխանատվությամբ ու ազնվությամբ:
-Ծնողներս ինձ ներարկել են մարդասիրություն, նվիրվածություն, աշխատասիրություն: Հայրս միշտ ուշադիր է եղել իր աշխատողների հանդեպ, այնքան է ապրել նրանց հոգսերով, խնդիրներով, որ, չնայած հեռավորությանը, գարնանը ճամփեքը բացվելուն պես՝ Ղազանչի գյուղի ժողովուրդը կարոտած այցի է գալիս նրան: Այսօր էլ հայրս գիտե, թե իր երբեմնի աշխատողներից ով ինչ խնդիր, հոգս ունի, և հարեհաս է լինում ինչով կարող է: Չնայած երկու ծանր վիրահատությանը՝ չուզեց տանը մնալ, հանգիստ ապրել: Մրսել էր, հիվանդ էր, բայց գոնե յոթ օր չմնաց տանը: Պատճառաբանությունը՝ չեմ կարող անասունը մենակ թողնել, թեև համոզված էր՝ աշխատողներն ամեն կերպ ջանում են, որ իրենց սիրելի Մուրադյանը գոհ լինի: Քառասուն կովերին հատ-հատ անուններով գիտե, անուններն էլ ինքն է դնում՝ Մոռիկ, Կայծակ, Աստղիկ, Ռիտա, Նազո, Ելենա, Չալկա, Քարիկ... Հինգ աշխատող են՝ անասնապահը, երեք կթվորն ու ինքը: Մի տան պես են, հարազատի պես: Բոլորի հանդեպ հոգատարություն ինձնից էլ է պահանջում: Պարտավորեցնում է այցելել իր նախկին աշխատողներին, տեղեկանալ՝ ինչի կարիք ունեն և օգնել, տոն օրերին՝ գնալ, շնորհավորել, բարին մաղթել: Ասեմ, որ իմ պատասխանատու աշխատանքի դեպքում դյուրին չէ բոլոր ասածներն անել, իր պես բոլորի հոգսերով ապրել, բայց ջանում եմ, որ իր ուզածով լինի, գոհ լինի ինձնից:

Հետո, երբ վերադառնամ Երևան, Հերմինե Աբրեյանը, որ արդեն ընկերության հայտ էր ուղարկել ինձ, հուզիչ մի նամակ պիտի գրի իր և Մուշեղի սիրո մասին: Խոր զգացմունքայնությամբ լեցուն այդ նամակն ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել, Հերմինեն այն ինձ ուղարկել է որպես հարազատի, վստահել, բայց առանձին հատվածներ կարող եմ մեջբերել. «Հոր աշխատավայրի տեղափոխման պատճառով Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար գյուղերում ապրելուց հետո, կրկին Չապաև Մուրադյանի նոր նշանակում ստանալու պատճառով՝ տեղափոխվեցին մեր գյուղ՝ Ղազանչի: Մուշեղը եկավ մեր՝ հինգերորդ դասարան, և իր գիտելիքներով, շնորհալի պահվածքով «ձեռնոց նետեց» ինձ: Ամեն կերպ ջանում էի, որպեսզի ինձանից առաջադեմ չլինի, ինձանից ավելի չփայլի իր գիտելիքներով: Հեշտ չէր նրան հավասար լինել ուսման մեջ: Ընդամենը 12-13 տարեկան էր, որ աշխատանքի անցավ մեր՝ Ղազանչի գյուղի պետական տնտեսությունում, որի տնօրենը հայրն էր: Գառնարած էր, խոտ հավաքող, տեղափոխող: Աշխատում էր անտրտունջ, ներքին հպարտությամբ: Նա ասես մեր էպոսի Մհերն էր մանուկ հասակում: Ամեն դժվարություն հաղթահարեց տոկունությամբ, խելամտությամբ: Հաջողությունների հասնելիս երբեք չմեծամտացավ, նույն բարի, ազնիվ, նեղության մեջ հայտնվածին օգնության հասնող Մուշեղն է: Քսան տարի միասին ենք: Արտերկրից աշխատանքի տասնյակ առաջարկներ եղան: Չհրապուրվեց: Ասաց. «Մուշեղ պապս այս հողի համար է զոհվել, նրա անունն ու արյունը կրողն եմ, նրա հանդեպ, հայրենի հողի, ծնողիս հանդեպ պարտք ունեմ, որը պատիվ է»: Այդ ամենը ժառանգել է հորից՝ Չապաև Մուրադյանից: Շատ կուզենայի, որ մեր զավակներն էլ իրենց հոր և պապի պես ապրեին»:
...Աղվորիկ, Արտենիս, Բերդաշեն,Պաղակն և այլ հնչեղ անուներով գյուղերն անցնելով՝ վերջապես հասանք Զորակերտ՝ ձյուների տակ դեռ խոխոջյունը պահած գետակի հարևանությամբ գտնվող Չապաև Մուրադյանի ագարակը: Չնայած կրած ծանր վիրահատություններին՝ էլի այն օրերի խնդումերես, եռանդուն Չապոն էր: Ջերմորեն ողջունելով՝ շտապեց հայտնել ուրախալի նորությունները. երեկ հորթուկ է ծնվել, այսօր՝ գառնուկ: Արջուկ անունով շան ուղեկցությամբ՝մեզ տարավ գոմ, ասես ինքն էլ առաջին անգամ էր տեսնում, երեխայի զմայլանքով ցույց տվեց երերալով ոտքի ելնող նորածին հորթը, դեպի Վարդուհին վազող չարչաճճի գառները: Ցույց տվեց կովերի, ոչխարների, խոզերի զբաղեցրած մասնաբաժինները, բացատրեց կերակրման, մաքրության գործընթացների նրբությունները, կրկին թեքվեց նորածինների կողմը, շոյեց սիրուն գառնուկների գլուխները, փաղաքշական խոսքեր ասաց, ապա չարաճճի ժպիտով մոտեցավ կուշտ ու գոհ, ալարկուն շարժումով գիրուկ խոզերին, որոնք նրան տեսնելով՝ չգիտես ինչու սրեցին ականջներն ու խիստ լրջացան:
Երբ գոմից ելանք, պոլսեցի Հարությունը, նոր աշխարհ հայտնագործածի ոգևորությամբ, լուսանկարեց ձյունապատ սարալանջերը, տնտեսության ղեկավարին՝ երիտասարդ աշխատողներ. Արտակի, Արարատի, Վարդուհու հետ: Հետո Չապոն շտապեց հավաբուն, նախշուն հավերը դուրս թողեց, որոնք աղմկալի կչկչոցով ալեկոծեցին ձյունառատ սարերի անդորրը: Քիչ անց մտավ տուն՝ ափերի մեջ թարմ կարմրերանգ հավկիթներ, ու Վարդուհուն պատվիրեց ձվածեղ սարքել: Այդպիսի համեղ ձվածեղ մեկ էլ մանուկ հասակում էի կերել՝ կարսեցի Փամբուխ մամիս եփածը: Սեղանի շուրջը մինչև վերջին պահը Չապաև Մուրադյանի խոսքն իր փոքրիկ ֆերմայի, պահած կենդանիների մասին էր: Հանկարծ մտապատկերումս հայտնվեց այն օրերի խորհրդավոր դրվագը՝ Հայկանուշ մայրիկի գաղտնիքը: Երբ այդ մասին ակնարկեցի, Չապաևը տխուր ժպտաց.
-Միայն մորս մահվան օրը բացվեց գաղտնիքը: Պարզվեց, որ այդքան տարիներ մեզնից թաքուն ծոցում պահում էր պատերազմում զոհված հորս գլխարկն ու Էրգրի՝ իրենց տան բանալիները...
Սպասում էի, որ ահա՛, ահա՛ Չապաև Մուրադյանը պիտի հետաքրքրվի, հարցնի երևանյան վերջին իրադարձություններից, աշխարհի վիճակից: Չհարցրեց: Հասկացա, որ ինչ էլ տեղի ունենա երկրում, աշխարհում, նրա համար կարևորն իր արած ու անելիք գործն է, որ ոչինչ չի կարող նրան կտրել, օտարացնել ձյան ճերմակի տակ ննջող այդ խաղաղ եզերքից:
Իմ վերջին հարցին, թե ի՞նչ կուզենար ամենից շատ, անմիջապես չարձագանքեց, մի քանի ապրում եկավ-անցավ դեմքով, բայց մեկ հատիկ խոսքից հասկացվեց չասվածը.
-Կուզենայի արտագաղթ չլիներ, դրսի մեր ժողովուրդն օրեցօր մտածեր հայրենիք վերադառնալու մասին...
...Ձմռան կարճ օրն աննկատ կապտամշուշ գցեց ուսերին: Ոտքի ելանք: Արջուկը, ասես չուզենալով, որ հեռանանք, վազեց մեքենայի հետևից, ապա անհանգիստ-անհանգիստ նայեց Չապաևի կողմը ու հետ դարձավ: Թախիծ իջավ հոգուս, չէի ուզում հեռանալ անդորր ձյունաշխարհից, վերադառնալ մայրաքաղաք, բացել համակարգիչը, կարդալ հերթական նյարդային, չար ու գնալով չարացնող գրառումները, հիվանդագին հետաքրքրությամբ տեղեկանալ՝ ի՞նչ նոր վթարներ, ողբերգական դեպքեր, ահաբեկչություններ են տեղի ունեցել աշխարհում: Ձյունաշխարհի անապակ շունչն ինձ հիշեցրեց, թե որքան քիչ բան է պետք մարդուն ներդաշնակ կյանքով ապրելու համար: Հետ նայեցի: Չապաև Մուրադյանը հեռվից մի վերջին ակնարկ գցեց մեր ուղղությամբ և հաջորդ պահին արդեն Արջուկի հետ ուղղվեց գոմի կողմը: Նրա բարձր հասակը ծածկվեց մեր տեսադաշտից:
Վերադարձի ճանապարհին Հարությունը լուռ էր: Դեմքից երևում էր, որ խոր մտածումների մեջ է: Երբ հասանք Երևան, հրաժեշտ տալիս ասաց. «Երջանիկ եմ, որ այդ մարդկանց ճանաչեցի: Մուրադյանները հավատով մարդիկ են: Պետք է, որ ամեն մարդ հավատ ունենա»:
Երանի այնպես լինի, որ մի օր, ոչ շատ հեռու օր, Հայաստանում ամեն մարդ տարված լինի իր սիրած գործով, շատ խոսելու, չարանալու պատճառ, ժամանակ չունենա և աշխարհին նայի Չապաև Մուրադյանի պարզ հայացքով:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Զորակերտում, փետրվար
  • 1980 թ., գործուղում Փոքր Սեպասար. Մուրադյանների հետ
Դիտվել է՝ 8391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ