Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ ամեն լռակյաց է հեզ համարվում

Ոչ ամեն լռակյաց է հեզ համարվում
03.05.2019 | 00:02

Վանահայր Իոանն
ԿՐԵՍՏՅԱՆԿԻՆ

Երանի հեզերին, քանզի նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթ. 5;3)

Ինչո՞ւ են հեզերը սգավորներից հետո երանելի համարվում: Որովհետև հեզությունը մեր մեղքերի վրա սգալու և ցավ ապրելու հետևանք է:
Այս աշխարհում ամենից շատ մենք փնտրում ենք հոգու խաղաղությունն ու հանգստությունը, բայց չենք ունենում այն, որովհետև հանգստությունը պտուղն է հեզության և անհիշաչարության: «Սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով, և կգտնեք ձեր հոգիներին հանգստություն» (Մատթ.11,29):


Տեսնում եք, Տերը չի առաջարկում սկզբում սովորել նրանից աղոթասիրություն, աշխատասիրություն, համբերություն կամ այլ առաքինություններ, այլ ամենից առաջ ասում է, որ սովորենք սրտի խոնարհությունն ու հեզությունը: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է հեզությունը, և ինչպիսի բացասական հատկությունների մի լեգեոն հակառակվում է մեր հոգիներում այդ առաքինությանը:
Հեզությունը մեր հոգու այնպիսի տրամադրություն է, որը միացած է զգուշության հետ, որպեսզի որևէ մեկին չբարկացնի և ոչ մեկից չբարկանա: Նաև կարելի է ասել այսպես. հեզությունը մտքի անփոփոխ մի կարգավորություն է, երբ մարդը, լինի պատվի մեջ կամ անպատվության, մնում է անսասան և աղոթում է իրեն վիրավորողների և անպատվողների համար:


Իսկ այժմ նայենք մեր հոգիներից ներս. ի՞նչ կարող ենք ասել քեզ, Ո՛վ Տեր, այս պատվիրանը կատարելու վերաբերյալ: Մեր հոգիներում, ցավոք, հեզության փոխարեն ապրում է գրեթե մշտական նյարդային բորբոքվածություն: Մեզ ամեն ոք և ամեն ինչ նյարդայնացնում է, մեր սիրտը բառացիորեն լիցքավորված է այդ նյարդայնությամբ: Առավոտյան արթնանալով փոխանակ ասենք` «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, գոհանում եմ Քեզանից, որ չկործանեցիր ինձ իմ անօրենությունների պատճառով, այլ տվեցիր կյանքիս շարունակություն», մենք սրտի մեջ տրտունջ ենք բարձրացնում, որ մեր հանգիստ քունը ընդհատվեց: Բորբոքվում ենք մեր տնեցիների նկատողություններից, գոռում ենք երեխաների վրա, ավելորդ բծախնդիր նկատողություններով տանջում ենք մեզ շրջապատող մարդկանց. մեզ նյարդայնացնում են ուրիշների դանդաղկոտությունը կամ չափից ավելի հապճեպությունը: Գալիս ենք աշխատանքի, նյարդայնանում ենք աշխատակցի կամ պետի ցանկացած աննշան նկատողության համար, եթե նրանց ասածը մեր սրտով չէ: Եվ այսպես ամբողջ օրը, մինչև գա քնելու ժամը: Մշտական լարվածություն: Մշտական բորբոքված վիճակ: Մշտական ատելություն ուրիշների հանդեպ: Մեր այս նյարդայնությունը նման է մի պայթուցիկ նյութի, որի համար բավական է մի փոքրիկ կայծ, և այն կվերածվի բարկության: Իսկ ի՞նչն է, որ չի բորբոքում բարկությունը: Բարկությունը բառացիորեն ժամանակավոր խելագարություն է: Մեզ վրա նայելն իսկ սոսկալի է: Ոչ միայն քրիստոնյայի կերպարն ենք կորցնում բարկության ու կատաղության պահին, այլև ընդհանրապես մարդկայինից մեր մեջ ոչինչ չի մնում: Իզուր չէ, որ բարկությամբ բռնկված մարդու մասին ասում են` գազանացել է: Իսկ ինչպիսի հանցավոր ու խայտառակ խոսքերի շարավ է ժայթքում այդ պահին մեր բերանից: Մենք վիրավորում և անպատվում ենք անվայել խոսքերով: Հնարավոր է, որ մեկը, սանձարձակությամբ զազրախոսելով, դևերի ու սատանայի անունն է տալիս: Հմտանում ենք արտաբերելու կծու և վիրավորական խոսքեր և, դա քիչ համարելով, դեռ ահագին ժամանակ սնում ենք մեր չարակնությունը ոխակալությամբ` ափսոսալով որ ավելի խիստ չասացինք: Հնարավոր է, որ կատաղության պահին դոփել եք ոտքերով, հարվածել բռունցքներով, բղավել վայրենապես, ջղային կատաղությամբ ջարդել սպասքը և այլ առարկաներ, վիրավորել ու գազանավարի ծեծել մարդկանց կամ կենդանիներին: Արցունքներով զղջացե՛ք Տիրոջ առջև: Ցավն այն է նաև, որ այդքանից հետո մենք մեր բարկությունը համարում ենք ճիշտ, մեզ թվում է, որ արդարության համար ենք պայքարում` մոռանալով Սուրբ Գրքի խոսքերը, որ «մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակ. 1.20): Ահա թե ինչպես խավարեց մեր դատողությունը, որ մեծ չարիքը ընդունում ենք որպես բարիք: Ո՛վ Տեր, մենք նաև, բարկությամբ բռնկվելով, մեր խոսքերով սպանում ենք մերձավորների բարի անունը, կատաղության մեջ հայտնում մեր մտերիմների գաղտնիքները, հանդիմանում և պատվազրկում նրանց` հանդես գալով որպես դավաճաններ, հրապարակելով այն, ինչը մեզ վստահված էր չասել, և անգամ չենք մտածում զղջալ և ապաշխարել: Հեզ և խոնարհ մարդը «ո՛չ պիտի հակառակի և ոչ էլ պիտի աղաղակի, և նրա ձայնը ոչ մեկը չպիտի լսի» (Մատթ. 12.19): Բայց այստեղ էլ կարող է թաքնված լինել մեղքը: Ոչ ամեն լռակյաց է հեզ համարվում: Կարելի է ձայն չհանել, բայց ներսում բորբոքվել, ատել ու արհամարհել: Որովհետև եթե բնությամբ լռակյաց և հանգիստ բնավորության շնորհիվ ձեզ հաջողվում է թաքցնել սրտում տեղ գտած ատելությունն ու բորբոքվածությունը, ապա Աստված տեսնում է մեր սիրտը և նրանով է դատում մեզ: Եթե մեկը այս խոսքերը կարդալով ճանաչում է իր ներքին «եսը», թող ապաշխարի և զղջա Տիրոջ առջև և խնդրի Նրանից շնորհ` ազատվելու այս ախտից:
Ինչքան անհեթեթ, անիմաստ և անբնական են ատելությունն ու կատաղությունը: Նայեք խոնարհ և հեզ մարդու երեսին և կտեսնեք` այն հանգիստ է, գեղեցիկ, պայծառ, անսասան ու առինքնող: Ինչքան երկնային անուշահոտություն և բուրմունք կա հեզ ու խոնարհ մարդկային հոգիներում: Իսկ նայեք չար և բարկացկոտ մարդուն. նրա երեսը անհանգիստ է, մռայլ ու տգեղ: Բացի այդ, հեզ ու խոնարհ հոգու տրամադրությամբ շատ հեշտ է կատարել ամեն գործ, իսկ ոխ ու ատելություն ունենալով` շատ դժվար, ընկերոջ հանդեպ ատելություն ունեցողի աղոթքը մեղք է դառնում և դատապարտություն: Այս բոլորը, Ո՛վ Տե՛ր, մենք փորձում ենք մեր անձերի վրա, նայելով ուրիշներին` տեսնում մեկի գեղեցկությունն ու օգուտը և մյուսի տգեղությունն ու վնասը, սակայն չենք կարողանում իշխել մեր սրտի վրա և հեշտությամբ ընկնում ենք մեղքի մեջ։

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ՝ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ