Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ
14.05.2019 | 01:37

(Նախորդ մասը)

«ԵՐԲ ՍԿՍՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ, ԻՄ ՀՈԳՈՒՄ ԷԼ ՇԱՐԺՈՒՄ ՍԿՍՎԵՑ»
Ամերիկայում տեղս չէի գտնում: 1973 թ. անդամագրվեցի «Համազգայինին», ուզում էի ինչ-որ չափով ներդրում ունենալ հայապահպան ծրագրերում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, իմ հոգում էլ շարժում սկսվեց: Մտածում էի՝ ինչ կերպ օգտակար լինեմ ազատության համար պայքարի ելած մեր ժողովրդին, ու ... երկրաշարժի բոթը: Որոշեցի բարեգործական համերգ կազմակերպել: Կային հայեր, որ ասում էին. «Դու խելք չունես, ինչու՞ ես չարչարվում, օգնում Հայաստանին»: Քննադատեցին նաև որոշ դաշնակցականներ, որոնց մեջ վիրավորվածությունն էր խոսում, բայց հետո իրենք էլ սկսեցին օգնել: Երաժիշտները, ում դիմեցի, բոլորը սիրով, անշահախնդրորեն մասնակցեցին համերգին: Այդ ժամանակ միակը, որ օգնում էր Հայաստանին, Նաջարյան ընտանիքն էր: Վազգեն Նաջարյանն ականավոր բժիշկ էր, օրթոպեդ-վիրաբույժ, ազատամարտի տարիներին նա հիմնեց Հայոց բանակի ռազմադաշտային վիրաբուժությունը: Կինը՝ Մերին, «Կարմիր խաչում» բուժքույր էր: Նրանք հիմնել էին «Ամերիկահայ բժիշկները մայր հայրենիքին» կազմակերպությունը, և մենք համերգից գոյացած 20000 դոլարը հանձնեցինք նրանց՝ դեղորայք և այլ անհրաժեշտ բաներ գնելու համար: Ինչ պետք էր, ձեռք բերեցինք, Քրք Քրքորյանի հատկացրած օդանավով այդ առաջին օգնությունը հասցրի Հայաստան: Շուշին ազատագրված չէր: Խոջալուի օդանավակայանը դեռ գործում էր: «Էրեբունի» օդանավակայանից ես ու Գուրգեն Մելիքյանը ուղղաթիռով բեռները հասցրինք Արցախ: Երբ վայրեջք կատարեցինք Խոջալուի օդանավակայանում, անմիջապես ուղղաթիռին ռուս զինվորականներ մոտեցան: Մտահոգվելու բան չունեինք, մեր բեռներում զենք չկար: Բերել էինք էլեկտրական շարժական կայաններ, տարբեր գործիքներ, սնունդ, դեղորայք... Անգամ տրակտոր էինք բերել, որը, բնականաբար, չէինք կարող ուղղաթիռով Ստեփանակերտ հասցնել: Այն մնաց սահմանում՝ մինչև Շուշիի ազատագրվելը: Գուրգեն Մելիքյանը գիտեր` ի՛նչ է լինելու և պատրաստվել էր դրան: ՈՒղղաթիռի մուտքի մոտ կանգնած՝ նա մոտեցող յուրաքանչյուր զինվորին մսի պահածո էր տալիս: Զինվորները մի դռնով մտնում, մյուսով դուրս էին գալիս՝ «տուշոնկան» ձեռքներին: Նրանց հրամանատարը գործիքները զննելիս տեսնելով «նաժովկա» գործիքները՝ հիացմունքով բացականչեց՝ ի՜նչ լավն են: Մի քանի հատ տվեցի իրեն: Շատ ուրախացավ: Որոշ ժամանակ անց Ստեփանակերտից եկավ Մաքսիմ Միրզոյանը (1988 թ. «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1992-1995 թթ.՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական- Ա. Ծ.), և մենք, ինչ-որ բերել էինք, հասցրինք ուր որ պետք էր: Դրանից հետո սկսեցինք շատ կարևոր ու անհրաժեշտ բաներ հասցնել Արցախ, որտեղ մեր ներկայացուցիչն ունեինք՝ սկզբում Սարգիս Հացպանյանն էր, ապա Շուրա Ալեքսանդրի Թամանյանը:


1992 թ. Վարուժան Քարյանն առաջին անգամ այցելեց Հայաստան: Սարգիս Հացպանյանը նրա հետ զրուցելիս ներկայացնում է իրավիճակի ծանրությունը և խնդրում կազմակերպել ամերիկահայերի օգնության միություն՝ մարտնչող Արցախին սատարելու համար: Վարուժանը վերադարձավ Լոս Անջելես և հիմնեց «Հայրենիք» միությունը: Երբ իմացավ, որ ես «Ամերիկահայ բժիշկները մայր հայրենիքին» կազմակերպության հետ եմ գործակցում, ասաց. «Դու պետք է անպայման «Հայրենիք» միության մեջ լինես»: Սկսեցի համակարգել «Հայրենիքի» աշխատանքները: Շատ դժվարություններ հաղթահարեցի: Հետո առողջական խնդիրների պատճառով գործերի ղեկավարումը փոխանցեցի Հակոբ Ալիքսանյանին, ով հոգով-սրտով, բոլոր զգացումներով Հայաստանին ու Արցախին նվիրված մարդ է: Մի գործը դեռ չավարտված, մի նոր բան է ձեռնարկում: Հայրենիքին օգնելու համար խելքն իրենը չէ: Առավոտից իրիկուն համակարգչի առջև՝ նոր համակիրներ, բարեգործներ է փնտրում, հորդորում ըստ կարողության, թեկուզ խորհրդանշական չափով աջակցել՝ Հայաստանի կամ Արցախի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ մի գործ կատարելու համար:
Երբ ծանոթացա Վազգեն Սարգսյանի հետ, շատ տպավորվեցի նրա նվիրվածությամբ: Նա պայքարի ծանրությունն առել էր իր ուսերին և մեծ պատասխանատվություն էր զգում: Ծանր էր տանում մարտական ընկերների կորուստը: Երկար, անկեղծ զրույց ունեցանք: Այդ զրույցից հետո ավելի հստակ պատկերացրի մեր միության անելիքները:
Չեմ մոռանում հեռուստալրագրող Ռենալ Միրզոյանին, որը հարցազրույցներ էր վարում մարտական թեժ կետերից:


Ծոցագրպանից հանեց, ցույց տվեց ազատամարտի օրերին Դադիվանքում արված մի լուսանկար՝ ինքն էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ու մորուքավոր մեկը:
-Մորուքն է: Բերածս տասը հեռադիտակներից մեկը Վիտալի Բալասանյանին տվեցի, մեկը՝ նրան:
Մորուքի խիզախության մասին լեգենդներ էին պատմում:
Մի անգամ արջի է հանդիպել, այնպես է գոռացել, որ արջը սարսափահար փախել է: Հիմա էլ Դադիվանքում է ապրում:

Ամեն անգամ Հայաստան, Արցախ օգնություն հասցնելիս Հակոբ Բաշմակյանը նոր հերոսների հետ է ծանոթացել, զարմացել, հիացել նրանց խիզախությամբ, ձգտել կարեցածի չափով նրանց կողքին լինել՝ անգամ թեժ մարտերի ժամանակ:
-Սեյրան Օհանյանի հետ առաջնագիծ գնացինք: Այդ գիշեր գերի էին բռնել: Վարդգես Բաղրյանն էլ էր ինձ հետ: Ասաց. «Հակոբ, դու հարցաքննիր գերուն»: Ռուսերեն էինք խոսում: Ջահել տղա էր: Ասաց, որ իրեն ստիպողաբար են բերել ճակատագիծ: Մերոնք չհավատացին: Ասում էին՝ լրտես է: Ցավալի էր, որ այդ տղան կռվի դաշտում էր հայտնվել: Իր մեջ կռիվ չուներ, ատելություն չուներ։


Անպայման ուզում էի ավելի առաջ գնալ, հանկարծ մեր չորս կողմում սկսեցին ռումբեր պայթել: Հրաշքով ողջ մնացինք: Ռումբերի պայթյունները, ցեխերի մեջ լռված տանկը, ականապատված նռնենիները, դիակները... կարկամած կանգնել էի, մեկ էլ զգացի՝ դիակների վրայից փամփուշտներ եմ հավաքում: Մոնթեն կարևորում էր անգամ մեկ հատիկ փամփուշտը:
1992 թ. ամռանը Մերի Նաջարյանի, Քերոլայն Քոքսի, Զորի Բալայանի հետ մեկնեցինք Մարտունի: ՈՒղղաթիռը վայրէջք կատարեց Գիշի գյուղում: Որպեսզի դրսեցի լինելս չզգացվի, զինվորական հագուստ էի հագել: Ժողովուրդը մեզ լավ ընդունեց: Ես ու Մոնթեն միասին էինք քայլում: Հետաքրքրվեցի իրավիճակով: Դառնացած ասաց. «Հակոբ, այստեղ Սփյուռքից կռվող տասը մարդ չկա: Մենք կկռվինք, առաջ կերթանք, ու շատ կարևոր է, որ մեր թիկունքն ապահով ըլլա, թիկունքը պահող է պետք»: «Ալենկո» հեռակապերի մասին խոսեց: Ասաց. «Դրանք շատ կարևոր են: Մեկ «Ալենկոն» երկու տանկ արժե»: Հետո նույնը լսեցի Պարգև սրբազանից: Ասաց. «Այդ ռացիաները մեր զինվորներին փրկեցին»: Այդ ժամանակ մեր ջոկատների ունեցածը խորհրդային ծանր սարքեր էին, որոնք լավ չէին ապահովում կապը: «Ալենկոն» որսում էր ցածր հաճախականության ալիքները և շատ հուսալի էր:

Անհրաժեշտության դեպքում հնարավոր էր շատ արագ անցնել պահեստային ալիքների գործածության, որպեսզի թուրքերը չկարողանան լսել մերոնց խոսակցությունները: Զենքի չափ կարևոր էր ժամանակակից կապի միջոցներ ունենալը, ինչն էլ ապահովում էինք Սփյուռքի հայրենասեր ուժերի միջոցով: Այդ առումով շատ կարևոր գործ արեց Վարդգես Պարսամը: Մոնթեի հայտնի կարգախոսը՝ «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը», մեծ քարի վրա փորագրված, տեղադրվել է Բերձորի ճանապարհին: Այն նաև իմ կյանքի կարգախոսն է:


Շատ էի ուզում, որ զավակներս, թոռներս տեսնեն Հայաստանը, ապրեն նույն զգացումը, ինչ որ ես: 2017 թ. նպատակս կատարվեց. կնոջս՝ Ալիսի, որդիներիս՝ Արտաշեսի, Հրաչյայի, հարսներիս ու թոռներիս հետ եկանք, շրջագայեցինք Հայաստանում: Եղանք նաև Ձաղիձորում, նվերներով այցելեցինք մանկապարտեզը, որտեղ մայրս էր աշխատել, եղանք դպրոցում, որտեղ հինգ տարի առաջ «Հայրենիք» միության ծրագրով նորոգվել, արդիականացվել էր ջեռուցման համակարգը, երկու տարի առաջ՝ նորոգվել, նորացվել սանհանգույցը: Այդ ուղևորությունից հետո ավագ որդիս ասաց. «Ես քո փոխարեն չէի հեռանա Հայաստանից»: ՈՒզում է ընտանիքով գալ, բնակություն հաստատել Հայաստանում: Երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ եկավ, մասնակցեց Սպիտակի շրջանի Գոգարան գյուղում ընթացող աշխատանքներին:

Մեր զրույցին ունկնդիր Բարունակ Չելիքյանը, որը նույնպես «Հայրենիքի» գործուն անդամներից է, միշտ ներկայանալի ֆինանսական ներդրումներ է անում, ջերմորեն հիշատակեց.
-Մենք Հայաստանում չէինք եղել, չէինք տեսել, պատկերացում չունեինք: Երբ եկանք, Հակոբը մեզ տարավ, ցույց տվեց հայրենիքի գեղատեսիլ վայրերը, եկեղեցիները: Ի՜նչ գեղեցիկ են Պարզ լիճը, Սևանը... Հակոբից շատ բան իմացանք, սովորեցինք: Կինը՝ Ալիսը, մտավորական, մշակութասեր հայուհի է, երկուսով ոնց որ մի սիրտ, մի հոգի լինեն: Հակոբը ուրիշ կազմակերպությունների մեջ էլ է եղել: Առաջին մարաթոն-թելեթոնի կազմակերպիչներից էր, ինքն սկիզբը դրեց: Եթե իր արածով չափենք, Հակոբը ոչ թե 45, այլ 70-80 տարվա վաստակ ունի: 2017 թ. նոյեմբերին զավակներն ու հարսները նրա 80-ամյակի առթիվ Պրպեքում արարողություն կազմակերպեցին: Մասնակիցների նվերները՝ ընդհանուր 7000 դոլար, Հակոբի ցանկությամբ հանձնվեցին «Հայրենիք» միությանը: Երևանի վերնիսաժում մի լավ վարպետի պատվիրել էր Ծիծեռնակաբերդի եղեռնի հուշահամալիրի մանրակերտը: Մարդիկ գալիս են նրա տուն, տեսնում են ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակը, հուզվում են, ապրումներ ունենում:

(շարունակելի)

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ