Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում

Մտորումներ «Կայարանի» կառամատույցում
17.05.2019 | 03:03

2012-ին հրապարակ իջավ «Կայարան գրական հանդես» տարեգիրքը: Հրապարակ իջավ և պահպանեց գրավյալ դիրքը ներկա գրական-մշակութային հայկական կյանքում:
Գրավյալ դիրք: Միայն այսպես, ոչ ավելի, ոչ պակաս, զի երբ երկրի պետական ատյանների համար ազգային մշակույթն ու արվեստը հարված են գոտկատեղից վար, և երբ ինչ-որ դավադիր գործընթացների արդյունքում քարոզվում, նյութականացվում և հասարակության ու ժամանակի պարանոցին են փողկապվում հիմնականում ապազգայինն ու հակահանրայինը, գրականության մշակները կամա-ակամա (ավելի հաճախ՝ կամա) ստանձնում են դիրքապահ զինվոր-սպայի դերը՝ համապատասխան դիրք-ամրոցում:

ՍԿԻԶԲ
Տարեգրքի երախայրիք համարի «Երկու խոսք» հայտարարագրում ահա ինչ են մեզ հղում «Հայաստանի արձակագիրների «Կայարան» ակումբն» ու համահիմնադիր «Էդիթ Պրինտ» հրատարակչատունը, խորագետ խմբագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մասնակցությամբ:


«Փոքրիկ ու հարմարավետ հարթակը, գրախանութի երկրորդ հարկում, ուր աթոռները կիպ դասավորելով՝ տեղավորվում էինք, ակումբ կոչեցինք՝ արձակագիրների ակումբ: Անունը «Կայարան» դրեցինք՝ հավաքատեղը ակնարկելով. ակումբի համահիմնադիր ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «Էդիթ Պրինտ» հրատարակչության գրախանութը, ուր հավաքվում էինք, մայրաքաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքում է: Հետո անպատասխանատու գրական բանավեճերի կողքին ուզեցինք, այնուամենայնիվ, մի քիչ էլ գործունյա լինել, և ծնվեց սույն հանդեսը...»:

«Անպատասխանատու» գրական բանավեճերը բուն ակումբային երևույթ են: Ակումբում հունցում են գալիք գրական հացի և գաթայի խմորը, ու եթե խմորի ալյուրը որդնած չէ, և եթե թթխմորը արդար ձեռքով է սփռոցին դրվել, ուրեմն գրական հացն ու գաթան՝ ընթերցողներիս ի վայելում: Վայելել եմ և, հուսամ, դեռ երկար եմ ըմբոշխնելու ներկա այս գրական հացն ու գաթան:

Ե՛վ հայ արձակը, և՛ թարգմանական գրականությունը սպասված էին, և կառամատույցի ուղևորներիս համար դարձան (դառնում են) այն սփոփագիր-պարտամուրհակները, որոնք պարտադրում են օտար եզերք մեկնող գնացք նստելուց առաջ արտագաղթի գավազան-ցուպը հենել կայարանաշենքի տուֆաշար որմին, հանգրվանել կայարանամերձ ծառուղում կամ էլ կամարակապ բուֆետում և ընթերցել ու ըմբռնել, թե որն է ներկա Երկիր Նաիրիի գոյակերպը:

Հայ ժամանակակից հանրությանը խորաթափանցորեն օտարել են իրականությունից: Հաճախ հոգեպես կքած, ուս ու գլխին հեղեղված ըմբռնելի ու տարակուսելի, երբեմն ապտակի պես անկասելի ու թևատակի խուտուտի նման ամոթալի բազում խնդիրների բեռան ներքո շատերը կորցրել են ապավինման հենքը: Կյանքն ասես սողանքի մեջ է: Երկրի ջլատվող իրականությունը հուսալքում է, մարդը, քաղաքացին, անկախ և պատերազմ շահած հայրենիքի այրն ու կինը շրջմոլորված են, որոնում են դեպի իրական հայրենիք տանող ուղիները, բայց ամեն անգամ և բավականին դյուրընթաց հայտնվում են փակուղում...

Փակուղուց ելնելու ճանապարհները երկուսն են՝ հույսն առ Երկնավորը և բուն հայկազյան հավատը գրի զորության նկատմամբ...
Գրի՝ ի դեմս ներկա գրականության:


Գրի և գրականության՝ զի գրողն իր ընթերցողի նման շոշափում-զգում է ժամանակի և եղելության, դեպքերի ու դեմքերի երեսն ու դարձերեսը... Սակայն հենց գրողն է, որ իրականության երեսը զննելով, տեսնում է դարձերեսը և բացահայտում է խորքի մակընթացությունն ու տեղատվությունը...
Ահա թե ինչումն է «Կայարան» գրական հանդես-տեղեկատուի կարևորությունը, և ահա թե ինչու մենք չպետք է նստենք դյութարար վագոնն ու հեռանանք երկրից:
Այս գնացքը մեզ տաճար չի հասցնի:

«Կայարանի» անդրանիկ համարը թերթեցի: Խորագրերը՝ «Պատմվածք», «Վիպակ», «Էսսե», «Թարգմանություն», հեղինակները՝ ավանդական գրական խոսքին հարազատ, նաև մոդեռնիզմի հովերի մեջ զբոսնող, երիտասարդ և վաստակաշատ, սակայն շնորհը ճակատներին դաջված: Ակումբի անդամները հստակեցրել են իրենց գործունեության ուղենիշը. ««Կայարան» գրական հանդեսի անդրանիկ համարում ներառված բոլոր ստեղծագործությունները չէ, որ ակումբի անդամների հիացումն են առաջացնում, սակայն վստահ ենք, որ այստեղ անարժեք գործ չեք գտնի»:
Չգտա. կարդացի, անցա առաջ, նաև հիացա և նաև բավարարվեցի: Սակայն չհիասթափվեցի, սա է կարևորը:


Թարգմանական գրականությունից ահա չեն խնայում, բերում են Օսիպ Մանդելշտամի, Վառլամ Ջամալովի և Միլոռադ Պավիչի գործերը...
Էսսեները զարմացրին մտահենքի փայլով և ոճական անզուսպ գրոհով: Մանասեի «Հավատքի պարադոքսը» (Սյորեն Կիերկեգոր), Վահրամ Մարտիրոսյանի «Անքնությունը Փարիզում» և Վարդան Ֆերեշեթյանի «Անհայտ բլյուզ Վիլյամ Սարոյանի համար», «Ընդհատված մեղեդին» էլեգանտ ձգողականության հրապույր ունեն:
Եթե անդրանիկ համարի լավագույն նյութի ընտրության հնարավորություն ընձեռվի, ապա կնախընտրեմ Ֆերեշեթյանի «Անհայտ բլյուզ Վիլյամ Սարոյանի համար» էսսեն: Իմ պաշտելի Սարոյանը ներկայացված էր … գաղտնազերծմամբ, զի վերջապես ընկալեցի մեծն Վիլյամի գրականության անպատմելի, առերևույթ զուլալ, բայց խորքերում աստվածաշնչյան ավետիսներ հնչեցնող գրականությունը:
Ինչ-որ զարմանալի բան չէր կատարվել: Տաղանդը (Ֆերեշեթյան) որսացել է հանճարի (Սարոյան) գրական տարերքի արևածագն ու մթնշաղը:

ԸՆԹԱՑՔ
Ընթանանք առաջ, հյուրընկալվենք «Կայարանի» կամարակապ բուֆետում: Բուֆետում... Այստեղ կարելի է երևանյան բոհեմի ավանդույթը հիշելով՝ մի պահ գրական հանգրվան գտնել և վերականգնել «Սկվազնյաչոկ», «Կոզիրոկ», «Նկարիչ» սրճարանների աշխարհն ու ներաշխարհը։
Տարեգիրք-2013: Բուֆետում տարբեր կաղնեփայտ սեղանների առջև հագրվանել են արդի հայ գրողները: Հրաչ Բեգլարյանն իր «Խլուրդը» պատմվածքի հետ է. հավանաբար վերընթերցում է: Շա՜տ կարևոր մի պահ գրողի համար: (Զի մի բան է գլուխգործոցը գրասեղանի վրա, սպասման արբունքում, մի այլ վիճակ է տպագրված գրական հանդեսում): Գրական հանդեսում հայ և համաշխարհային արձակի վարպետներին, նաև՝ վարպետության դասընթացների մասնակիցներին մի այլ լույսի տակ և այլ մի տարածքում ես տեսնում, գնահատում, հիանում և, երբեմն էլ՝ ինչ-ինչ հիասթափության տերևաթափի տակ հայտնվում:
Ընթերցողին հրավիրում եմ Բեգլարյանի սեղանի շուրջ՝ ներկայացնելով ընդամենը մի պարբերություն «Խլուրդ»-ից. «-Բյուրեղ: Կնիկն էլ էդպիսի անուն ունենա: Ասա էնպիսի անուն դնեիք՝ մարդու լեզուն պտտվեր, թե չէ՝ Բյու-րեղ. - մրթմրթաց խավարի մեջ ու հանկարծ գլխի ընկավ, որ գյուղի կեսը կամ ավելի ճիշտ՝ իր ճանաչած մարդկանց կեսից ավելին հիմա էստեղ է՝ էս քարերի տակ»: Հետաքրքի՛ր է: Կարծես թե: Այժմ այլ սեղանների ևս մոտենանք: Եվ ընթերցենք մեկական պարբերություն՝ սկզբից և վերջից:

Արարատ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ
«Ինչպես դարձա միլիոնատեր»


Ամեն ինչ այսպես է եղել: Հանդիպեցինք այդ արտասովոր ծերունուն տունդարձի ճանապարհին: Նա նիհար էր ու բավականին կորամեջք։
-Դուք վախկոտ եք, պարո՛ն,- մոտեցավ ու հանկարծակի ականջիս մեջ գոռաց նա, - այո, Դուք վախենում եք, հա՜, հա՜, հա՜, - ծիծաղելով հեռացավ ու թաքնվեց մի հաստ ծառի հետևում:

ԵԴրամը կեղծ չէր: Երբ տեսա՝ ամեն ինչ կարգին է, հետ վերադարձրի ժանիքները և, ըստ նախապայմանի, այրեցի բոլոր բանաստեղծություններն այնտեղ, որտեղ միզում էի:

Նարինե ԿՌՈՅԱՆ
«Անքնություն»


Երևի խղճում էր ծեր մորաքրոջը: Ամեն օր նստեցնում էր լոգարանի աթոռին ու, թեկուզ խորշանքով, որ կարողանում էր թաքցնել շինծու ժպիտի տակ, լվանում էր նրա մաշկի՝ օրեցօր ավելացող կնճիռների արանքում չգիտես որտեղից հայտնվող, սպիտակ ծեփի նմանվող ախտափոշին:

Մատին մորաքրոջ ոսկյա մատանին էր՝ եբրայերեն «սատարումի» նման, կողքին՝ խաղողի գլորված ափսեն՝ սյան վրա նստած թավամազ կատվի պատկերով ու ռուսերեն շրջանաձև մակագրությամբ «Русские народные сказки», «Кот Баюн»:


Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
«Համարակալում և հաշվառում»
Երկար ժամանակ համարակալում և հաշվառում ծառայությունների ղեկավարներն ու աշխատակիցները քաղաքի պատերի տակ կամ այլուր վիճում էին, թե որի ծառայության գործունեությունն է առավել կարևոր պետության ու ժողովրդի կյանքում:

Եվ ոչ մի տառ երբևէ փոխելու տեղիք չի տալիս: Ահա այսպես, հավերժական են ծիծաղը, կատակը, ինքնահեգնանքը՝ վկա մեր բլուրներն ու սարերը:

Հրաչ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հոգեհանգստի ձյունը»
Ես հանգիստ կարողանում էի նայել այդ կիսանկուղի պատուհանից, որ ցածր էր ու չարդարացված փոքր՝ թեկուզ որպես արհեստանոցի լուսամուտ:

«Հիմա գիշերը որտե՞ղ ենք մնալու», - հարցրեց մայրս: Հայրս ճամպրուկներն իջեցրեց փափուկ ձյան մեջ, կանգնած տեղում ճոճվեց. ձյունը տեղում էր իր վրա, ձյունը տեղում էր իր շուրջը: Հայրս խորը շնչեց ձյան օդը, արտաշնչեց՝ իբր ձյունը երբեք այդքան պատեհ չէր եղել, ու ասաց. «Թեկուզ հենց էստեղ»:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
«Կրկեսը»
Փշալարի ներսում լուռ, աննպատակ թափառում էին կամ ուժասպառ թավալվում բուսականությունից զուրկ գետնին: Չնայած գարուն էր, բայց փշալարից ներս անապատ էր, որովհետև դեռևս ապրելու ցանկությունը պահպանողներն անասունների նման արածում էին:

Յուրաքանչյուրը, մի փայտի կտոր առած, թափառում էր փշալարի ներսում և գետնից գլուխը դուրս հանող որևէ բուսականության ծիլ փնտրում:

Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ
«Տեղատարափ»
-Շուտ արեք, դուրս գանք ձորից, էս է, անձրև վրա կտա, - Լարիսան ժանգոտ բանալին արագ-արագ պտտեց տնակի դռան կողպեքի մեջ:

Ես ուշացա:
Գարնան առաջին տեղատարափը ձորում դանդաղ փոխվում էր մանրամաղ անձրևի:

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նա Աստված էր փնտրում և քիչ մնաց գտներ»


«Խելառ անտեր...», - աղջիկը մտքում ծիծաղեց տատի վրա ու բարձրաձայն հարցրեց.
-Ո՞նց ես:
Տատը մղկտաց։

Հրաժեշտին ձկնորսը երևի գրպանը թղթադրամներ խոթեց, որոնց իրական արժեքն աղջիկը չգիտեր, և մի զամբյուղ ձուկ տվեց՝ թարմ լորձով պատված, պաղած աչքերով, թեև խռիկները շնչահեղձությունից դեռ բացուխուփ էին լինում:
(շարունակելի)

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ