Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
19.07.2019 | 02:13

(Նախորդ մասը)

Հիմա փորձեմ ներկայացնել Խորհրդային Հայաստանի ուսումնական հաստատություններում տեղի ունեցած զարգացումների գեղադիտակը: Հայրս՝ Նորայր Համազասպյանը, սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, ընդունվել է պատերազմից առաջ, եղել է Ստալինյան թոշակառու, ավարտել է պատերազմից հետո (արանքում ֆաշիստներից ազատագրել է Ղրիմը):


Դասախոսների խիստ պակաս ունենալու պատճառով աշխատանքի էին վերցնում բարձր կուրսերի գերազանցիկ ուսանողներին: Դասախոսությունները վերածվում էին մասնագիտական գրականության ընթերցանության: «Գրքում գրված է այսպես»,- հայտնում էր դասախոսը, իսկ մյուսները գրում էին: 60-ականներին պատկերը լրիվ այլ էր, բարձրակարգ դասախոսների պակաս չենք ունեցել, ինձ բախտ է վիճակվել ուսանելու այնպիսի փայլուն դասախոսների մոտ, ինչպիսիք էին պրոֆեսոր Վրույր Թորգոմյանը (բարձրագույն մաթեմաթիկա), պրոֆեսոր Գոհար Համբարձումյանը (հավանականությունների տեսություն), հաշվիչ մեքենայի հեղինակ Ալբերտ Սագոյանը (մաթեմատիկական մեքենաներ), ակադեմիկոս Պարիս Հերունին (ռադիոտեխնիկա) և ուրիշներ: Վրույր Թորգոմյանը կարողանում էր իր դասախոսությունները կարդալ այնպիսի գրաֆիկով, որ բանաձևերի վերջում դրվող վերջակետն ու զանգի տալը մշտապես համընկնում էին: Ինստիտուտն ավարտելուց մի քանի տարի անց Թորգոմյանի հետ հանդիպեցի փողոցում։


-Ինչ ջան, ինչպե՞ս են գործերդ (իր բոլոր ուսանողներին նա դիմում էր իր հանրահայտ «Ինչ ջանով»), ասպիրանտուրա ընդունվե՞լ ես, արդեն պաշտպանե՞լ ես, Մոսկվայու՞մ ես սովորել ու պաշտպանել, շատ լավ է։ Իսկ ինչպե՞ս է Սարգսյան Բաբկենը:
Վերջին հարցն ուղղակի անսպասելի էր, մեզ թվում էր, թե մեր անունները նա չէր կարողանում հիշել, լավագույն դեպքում հիշում էր կուրսի գերազանցիկ Ստեփանի (հետագայում` ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյան) կամ Լենինյան թոշակառու Հարությունի (հետագայում տեխնիկական գիտությունների թեկնածու, Կամոյի «Դիպոլ» ԳԱՄ գլխավոր տնօրեն Հարություն Ղուկասյան) ու այլ գերազանցիկների անունները։ Բայց Բաբկենին հիշելը...


Մեր կուրսի Բաբկենը որբանոցի տղա էր։ Փոքրամարմին ու հիվանդոտ։ Հանրակացարանում մի կերպ յոլա էր գնում։ 35 ռուբլի թոշակի հույսին էր։ ՈՒրիշ օգնողներ չուներ: Մի անգամ խմբով գնացինք Թորգոմյանի մոտ՝ խնդրանքով, որ Սարգսյան Բաբկենից միայն գրավոր քննություն ընդունի, բանավորի ժամանակ նա հուզվում էր, լեզուն կապ էր ընկնում, չէր կարողանում խոսել։ Մեկ առարկայից «կտրվելն» արդեն նրա համար դատավճիռ էր: Թորգոմյանը հարգել էր մեր խնդրանքը, թե Բաբկենի պատասխանն էր բավարարել՝ չիմացանք, քննությունը հանձնել էր ու մնացել Թորգոմյանի հիշողության մեջ՝ ի թիվս իր հազարավոր ուսանողների:
Գոհար Համբարձումյանը Վիկտոր Համբարձումյանի քույրն էր՝ մոտավորապես նույն դիմագծերով: Ամեն դեպքում նրան գեղեցկուհի անվանել չէր կարելի, որը ինքն էլ էր ընդունում ու հաստատում իր հայտնի անեկդոտով. «Ջեյնը, Տարզանը և Չիտա անունով կապիկը գալիս են Սովետական Միություն՝ սովորելու: Տարզանն ընդունվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ, Ջեյնը՝ օտար լեզուների, Չիտան՝ Մոսկվայի համալսարանի մեխմաթ ֆակուլտետ: Տարվա վերջում հավաքվում են ու պատմում իրենց տպավորությունները: Ես մեր խմբի գերազանցիկն եմ, որովհետև ամենաուժեղն եմ, ասում է Տարզանը: Ես մեր խմբի գերազանցիկն եմ, որովհետև բոլորից շատ լեզուներ գիտեմ, ասում է Ջեյնը: Իսկ ես մեր խմբի գեղեցկուհին եմ, հպարտանում է կապիկ Չիտան»: Այդ թվերին ուսանող-դասախոս հարաբերությունները միայն գործնական էին ու ընկերական, դասախոսություններն անցնում էին անկաշկանդ, ստեղծագործական մթնոլորտում, փոխադարձ կատակների պակաս չէր զգացվում:

Մաթեմաթիկայի մի երիտասարդ դասախոս ունեինք՝ Սերժ Սարգսյան անունով, որը նոր էր ավարտել Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան ու սիրում էր ուսանողների հասցեներով կատակներ անել: Մի անգամ այնպես կատակեցի, որ ինքն էլ սկսեց իր վրա ծիծաղել: Գրատախտակին փորձում էր նկարել պարաբոլական հիպերբոլոիդը, չէր կարողանում:
-Դե ձիու թամբի նման է, չի ստացվում:
-Սկզբում ձին նկարեք, հետո կստացվի,- տեղից խորհուրդ տվեցի ես:
Մաթեմատիկոս Սերժ Սարգսյանին կարելի է համարել պոլիտեխնիկում կաշառակերության վիրուսը տարածողներից մեկը, որը հարևան 824 խմբի ուսանողներից 5-ական ռուբլի կաշառք էր հավաքել՝ իր առարկայի քննությունն անփորձանք անցկացնելու համար: Այդ փաստը բացահայտվեց, ու մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Վրույր Թորգոմյանը նրան աշխատանքից հեռացրեց.
-Ինստիտուտը քո տեղը չէ, գնա այնտեղ, որտեղ լավ փող են տալիս:
Իմ տվյալներով` Սերժիկը հիմա ապրում է Ավստրալիայում: Մինչ այդ դասախոսները կարողանում էին լրացուցիչ գումարներ վաստակել բոլորովին օրինական ճանապարհով: Յուրաքանչյուր վերաքննության համար դասախոսները ստանում էին 2 ռուբլի 50 կոպեկ, 10 «կտրված» ուսանող և, խնդրեմ, 25 ռուբլի՝ դասախոսի հավելավճարը պատրաստ է, այդ գումարով կարելի էր մի շիշ կոնյակ գնել: Հիմա գներն այլ բարձունքների վրա են, չափվում են միայն դոլարներով:


Իմ արևային սարքերի պատրաստման հարցում ինձ շատ է օգնել «Ինտերստանոկ» գործարանում աշխատող բարձրակարգ վարպետ Մինասը, որի հետ իմ ընկերական հարաբերությունները փչացան, երբ համալսարանում սովորող իր որդու ֆիզիկայի քննության համար գիտնական-դաախոսներ Ժյուլը, Ռուբիկն ու Արմանը նրանից 300 դոլար էին շորթել:
-Դուք էլ եք լավ փողեր աշխատում, իսկ ես Ձեզ համար ձրի աշխատանք եմ արել, մտածում էի` գիտնական է, փող չի ունենա,- մի անգամ սրտնեղեց վարպետ Մինասը:
Վարպետի առաջ արդարանալու ցանկություն չառաջացավ, նա էլ պետք է լավ իմանար, որ մի քոսոտ մոզին կարող է ամբողջ նախրի պատիվը գցել։ Ցավն այն է, որ այդ քոսոտների թիվը հիմա այնքան է ավելացել, որ որակ է տվել, մենք կաշառակեր դասախոսների հետ կապ չունենք, նրանցից հեռու ենք փախչում, խուսափում ենք ընդհանուր գործեր ունենալուց:
ՈՒսանողներից կաշառք ստանալու ձևերը բազմաթիվ են եղել ու լավագույն ձևով կազմակերպված: Նշեմ դրանցից մի քանիսը: «Կտրված» ուսանողին ուղարկում են կոնկրետ «ռեպետիտորի» մոտ՝ լրացուցիչ պարապելու ու գիտելիքների մակարդակը կարգի բերելու նպատակով: Լրացուցիչ պարապելու գումարը ստանում է «ռեպետիտորն» ու կիսում քննող դասախոսի հետ, կաշառք վերցնելու գործի բացահայտումը գրեթե բացառված էր, մարդը պարապել է, գիտելիք է տվել ու ստացել իր վարձավճարը:


Մի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոստովանեց, որ իր առաջին գումարները նա վաստակել է որպես «ռեպետիտոր», սա պետք է հիշել: Սրանք մեծ գումարներ չէին կարող լինել, որովհետև «անբավարար» ստացող ուսանողների թիվը քիչ էր, այստեղ սահմանափակող պլաններ էին դրված, յուրաքանչյուր խմբում «անբավարարների» թիվը կարող է լինել 2-3, ոչ ավելի: Շատ դասախոսներ նշված տեխնոլոգիայից չեն օգտվում՝ գումարը քիչ է, որի համար չարժե կաշառակերի անուն վաստակել: Այս սահմանափակումը շրջանցելու ու կաշառքի գումարները տասնապատկելու մի հետաքրքիր տարբերակ էր մշակվել, որը հնարավոր էր իրագործել միայն մի քանի դասախոսի ջանքերի համադրմամբ: Քննությունից առաջ թիրախավորվում էին այն արու ուսանողները, որոնք Կարմիր Բանակ գնալու խնդրի առաջ կկանգնեին, եթե միաժամանակ երեք առարկայից «կտրվեին» իսկ «լիկվիդի» ժամանակ չկարողանային վերահանձնել այդ առարկաները: Այստեղ կաշառքի չափը հավասարվում է բանակ չտանելու կաշառքի չափին, մի բան էլ ավելի:


Հիմա մեկ այլ արտառոց ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող դեպք: Տարիներ առաջ ամբիոնի վարիչ պրոֆեսորը աշխատանքից հեռացրել էր նույն ամբիոնի դոցենտին, ինչու՞: Պատմել է պրոֆեսորը.
-Մի ուսանողուհի եկավ ու պատմեց, որ դոցենտներից մեկը իր խմբի ուսանողներից 50-հազարական դրամի կաշառք է վերցրել, 18-ամյա ուսանողուհիներից մեկն այդ գումարը չի ունեցել, միայն կեսն է կարողացել տալ, կաշառակեր դոցենտը նրան փակել է լաբորատորիայում, որպեսզի դասերի վերջում գա ու բռնաբարի՝ 25 հազար դրամի չափով։ Այդ հանցավոր դոցենտի առաջ պայման դրեցի` կամ հեռանում ես ամբիոնից, կամ դատի եմ տալու: Ճիշտ է, դոցենտին «կամավոր» ազատվել տվեցին, բայց, տարիներ անց, դոցենտը վերադարձավ իր նախկին ամբիոնը, երբ ամբիոնի վարիչ պրոֆեսորին այլ աշխատանք տվեցին:
Անբարոյական մթնոլորտը շարունակում է տիրել մեր կրթական համակարգում, ու հույսեր փայփայել, թե մենք այնտեղից ինժեներական ու գիտական կադրեր կստանանք տնտեսական հեղափոխությունը իրականացնելու համար, բացարձակ միամտություն է: Եթե Հայաստանի բոլոր կաշառակերներին դասակարգենք՝ ըստ հասարակական վտանգավորության աստիճանի, ապա, անշուշտ, առաջին շարքերում պետք է տեղավորենք դպրոցների, ապա, բուհերի ու նրանց աշխատանքները համակարգող ՀՀ ԿԳ նախարարության կաշառակերներին՝ առայժմ մի կողմ թողնելով բժիշկներին, դատավորներին և մյուսներին, որովհետև վերջիններից սպասվող վտանգն ավելի քիչ է:


Իմ դասախոսական պրակտիկայում երբեք չեմ մտածել ուսանողից ինչ-ինչ շահ ունենալու մասին, երբեք չեմ նվաստացել, չեմ ստորացել, որովհետև մանկավարժի ընտանիքում եմ մեծացել ու մանկուց գիտեմ մանկավարժի արժանապատվությունը պահելու և աճող սերնդի հանդեպ անձնական պատասխանատվություն ունենալու արժեքը: Պապս՝ Երեմ Ասլանյանը, ՀՀ վաստակավոր ուսուցիչ էր, նրա պապը գիշերային ծխական դպրոց էր կազմակերպել Սառնաղբյուրում, որովհետև ցարական Ռուսաստանում հայերեն կրթությունն արգելված էր, հայրս և մայրս դարձյալ մանկավարժներ էին: Սառնաղբյուրում պապս մականուն ուներ, նրան «Մայր» էին կոչում՝ նմանեցնելով մեղուների աշխատանքը կազմակերպող մայր մեղվի հետ, բոլոր երեխաները փախչում ու թաքնվում էին, երբ հեռվից պապս էր երևում, բոլորից մի բան էր պահանջվում. աշխատել ու սովորել, սովորել ու աշխատել, նույնիսկ զուգարանում նստած տեղը պետք է մի բան կարդաս, ժամանակ չկորցնես:


Պապս նաև լավ հոգեբան էր, կարողանում էր մտնել մարդկանց դրության մեջ, բոլորին օգնում էր իր գրագիտությամբ, անգրագետ մայրերի համար նամակներ էր գրում՝ բանակում ծառայող տղաների համար, կարդում էր նրանցից ստացած նամակները, լամպի լույսի ներքո գյուղացիների համար թերթեր էր կարդում և այլն: Մի այսպիսի դեպք: 60-ական թվականներին դեռևս երկիրը գտնվում էր կիսասոված վիճակում: Մի առավոտ երեխաներովս հաց էինք ուտում, յուրաքանչյուրիս մեկ բրդուճ էր հասնում, ես ստացա իմ բրդուճն ու տնից դուրս թռա:
-Հացդ կեր, նոր դուրս արի,- հետևիցս բղավեց պապս:
Չլսեցի, դուրս թռա, երեխաների ներկայությամբ էի ցանկանում ուտել, որ ինձ լավ զգամ, տեսնում էի, թե նրանց հայացքներն ինչպես էին կենտրոնացել իմ բրդուճի վրա: Պապս տնից դուրս եկավ, իմ ձեռքից վերցրեց բրդուճը, մասերի բաժանեց ու տվեց հարևանների երեխաներին: Այդ օրը ես մնացի առանց բրդուճի ու մի լավ դաս ստացա. առանձնապես մի ոգևորվիր քո նյութական առավելությամբ, դա ժամանակավոր է և պետք չէ խաղալ ուրիշների զգացմունքների հետ:


Մի անգամ, հողը փորելիս, բահը կոտրեցի, պապս զայրացավ.
-Դուրս արի հողից, դուրս, քեզանից ռանչպար դուրս չի գա, դու գնա գիտնական դարձիր, հագիս շապիկն էլ կծախեմ, միայն թե գիտնական դառնաս,- հպարտանում էր իր ժառանգների գիտական հաջողություններով, որոնցից երկուսը գիտության դոկտորներ, չորսը գիտությունների թեկնածուներ դարձան, մյուսները բժիշկներ ու ինժեներներ են: Նրանք պապիս գերդաստանի և, ինչու՞ ոչ, մեր ազգի հպարտությունն են դարձել:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 8761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ