Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Աշխարհում երևի չկա մի մարդ, նույնիսկ այլադավան, որ կարդա «Նարեկ» ու չզմայլվի»

«Աշխարհում երևի չկա մի մարդ, նույնիսկ այլադավան, որ կարդա «Նարեկ» ու չզմայլվի»
19.07.2019 | 02:27

Վերահրատարակվել է իմաստասեր, նարեկագետ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Նարեկը՝ ընդհանրական բժշկարան» գիրքը: Երկրորդ հրատարակության մեջ կան հավելյալ գլուխներ:

-Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ամենավաճառված գրքերից է: Ձեր աշխատությունն ունի՞ պահանջարկ, ընթերցող, վաճառվու՞մ է:
-Անշուշտ ունի պահանջարկ, թեև չեմ կարող ասել, թե որոշ հրատարակությունների պես շատ արագ սպառվում է: Մեծ մասամբ նվիրում ենք, որովհետև դա նվիրական գիրք է: Նաև վաճառվում է: Կարելի է ձեռք բերել երեք մեծ գրախանութից՝ «Բուկինիստ», «Նոյան տապան», «Զանգակ»:
-Ե՞րբ և ինչու՞ սկսեցիք զբաղվել նարեկագիտությամբ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հետաքրքրությունը:
-Ավարտել եմ փիլիսոփայության բաժինը: Այն ժամանակ մարքսիստական փիլիսոփայությունն էր պաշտոնականը, տիրապետողը, բայց իմ հոգուն դա մոտ չէր: Բնականաբար, ինձ իդեալիստական փիլիսոփայությունն էր դուր գալիս: Ավարտելուց հետո սկսեցի ուսումնասիրել հնդկական իմաստասիրություն և հազիվ թե փրկվեի, եթե «Նարեկը» չլիներ: Նարեկացին բավարարում է ամենաինտելեկտուալ ընթերցողի պահանջները: Աշխարհում երևի չկա մի մարդ, նույնիսկ այլադավան, որ կարդա «Նարեկ» ու չզմայլվի, էլ չեմ ասում՝ դառնա դավանանքի հետևորդ:
-Ձեր իսկ բնորոշմամբ՝ «Նարեկը» աղոթամատյան է, սուրբգրական երկ, բժշկարան: Քերթողական արվեստն ու բժշկական զորությունը կապվա՞ծ են իրար:
-Անպայման: «Նարեկը» ի սկզբանե գրվել է որպես աղոթք, զրույց Աստծո հետ (թեև յուրաքանչյուր տեքստ կարելի է բանաստեղծական չափերի մեջ դնել), բայց տարբերվում է բոլոր տեսակի աղոթագրքերից: Նարեկացին հենց առաջին գլուխներից Աստծուն խնդրում է, որ Սուրբ Հոգին շարունակի իր սկսածը: Փաստորեն, սա Սուրբ Հոգու արարմունք է: Առհասարակ կա օրինաչափություն, որ բարձր կարգի գրականությունը, մշակույթը ստեղծվում է Սուրբ Հոգու ներշնչանքով: Այսինքն, նրանք, ովքեր կարողանում են իրենց սիրտն ու հոգին մաքրել, տեղ են բացում Սուրբ Հոգու բնակության համար: Անմիջական կապ է ստեղծվում մարդու ու ստեղծագործողի միջև, գրում են աստվածային ներշնչանքով, և հնարավոր չէ, որ դա, որպես մշակութային երևույթ, չլինի մեծագործություն: ՈՒ այդ մեծագործությունների շարքում «Նարեկը» անհամեմատելի է իր ազդեցությամբ, զորությամբ: Շատ մեծ ստեղծագործություններ են գրել Շեքսպիրը, Պլատոնը, Դոստոևսկին, բայց այդ գրվածքները չունեն բուժական զորություն: «Նարեկը» եզակի է և համեմատելի է միայն «Աստվածաշնչի» հետ:
-Ազդեցությունն ինչո՞վ եք բացատրում:
-Առաջինը` մեծագույն հավատքով: «Նարեկը» քրիստոնեական գրականությունից շեղված ստեղծագործություն չէ, եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, որ 1500-ից ավելի մեջբերումներ կան, բայց դրանք Նարեկացին ոչ թե մեխանիկորեն հիշել է, այլ ներքուստ ապրել է՝ Սուրբ գիրքը դարձնելով իր ներքին աշխարհը:
-Դուք նշում եք, որ Նարեկացին խորագետ աստվածաբան է, բանագետ, բնագետ, մարդագետ, հոգետես, նաև նշում եք Սուրբ Հոգու ներգործությունն ու ներկայությունը: Հոգևո՞ր, թե՞ գիտական աշխարհի հետ գործ ունենք «Նարեկ» ընթերցելիս:
-Կա երկու տեսակի գիտություն՝ արտաքին, որն բնագիտությունն է, առարկայական աշխարհի իմացությունը՝ իր օրինաչափություններով, մեթոդներով, իր տրամաբանությամբ, և կա ներքին գիտություն, որը անմիջականորեն բխում է հավատքից: Հավատքը մարդու կապն է Աստծո հետ, հավատքի արդյունքը լինում է հայտնատեսական:
-Նարեկացի կարդալու, ըմբռնելու, գնահատելու, մեկնելու համար պետք է որոշակի ճանապա՞րհ անցնել:
-Անպայման, անհատական կենսափորձ է պետք, ձգտում՝ ինքդ քեզ ճանաչելու: Մարդն ինքն իրեն ճանաչում է հոգով, իսկ հոգին աստվածային դրվածք է մարդու մեջ:
-Շատերի համար նարեկաբուժությունը գիրքը բարձի տակ դնելու հետ է զուգորդվում: Սա հմայություն չէ՞:
-Սա հավատքի պահ է: Ինչպես որ խաչը, որ Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհրդանիշն է, աստվածային օգնություն է մեզ, նույնպես և «Նարեկը»:
-Դուք նշում եք, որ «Նարեկի» ազդեցությունն այնքան մեծ է հայ հոգևոր կյանքի վրա, որ կարելի է վերջինս բաժանել նախքան «Նարեկը» և «Նարեկից» հետո ժամանակահատվածների: Մենք հեռացե՞լ ենք Նարեկից, եթե խոսենք ներկա ժամանակի մասին:
-Հեռացել ենք, բայց ավելի ենք մոտենում: Հնարավորություններ են բացվում: Առաջ «Նարեկը» եզակի երևույթ էր, քահանայից էր անցնում ժողովրդին, հիմա բոլորի ձեռքին կա:
-Ինչպե՞ս կբացատրեք գրքում տեղ գտած Ձեր դիտարկումը, թե «Նարեկի» մեջ ոչ միայն բժիշկն է տարբերվում սովորական բժշկից, այլև հիվանդը` սովորական հիվանդից:
-Հիվանդն ինքը Գրիգոր Նարեկացին է, նա հիվանդ մարդկությանն է ներկայացնում, իսկ բժիշկն Աստված է: Նարեկացին ամբողջ մարդկությունն ընդգրկում է իր մեջ և խոստովանում Աստծուն: Ինչու՞ է խոստովանում: Երբ մարդը ինչ-որ վատ բան է անում, մինչև որևէ մեկին չի ասում այդ մասին, հոգին չի հանգստանում: Այսինքն, այն, ինչը ենթակայական է, դուրս ենք մղում մեր հոգուց՝ դարձնելով առարկայական, զննելի և տեսնում ենք, որ կարելի է դրանից մասամբ ազատվել: Դրա համար կան մեղքերի գիտակցում, խոստովանություն, ապաշխարություն և, իհարկե, հատուցման պահ:
-Գրքում մեջբերում եք Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերը. «Նարեկացին համաշխարհային գրականության մեջ փիլիսոփայական ուղղության ամենահետաքրքիր բանաստեղծներից մեկն է և ամբողջական հետազոտության արժանի»: Կարծում եք՝ տիեզերական եկեղեցու վարդապետ Նարեկացին ինչպես հարկն է, հայտնի՞ է աշխարհում:
-Խորհրդային տարիներին հայ բանասերները և գիտնականները Նարեկացուն ներկայացնում էին որպես բանաստեղծի, (բավականաչափ հետաքրքիր վերլուծություններ են կատարվել): Պատահական չէ, որ «Նարեկի» 4-5 գլուխներ դուրս են մնացել թարգմանությունից: Դրանք արևելահայերեն առաջին անգամ ես եմ թարգմանել: Այն ժամանակ Նարեկացին դրսում բավականաչափ հայտնի չէր, այսօր հայտնի է, բազմաթիվ լեզուներով թարգմանվել է ներդրած: Բացի դրանից, «Նարեկի» ազդեցությունը հսկայական է աշխարհի վրա: Կա վերբալ ազդեցութուն՝ խոսքային, և ոչ վերբալ ազդեցություն՝ աղոթք բոլորի համար: Երբ մեր հոգևորականներն ասում են՝ խաղաղություն ամենեցուն, ամենեցուն վերաբերում է ամբողջ աշխարհին:
-Ֆիդայիները և՞ս ճգնավորներ են. գրքում նման բնորոշման հանդիպեցի:
-Ես ասել եմ, որ ֆիդայական զոհաբերությունը, երբ մարդն ինքն իրեն զոհաբերում է իր ժողովրդի համար, նույնպես սրբության ճանապարհ է, որովհետև ժողովրդի կամքը աստվածային կամք է: Ի՞նչ է ժողովրդավարարությունը` «Ձայն բազմաց, ձայն Աստծո»: Եթե հավատացյալ ժողովուրդ է, դա արդեն ժողով է, եկեղեցի:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ