Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունը պարբերաբար առերեսվելու է առանձին իջևանների, սևանների հետ

Իշխանությունը պարբերաբար առերեսվելու է առանձին իջևանների, սևանների հետ
26.07.2019 | 01:05

Իջևանյան դեպքերից հետո կրկին արդիական դարձավ երկրում քաոսային վիճակի հետ կապված հարցը։ Շատ դեպքերում այդ վիճակը համեմատվում է ամենաթողության հետ, քանի որ ակտիվ զանգվածները անտեսում են ցանկացած օրենք։ Երբ պետությունը արձագանքում է նրանց ապօրինի պահանջներին, փակում են ճանապարհները, շրջափակում կարևորագույն օբյեկտներ։ Գործը հասել է նաև նրան, որ ուժային գործողություններ են կիրառվում անգամ իրավապահ մարմինների դեմ։ Բնականաբար, այս համատեքստում հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այս վիճակը, ինչի՞ կարող է հանգեցնել, ի վերջո, որքա՞ն կարող է տևել այս ամենը։

Իջևանը, ըստ էության, նման գործողությունների շղթայի հերթական օղակն էր։ Թեև սա առաջին դեպքն էր, երբ զարգացումները չհաջողվեց բանակցություններով կամ պայմանավորվածություններով հանգուցալուծել, և դա հանգեցրեց լուրջ բախումների ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև։ Մինչև Իջևանի դեպքերը բողոքի ալիք էին բարձրացրել Սևանի ավազանի բնակիչները. փակելով Սևանի մայրուղին՝ ագրեսիվ կերպով պահանջում էին կառավարությունից, որպեսզի վերջինս անհապաղ հայտարարի, որ Սևանի ջուրը անվտանգ է։ Սրան հետևեցին Իջևանի դեպքերը, իսկ օրերս էլ Ստամբուլից Երևան ապրանք ներմուծող առևտրականներին դուր չէր եկել, որ մաքսավորները պահանջել էին մաքսազերծումն իրականացնել սահմանված նորմերի շրջանակներում՝ ԵԱՏՄ նկատմամբ ստանձնած պարտավորությունների սահմաններում։ Սա իհարկե, պարզվում է, ներմուծողների սրտով չէ, և վերջիններս, ինչպես Հայաստանում մոդայիկ է դարձել, մեծ փոթորիկ սանձազերծեցին՝ ձեռք բարձրացնելով ՊԵԿ-ի աշխատողների վրա։ Պայքարի այս ձևը դարձել է նախադեպային և Հայաստանում հարցեր լուծելու ամենաընդունված ճանապարհը։


Ինչո՞վ է պայմանավորված բռնության, ագրեսիվության այս շքերթը։ Ըստ էության, այս ամենը պայմանավորված է հետհեղափոխական սինդրոմով։ Հեղափոխությունը, անկախ նրանից, թավշյա է, արյունալի, գունավոր կամ այլ բնույթի, ամեն դեպքում այն բռնի մեթոդով իշխանության, համակարգի փոփոխություն է, որի պատճառով հասարակության մի հատվածի մոտ արթնանում է ագրեսիա, այսպես ասենք, նախկին կեղեքիչների նկատմամբ, միաժամանակ ծագում են ինչ-ինչ հույսեր։ Իշխանության եկած ուժը, անկախ որդեգրած կարգախոսներից, այնուամենայնիվ, ինչ-որ փուլից սկսում է պաշտպանել իր իշխանությունը՝ ամեն ինչ բաժանելով սև-սպիտակի, որպեսզի կարողանա արմատախիլ անել հնարավոր հակառակորդներին։ Այս ամենը հանգեցնում է ագրեսիվ հռետորաբանության, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ագրեսիվ հռետորաբանության պակաս չկա։ Դա հիմնականում գալիս էր հենց իշխանությունից։ Ավելորդ չէ հիշատակել վարչապետի բառապաշարը՝ ասֆալտին փռել, պատերին ծեփել, բոմժացնել, պատերի տակ վնգստացող դատավորներ, բառապաշար, որն առավել քան խոսուն է։ Սա համապատասխան քաղաքական և կենցաղային թրենդ է ձևավորում հասարակության մեջ։ Եթե Խորհրդային Միության տարիներին թրենդային էին համարվում կիրթ պահվածքը, կարդացած լինելը, թատրոն գնալը, ապա անկախացումից հետո տարբեր մոտեցումների ականատես եղանք. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասում էին, թե գիրք են կարդում դոդիկները, ու այդ միտումը դառնում էր ժամանակակից։ Այսօր թեև ասվում է, թե Հայաստանում ամենամեծ արժեքը կրթությունն է, սակայն այն բառապաշարը, որ օգտագործվում է երկրի ղեկավարի և նրա որոշ թիմակիցների կողմից, բոլորովին այլ թրենդ է ձևավորում։ Մարդիկ հասկանում են, որ եթե կարելի է ուժով, ասֆալտին փռելով, ծեծուջարդով հարց լուծել, ապա ինչու նույնը իրենք չկիրառեն։ Առավել ևս, որ նրանք համարում են, որ հեղափոխություն են կատարել, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին իրականացնի իր իղձերն իր պատկերացումների շրջանակներում։


Եվ խնդիրն այն է, որ առանց իզմ-երի ու առանց լուրջ գաղափարախոսության արված հեղաշրջումը, որն ուներ միայն մեկ կարգախոս՝ մերժիր Սերժին, անհասկանալի էր, թե հանուն ինչի է։ Հեղափոխական գործընթացներում ներքաշված բոլոր զանգվածներն իրենք էին ձևակերպում իրենց հեղափոխական կարգախոսներն ու որոշում, թե իշխանափոխության արդյունքում ինչի են ցանկանում հասնել։ Տաքսու վարորդները, օրինակ, պատկերացնում էին, թե հեղափոխության արդյունքում ի վերջո կազատվեն տեսախցիկներից, որոնք սահմանափակում են ուզածի պես մեքենա վարելու իրենց ցանկությունը, մանավանդ որ հեղափոխական թոհուբոհում շարժման առաջնորդների կողմից տեսախցիկները վերացնելու խոստումներ տրվում էին։ Առևտրականները կարծում էին, թե առանց մաքսազերծման կարող են ապրանք ներմուծել։ Անտառահատները, որոնց պատկերացմամբ տունը հնարավոր է պահել բացառապես անտառը հատելով և անտառի մաֆիային կերակրելով, մտածում էին, որ հեղափոխության արդյունքում ձեռքերն էլ ավելի կազատվեն, մանավանդ որ իշխանության է եկել իրենց հայրենակիցը։ Սևանի ավազանի բնակիչների կարծիքով՝ եթե Սևանի ափին են ապրում, ապա լիճը նախ և առաջ իրենցն է, կուզեն ձկնագողությամբ կզբաղվեն, կուզեն, կստիպեն կառավարությանը հայտարարել, որ ջուրը ոչ թե կանաչ է, այլ կապուտակ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ճնշման արդյունքում ընդամենը մեկ օր հետո կառավարության անդամները հենց այդպես էլ հայտարարում են։ ՈՒ պարզվում է, որ փողոցը փակելով Սևանն ինքնամաքրվել է։


ԼԳՏԲ համայնքն իր պատկերացումներն ունի հեղափոխության մասին։ Նրանք հավանաբար մտածում են, որ հաղթելով քաղաքական պայքարում՝ ինչ կուզեն, որտեղ կուզեն, ում հետ կուզեն կանեն, ընդ որում՝ առանց պատժի։ Եվ դրա արտացոլումը եղավ այն, որ տրանսգենդերները հարձակվեցին ոստիկանության բաժանմունքի վրա՝ բռնություն կիրառելով օրենքի պաշտպանների նկատմամբ՝ մնալով անպատասխան։ Լիլիթ կոչվող հայտնի տրանսգենդերը դատի է տալիս «Իրատես» թերթին` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և… մեկ մլն դրամ փոխհատուցում ու ներողություն պահանջում լրատվամիջոցից:


Այս շարքը կարելի է շարունակել։ Սակայն փաստ է, որ յուրաքանչյուրին տրվեց իրավունք՝ սահմանելու, թե ինչի համար է հեղափոխություն իրականացրել, և ամեն մեկը, իր կրթությունից, դաստիարակությունից ելնելով, սահմանեց իր նշաձողն ու պատկերացումները։ Ամենաթողությունը, գաղափարախոսության բացակայությունը, իշխանության կողմից ագրեսիվ կոչերը ձևավորեցին համապատասխան մթնոլորտ, և այսօր իսկապես իշխանությունն առերեսվել է իր ցանածի հետ։ Ընդ որում, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանությունը շատ լավ հասկանում է, որ դա պետք է կանխել օրենքի ուժով, այդ թվում նաև ուժային ակցիաների միջոցով, սակայն պարզվում է, որ ոստիկանությունը հայտնվել է կամազուրկ վիճակում, և չի կարողանում որևէ ուժային գործողության գնալ, մինչև գործը չի հասնում իրեն քարկոծելուն։
Հասկանալի է, որ ոստիկանության մոտ որոշակի բարդույթներ են առաջացել։ Մասնավորապես, դրան գուցե նաև նպաստում է այն, որ ոստիկանության պետը Վալերի Օսիպյանն է, մարդ, որն իր ամբողջ կյանքում զբաղվել է փողոցային ակցիաներ ցրելով, այժմ, սակայն, դեպքերի բերումով դառնալով ոստիկանապետ, վախենում է, որ եթե որևէ մեկին մատով դիպչի, ապա իրեն կմեղադրեն, որ ինքը չի համապատասխանում նոր Հայաստանի ոստիկանապետի կերպարին։ Ըստ էության, այս ամենի արդյունքում ոչ հրաման տալու կամք է դրսևորում, ոչ էլ առանձնապես ցանկություն, որպեսզի ստանձնի պատասխանատվություն։

Նույն տրանսգենդերների ոտնձգությունները ոստիկանների նկատմամբ թերարժեքության բարդույթներ են առաջացրել նաև ոստիկանական համակարգում։ Այժմ կառավարությունը բավականին լուրջ խնդրի առջև է կանգնել։ ՀՀ վարչապետը, որ իշխանության է եկել ժողովրդի ալիքի վրա, և հայտարարում է, որ նույնիսկ մեկ օր ավելի չի մնա իշխանության ղեկին, եթե ժողովուրդն իրենից երես թեքի, վախենում է կոտրել իր պոտենցիալ հենարանի խաթրը։ Մյուս կողմից էլ նա հասկանում է, որ չի կարողանում այլընտրանք ստեղծել մարդկանց համար՝ իրենց սովորական անօրինական ապրուստի միջոցներից հետ քաշվելու համար։ Իհարկե, այստեղ պետք է հիշատակենք նաև անոմալ այն երևույթները, երբ Տավուշի մարզում մարդկանց առաջարկում են օրական 10000 դրամ աշխատավարձով աշխատանք, վերջիններս դժգոհում են, թե ինչպես կարելի է նման աշխատավարձով տուն պահել։ Սա արդեն ոչ թե իրավական, այլ հոգեբանական հիմք ունի. մենք գործ ունենք տոտալ անգործության սինդրոմի հետ։ Ի վերջո, հասարակությունը, որը չի ցանկանում գրանցված աշխատանք ունենալ, նպաստներից չզրկվելու համար, հոգեբանական և ուղեղային շեղում է արձանագրում, որը հանգեցնում է մարդկային դեգրադացիայի, ինչը հետագայում բերելու է նաև մենթալիտետային շեղումների։ Սրան նպաստում է նաև պարազիտիզմը, որը դրսից դրամական փոխանցումների հետևանք է։ Պատահական չէ, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճում ահռելի տոկոս են կազմում բուքմեյքերական կազմակերպությունները, այսինքն՝ փաստվում է, որ մարդիկ դրսից ստացած գումարները ծախսում են խաղամոլության մեջ։
Իշխանությունը կանգնած է բավականին լուրջ խնդրի առջև՝ ուժային և կոշտ մեթոդներ ձեռնարկել, քաոսը կառավարելի դարձնել, ինչը ամենայն հավանականությամբ կհանգեցնի ընտրազանգվածը կամ հենարանը կորցնելու վտանգին։ Կամ էլ շարունակում է մեղմ միջոցներով մի բան ասել, բայց իրական գործողությունների չգնալ, այդ դեպքում պարբերաբար առերեսվելու է առանձին իջևանների, սևանների հետ և այլն, և այլն։
Ո՞ր ուղղությամբ կգնա ՀՀ կառավարությունը, կերևա ապագայում։ Պետք է արձանագրել, որ մի կողմից այս իշխանությունը գերպոպուլիստ է, մյուս կողմից էլ գերպոպուլիզմը բերում է իշխանության քայքայման, քանի որ անկարելի է դառնում երկրի կառավարումը։
Այս հարցը շատ արագ պետք է լուծում ստանա. հակառակ դեպքում քաոսը կարող է զարգանալ երկրաչափական պրոգրեսիայով։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Մեկնաբանություններ