Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հող և փող. Դավիթ Սարգսյան (մաս 4-րդ)

Հող և փող. Դավիթ Սարգսյան (մաս 4-րդ)
16.07.2022 | 08:40

Սկիզբը՝ այստեղ


Ես քաղաքագետ չեմ, գերադասում եմ չզբաղվել մի բանով, որի մասնագիտական հմտություններին չեմ տիրապետում, բայց, ինչպես սպասելի է նման պարագայում, քաղաքականությունն է փորձում ինձանով զբաղվել: Քաղաքականություն են ներխուժել դասականի կեցվածքով գաղափարական ցնցոտիավորներ, գաղտնի գործակալներ և ակնհայտ անբաններ, պնակալեզներ և այլ ոլորտներում ձախողված տգետ ինքնակոչներ, որոնք նավավարի դերակատարությունը վերածել են չլիկ-դաստա ու քարկտիկ մանկական խաղերի, և երևակայում են իրենց խիստ կարևոր և անփոխարինելի գլխավոր խաղացողներ՝ իրականում չկարողանալով կոծկել առերևույթ խամաճիկային ստորաքարշությունը:

Յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ներքուստ հավատավոր զինվորն է Ղևոնդ Ալիշանի այն դիտարկման, որ «Հայաստան ինքնին նախախնամեալ երկիր մ՚էր, եւ սիրելի Բարձրելոյն, ուր շատ կանուխ յայտնեցաւ. եւ պէտք է որ ամենայն ազգ որ իր ծագումը փնտռէ` դառնայ այդ երկրին նայի: Եդեմայ հետքը գտնելու ապահովագոյն ճամբայն է Հայաստան»: Այդ անքննելի ճշմարտությամբ հանդերձ, անորոշ և մռայլ է երևութանում այսօր աստվածային երկրի վաղվա օրը՝ ապագա կա՛, կա՞ ապագա այս հաշմված մտածողության և հոգեբանության ջահակիրների գոյությամբ… Չափազանց մտահոգիչ է պաշտելի երկրի և ժողովրդի ճակատագիրը, որին անսահման շատ է սիրում և ուժերի ներած չափով նվիրված է ազնվազարմ հայը՝ հարկ եղած դեպքում՝ պատրաստ զոհաբերելու իրեն հանուն նրա, ի հեճուկս հազարավոր մարտիրոսված հերոսների կյանքեր ստորաբար առ ոչինչ դարձնելու մարմաջով տառապող, սեփական տգիտությունից, թուլությունից և վախերից չարացած սատանայական մահասփյուռ կամակատարների… Այսօր, առավել քան երբևէ, անհանգստացնող է հայ տեսակի հիմնախնդիրը, նրա կեցվածքը համազգային խնդիրների հանդեպ, վճռականությունը և կամքը՝ պահպանելու ազգային ինքնությունը և չձուլվելու համաշխարհային խառնարանի խյուսին՝ առանց այն էլ տարբեր նվաճողների թողած անհայրենիք ընկեցիկների սարսափազդու ամբոխի համապատկերում: Դա հարկադրում է ավելի հաճախ հայացք ձգելու դեպի ինքնությանդ խորքն ու էությունը, ճանաչելու անաղարտ և զտարյուն հայի ակունքներն ու արմատները, նրա արյան գույնը, հողի բուրմույքը, ջրի համը, նրա կերտած մշակույթն ու պատմությունը, և անհրաժեշտաբար վերադառնալու սկզբին, առավել մեծ ջանքեր գործադրելու ավանդական արժեքների պահպանմանն ու վերականգնմանը՝ նավասարդից մինչև տոմարացույց, հավատալիքներից մինչև կենցաղային սովորույթներ, տիեզերագիտությունից մինչև բժշկագիտություն, իրավագիտությունից մինչև փիլիսոփաjություն, որ կարծում եմ կօգնի նաև ազնվական հայի հոգեբանության և աշխարհընկալումների վերարթնացմանը:

Վատուժին հանդիման պարտադիր է պահպանողական, նաև հետադեմ դիրքավորումը, եթե դա բխում է քո արժանապատիվ գոյության անհրաժեշտությունից: Այդկերպ են հազարամյակներ գոյատևում արևելքի հինավուրց ազգերը, բնավ՝ ոչ արևմուտքը: Արևմտյան արժեքների ներկրման, այն քարոզողների տգիտության հետևանքով չէ՞, արդյոք, որ խճողվել են մարդկային բարձր արժեքները, ու այլասերումը թևածում է մի հասարակության մեջ, որի նախնիների կերտած դարավոր արժեքներն են ընկած հիմնարար զարգացումների իրական հիմքում: Եվրոպական արժեքներ բարձրագոչ անվան տակ, Աստծո և բնության կարգին անհարիր և հակառակ բազմաթիվ երևույթներ, որոնք Հայաստան ներմուծելու գետնաքարշ խոնարհություն են դրսևորում մեր իշխանությունների որոշակի շերտեր՝ պատրաստակամություն հայտնելով դրանց վերաբերյալ զանազան կոնվենցիաների և համաձայնագրերի միանալու, տխեղձ չափորոշիչներ արարելու, դեմ են մեր ազգային արժեհամակարգին, մեր ժողովրդի գիտակից և գրագետ հատվածի կամքին:

Ընդ որում, դրանց հետևանքով ներկայումս լրջագույն հիմնախնդիրների առջև է հայտնվել բուն Եվրոպան՝ հասկանալով, որ առանց սահմանների տարածաշրջանում խախտվել են ոչ միայն ազգային դիմագծի առանձնահատկությունները, աղավաղվել ազգային մշակույթը, բովանդակային կորուստներ կրել մտածողությունն ու հոգեբանությունը, փլուզվել ազգային ինքնության պահպանման երբեմնի կայուն արգելապատնեշները՝ մշուշելով նրանց ինքնության գալիք օրը, այլև հավասարության նշան է դրվել բանական արարածի և անասունի միջև: Ծանո՞թ է, արդյոք, Ռուբեն Սևակի ստեղծագործությունը հայոց ազատարար հավատաքննիչներին, մեր ժողովրդին Եվրոպայի գիրկն ինքնամոռաց նետելու և պատուհասող սպառնալիքների որակումները նրա մտահոգությունների շղթայում: «Եվրո՜պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որ բոզություն հնձե…»:

Հավանական է, որ նույնիսկ հանճարին ընթերցելուց հետո, անգլերենի իմացությամբ ելակ աճեցնող որոշ օտարահպատակներ մի կողմ նետեն նրա գիրքն ու դարձյալ առաջնորդվեն իրենց բնույթին սերտաճած ազգակործան նկատառումներով: Չէ՞ որ դուք ամենա, ամենա-ամենա-ն եք, բայց նկատի ունեցեք, ճիշտ հակառակ բևեռում՝ երկրի հակառակ կողմում, որին եթե ծանոթ եք և դեգերել եք այդ ճամփեքին ու համաձայն եք ձեր գաղափարախոս հոր մտքի աննախադեպ սլացքին, ապա հանցակից եք հավասարապես մարդկության, իմա՝ ձեր ընտրողների հանդեպ կատարած ծանր ու շակալաշնագայլային հանցագործությունների համար: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, նույնիսկ Մաշտոցին ու Նժդեհին, Չերչիլին ու Բիսմարկին կհաղթեր, եթե նույն ընտրական տեղամասում քվեարկության դրվեր նրանց և ձեր թեկնածությունը: Քանզի նրանք չեն տիրապետում աներևակայելի անամոթության ու լկտի ստի համապատասխան պաշարների:

Ամպագոռգոռ կարգախոսների ներքո հասարակության գիտակցության մեջ են ներարկվում մարդու և երեխաների իրավունքների և ազատությունների, ազատ խոսքի, կանանց դեմ բռնությունների, ազգային ինքնորոշման և պետության ամբողջականության մասին թմրանյութի շինծու պատվաստուկներ, որոնք սոսկ գեղեցկախոսություն են ընդհատակյա նպատակների իրագործման համար, անհամապատասխան և անհամատեղելի մեր հոգեկերտվածքին, կամ անպտուղ՝ ուժեղների կողմից երկակի ու բազմակի ստանդարտների կիրառման նպատակահարմարության ենթատեքստում: Երկաթե շերեփի ռոմանտիկան, ուժի իրավունքի աշխարհում քրիստոնեական բարոյական թովչանքը դարձնում է անիրական, գրքային ցնորք, հավասարազոր գիտակցաբար ինքնասպանվող ճշմարտության: «Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։ Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը: Ու մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք,- զգուշացնում է Ռուբեն Սևակը, դեռևս հարյուրից ավելի երկար ու ձիգ տարիներ առաջ։- Բայց գլխավոր պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված, է՛ն անպետ ծնունդները։ Սակայն ստո՜ւյգ, ստո՜ւյգ կ’սեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել։ Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք։ Մեզի նոր Ոսկե դար մը պետք է, նոր Ոսկեդա՜ր մը։ Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնո՜ւնդ…»,- եզրափակում է ժամանակի ամենաուսյալ և մեծատաղանդ մտավորականներից մեկը: Ցավոք, ասես գրված լինի մեր օրերում… Դրան գումարվում է Հայաստանի աշխարհաքաղաքական խաչմերուկ լինելու հանգամանքը, որը հնարավոր է դարձնում ապսպրելու երկրի բարենպաստ կեցվածքը միջազգային ասպարեզում, սակայն մենք կույր հետևողականությամբ շարունակաբար այն դարձնում ենք փորձանք մեր ժողովրդի գլխին:

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը հուշում է նաև, որ զգոնությունը կորցնելու պարագայում անհնար է ապավինել ժողովրդի խելամիտ խավի ընտրությանն ու անկողմնակալ քվեի ապահովմանը: Նման երկրներում, որպես կանոն, գլխավորապես գործում է աշխարհի հզորների շահադիտական միջամտությունը՝ ծպտյալ կամքը կամ աջակցությունը՝ առանց այն էլ ժողովրդավարություն կոչվող հորինվածքի հեղեհեղուկ և անհեռանկարային ուրվագծումներում: Որպես հետևանք պետական-ազգային շահի բացակայության, ընտրությունը պարտադրվում է վատի և վատթարագույնի միջև: Ի զորո՞ւ է քաղաքական բարդ հոլովույթում ճիշտ և անաչառ կողմնորոշվել, նույնիսկ, իր հայրենիքն անսահման սիրող ընտրողը, առավել ևս, հայրենիքի հանդեպ կրավորական ու անտարբեր, ստամոքսի մտածողությամբ անուղեղ գոյանքը, եթե չի տիրապետում տարրական իմացության, իրազեկված չէ՝ եթե ոչ տարածաշրջանային, գոնե ներհանրապետական քաղաքական անցուդարձին, որի կողմնորոշումները խիստ նեղանձնական են՝ հաճախ հիմնված արտաքին գույնզգույն փաթեթավորումների և ստահոդ գեղեցկախոսության վրա: Խորքային, իմացական անբավարար ունակությունները տանում են պետությունը աննախադեպ ճակատագրական փորձությունների:

Ամենայն հավանականությամբ, ընտրության իրավունքը պետք է սահմանի ընտրողների մակարդակի որոշակի չափորոշիչներ և սահմանափակումներ՝ երկիրը անհեթեթ ցնցումներից ապահովագրելու համար: Ի վերջո, քանակական արդյունքները միշտ չէ, որ որակ են տալիս: Գոյության ավելի մեծ հավանականություն ունի Ճիշտ հակառակ արդյունքը: Լավը երբեք գերակշռող չի լինում: Մոլախոտը շատ է և բազմանում է առանց որևէ հոգածության ու խնամքի, մինչդեռ՝ «Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան» (Սոս Սարգսյան): Իրավ, բազումք են կոչեցեալք, եւ սակավք ընտրեալք: Մարդկության առաջընթացը պայմանավորված է ոչ թե քանակով, այլ որակյալ ընտրյալներով՝ երկրի ազնվական մտավորականությամբ, որի ձայնը պետք է որոշիչ լինի, ըստ մեզ, բոլոր մակարդակի ընտրություններում, և նա է, որ պետք է առաջնորդի իր ժողովրդին:
Ժողովրդավարության սողանցքները ճարպիկ և հնարամիտ արկածախնդիրներին հնարավորություն են ընձեռում կոծկելու հանուն սեփական շահի հանցավոր կերպով ի չարը կիրառվող հակաժողովրդական ցինիկ դրսևորումները: Տեղին է հիշել հանրահայտ ճշմարտությունը, թե միևնույն ծաղկից մեղուն նեկտար է քաղում, օձը՝ կորզում թույն:

Ժողովրդահաճո գայթակղիչ ելույթների և հայտարարությունների շղարշի տակ՝ ժողովրդի սիրույն, հանուն ժողովրդի, ժողովրդի անունից և այլն, տեղի են ունենում ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումներ՝ գլխավորապես ներգործելով անգետ, դյուրահավատ, վերլուծական մտքի չտիրապետող հանրային շերտերի վրա: Հողին են հավասարեցվում և իմաստազրկվում այնպիսի վսեմ սկզբունքներ, ինչպիսիք են մարդու և ազգերի ինքնորոշման, խոսքի ազատության, հայրենիքի ինքնության, անկախության և այլ մարդասիրական և իրավական հաստատումներ ունեցող գաղափարներ: Որպես կանոն, հմուտ և որակյալ թրեյնինգներ անցած աճպարարներին հաջողվում է անտրամաբանական, կեղծ ու շինծու դատողություններով հավաքագրել միամիտ և դյուրահավատ քաղաքացիների, որոնք երազում են հաճելի խոստումներ, անակնկալ և հայհոյախառն սուր մտքեր լսել իրենց փրկիչներից, որոնք դեմ են արտահայտվում իրականությանը, խոստանում հեղափոխական ապագա, լուսավոր դարաշրջանների բացում, նորանոր չբացված արտադրությունների ժապավենների մկրատումներ, թեկուզ ամենաանհեթեթ թիրախավորումներով: Երկիրը դուխով կործանելու արհեստավարժությունն ակամայից հիշեցնում է Կոնֆուցիոսի ձևակերպումը. «Երբ մարդը համարձակ, բայց անարդար է, ավազակ է դառնում»:


Օտարի ստինքներից հոսող դրամաշնորհներն ամենևին առ ոչինչ չեն, այլ այն լափողների համար դարան ու թակարդ, որին հաճախ մղվում են կամազուրկ ու ընչաքաղց տգետները, առանց գիտակցելու, որ իրենք զրկվում են ինքնուրույնությունից, դառնում գործիք և կամակատար, դադարում մարդ լինելուց… Մասսայական թերապիան, որը ենթադրում է հասարակական գիտակցության վրա ներգործության տարբեր և մշակված հնարքներ, ի զորու է հասարակության ստվար զանգվածների, հատկապես նրանց, ովքեր տկար և տգետ են, տառապում են կարճամտությամբ, չկողմնորոշվող և երերուն են իրենց ըմբռնումներում, վերածելու հնազանդ ամբոխի, նախրի, որի գլխին կարելի է նույնիսկ թավշապատ չաքուջով կռու ընկույզ կոտրել և չունենալ հակազդեցություն, ըմբոստություն, արժանապատվության և ինքնասիրության մարտահրավերներ նետելու կարողություն…


Անարժանապատիվ բաղադրությամբ հագեցած օդով լցված խաղաղության օրակարգի փուչիկի մեջ ակնհայտ է պարտված, միգուցե խաբված, նաև պայմանավորված հանձնվողի, սպիտակ դրոշակավորի վախվորած հոգեբանությունը, որին նախորդել են խնդրահարույց, բացահայտ, նաև քողարկված, բազմաթիվ անհայտներով զիջումներ՝ խաբկանքների կիրառմամբ, որպեսզի հետագա դավադիր գործարքները ներկայացվեն տրամաբանական, որպես փրկության պարտադիր հարկադրանք: Կարճ ասած, ևս մեկ զրո կետ, որից ոչ թե մեկնարկում է նոր և խոստումնալի ուղի՝ նախկինների սխալներն ու ձեռքբերումները յուրացնելով, այլ անդունդը գահավիժելու գիտակցական կարճամտություն:
Պատահականությո՞ւն, ձախողումների և բախտորոշ սխալների զուգադիպությո՞ւն, տգիտությո՞ւն, թե կանխամտածված և մշակված ծրագրի իրագործման հետևողական գործընթաց է: Կարծում ենք, վերջինը առավել քան տեսանելի և ակնառու է: Ավելին, համոզվում ենք նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների քննության անհարկի ձգձգման, օր օրի ավելի ահագնացող չպատճառաբանված և հօգուտ թշնամու զիջումների ստրկամիտ արդարացումների վկայակոչումներից՝ տեղանունների, բնակավայրերի ազգային պատկանելության, տարածքների բնակեցված կամ ամայի, տաք ու ցուրտ լինելու կեղծ ու մտացածին հիմնավորումներից: Իշխանություններին հաջողվեց կարճ ժամանակաընթացքում ի չիք դարձնել ժողովրդի վստահությունը, որ անվերապահորեն վայելում էին նրանք և, որը ամենասոսկալին ու ողբերգականն է, քաղաքացու փոթորկահույզ ներաշխարհում խաթարեցին հավատը՝ իրենց համառ տգիտությամբ աղավաղելով արժեքային ավանդական բազմաթիվ բաղադրիչներ: Հետևաբար, պետք է դույզն ինչ բարոյականություն դրսևորել և անարյուն հեռանալ, թեև, ըստ հոգեբանական դիտարկումների, իշխանիկներից ոմանց մեջ առկա են սադիզմի, չարության, արնահեղության, հոգեմտավոր խեղումների հակումներ, որոնցով լիցքավորվում են չարամիտ ուղեղներն ու հոգիները: Հեռացեք, քանի ուշ չէ, քանի յուրայինների և օտարների, սևերի ու սպիտակների բաժանված հասարակությունը վերջնականապես չի տրոհվել չարի և բարու թշնամական բանակների և անհանդուրժողականության ախտից չեն հրահրվել քաղաքացիական բախումներ:

«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի,- գրում է Վարպետը՝ Ավ. Իսահակյանը:- Մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»: Աստված մի արասցե, որ մեծ բանաստեղծի տագնապալի կանխատեսումն իրականանա, ինչպես տեղի ունեցավ հոգու սովի մասին նախազգուշացման պարագայում: Փառք Աստծուն, որ ոտքի ելավ հայ ժողովրդի գիտակից մի ուժ, որը դիմադրության կոչնակ է հնչեցնում ընդդեմ պատուհասի, հանուն հայի և Հայաստանի ինքնության՝ իր Արցախ աշխարհով: Երկու ծայրահեղություններ՝ մահապարտների և ազգուրացների, անանձնական, հերոսական կյանքեր և եսակենտրոն, մորթապաշտ, ազգադավ դասալիքներ: Փառավոր է հայոց ըմբոստ ոգու արթնացումն ու ընդվզումը, թեկուզ ուշացումով: Այն մղում է հիշելու և նորովի ընկալելու հանճարեղ Լևոն Շանթի հորդորը. «Տղաք, ինչ որ ունիք,- հոգեկան, մտային արժանիքներ կամ նյութական հարստություն, կպատկանի ձեր ժողովուրդին, հայ ժողովուրդին, անոր վերադարձնեք պիտի»:

Այն իր սպասված ոգեղենությամբ վանեց շատ-շատերի տևական հիասթափությունն ու անկումային տրամադրությունները համազգային ճգնաժամի, հոգեվարքի սպառնալիքով, որ խոր հուսահատության էր տանում, ավելին, գուժում, որ Հայրենիքն այս անգամ վերջնականապես վերածվելու է մանրադրամի աշխարհի մեծ խաղացողների, նրանց հատուկ ծառայությունների ձեռքին, և դա արվելու է հայի անչափելի տականքի միջոցով, որի ձեռքը բռնելն ավելի դժվար է, քան թշնամու: «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»,-դառնությամբ նկատում է Նժդեհը:


Մեր իսկ ձեռամբ, դեմ գնալով բոլոր սրբություններին և ազգային իղձերին, դաժանաբար ոտնակոխ անելով արդարացի պայքարում հազարավոր նվիրյալների արյան գնով նվաճած հաղթանակները, համայն աշխարհի հանդուրժողական, անտարբեր հայացքի առջև խաբեությամբ, վստահ եմ՝ ոչ անվերադարձ, թշնամուն հանձնվեց, ըստ էության, Արցախի հանրապետությունը, չարդարացված և հիմնավորում չունեցող զիջումներ կատարվեցին ՀՀ տարածքից, որն աստիճանաբար հայտնվում է կիրթ հայատյացների շրջափակման ցանցի մեջ: Պարույր Սևակի բանաստեղծական պատկերավոր տողերով՝ «Այն ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ»:


(շարունակելի)

Դիտվել է՝ 8546

Մեկնաբանություններ