«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Աստվածության ամբողջ լիությունը

Աստվածության ամբողջ լիությունը
10.08.2022 | 07:19

Սուրբ Երրորդությունը անձերի եռամիասնություն է. Աստվածային ճշմարտությունները մտքով չէ, որ ընկալում ենք, այլ մեր հոգով, Սուրբ Հոգի Աստծո միջոցով. «Ո՛չ երեք աստուածք, այլ Մէկ Աստուած»,-հռչակում է Հավատամքը:

Որդին Կենաց Հացն է, Հոգին՝ Կենաց Ջուրը, և երկուսն էլ Հորից են: Երեք անձերը միասնական են, համերաշխ, փոխգործակից, միակամ, նրանք զանազանվում են անձով, բայց գործում են որպես մեկ անհատականություն:


Այս ճշմարտությունը դժվար է ընկալում մեկ անձ հանդիսացող, բայց ինքն իր հետ ներքին տարաձայնություններ ունեցող մարդը, որն ինքն իր համար իսկ հանելուկ է: Աստծո Եռամիասնությունը հայտնվում է Սուրբ Գրքի առաջին իսկ տողերում. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, եւ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա: Եւ Աստված ասաց՝ Թող լույս լինի: Եւ լույս եղավ»: Այստեղ հստակ խոսվում է Աստծո Հոգու և Խոսքի մասին: Մարդու ստեղծման դրվագում ասվում է.«Աստված ասաց՝ մարդ ստեղծենք մեր կերպարանքով եւ նմանությամբ»: Մարդու պատվիրանազանցությունից հետո «Տեր Աստված ասաց՝ Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը. նա գիտի բարին եւ չարը»: Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո Եռամիասնության մեկ անձը դիմում է մյուսին. «Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»: Սուրբ Գրքում շատ է խոսվում Աստծո ստորոգելիների մասին. իմաստություն, զորություն, սրբություն, արդարություն, բայց առաջին հայացքից նորադարձ հավատացյալի համար, որ ինքն իր կյանքում դեռ չունի Հոգու շնորհները հոգով ընկալելու փորձառությունը, հասկանալի չէ, որ այդ ստորոգելիները կրում են Եռանձնյա Աստծո անձերը: Այդ ամենը մտքով քիչ թե շատ ընկալելու համար անհրաժեշտ են խորը աստվածաբանական գիտելիքներ, իսկ հոգով ընկալելու շնորհը կարելի է ստանալ՝ աղոթքով խնդրելով Սուրբ Հոգուց, որ աստվածային ճշմարտությունների մատակարարն է: Սուրբ Գրքի Նոր Կտակարանում Սուրբ Երրորդությանը հանդիպում ենք նախ համատեսական Ավետարաններում, Հիսուսի Մկրտության և Պայծառակերպության դրվագներում, իսկ Հիսուսի հետագա խոսքերում առավել պարզ են զատորոշվում աստվածային անձերը մի կողմից, և նրանց բնության, կամքի, իշխանության միությունը՝ մյուս կողմից: Հովհաննես Աստվածաբան Ավետարանիչը իր ավետարանը սկսում է Աստծո Խոսքին ուղղված ձոնով, հետագա շարադրանքում արդեն խոսվում է նաև Սուրբ Հոգու մասին: Հիսուս ունի, մեր կարծիքով, մի շատ կարևոր խոսք, որով ևս փաստվում է Աստծո Եռամիասնական էությունը և՝ ոչ միայն. «Եթե մեկը մի խոսք ասի Հոր կամ Որդու դեմ, նրան կներվի, բայց երբ ասվի Սուրբ Հոգու դեմ, նրան չի ներվի»: Սուրբ Հոգու դեմ խոսք ասողը դատապարտում է իրեն: Առաքելական թղթերում ևս իր աստիճանական զարգացումն է ապրում Սուրբ Երրորդության վարդապետությունը, և առանցքային գաղափարն այն է, որ Եռամիասնական Աստծո մասին մենք իրականում իմանում և Նրան առավելագույնս ճանաչում ենք Հիսուս Քրիստոսի՝ մարդեղացած Աստծո միջոցով, «Քանի որ Նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կողոս. 2; 9):


Սուրբ Երրորդությունը՝ իր ներդաշնակ համերաշխությամբ, միակամությամբ, միասնականությամբ, բարին արարելու տիրական զորությամբ ընտանիքի՝ մարդկային առաջին համակեցության կատարյալ մի մոդել է ներկայացնում: Հոր ծոցի հավիտենական Ծնունդը ծնվեց նաև Սուրբ Կույսից՝ ունենալով նաև մայր, իր մարմնավոր Ծնունդով Նա միանշանակորեն պատվեց ի սկզբանե Իր իսկ կողմից հաստատված ընտանիքը և նրա անսակարկելի սրբությունը: Աստծո էության մասին խորհելիս անհրաժեշտ է զերծ մնալ մարմնավոր մտածումներից: Աստված իր մարդեղությամբ պատվեց մարդկային մարմինը՝ հավաստելով, որ այն աստվածային բնակության արժանի վայր է, բայցև փաստում է. «Հարությունից հետո մարդիկ կլինեն հրեշտակների պես»,- նաեւ՝ «Հոգի է Աստված եւ հոգեւոր երկրպագություն է պահանջում»: Խոսքը իրականում ընտանիք երևույթի հոգևոր էության մասին է. ընտանիքը ընտանիք չէ, երբ իր ներսում տարաձայնություններ ունի. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ենթակա է կործանման»: Նույնիսկ ինքն իր և այլոց հետ աններդաշնակ մարդու համար ասվում է՝ «մեկ մարդու նման հաղթահարեցին դժվարությունները»: Առաջին քրիստոնյաների մասին առաքյալը փաստում է. «Բոլորը միահոգի, միասիրտ էին»:

Աստված, անշուշտ, գերազանց ճանաչում է իր արարածին և անպայմանորեն ուզում է նաև ճանաչելի լինել մարդու համար, այդ ուղղությամբ Նա թերևս արել է առավելագույնը. հայտնվել է Հիսուս Քրիստոսի անձով՝ մարդուն առավել ընկալելի կերպով՝ բացահայտվելով և ճանաչելի դառնալով որպես Սեր: Աստծո պատկերը և նմանությունը կրելը անհրաժեշտաբար պահանջում է նվիրում, օրինակում՝ «աշխարհի սկզբից մորթված Գառանը»: Սիրելը տալը չէ՝ բոլորանվեր տրվելն է, ինչ-որ բան նվիրելը չէ՝ ամբողջությամբ նվիրվելն է: Աստվածապատկեր մարդը ունի միտք, կամք և հոգի, և այն, ինչ չի կարող ընդունել ու ընկալել մտքով ու կամքով, կարող է ընդունել ու ընկալել հոգով: Նոր կտակարանում երկու անգամ հանդիպում ենք Որդու մասին Հոր վկայությանը.«Դա է Իմ սիրելի Որդին, որին հաճեցի, դրան լսեցեք»: Սաղմոսներում կարդում ենք. «Դու Իմ Որդին ես, Ես Այսօր ծնեցի Քեզ»: Հիսուս ասում է. «Ես եւ Հայրը մի ենք», «Որդին Հորից մեծ չէ», «Եկա կատարելու ոչ թե Իմ, այլ Հոր կամքը», «Եթե Ես չգնամ, Հոգին չի գա», «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, կգա եւ կուսուցանի, այն, ինչ կառնի Ինձնից, կփոխանցի ձեզ»: Փիլիպոս առաքյալի խոսքին, թե՝ «Ցու՛յց տուր մեզ Հորը»,- Հիսուս ուղղակի պատասխանում է. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ Ինձ չճանաչեցի՞ք»...Այս բոլոր խոսքերում բացահայտվում է Սուրբ Երրորդության անձերի ներդաշնակ միությունը, համակամությունը, համապատվությունը, համափառությունը, կատարյալ Եռամիասնությունը:

Իրապես դժվար է խոսքով արտահայտել այն, ինչ զգում ես Հոգով: Աստծո և Նրա Խոսքի մասին մենք կարդում ենք Սուրբ Գրքում, բայց ճանաչել Աստծուն և հասկանալ Խոսքը կարող ենք միայն, երբ կարդանք Սուրբ Գիրքը այն Հոգով, որով այն գրվել է: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7159

Մեկնաբանություններ