Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

MADE IN TURKEY (մաս 5-րդ)

MADE IN TURKEY (մաս 5-րդ)
02.06.2022 | 07:30

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
(կամ` երկրում մոլեգնող կռապաշտության վակխանալիան)


2018 թիվ, ապրիլի 23:
Հզոր պայթյունի էֆեկտ է առաջացնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հանրության սթափ հատվածն անմիջապես կենտրոնանում է «սիրելի հայրենակիցներին» ուղղված հայտարարությունը եզրափակող պարբերության վրա, որը կոդավորված խոսքի տպավորություն է թողնում և, ասես, հնչում է որպես «վերդիկտ»:
Քաղաքական դաշտը, հեռուստաեթերը (անգամ ռուսաստանյան` Վլադիմիր Սոլովյովի, Սերգեյ Կուրղինյանի, Սեմյոն Բաղդասարովի, Կոնստանտին Զատուլինի դեմքերով) ողողված են բազում ենթադրություն-եզրահանգումներով: Գնահատականները խիստ են և հատու:
Արտահայտվում են բոլորը, անկախ սոցիալական հիերարխիայում զբաղեցրած աստիճանից ու դիրքից:


Յուրաքանչյուրը մեկնաբանում է ըստ իր ճաշակի և քիմքի:
Իսկությունը, սակայն, մեկն է` գաղտնիքի վերծանման բանալին Ազատիչի մոտ է, իսկ կրկնօրինակը չկա:
«Որպես երկրի ղեկավար,- արձանագրված է թե՛ «նախկիններին», թե՛ «ներկաներին» հուզող կոդ-տողերում,- դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։


Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Շնորհակալ եմ»։
Վերջ:
Հաշված վայրկյանների ընթացքում խելագարված ամբոխները լցվում են փողոցներ: Հանրապետությունը խլանում է` «Հաղթեցինք», «Սերժը պարտվեց» բղավոցներից:
«Ես սրանց չեմ պարտվել,-2021-ի փետրվարի 15-ին «ԱրմՆյուզ»-ի հեռուստաեթերից հետահայաց կխոստովանի ՀՀ երրորդ նախագահը:- Ես պարտվել եմ սրանց հետևում կանգնած ավելի հզոր ուժերին»:


Կենսական նշանակության հռետորական հարցադրումներ.
ա) ո՞ր ուժերին, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության MI6 (էմ-այ սիքս) ու Թուրքիայի (MIT) գաղտնի հետախուզական ծառայությունների՞ն:
բ) Ինչու՞ մինչև 2018-ի «քայլքը» ՀՀ հատուկ ծառայությունները «չնկատեցին», որ հիշյալ, գուցե և հայտնի օտար այլ կառույցներ ևս, տարիներ շարունակ Հայաստանում հավաքագրում, ֆինանսավորում և տեղական «ենիչարներ» են աճեցնում, անհրաժեշտ պահին նրանց սեփական երկրի ու ազգի դեմ ուղղելու նպատակով:
գ) ՈՒ՞մ ցուցումով և թողտվությամբ այս կամ այն պետության հետախուզական գաղտնի ծառայության բովով անցած «ալֆաներն» ու «օմեգաները», պետբյուջեն լցնելու տխմար հիմնավորմամբ մարիխուանայի լեգալացման ջատագովները ներթափանցեցին ՀՀ խորհրդարան և որպես դանդաղ գործողության ռումբ դրվեցին սեփական երկրի ու ժողովրդի տակ:
դ) Մերօրյա փանջունիներն ու՞մ «դաբրո»-յով Հայաստանը վերածեցին իսկական Ծապլվարի:
Չակնկալելով առաջադրված հարցերից որևէ մեկի պատասխանը,
վերադառնանք 2018-ի ապրիլի 23:


Րոպեների ընթացքում ալեկոծվեց երկիրը:
Հանրապետությունը կաթվածահար է` մեքենա, մարդ, դհոլ-զուռնա, հսկայական սկուտեղների վրա տարվող տորթեր, ավտոմեքենաների թափքերին պարող աղջիկներ ու տղաներ, ազդանշաններ, ողջագուրվող ոստիկաններ, անիմաստ զոհաբերվող կենդանիներ գոռոցներով ու անհասկանալի «հու՜ու՜ու՜ու՜»-երով խառնվել են իրար:
«Տոնում» են Սերժի հրաժարականը:
Երգում-պարում են` «Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք` հաղթանակած ու հաղթող ազգ ենք» գրությամբ պաստառներ պտտեցնող հպարտ ջահելները:
Նրանցից շատերն այդպես էլ չեն իմանա, որ ընդամենը երկու տարի անց «հաղթանակած ու հաղթող» ազգը վերածվելու է կրկին ցեղասպանված, Արցախի 75 տոկոսը հանձնած արյունահոսող բաց վերքի:
Չեն իմանա, որ Հայաստանը կորցնելու է իր դերն ու նշանակությունը, դադարելու է գործոն լինելուց:


Խելագար ցնծացողներից և ո՛չ մեկը չի ընկալում, որ հանիրավի մորթվող գառների մայունից ծառս եղած անտեսանելի մի նյարդ է թրթռում:
Ցավոտ մի նյարդ, որ արյան հոտ առած տագնապահար գուժում է` մա՜հ:
Թրթռացող մի նյարդ, որ SOS է հնչեցնում:
Ոչ մեկը չի զգում, որ չարագուշակ-չարաղետ կուտակում կա մթնոլորտում:
Անհասկանալի էներգետիկա, որ մոտալուտ ողբերգության բոթաբեր կոչնակն է հնչեցնում:
Բաքոսի` անզուսպ խրախճանքին հանձնված, «հաճույքից» ոռնացող հետևորդները, երջանիկ անգիտության մեջ չեն պատկերացնում, որ պատվանդան բարձրացրած մարդու դիմագիծ ունեցող «ոսկե հորթը» կարճ ժամանակահատվածում թուլացնելու-քանդելու է պետության ու պետականության հիմքերը:
Սահմանելու է «աննախադեպ» «նվաճումներ»:
Բոլոր ոլորտներում սկսելով «իր կետից», ջնջելու-փոշիացնելու է այն ամենը, ինչ ձեռք էր բերվել հաղթանակներով լի անցյալում:


«Տուշոնկա» և այլ էժանագին շոուներով միս ու արյուն է տալու թշնամու տասնամյակների երազանքին` վարկաբեկելու և զրոյացնելու է հաղթական անցյալն ու այն կյանքի գնով կռած-կոփած հերոսներին:
Սերժի «պարտությամբ» ցնծացողներն ի՞նչ իմանան, որ նորօրյա «փրկիչը» վաղն իրենց խումբ-խումբ «բայրաքթարների» բաժին է դարձնելու:
Ի՜նչ իմանան, որ իրենցից շատերի քայքայված մարմնամասերը տոպրակների մեջ լցրած շպրտելու է Աբովյանի տուբդիսպանսերի դիահերձարանի հատակին:
Ո՜նց հավատան, որ այսօրվա կուռքն իրենց անթաղ մասունքների հետ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթելու և արգելափակելու է մեր ազգային արժանապատվությունը, հավաքական պատիվը, նաև հայ տեսակի գոյության ու նրա պետականության ապագան:
Էյֆորիայի մեջ չեն գիտակցում` որքան էլ անարդար է իրականությունը, իրենք ընտրում են դաժանագույնը` մահասփյուռը:


Սերժ Սարգսյանի հրաժարականը չի մեղմում լարվածությունը:
Մթնոլորտը «տոնական»-շիկացած է «նախկիններ», «ռոբա-սերժական լամուկներ», «Քոչարյանի շներ», «լափաման», «թալան», «կոռուպցիա» և բազմաշերտ ու «հյութեղ» այլ որակումներով:
Հայհոյախառն «մեղադրանքներ» հնչեցնողները չեն էլ ըկալում, որ կամա թե ակամա դառնում են օտար ուժերի նախագծած երկրակործան այն շոուի մասնակիցները, որն իրականացնողը` «Մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, չկա քար, փայտ, զենք ու չի լինելու, մեր ձեռքում կա միայն սեր, վճռականություն, հաղթանակ»,- բղավելով իրականում ատելություն, թշնամանք, չարություն է արտավիժում:
Իսկ աշխարհին փորձում է ինքնամատուցվել որպես «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հայր:


Նաև չեն նկատում` միմյանց հանդեպ ժամ առ ժամ թափ առնող ատելությունն ու թշնամանքն արնաքամ են անում երկիրը:
Վտանգավոր գործընթաց, որը խիստ անորոշ ու անդեմ է դարձնում «վաղը»:
Այն երկրի «վաղը», որն ամեն րոպե, ամեն վայրկյան սահմանների անվտանգության խնդիր ունի, Արցախի հիմնահարց:
Բայց պարզվում է` կարևորը «դուխով»-ի հետ «սելֆին» է և ոչ թե Արցախը:
Ավտոմեքենաների ապակիներից, շապիկներից, մերկ սրունքներից, գլխարկներից, տոպրակներից նայում է անհասկանալի դոզայի տակ գտնվողների վայրագ կրքերն ու բնազդները շարժման մեջ դնողը:
Երկրում մոլեգնում է կռապաշտությունը:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՈՒ՞մ մոտ էր գտնվում բոլորին հուզող գաղտնիքի վերծանման բանալին:
2. Ի՞նչ անունով կնքեցին նորօրյա «փրկչի» ցուցումով կազմակերպված առաջին էժանագին շոուն:
3. Երկրի թրթռացող նյարդն ի՞նչ էր գուժում վակխանալիայի մասնակիցների խլացած ականջներին:
4. Ի՞նչն էր մոլեգնում հայոց երկրում:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 25348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ