Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նա Խաչի Անզուգական Դավանորդն է

Նա Խաչի Անզուգական Դավանորդն է
08.07.2022 | 07:25

Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի Ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի:

Ղուկ. 12;8-9


Խաչի քարոզությունը և դավանությունը կարող են շատ տարբեր բաներ լինել:
Քարոզելը պահանջում է հռետորական արվեստի նրբություններին և օրինաչափություններին տիրապետելու հմտություններ, իսկ դավանությունը, կախված հանգամանքներից, առհասարակ կարող է խոսքեր չպահանջել ու չենթադրել: Քարոզում են Խաչի մասին, դավանում են հենց Խաչը: Դավանում են միայն գործերով, առանց սեփական կարևորության ճչացող գիտակցության, լուռ, խոնարհ, համբերատար ու աննկատ ընթացքով, հողի մեջ պահ տված սերմի նման: Առանց վախենալու անհայտ մնալու հեռանկարից: Հիսուս խոնարհաբար կատարում էր Հոր կամքը և շատ դեպքերում հրահանգում էր, որ Իր մասին ոչ մի տեղ չպատմեն: Այնուամենայնիվ, Նրա հռչակը տարածվում էր:


Աստված աշխարհին տվեց Իր Ամենաթանկին, և աշխարհը խաչեց Նրան: Աստված այսօր էլ ամեն մի մանկան ծնունդով, մարդու մեջ մարդու ծնունդով աշխարհին տալիս է իր անմեղությունը, արդարությունը և ճշմարտությունը: Այսօր նույն այդ աշխարհը ամեն մի մանկան ապականումով ու կործանումով, մարդու մեջ մարդուն սպանելով խաչում է անմեղությունը, խաչում է արդարությունը, խաչում է ճշմարտությունը:


Ի՞նչ է Խաչի դավանությունը. այն անտարբերության, կամայականության, ձևապաշտության ու ցուցամոլության մերժումն է, գորշութան ու գաղջության մերժումն է: Գողգոթայի «ճառը» ավելի խոսուն էր, քան Լեռան քարոզը: Խաչյալի մասին չդադարեցին խոսել անգամ Մահից հետո, իսկ Նրա Հարությունից հետո Նրա հռչակը տարածվեց աշխարհի բոլոր ծայրերը: Հիսուս պարզապես քարոզիչ չէ, պարզապես ցուցամոլ չէ, ցուցիչ, ցուցանակ, ցուցամատ կամ ցուցմունք չէ: Նա Ինքն է և՛ կանչողը, և՛ ճանապարհը, և՛ միջոցը, և՛ նպատակը: Նա Իմաստությունն ու Խոսքն է, Նա հեղինակություն ունեցող Հեղինակն է: Նա Օրինակելին և Օրինակն է: Նա Խաչի Անզուգական Դավանորդն է:


Երբ Պետրոսը և մյուս աշակերտները հայտարարում էին, որ Նրան երբեք չեն լքի և Նրա հետ մահվան էլ կգնան, սա ընդամենը Խաչի քարոզ էր, սակայն երբ դավանելու օրը, ժամը և պահը հասավ, աշակերտները Նրան դավաճանեցին, մատնեցին, լքեցին, ուրացան: Սա քարոզի ու դավանության տարբերության ակնառու օրինակ է: Իսկ այն, որ Հիսուս ամենուր քարոզեց սեր ու դավանեց սեր Խաչի վրա, ակնառու օրինակն է այն բանի, որ դավանելով կարելի է նաև քարոզել, բայց միայն քարոզելով անհնար է դավանել: Խաչին հենց այնպես չեն փարվում, հենց այնպես Խաչը չեն բարձրանում: Սերը Խաչի դավանության լավագույն լեզուն է, որովհետև Խաչն էլ Սիրո արտահայտության միակ կերպն է:


Առանց սիրո այս աշխարհը մահ է ու քաոս,
Առանց սիրո Պատարագը` լոկ ծես ու քարոզ:
Քո Սեր-Խաչն էլ խաչ հանելով ապրող այս դարում
Առանց սիրո կյանքը դարձել է կյանքի փարոս:


Այսօր Խաչի մասին քարոզում են ամենուրեք՝ երգերով, խոսքերով, հագուստի կամ զարդեղենի պարագաներով, ձեռքի տակ ընկած հնարավոր ու անհնար ամեն ինչով: Մինչդեռ, երբ ինչ-որ մեկը փորձում է նաև դավանել Խաչը, պարզապես մեկուսացվում է, ծաղրվում, ամենավերջին ձևով ստորացվում ու տրորվում: Խաչը քարոզողին գուցե մեծարեն, սակայն իրապես դավանողին երբեք չեն մեծարում, որովհետև նա չի պատմում Խաչի մասին, նա կրում է Խաչը և կրում է ո՛չ որպես զարդ կամ թալիսման: Լուռ դավանությունը նաև պերճախոս քարոզ է, իսկ բազմաբառ, բայց անհոգի քարոզը երբեք դավանության չի վերաճի:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7147

Մեկնաբանություններ