Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրին, Պենտագոնից բացի, անմիջական մասնակցություն ունեն Ջո Բայդենի որդու և Ջորջ Սորոսի հիմնադրամները

ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրին, Պենտագոնից բացի, անմիջական մասնակցություն ունեն Ջո Բայդենի որդու և Ջորջ Սորոսի հիմնադրամները
01.04.2022 | 23:09

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որն ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդու հիմնադրամի կողմից ՈՒկրաինայում ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացմամբ զբաղված կենսալաբորատորիաների ֆինանսավորման վերաբերյալ, երեկ հրապարակել է նաև անձամբ Հանթեր Բայդենի, Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության աշխատակիցների և ՈՒկրաինայում նշված գործակալության պատվերները կատարած (գուցե հիմա էլ կատարող) կենսալաբորատորիաների պատասխանատուների նամակագրությունը։ Խոսքն արդեն իրեղեն ապացույցների մասին է:
«Նամակների բովանդակությունը ցույց է տալիս, որ Հանթեր Բայդենը կարևոր դեր է խաղացել ՈՒկրաինայի տարածքում ախտածինների հետ աշխատելու ֆինանսական հնարավորությունների ստեղծման գործում՝ ապահովելով միջոցների ներգրավումը «Black and Veach»-ի և «Metabiota»-ի համար»,-«РИА Новости»-ի տեղեկացմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:


Նա լրագրողներին ցուցադրել է նամակագրությունը` նշելով, որ այդ նյութերի առկայությունը հաստատել են արևմտյան լրատվամիջոցները։ Կիրիլովի խոսքերով՝ նամակները հաստատում են, որ ՈՒկրաինայում Պենտագոնի իրական նպատակները հեռու էին գիտական լինելուց։
Ինչպես նշել է գեներալ-լեյտենանտը, «Black and Veach» ընկերության գործունեությունը հարցեր է առաջացրել անգամ ուկրաինական հատուկ ծառայությունների մոտ։ Նա մեջբերում է կատարել ՈՒկրաինայի անվտանգության ծառայության Խերսոնի վարչության 2017 թվականի զեկուցագրից, ըստ որի, Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը մտադիր է այս ընկերության միջոցով վերահսկողություն սահմանել վտանգավոր վարակները հետազոտող ուկրաինական մանրէաբանական լաբորատորիաների նկատմամբ: ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունում ընդգծել են, որ այս կապակցությամբ այժմեական է դարձել ՈՒկրաինայում «համաճարակային իրավիճակի վատթարացման հնարավոր վտանգը»։


Կիրիլովի տեղեկացմամբ, «Metabiota» ընկերությունը, որը հայտնի է վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխատեսման մշակումներով, իր հերթին ներգրավված է եղել Պենտագոնի կողմից հետխորհրդային տարածքում համաճարակաբանական իրավիճակի մոդելավորման գործում: Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ՈՒկրաինայում «Metabiota»-ից աշխատել է ընկերության փոխնախագահ, Հանթեր Բայդենի վստահելի անձ Մերի Գուտիերին, ինչը հաստատվում է նրանց նամակագրությամբ։
Անդրադառնանք նաև օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք նույնպես ապացուցել են Բայդենի որդու ներգրավվածությունն ՈՒկրաինայի կենսալաբորատորիաների ֆինանսավորմանը:


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, իսկապես կարող էր աջակցել ՈՒկրաինայում մահացու ախտածինների հետազոտության մեջ մասնագիտացած ամերիկյան կապալառուի ֆինանսավորման ապահովմանը, ինչի մասին, «РИА Новости»-իի փոխանցմամբ, վկայում են բրիտանական «Daily Mail» թերթի հայտնաբերած էլեկտրոնային նամակները:
«Հանթերի նոութբուքից ստացված էլ. նամակները ցույց են տալիս, որ նա օգնել է միլիոնավոր դոլարների ֆինանսավորում ստանալ «Metabiota»-ի համար՝ Պաշտպանության նախարարության կապալառուի, որը մասնագիտացած է պանդեմիաներ հարուցող վարակների (վիրուսների, բակտերիաների.-Ա.Հ.) հետազոտության մեջ, որոնք կարող են օգտագործվել որպես կենսաբանական զենք»,- գրել է «Daily Mail»-ը:
Ըստ հրատարակչության տվյալների, Հանթեր Բայդենը նաև ներկայացրել է «Metabiota»-ին ուկրաինական «Burisma» գազային ընկերությանը` ՈՒկրաինայում բարձր մակարդակի կենսաբանական պաշտպանության լաբորատորիաների մասնակցությամբ «գիտական նախագծի» համար:


««Daily Mail»-ի ստուգած էլ. նամակները և պաշտպանական պայմանագրի տեղեկությունները ենթադրում են, որ Հանթերը մեծ դեր է ունեցել ապահովելու, որպեսզի «Metabiota»-ն կարողանա իրականացնել ախտածինների հետազոտությունները Ռուսաստանի սահմանից ընդամենը մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա»,-նշված է բրիտանական պարբերականի հոդվածում:
Ինչպես ընդգծված է «Daily Mail»-ի հրապարակման մեջ, «Metabiota»-ն ՈՒկրաինայում աշխատել է «Black & Veatch» (B&V) ամերիկյան պաշտպանական կապալառուի վրա, որը խորը կապեր ունի ռազմական հետախուզական ծառայությունների հետ, որոնք ՈՒկրաինայում կառուցել են մահացու հիվանդությունների և կենսաբանական զենքերի վերլուծությամբ զբաղվող կենսալաբորատորիաներ: Իր հերթին, Հանթերը և «Rosemont Seneca Technology Partners» (RSTP) ներդրումային ընկերության իր գործընկերները ֆինանսավորում են ներգրավել տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնցից մեկը RSTP-ից 500 000 դոլար ստացած «Metabiota»-ն է:


«Էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ Հանթերը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել ՈՒկրաինայում «Metabiota»-ի գործունեությանը: Ներդրողներին Հանթերի հաղորդումներում հաստատվում էր, որ նրանք ոչ միայն կազմակերպել են ընկերության ֆինանսավորումը, այլև օգնել են նրան «ներգրավել նոր հաճախորդներ», ներառյալ` կառավարական հաստատություններ»,-գրել է բրիտանական պարբերականը:
Պետական ծախսերի մասին հաշվետվությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 2014թ. փետրվարից մինչև 2016թ. նոյեմբերը 18,4 մլն դոլարի գործարք է կնքել «Metabiota»-ի հետ, որից ավելի քան 300 000 դոլարը հատկացվել է «ՈՒկրաինայում հետազոտական նախագծերին»:


Բացի այդ, գրել է «Daily Mail»-ը, Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) նաև հանձնարարել է B&V-ին Օդեսայում 2010 թ. կառուցել լաբորատորիա` 3-րդ մակարդակի կենսաբանական անվտանգության, որը «կապահովվի կատարելագործված սարքավորումներով և ուսուցմամբ՝ արդյունավետորեն, անվտանգ և հուսալիորեն բացահայտելու առանձնապես վտանգավոր ախտածինները»,-նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Նման լաբորատորիաներն օգտագործվում են «վարակիչ ագենտների կամ տոքսինների ուսումնասիրության համար, որոնք կարող են փոխանցվել օդով և հարուցել պոտենցիալ մահացու վարակներ», նշված է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության հաղորդման մեջ: 2012թ. B&V-ը ստացել է ևս մեկ 5-ամյա պայմանագիր՝ 85 մլն դոլար արժողությամբ։


«Metabiota»-ն նաև սերտ կապեր ունի Չինաստանի ՈՒհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի հետ, որը համարվում է COVID-19-ի բռնկման աղբյուրը: Չինացի գիտնականները կորոնավիրուսների վերաբերյալ հետազոտություն են անցկացրել՝ աշխատելով ԱՄՆ-ի կողմից աջակցվող «EcoHealth Alliance»-ի հետ: ՈՒհանի ինստիտուտի, «Metabiota»-ի և «EcoHealth Alliance»-ի հետազոտողները 2014թ. հրապարակել են Չինաստանում չղջիկների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ համատեղ հետազոտություն, որում նշված է, որ թեստերն անցկացվել են ՈՒհանի ինստիտուտում: «Metabiota»-ն «EcoHealth Alliance»-ի պաշտոնական գործընկերն է 2014 թվականից, նշված է դաշինքի կայքում:


Հիմա հասկանալի՞ է արդյոք, թե Պենտագոնն ինչ հրեշավոր ծրագրի ետևում է կանգնած, ու մեզանից այնքան թանկ կյանքեր խլած նոր կորոնավիրուսը որտեղ և ում կողմից է ստեղծվել, հետագայում միտումնավոր բաց թողնվել` հատկապես ԱՄՆ-ի մրցակից Չինաստանի բնակչությանն ու տնտեսությանն ահռելի վնաս հասցնելու նպատակով (ինչը Չինաստանի իշխանությունների, բնակչության բարձր կազմակերպվածության ու կարգապահության, ինչպես նաև բժշկության, բժշկագիտության բարձր մակարդակի շնորհիվ առայժմ չի հաջողվել), կամ էլ ինչ-որ անզգուշության, վթարի կամ դիպվածի հետևանքով դուրս պրծել ՈՒհանի լաբորատորիայից:

(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 31561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ