«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Պապլավոկ․13-րդ սեղան»

«Պապլավոկ․13-րդ սեղան»
14.02.2022 | 13:46

ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ ԵՎ ՔԱՎԱՐԱՆ

(նախերգանք)


Լազարյաններ, Մանթաշյանց, Արամյանց, Գյուլբենկյան, Նուբար Փաշա, Քելեկյան և այլք:
Սույն վեհաշուք անունները ողջ խորությամբ արդյոք ծանո՞թ են ներկա իշխանական խավիարասեր խավին և ընդդիմադիր դոնդողասեր դասին։
Խիստ կասկածում եմ։
Բայց քանի որ սույն նախերգանքը հագեցավ դղրդուն ածականներով, եկեք խորիմաստ շունչ քաշենք, քիչ հանդարտվենք և անցնենք մեր ողբերգազավեշտային «հրթիռակոծումներին»։

ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ ՃԱԿԱՏԻՆ


Այդպես էլ անկռահելի է ժամանակի իշխանական հրամկազմի (խավիարասեր ու ձկնկիթամոլ խավի) վերաբերմունքը առ հայ ազգային, ավանդական և արդիական մշակույթ, գիտություն, արվեստ և կերպարվեստ։
(Սույնը գրեցի և խիստ փոշմանեցի։ Գուցե պետք է մտավոր ներդաշնակության հասնելու համար 2 բաժակ Քարահունջի օղի խմել և կրակավառ հեղուկը համեմել «Ավրորա» մակնիշի ծխախոտով)։
Լիովին կռահելի է նրանց վերաբերմունքը, ինչն արտահայտվեց «Հուզանք ու Զանգ» ուլտրա-ազատական, անկեղծ ասած, քիչումիչ էլ տխմարավուն ցատկռտուքով։
Նաև Դալուզյան ազգանունով սեռական երկկենցաղի մասին «ֆիլմի»․․․
անկասելի հովանավորմամբ։
Հայոց պատմության խորդուբորդ մայրուղիներում որդան կարմիր հետքեր թողած Լազարյան և մյուս մեկենաս ասպետները արդյոք սատարե՞լ են հասաարիական և քրիստոնեամերժ գոյերին։ Ո՛չ։


Քանզի արիականության և քրիստոնեության ջահակիր էին։
Եվ քանի որ ներկա իշխանական վերնախավը երևանյան բոհեմ կյանքից հեռու է պարսեկներով, առաջարկում ենք դարձի գալու և մեր պատմության նորագույն շրջանում գոնե աննշան լուսավոր հետաձիգ թողնելու նպատակով ստեղծել ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ հիմնադրամ։
Սույն հիմնադարմը պետք է սնուցվի բացառապես վարչապետի և նախարարների, նրանց աշխատակազմերի ու տարաբնույթ մանկլավիկների աշխատավարձերի ու պարգևավճարների 90 տոկոսով։
ՈՒ պետք է գալիք գարնանը կառուցի ԱՐՎԵՍՏԱՆՈՑԱՅԻՆ ԱՎԱՆ երիտասարդ ստեղծագործողների համար։
Սիրահոժար հուշում եմ գործընթացի հայեցակարգը։
Եթե կառավարության համար ձանձրալի է վերոնշյալ ԱՎԱՆՆԵՐԻ կառուցումը տուն-արվեստանոց տարբերակով, ապա կարող ենք պետության պահուստային ֆոնդում առկա և մայրաքաղաքի, ինչպես նաև մյուս նշանավոր քաղաքների տեսարժան վայրերում գտնվող շենքերը վերափոխել արվեստանոցի և ի գործածում հանձնել Հայաստանի նկարիչների միությանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային։ Այս երկու պատվական կառույցները հիանալի կտնօրինեն գեղարվեստական գույքն ու կայքը կտրամադրեն նոր սերնդի շնորհալի կերպարվեստագետներին։
Ի դեպ, Վանո Սիրադեղյանը յուր քաղաքապետության ժամանակ շքեղ արվեստանոց նվիրաբերեց տաղանդավոր գեղանկարիչ Կարո Մկրտչյանին։ (Հավելեմ՝ հետն էլ բազում սյուրռեալիստական և սոցռեալիստական բաժակաճառեր երկնելով, ըմպել ենք խորհրդահայկական ոգելից խմիչք՝ «Գետափ» գինի և «Русская водка» օղի)։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը յուր քաղաքապետության օրոք մի քանի արվեստանոց նվիրաբերեց շնորհալի նկարիչներին, հռչակավոր АДРИ-ին ի գործածում հանձնեց ՀՀՇ-ի և Սիրադեղյանի երդվյալ հակառակորդ Արմենին Մազմանյանին (նույն ինքը՝ ՄԱԶ), բացահայտ հովանավորում էր ՄԱԶ-ի հոգեզավակ «Գոյակ» ընկերակցությանն ու «Գոյ» թատրոնին։
Վաղը, ասենք մի կես դար հետո,հայոց պատմության անշուք լուսանցքներում կմնան Վանոյի և Վահագնի քաղաքական գործունեությունները, իսկ էջերում կքարագրվեն նրանց սատարումները մշակույթին և արվեստին։
Եվ այսօր պատեհ պատմական պահն է, որ սթափվեք և ընտրեք, թե մեր պատմության ո՞ր հատվածում եք տեղակայվելու, տիարք և տիկնայք «իմքայլականներ»:

ՔԱՎԱՐԱՆՈՒՄ ՄՈՐԵՄԵՐԿ


Աիգո ԱԺ-ական ընդդիմադիրներ, գլխավորապես «Հայաստան» դաշինք, ուշի-ուշով սերտեք ուղերձն այս և որոշեք, թե հայոց պատմության ո՛ր հատվածում և ի՛նչ որակի տեղ եք զբաղեցնելու։
Այժմ առաջարկս․
Հարգարժան տիարք և տիկնայք դաշինքավորներ, բարեբախտաբար ձեր շարքերում բոլորն էլ դոլարային և դրամային միլիոնատերեր են։
Արդյոք ժամանակը չէ՞, որ մասամբ քավեք ձեր մեղքերը. ստեղծեք ՔԱՎԱՐԱՆ հիմնադրամ և դրամաշնորհային ստեղծարար ու կենարար գործընթացներ ծավալեք։
Կռահում եմ՝ «մասամբ քավեք ձեր մեղքերը» արտահայտությանս ընդվզում առաջացրեց։
Հանդարտվեք, սակայն, և ունկնդրեք անաչառ հարցադրումներս։
Ինչու՞ ժամանակին երկրից չարտաքսեցիք «Բաց հասարակության հիմնադրամներ» քանդարար կազմակերպությանը:
Ինչու՞ անարգանքի սյունին չգամեցիք համաշխարհային աղետ Ջորջ Սորոսին։
Նաև՝ ինչու՞ օրենքի ուժով չչեղարկեցիք աղանդավորական տարաբնույթ աղտեղանքի գործունեությունը և քրեական հետապնդումներ չսկսեցիք ԼԳԲՏ-ական քարոզիչների և շահառուների նկատմամբ։

13-ՐԴ ՍԵՂԱՆԻ ԱՆՎԱՐԱՆ ՃՈՃՔԸ


«Դատաստանագիրք» և «Քավարան» հիմնադրամների ներկայացուցիչները, ըմբոշխնելով մեկական պասուց տոլմա և երկուական կարմիր բողկ, նաև ըմպելով երեքական շիշ անալկահոլ գարեջուր, հուշագիր են ստորագրում և բաժանում են հանրապետությունը ըստ մեկենասության ոլորտների։
Գործող իշխանությանը, ինչպես նշվեց, կառուցելու է ԱՐՎԵՍՏԱՆՈՑԱՅԻՆ ԱՎԱՆՆԵՐ, իսկ ընդդիմությունը, դիցուք, խոշոր ներդրումներով աջակցելու է Հայաստանի նկարիչների միութայն, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Թերլեմեզյան քոլեջի գործունեությունը։

Լիահույս՝
ՉԻԼՈՅԻ ԿԻՍԱՆԴՐԻ

Դիտվել է՝ 35043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ