Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իմունիտետի պակաս և կաղապարախտի ավելցուկ

Իմունիտետի պակաս և  կաղապարախտի ավելցուկ
10.07.2012 | 12:43

Հուլիսյան Հայաստանի ախտորոշումը` իմունիտետի իսպառ բացակայություն: Ցանկացած, անգամ ամենաթեթև վարակ տարածվում է ֆենոմենալ արագ: Բոլորն իրենց համարում են ժողովուրդ ու իրավունք են վերապահում խոսելու ժողովրդի անունից, անգամ երբ իրենց անունից չեն խոսում: Կաղապարախտը ամենածանր հիվանդությունն է, որ չվնասելով տեսողությունը` կուրացնում է: Աշխարհը սկսում ես տեսնել միայն ու միայն որոշակի հասկացությունների մեջ կաղապարված, որոնցից դուրս եթե ինչ-որ երևույթ, իրադարձություն, անձ հայտնվում է, շրխկում է կաղապարը` թշնամի է, ոչնչացնել: Ակնհայտ է, որ շատերը գերադասում են հանգիստ տեղավորվել պրոկրուստյան մահճակալին և հաճույք ստանալ. նրանց հաճույքը անպարագիծ է դառնում, երբ իրենց վերջին ատյանի ճշմարտությունները ոչ միայն բարբառում, այլև ունկնդրում են իրենց նմանների շուրթերից: Սա արդեն հոգեբանական չէ, սա հոգեբուժական միջամտություն է պահանջում: Ես հրաշալի գիտեմ «մի դատիր, որ չդատվես» պատվիրանը, բայց նաև գիտեմ, որ այս համաճարակի տարածման միակ ու անխախտ պայմանը լռությունն է: Լռությունը նրանց, ովքեր Պրոկրուստոսի մահճակալին չեն վստահում: Լռությունը նրանց, ովքեր հոգնել են ու անիմաստ են համարում առարկելը: Լռությունը նրանց, ովքեր անիմաստ են համարում առարկելը, որովհետև համոզված են, որ ճահճում մաքուր ջրի մասին խոսելը մեղք է:
Իմունիտետի իսպառ բացակայության պատճառները տարբեր են` քաղաքական, սոցիալական, պատմամշակութային ու կենցաղային: Բայց ամեն մի օրգանիզմ պետք է պաշտպանված լինի իրեն սպառնացող վտանգներից: Ինքնապաշտպանված: Առավել ևս` հասարակությունը: Ես չեմ բացառում, որ գուցե կաղապարախտի համաճարակը թվացյալ է, որ գուցե կան իմունիտետը չկորցրած մարդիկ, կան ու կարողանում են պաշտպանել մտածողության անկախության ու խոսքի անկախության իրենց իրավունքը: Կան ու գուցե բնավ էլ փոքրամասնություն չեն: Կան ու իրենք են մեծամասնությունն իրականում, բայց նրանց լռության համապատկերում հնչում է կաղապարախտավորների աղմուկը: Փոքրամասնություն թե մեծամասնություն` նրանք թույլ են տալիս, որ ուրիշները հնչեցնեն իրենց պատկանող խոսքը, ուրիշներն աղավաղեն իրենց մտքերը, ցանկությունները, նպատակները, հանդես գան իրենց անունից ու իրենց փոխարեն որոշումներ ընդունեն: Իսկ դա արդեն իմունիտետի բացակայության հայտանիշ է:
Հասարակական էներգիան հզոր զենք է: Քաղաքացիական հասարակությունը, որ դեմք ու անուններ չունի, բայց ունի հասարակության լիազորագիրը` արտահայտելու նրա որոշակի մասի տեսակետները, այնքան ավելի հզոր զենք է, որքան այդ որոշակի մասի մեծությունն է: Հայաստանի քաղաքացիական հասարակությունն այսօր ջանում է տպավորություն ստեղծել, որ արտահայտում է մեծամասնության տեսակետը: Գուցե օրինաչափ է, որ նպատակն է որոշում նրանց և բուն հասարակության հարաբերակցության մասնաբաժինը: Միայն այն դեպքերում է քաղաքացիական հասարակությունը հասարակության մեծամասնության տեսակետներն արտահայտում, երբ էներգիան ուղղում է ստեղծումի, ոչ թե ավերումի, որքան էլ «ստեղծել» ու «ավերել» հասկացությունները թվան պայմանական:

Որևէ դեպքում հասարակական էներգիան չի կարելի նպատակաուղղել ավերումի` հակադարձ հարվածն ավելի ավերիչ է լինում:
Երկրի վրա ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել ու հաշվարկել: Ոչ ոք չի կարող ամեն ինչի համար պատրաստի դեղատոմսեր ու որոշումներ ունենալ: Պետք չէ վախենալ անակնկալից, պետք չէ վախենալ չկանխատեսվածից, պետք չէ վախը չխոստովանել:
«Հարսնաքարում» կատարվածը և հաջորդած իրադարձությունները մեկ առ մեկ շարադրեցին հասարակության բոլոր ախտերը: Նախ և առաջ` ներքին կուլտուրայի ու դաստիարակության պակասը, միմյանց նկատմամբ հանդուրժողականության ու հարգանքի իսպառ բացակայությունը, դաժանությունը, սեփական անձի պանծացումը ուրիշի հաշվին, ընդհանրապես հավատի ու վստահության բացակայությունը պետական կառավարման ինստիտուտների նկատմամբ, ցինիզմն ու ընտրված զոհին մինչև վերջ ոչնչացնելու մոլեռանդությունը, պատվիրված ու վարձավճարված մտածողությունը, տարրական փաստերի համադրման անընդունակությունը, եթե այդ փաստերը չեն հաստատում հանձնարարված եզրակացությունը, եզրակացության անհամապատասխանությունը իրականությանը: Այս ամենի մեջ ամենացավալին այն փաստն է, որ բոլորն էլ գիտակցում են, բայց որևէ մեկը հարկ չի համարում կանգ առնել ու դադարեցնել բացահայտորեն չարության, դաժանության, մոլեռանդության ու դատարկամտության հորձանքը: Բոլորը, չգիտես ինչու, վստահ են, որ այդ ալիքն իրենց շրջանցելու է: Մարդ էր սպանվել: Չպարզված հանգամանքներում: Ինչ է եղել, ինչպես, ինչու` լրատվամիջոցների թեթև ձեռքով բոլոր հարցերի պատասխանները փոխարինվեցին մեկ եզրակացությամբ` մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է, որովհետև օլիգարխ է: Նույն լրատվամիջոցների թեթև ձեռքով քաղաքացիական հասարակությունը շատ սլացիկ հանցագործության հանգամանքները պարզելու և մեղավորին պատժելու տրամաբանական խնդրից հեռացավ ու իր համար խնդիր հնարեց` օլիգարխից պահանջել նրա մանդատը: Ստացավ, բայց շարունակեց մոլեգնել: Ինչո՞ւ: Որովհետև նրան իրականում Վահե Ավետյանի կյանքն ու մահը չէին հետաքրքրում, այլ սեփական խնդիրները լուծելը: Ինքնաներկայացման շատ շահավետ վիճակ էր` ակնհայտ է սպանությունը, ոչ ոք չի կարող կատարվածը չդատապարտել: Բայց հանցանք է գործվել, որի հանգամանքները ոչ մեկին չեն հետաքրքրում, արդարադատության համակարգի նկատմամբ հավատ չկա, կա արյան պահանջ, իբր թե «արդար հատուցման»: Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիական մահապատժի գործընթացների մեջ «մոռացան», որ կա քրեական գործ, և ամենակարևորը հիմա այդ գործն է, որ պիտի մեղավորներին օրենքով պատժելու առաքելությունն իրականացնի:
Դավիթ Շահնազարյանը հեռացավ ՀԱԿ-ից: Ավելի ճիշտ` հուլիսին բարձրաձայնեց ու պաշտոնապես արձանագրեց մարտին հեռանալը: Առաջինը չէր ու գուցե վերջին հեռացողը չլինի: Եվ, ինչպես նախորդների պարագայում, ՀԱԿ-ում ընդհանրապես տեղյակ չեն ոչնչից, ոչ մի տարաձայնություն ու ոչ մի տարակարծություն, ավելին` մամուլից են տեղեկանում, որ մեկով պակասել են: Անտեղյակության սինդրոմը շատ խորն է խորացել ՀԱԿ-ում, այնքան, որ նույնիսկ չես ուզում հարցնել` ինչո՞ւ տեղյակ չեք, որովհետև շատ լավ գիտես, որ հնչելու է հերթապահ պատասխան այդ պահին, հետո տարապատկան լրատվամիջոցներով հեռացողների վարկաբեկում է սկսվելու: Ինչո՞ւ: Մանկամիտ չէ՞ այդ տարիքում «պախկվոցի» խաղալը, կա շատ ավելի իրավակարգ և պատվարժան տարբերակ. պարզ ասել` մենք այս տեսակետն ունենք, Դավիթ Շահնազարյանը` այս: Անհամաձայնության պատճառը տեսակետների տարբերությունն է: Ինչո՞ւ վախենալ, ինչո՞ւ խուսանավել: Կարապետ Ռուբինյանից Դավիթ Շահնազարյան` ինչո՞ւ են հեռանում: Բոլոր կուսակցություններից էլ հեռացել ու հեռանում են` պետք չէ ողբերգականացնել կամ բարդացնել փաստը: Գուցե արժե ընդունել, որ ՀԱԿ-ը գաղափարակից կուսակցությունների դաշինքից վերածվում է անգաղափար անհատների դաշինքի, որ ՀԱԿ-ում խնդիր է փոխվել. եթե առաջ քննարկումների առանցքում իշխանության գալն ունենալով` նպատակը պետության և պետականության մեջ իրավիճակ փոխելն էր, հիմա քննարկումների առանցքում իշխանության գալն ունենալով` նպատակը անձնական իշխանության տարածքը մեծացնելն է: Մի քիչ, բայց շոշափելի: ՀԱԿ-ը կորցնում է հարթակը, բայց գտել է խոսափող: Պաշտոնական: Ոչինչ դատապարտելի չէ ու սխալ չկա` ընդդիմությունը փոխում է որակը: Ընդամենը: Եթե հարթակում ընդդիմության կարիք լինի, նոր ընդդիմություն կձևավորվի, չի լինի, ՀԱԿ-ը իր տեղն արդեն ունի և գործելու է նոր նպատակի տրամաբանությամբ: Ովքեր համաձայն չեն, հեռանում են: Արժե՞ այս պարզ իրողություններից քամել թույն ու չարախնդալ` հեռացողների մեջ դավաճան ու ական, ուրացող ու չգիտեմ ինչ տեսնել, գուցե ուրիշի մեջ տեսնում են իրե՞նց:
Երեկ անարգանքի սյունին էր գամված Վարդան Օսկանյանը, նրան հաջորդեց Ռուբեն Հայրապետյանը, այսօր` Դավիթ Շահնազարյանը. ո՞վ է հերթում:
Պարբերաբար օրվա հերոս ընտրելու ու նրան ոչնչացնելու գործընթացը առավելագո՞ւյնն է, որին ընդունակ է այսօր հասարակական գիտակցությունը` զանգվածային լրատվամիջոցներով ձևավորվող: Ավելիին ընդունակ չե՞նք: Հասարակական գիտակցության էներգիան պարբերաբար ոչնչացումի նպատակաուղղելով չե՞նք ոչնչացնում այդ էներգիան: Արդեն այդքա՞ն լուծել ենք ներքին ու արտաքին խնդիրները: Ինչ երջանկություն: Իմունիտետի իսպառ բացակայությամբ անգամ ամենաթեթև վարակը տարածվում է ֆենոմենալ արագ: Կաղապարախտը ամենածանր հիվանդությունն է, որ չվնասելով տեսողությունը` կուրացնում է: Աշխարհը սկսում ես տեսնել միայն ու միայն որոշակի հասկացությունների մեջ կաղապարված, որոնցից դուրս եթե ինչ-որ երևույթ, իրադարձություն, անձ հայտնվում է, շրխկում է կաղապարը` թշնամի է, ոչնչացնել:
Հասարակական էներգիան հզոր զենք է: Որևէ դեպքում հասարակական էներգիան չի կարելի նպատակաուղղել բացասական գործողության, որովհետև հակադարձ հարվածն ավելի ավերիչ է լինում` ջինը շիշ այլևս չի վերադառնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Լռության ու աղմուկի միջից պետք է ձայն հնչի: Հասարակության իրական ձայնը։ Իշխանությո՞ւնը կլսի, ընդդիմությո՞ւնը, շահելու են համատեղ: Որովհետև հասարակության իմունիտետը վերականգնելու միակ տարբերակը ձայնն է, որ չի մոռացել իրականության հետ իր հարաբերությունն ու ճշմարտությունը հնչեցնելու իր առաքելությունը:

Դիտվել է՝ 4436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ