Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՅԴ-ն կրկին տեղավորվեց ոզնու վրա՞

ՀՅԴ-ն կրկին տեղավորվեց ոզնու վրա՞
12.07.2012 | 19:56

Մարուխյանի մահից հետո ՀՅԴ-ում հաստատված կոնսենսուսը (Հովհաննիսյաններ ավագն ու կրտսերը` Էդուարդն ու Վահանը, կարող էին հերթագայմամբ զբաղեցնել նրա տեղը, սակայն չարեցին, և «ուչեստը» մնաց ընկեր Հրանտին. նա էր կարգավորում բոլոր հարցերը` դրսի և ներսի մակարդակներում) վերջին ժամանակներում որոշակի փոփոխությունների միտումներ է նախանշում:

Եվ որքան էլ ՀՅԴ-ն փորձի ծածկել խորհրդարանական, ապա և ղարաբաղյան նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ոչ ադեկվատ վիճակը, չի կարող. ջինը շշից դուրս է եկել, և ներս մտցնել անհնար է, մանավանդ որ, առջևում հայաստանյան նախագահական ընտրություններն են: Կողմնորոշվել պետք է:
ՀՅԴ-ին թվում է, թե փակ ժողովների ռեժիմով աշխատող իրենց կառույցից արտահոսքեր չեն կարող լինել, այնուհանդերձ, ակնառու է, որ բյուրո-ԳՄ հարաբերություններում, ասել է` Հրանտ Մարգարյան-Արմեն Ռուստամյան, իրականում` Վահան Հովհաննիսյան տանդեմում ինչ-որ բան այն չէ. խուլ պայքարն ազդեցության համար բավականին ուժեղ է:
Ինչի վառ արտահայտությունը ՀՅԴ ֆրակցիայի ղեկավարի փոփոխության պասաժն էր. Հրանտ Մարգարյանն առաջարկել էր Աղվան Վարդանյանի թեկնածությունը, իսկ մյուսները` Վահան Հովհաննիսյանի, արդյունքում կոնսենսուսի եկան Արմեն Ռուստամյանի հաշվով, որին էլ թուլացրին ՀՅԴ վերջին ԳԺ-ի ժամանակ` առաջին անգամ ԳՄ ղեկավարի պաշտոնը փոխարինելով երկու փոխներկայացուցիչներով` Աղվան Վադանյան, Արսեն Համբարձումյան, որոնք նույն ՀՅԴ-ում համարվում են Հրանտի թևի մարդիկ, ինչն էլ իր հերթին նշանակում է` «բլոկադայի» մեջ պահել ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջին անգամ այս ԳԺ-ին մասնակցել են նաև սփյուռքի ՀՅԴ ներկայացուցիչներ, ինչը նույնպես աննախադեպ է: Այդ «ներկայացուցիչները» ևս Հրանտ Մարգարյանի թևից են եղել:
ՈՒ թե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կուսակցությունը նաև ֆինանսական կառույց է, ու շատ կարևոր է, թե այդ կառույցը ով է «ռասկրուտկա» անում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու ՀՅԴ-ում այդքան թեժ է վեճը, և թե ինչու ՀՅԴ լրատվամիջոցներն իրենց լավագույն օրերը չեն ապրում:
ՀՅԴ-ում առկա տարընթերցումների համար պարարտ հող դարձան նաև խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի համամասնական ցուցակը, ինչպես նաև ձեռք բերած ընդամենը չորս մանդատը (հինգերորդն ընդամենը ֆրակցիայի անդամ է):
Խուլ դժգոհություն կա ոչ միայն հայաստանյան ՀՅԴ-ի շարքերում, այլև Սիրիայի, Լիբանանի, մերձավորարևելյան մյուս երկրների, ասել է` դրսի կառույցներում ՀՅԴ-ի վարած քաղաքականության առնչությամբ:
Դաշնակցական ընկերների համար անհասկանալի են ՀՀ երեք նախագահների հետ ՀՅԴ-ի խաղի կանոնները. շարքերին չի բացատրվում, թե ինչու պետք է ՀՅԴ-ն համագործակցի դաշնակցությունը փակած, երբեմնի «ախոյան» Տեր-Պետրոսյանի հետ: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան տանդեմն ինչո՞ւ առավել հակված է դեպ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Հրանտ Մարգարյանը` առավել դեպ Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ այդպես սրվեցին բյուրո- Ղարաբաղի տեղական կառույց հարաբերությունները, երբ Հրանտ Մարգարյանը, որը «չոտկի» պայմանավորվածություն ուներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ` վերջինիս թեկնածությունը պաշտպանելու շուրջ, չկարողացավ համոզել ԼՂ կառույցին: Իսկ «ապակենտրոն» ղարաբաղյան կոմիտեությունը հակադարձեց նրան և ասաց, որ պաշտպանելու է բացառապես իր ԱԺ ֆրակցիայի նախկին անկուսակցական անդամ Վիտալի Բալասանյանին:
Ինչն էլ առաջացրեց ՀՅԴ վերնախավի ցանկությունը` ԼՂ ՀՅԴ կառույցի ղեկավարին կոպտացիա անելու (ՀՅԴ-ի տերմինն է. Բյուրոն կարող է ընտրված անդամին հանել, նշանակովի անդամ դնել) , որն էլ, ի դեպ, ԼՂ ՀՅԴ կառույցի մոտ ադեկվատ արձագանք առաջացրեց. եթե ցանկանում է, ապա Հրանտ Մարգարյանը թող դիմում գրի-դուրս գա ՀՅԴ-ից:
Բայց երբ հաշվի ենք առնում, որ Վիտալի Բալասանյանի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որն էլ խաղի մեջ է մտցրել շատերի կողմից հարգված, վաստակ ունեցող գեներալին, որ իր հայաստանյան հնարավոր վերադարձի դեպքում Արցախում որոշակի հենարան ունենա` ՀՅԴ տեղի կառույցն էլ հետը, ապա ամեն բան, կարծես, ընկնում է տեղը: Չհաշված այն հանգամանքը, որ Վիտալիի թեկնածությունն ու ընդդիմադիր պայքարը առաջին հերթին ձեռնտու էին թե՛ Բակո Սահակյանին, որպես այլընտրանք, թե՛ Սերժ Սարգսյանին, որպես Ղարաբաղի «երաշխավոր». հիշենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ Ղարաբաղը միջազգային կառույցների կողմից շատ կոշտ քննադատության էր ենթարկվել` այլընտրանքային լուրջ թեկնածու չունենալու պատճառով:
Ավելին` Վիտալիի «այսքան և այս կարգի» այլընտրանքայնությունը Ռոբերտ Քոչարյանին ստիպեց իր հերթին զանգել ու մե՜ծ հաջողություն մաղթել առանց այդ մաղթանքի էլ հաղթելու մեծ շանսեր ունեցող Բակո Սահակյանին:
Դառնալով ՀՅԴ տարընթերցումներին ու «սոլիդարնոստին», ասենք, որ այն առաջիկայում նոր փուլ կթևակոխի` կապված ՀՀ նախագահական ընտրությունների հետ:
Կհաջողվի՞ ՀՅԴ-ին վերմակը պահել սեփական ոտքերին` փակելով խորացող պրոբլեմների «առաջընթացը», դիմանալով ոզնու վրա նստելու ցավին, ամեն բան թաքցնելով արտաքին աչքից, թե «երեք նախագահներ» դիլեման, ի վերջո, կպայթեցնի ՀՅԴ «փակ» կառույցը` «անհայտը» դարձնելով առանց այն էլ տեսանելի, գաղտնին` հայտնի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ