Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ անենք, որ այս անգամ պատերազմը տանուլ չտանք

Ինչ անենք, որ այս անգամ պատերազմը տանուլ չտանք
23.01.2015 | 23:15

Ամեն օր սահմանից տխուր լուրեր ենք ստանում: Տարին մեկնարկել է չհայտարարված պատերազմով: Գերտերությունների լուռ հայացքի տակ Ադրբեջանը խախտում է ընդունված ու չընդունված բոլոր նորմերը:

Մի բան հստակ է. որքան էլ մեր բանակը մարտունակ լինի և սպառազինված, մենք ունենք շատ լուրջ խնդիր` մարդկային ռեսուրսների պակաս: Կհակադարձեն, թե երբ պատերազմում հաղթեցինք, էլի թվաքանակով զիջում էինք Ադրբեջանին: Այո, բայց հիմա այն Ադրբեջանը չէ ու աշխարհաքաղաքական այն իրավիճակը չէ: Այդ երկիրը «մինչև ատամները» խիստ զինված է, այս օրերի ամենաթողությունն էլ հերթական անգամ ապացուցեց, որ ունի նաև հզոր տերությունների հովանավորությունը` հրադադարը, մեղմ ասած, կոպտորեն խախտելու և ոչ մի դիմադրության չարժանանալու: Հզորներն իրենց կռիվն ունեն և ուրիշների կռվից միայն իրենցն են «պոկելու»: Իմա` էլի մենք մեր դարդով միայնակ ենք «տապակվելու»:
Ասել կուզի, բանակաշինության հիմքում կանգնած մարդիկ պետք է այս խնդիրը լուծեն այլ եղանակով ու նոր ռազմավարության մշակմամբ: Կարող են, ենթադրենք, օրինակ վերցնել Իսրայելից, որտեղ բանակ են զորակոչվում ոչ միայն տղաները:
Եվս մի տարբերակ է գործում. օգտվել երրորդ երկրի զինուժի օգնությունից: Այստեղ վիճելի հարցերը շատ են: Ավելին, Գյումրու դեպքերից հետո շատերը պնդում են, որ պետք է ձերբազատվել անվտանգության համար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Լավ, ազատվենք, բայց կա՞ մեկ այլ երկիր, ով կհամաձայնի իր զինուժը տրամադրել մեզ: Չկա: Հիմա ի՞նչ անենք, վռնդե՞նք ռուսներին ու մեր մի «բուռ» ժողովրդով կանգնենք ողջ թուրք-ադրբեջանական ուժերի դեմ ու կռվե՞նք: Անհավասարությունը չափազանց շատ չէ՞, իհարկե, եթե յուրաքանչյուրս մի-մի Սասունցի Դավիթ չենք:
Հիմա ուղտը չոքել է մեր դռանը, պատերազմը սահմանից ներս է մտել, ի՞նչ անենք: Երկրի ժողովրդագրական պատկերը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական պայմաններն աչքի տակ ունենալով, գոնե առայժմ զերծ մնացեք այն հայտարարություններից, թե մենք մեն-մենակ թուրքի դեմ կանգնած կարող ենք կռվել: Սա 88-ի Հայաստանը չէ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ