Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սրտով մտածելու դժվարությունները

Սրտով մտածելու դժվարությունները
10.11.2015 | 00:15

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»,- «Իրատեսի» էջերից «վստահեցնում» էր 1781-ին Պարսկաստանի Փերիա գավառի Բուրվարի գյուղում ծնված, երկար տարիներ օտար եզերքներում արժեցող-չարժեցողի քմայքները հանդուրժած, իսկ կյանքի վերջին երեք տասնամյակը Նիդերլանդական Հնդկաստանի՝ ներկայիս Ճավա կղզու Սմարանգ նավահանգստում բնակված ՀՈՎՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:
ՈՒղիղ երկու ամիս թերթի ընթերցողներին՝ տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԻ «միջոցով» և անմիջական «օգնությամբ», մեծահարուստ այս ղարաբաղցին, խախտելով անցյալի, ներկայի ու ապագայի պայմանական սահմանները, «շրջագայում» էր պատմության շերտերում և անհավատալի այդ «հետուառաջին» զուգահեռ ժամանակակից հայերենով (տեղ-տեղ գրաբարով, երբեմն էլ ծննդավայրի բարբառով) «թելադրում-շարադրում» իր պատմությունը:
Զրուցակիցս այսօր Հովսեփ Ամիրխանյանի ակամա «քարտուղարն» է:

-Պարոն Դադայան...
-...կներես, պետք է ընդհատեմ. նախ պայմանավորվենք` միմյանց դիմում ենք «դու»-ով:
Քանի որ ապրում ենք համընդհանուր խախտման ժամանակաշրջանում, մի խախտում էլ մենք անենք (ումի՞ց ենք պակաս)` սասանենք դասական հարցազրույցի ժանրը, ձև չանենք, թե, իբր, առաջին անգամ ենք հանդիպում: Ո՛չ, երկար տարիներ միմյանց ճանաչում ենք և ունենք փոխըմբռնումային բարի հարաբերություններ: Ես քո թերթի հեղինակներից մեկն եմ և եթե չլինեին քո անձն ու լրագրիդ լրջմտությունը` խմբագրություն ոտք չէի դնի ու վերջին 2-3 տարում չէի գրի բացառապես «Իրատեսի» համար: Ասածս քծնանք չէ, Աստված շողոքորթելու շնորհն ինձ պարգևել է միայն թոռներիս համար:
-Բարի: Քո՝ «Քանի որ ապրում ենք համընդհանուր խախտման ժամանակաշրջանում, մի խախտում էլ մենք անենք» առաջարկ-հիմնավորմամբ ստիպեցիր ի գիտություն ընթերցողի արձանագրել՝ «Իրատեսի» հեղինակ, գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանը խախտումների անգերազանց վարպետ է: Հիմնավորեմ եզրահանգումս. սեպտեմբեր-հոկտեմբերին հրապարակված ու մեր ներկա զրույցի պատճառ դարձած շարքում վիրտուոզ կատարմամբ ջախջախել ես ընդունված դասական ժանրերից մեկն ու ստեղծել լրագրային քո ինքնատիպ ժանրը:
Մինչ Հովսեփ Ամիրխանյանի խնդրին անդրադառնալը (թող միստիկայի ոլորտից չթվա՝ ըստ իս, նրա «թելադրանքով» ու անմիջական «մասնակցությամբ» է տեղի ունենում մեր այս զրույցը) անհրաժեշտ մի հստակեցում ևս. առաջաբանում օգտագործված է «տնտեսական մշակութաբան» եզրույթը: Չեմ էլ կասկածում՝ շատերը կտարակուսեն՝ ի՞նչ ասել է՝ «տնտեսական մշակույթ»: Որպեսզի ընթերցողը լիարժեքորեն ըմբռնի մեր խոսակցության նյութը, խնդրում եմ, ընկալելի ոճով մեկնաբանես «տնտեսական մշակույթ» կոչվող ոլորտը, եթե իհարկե Հայաստանում գոյություն ունի նման դաշտ:
-Վերջին 16 տարիների ընթացքում զբաղվում եմ հայոց տնտեսական մշակույթի ուսումնասիրմամբ: Դա վիթխարի, անընդգրկելի ու անսպառելի մի բնագավառ է, որը նաև մեր ժողովրդի ձևավորման կարևորագույն բաղադրյալներից է:
- Պիտի խնդրեմ կոնկրետ փաստով հիմնավորել վերջին միտքդ:
-Բերեմ ընդամենը երկու օրինակ: Համաշխարհային պատմագրության հիմնադիր Հերոդոտոսը (Ք.ծ.ա. 484 թ.- մոտ Ք.ծ.ա. 425 թ.) ասում էր. «Ես պարտավոր եմ հաղորդել այն ամենը, ինչ պատմում են, բայց այդ ամենին հավատալ, իհարկե, ես պարտավոր չեմ»: Կարծում եմ՝ հիշյալ սահմանումը կարող է դառնալ մեր զրույցի նշանաբան:
-Ասել կուզե՝ լսենք ասածներդ, բայց հավատալ-չհավատալը թողնենք ընթերցողի կամքին:
-Այո՛, ընթերցողը կարող է և չհավատալ, բայց ես պարտավոր եմ ներքոն ասել: Հերոդոտոսը 455-466 թթ. ընկած ժամանակահատվածում այցելել է Եգիպտոս ու Լիբիա, Փյունիկիա, Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան և այս ամենի մասին գրել «Պատմություն ինը գրքից» աշխատությունը՝ հսկայական քանակությամբ աղբյուրագիտական նյութ հաղորդելով տարբեր երկրների ու ժողովուրդների պատմության, աշխարհագրության, ազգագրության, նիստուկացի վերաբերյալ։ Այդ թվում և` Հայաստանի, ինչը համարվում է «քաղաքակիրթ» լեզվով` հունարենով, մեր մասին հնագույնը: Դեռևս Ք.ծ.ա. VI դարում Հայաստանն ընկել էր Մարական Պարսկաստանի տիրապետության տակ։ Մեկ դար անց Պարսկաստանն ուներ 20 սատրապություն։ Հայաստանի արևմտյան հատվածը, մի քանի այլ ժողովուրդների հետ, մտնում էր XIII սատրապության մեջ և տերությանը տարեկան վճարում 400 տաղանդ՝ 12 տոննա արծաթ, իսկ արևելյան հատվածը, երկու այլ ժողովուրդների հետ, գտնվում էր XVIII սատրապության մեջ և տարեկան վճարում 200 տաղանդ։ Երկու սատրապություններում էլ թվաքանակով գերակշռում էին հայերը, հետևաբար հարկերի ծանրության բեռն ընկնում էր հենց նրանց ուսերին։
-Եվ որտեղի՞ց այդքան արծաթ: Ավելի ճիշտ՝ ինչպե՞ս էին կարողանում հայթայթել պահանջվող քանակի մետաղը:
-Առաջին աղբյուրը «Արքայական ճանապարհն» էր։ Արևելքից արևմուտք ձգվող ռազմական և առևտրական այդ ուղու 56,5 փարսախը (շուրջ 340 կմ) անցնում էր Հայաստանի հարավով, սկսվում էր Եփրատի արևմտյան կեռմանի գետանցից ու շարունակվում Տիգրիսի վերին հոսանքի երկայնությամբ։ Հերոդոտոսը վկայում է, որ «Արքայական ճանապարհի» Հայաստանով անցնող հատվածում կար 15 առևտրային կայան։ Սա միաժամանակ վկայություն է այն մասին, որ Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, եռանդուն և անմիջական մասնակցություն ուներ Արևելք-Արևմուտք միջազգային առևտրին։ (Ի դեպ, հենց այդ ժամանակից էլ հայ վաճառականներն սկսեցին չափչփել աշխարհը)։ Կար արծաթ ձեռք բերելու ևս մեկ աղբյուր։ Հերոդոտոսն իր «Պատմության» առաջին գրքում գրում է. «194. Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչն այդ քաղաքից հետո (Բաբելոնից-Խ.Դ.) թվում է ամենազարմանալին։ Նավերը, որոնցով (ասորեստանցիները) նավում են գետն ի վար՝ դեպի Բաբելոն, կլոր են և ամբողջովին կաշեպատ։ Արմենիայում, որը գտնվում է Ասորեստանից վերև, նրանք կտրում են ուռիներ, (որոնցով) պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով, նավի հատակի նման։ Նրանք ոչ նավի հետնամասն են լայնացնում, ոչ էլ նրա առաջնամասը նեղացնում, այլ տալիս են դրան վահանի նման կլոր ձև։ Ամբողջ նավը լցնում են ծղոտով, բեռնում այն և թողնում հոսանքն ի վար։ Նրանք մեծ մասամբ փոխադրում են գինի կարմիր կարասներով։ Նավերը վարում են երկու լայնաբերան թիակներով երկու կանգնած մարդ. նրանցից մեկը թիակը քաշում է դեպ իրեն, մյուսը՝ հրում իրենից։ Այդ նավերը պատրաստվում են և՛ շատ մեծ, և՛ առավել փոքր։ Դրանցից ամենամեծերն ունեն հինգ հազար տաղանդ (շուրջ 160 տոննա բեռնատարողություն-Խ. Դ.)։ Յուրաքանչյուր նավի մեջ կա մեկ կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը։ Բաբելոն հասնելուց և բեռը վաճառելուց հետո նրանք վաճառքի են հանում նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշիները բարձում են գրաստների վրա և վերադառնում արմենների մոտ։ Քանզի գետն ի վեր ոչ մի կերպ հնարավոր չէ նավել՝ գետի արագության պատճառով։ Այդ է պատճառը, որ նրանք նավերը պատրաստում են ոչ թե փայտից, այլ կաշվից։ Նրանք գրաստները քշելով հետ են դառնում արմենների մոտ և նույն ձևով պատրաստում ուրիշ նավեր»։ Չգիտեմ, ընթերցողի վրա այս մեջբերումն ինչպիսի տպավորություն է գործում, սակայն ինձ համար առաջին, ամենազարմանալի բանը նպատակադիր, ռացիոնալ տրամաբանությունն է։ Ինչպիսի՜ գործնական հնարամտություն՝ Եփրատի հոսանքին դիմակայելու համար նավը կառուցել կլոր վահանի տեսքով, թեթև, քանդովի և վերադառնալու համար օգտագործել գրաստ։ Նպատակահարմարության, պարզունակության աստիճանի հանճարեղության դրսևորում: Ասենք, որ իրենց ապրանքների դիմաց վաճառականները Հայաստան էին տանում արծաթ։
-Ստիպված եմ ընդհատել մտքերիդ ընթացքն ու հարցադրել՝ քո պատմածն ի՞նչ կապ ունի հայերի ու Հայաստանի հետ: Հերոդոտոսը, ի վերջո, հստակ շարադրում է՝ նավարկությունն իրականացնում էին ասորեստանցիները:
-Պատկերացնո՞ւմ ես, որ ասորեստանցիները կանոնավոր կերպով այդպիսի շահավետ առևտրական նավարկություններ կատարեին և նույն բանը չանեին հայերը, նրանք, ում երկրից ապրանք էին արտահանում։ Դա անհնար է, և ամենևին նշանակություն չունեն ժամանակները կամ այն, որ այս ենթադրությունն անում է XXI դարի մարդը։ Դա պարզ, սովորական, մարդկային տրամաբանություն է։ Եթե անգամ ապացույց չունենք, թե նավարկության հանճարեղ նախաձեռնությունը հայի մտքի արդյունք է, ապա չմոռանանք, որ մենք աշխարհահռչակ ընդօրինակողներ ենք, ընդ որում՝ թե ուրիշի լավը և թե հոռին, և սա ազգային առանձնահատկություն է։ Որ հայ վաճառականներն էլ էին Եփրատով նավարկում, ընդունում էր նաև ակադեմիկոս Գ. Սարգսյանը՝ գրելով. «Պատմագիրը հիշատակում է միայն բաբելոնացի առևտրականներին, բայց դրանով ամենևին չի բացառվում հայ առևտրականների կողմից այդ ուղիներն օգտագործելու հանգամանքը»։ Էլ ավելի հետաքրքիր եզրահանգում է արել թիֆլիսցի պատմաբան Ալ. Երիցյանը. «Հարկ ենք համարում մի քանի խոսք ասել այն փաստերի մասին, որոնք հաստատում են հին հայկական առևտրի գոյությունը։ Նավասարդը կազմված է «նավ» և «սարդ», փոխաբերական իմաստով՝ հյուսող, բառերից։ Այստեղից կարելի է ենթադրել.
ա) Հայկի որդիներից մեկը կոչվում էր Նավասարդ (1-ին ամիսը, օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 10-ը)՝ նավ հյուսող, նավակ հյուսելու գիտակ,
բ) այդպես էր կոչվում տարվա այն ժամանակը, որն առավել հարմար էր նավ հյուսելու համար։ Այսպես թե այնպես, «նավասարդ» բառը հաստատում է արևմտյան պատմիչների մեզ հաղորդած այն տեղեկությունը, որ «հայերն ուռենու ճյուղերից նավեր էին հյուսում»։ Հիրավի, եթե Հայկ նահապետի որդիներից մեկը կոչվում էր Նավասարդ, և նա խորհրդանշում էր նավ հյուսելու արվեստը, ապա դա վկայում է, որ հայոց համար նավային գործը, նավաշինությունը, ջրային ուղիների օգտագործումն ուներ նախասկիզբ նշանակություն։
-Իրազեկության նպատակով արձանագրենք. պատմածդ պատառիկներ են 2013-ին լույս տեսած քո «Հայ վաճառականի արահետներով» ժողովածուի «Եփրատն ի վար` նավակով, Եփրատն ի վեր` ավանակով» վերնագրված պատումից, բնականաբար, եզրակացնելով, որ մենք ունենք առնվազն 25 դարի տնտեսական մշակույթի գրավոր պատմություն, և ապացույցը Եփրատով նավարկելն ու Արմենիայում «Արքայական ճանապարհի» 15 առևտրային կայաններն են:
Այժմ պետք է խնդրեմ վկայակոչես հաջորդ օրինակը:
-Դպրոցական երեխան էլ գիտե համաշխարհային ջրհեղեղի, Նոյի և Արարատի գագաթին տապանի հանգրվանելու մասին: Բայց արդյո՞ք հայերիս առնչությունն Աստվածաշնչի հետ միայն դա է: Եզեկիելի մարգարեության Իէ գլուխը կոչվում է «Ողբ Տյուրոսի վրա», իսկ Տյուրոսը Փյունիկիայի վաճառաշահ քաղաքներից մեկն էր։ Այդ գլխի 14-րդ տողահամարում ասված է. «Ի տանէ Թորգոմայ ձիովք եւ հեծելօք եւ ջորւովք լցին զվաճառս քոյ»:
-Վկայակոչված հատվածը ներկայացնենք աշխարհաբարով, «Թորգոմի տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները» (Եզեկիել, 27, 14):
-Այսինքն՝ Թորգոմի տնից ձիեր և ձիավորներ և ջորիներ էին բերում քեզ մոտ իբրև առևտրի ապրանք։
-Տեղին է փաստել՝ Սուրբ գիրքը Աստծո կամոք մարդկությանը տրված ծածկագիր է՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Նրանում ներառված խոսքն ինքը ճշմարտությունն է, որը միակն է բոլոր ժամանակների ու համայն մարդկության համար, քանի որ այն, ինչպես արձանագրել են անցյալի սրբերը, հավիտենականության կնիքն ունի: «Երկինք և երկիր պիտի անցնեն, բաց իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ., ԻԴ, 35): Ասել է, եթե բացվեն Եզեկիել մարգարեի գրքի վկայակոչված տողին առնչվող փակագծերը, ապա ի հայտ կբերեն պատմական անցուդարձի հսկայական մի շերտ: Նշենք նաև, որ բիբլիական Թորգոմա տունը Հայաստանն է:
-Կասկածից վեր է, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր տող ամփոփում է խորագույն իմաստ։ Իմաստ, որը, սակայն, միանգամայն գիտական բացատրություն ունի։ Ինչպես հայտնի է, Թորգոմը կամ Տորքը մեր ժողովրդի նահապետներից է։ Եթե Թորգոմի տնից՝ Հայաստանից, ձիեր ու ջորիներ էին տանում Փյունիկիա, կնշանակի մեր պատմական հայրենիքը ձիեր էր արտահանում, մասնակցում էր ձիավաճառության միջազգային առևտրին։ Ձիու մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակին, իսկ 1400 թ. հետո ձիաբուծության ամենահամբավավոր երկրներն էին Հայաստանը և Մարաստանը։ Թորգոմի տան հարևանությամբ գտնվող Տավրոսն էր, որ ձիաբուծության կենտրոն էր և ասորական արձանագրություններում կոչվում էր Մուղրի կամ Մուզրի, իսկ հայ մատենագիրների մոտ՝ Մուզուր, Մզուր, Մնձուր։ Փյունիկիայի քարավանային առևտրի ճանապարհը, ձգվելով Տավրոսից դեպի Սիրիական անապատ, իջնում էր Եփրատ գետի հովիտը, որտեղից նրա մի ճյուղը գնում էր հարավ՝ դեպի Բաբելոն, մյուսը՝ հյուսիս, դեպի Կասպից ծովի ավազանը։ Ահա այս ճանապարհով էր Հայաստանն առևտրային կապեր պահպանում Տյուրոսի, Սիդոնի, Բիբլոսի և Փյունիկիայի այլ վաճառաշահ քաղաքների հետ։ (Այս ամենի մասին խորհուրդ կտամ կարդալ Վ. Ինգլիզեանի «Հայաստան Սուրբ Գիրքի մէջ», Վիեննա, 1947 թ., աշխատությունը): Ըստ Ստրաբոնի, Հայաստանի սատրապը՝ պարսից կառավարիչը, ամեն տարի Միհր աստծո տոնին մեր երկրից 20000 մտրուկ էր ուղարկում Պարսկաստան։ Հույն պատմիչ Քսենոփոնը իր համար մի մտրուկ էր գնել. ըստ նրա, Հայաստանի ձիերն այնքան էլ խոշորամարմին չէին, որքան Պարսկաստանինը, սակայն ավելի առույգ, աշխույժ և կորովի էին։ Եթե նկատի ունենանք, որ Քսենոփոնն ապրել է Ք.ծ.ա. 4-րդ դարում, ապա կնշանակի, որ Հայաստանում ձիաբուծությամբ և ձիավաճառությամբ զբաղվում էին առնվազն 1000 տարի։ Այս երկու օրինակները բավական չե՞ն պնդելու, որ մենք ունենք տնտեսական մշակույթի բազմադարյա պատմություն: Սակայն գանք մեր օրեր: Համացանցում որոնումը ցույց է տալիս խիստ ուշագրավ մի պատկեր. նույն էջում «տնտեսական (տնտեսություն)» և «մշակույթ» բառերի միաժամանակյա առկայությունը անգլերենով 575 մլն է, ֆրանսերենով` 566 մլն, ռուսերենով` 877 հազար, հայերենով` 471 հազար: Ընդ որում, վերջինս զավեշտի աստիճանի ողբալի է` միայն մեկն է, որ անդրադառնում է բուն թեմային, դա էլ հետևյալն է` մի կայք ուսանողներին վաճառում է 13-էջանոց ռեֆերատ` «Տնտեսական մշակույթը որպես տնտեսական վարքի կարգավորիչ», գինն էլ` 3900 դրամ: Սա՛ է, այլ բան չկա, այնինչ վերոբերյալ թվարկման մեջ մենք, եթե ոչ առաջինը կամ երկրորդը, գոնե երրորդը պիտի լինեինք: Մի՞թե զավեշտ չէ` Հերոդոտոսից ու Աստվածաշնչից եկել-հասել ենք ծախու ռեֆերատի մակարդակի:
-Ո՞րն է հետընթացի պատճառը:
-Պատճառները շատ են, բայց կառանձնացնեմ հիմնականները: Առաջին տնտեսական մշակույթով զբաղվողների տարրական չգոյությունը, հասկացության կարևորությունը ոչ միայն չըմբռնելը, այլև անգիտությունից մերժելը: Ժամանակին երկրի նախագահներից մեկի խորհրդականն ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Միամտություն ունեցա պատասխանելու` ազգային կապիտալի ուսումնասիրմամբ: Քա՜հ-քահ ծիծաղեց և ասաց. «Դե ասա` փողի պատմությամբ»: Հիմա այդ նախագահն էլ չկա, խորհրդականն էլ, բայց «քա՜հ-քահ»-ը չի վերացել, հակառակը` քրքիջն ուժեղացել է: Իրենց լեզվով խոսեմ` այո, զբաղվում եմ հայոց փողի պատմությամբ, այն փողի, որն այսօր թիվ 1 շարժիչ ուժն է, որն ավերում է ստեղծելու փոխարեն, որը հոգևորի փոխարեն երկիրը վերածել է նյութապաշտ-սպառողների բնակատեղիի, որը երկրի միլիոնավոր մարդկանց անքուն գիշերների պատճառ է: ՈՒ քանի դեռ չունես պատասխաններ, չգիտես հիվանդության պատճառը, այն բուժել չես կարող:
-Նախ վկայակոչեմ Իսահակյանի հայտնի տողերը. «Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ, բարեհույս, ապուշին հանճար, վախկոտին կտրիճ, տգեղին չքնաղ և պոռնիկին կույս», ապա հարցադրեմ՝ ըստ քեզ, ի՞նչ բան է փողը:
-Մարդկության ստեղծած ամենապարադոքսային երևույթը, որն ըմբռնելու համար այն պետք է դիտարկել երկու տեսանկյունից` կենցաղային-առօրեական և բարոյափիլիսոփայական: Առաջինի պարագայում փողը պայմանական վճարամիջոց է` ապրանքների ու ծառայությունների դիմաց, որքան շատ ունենաս` այնքան շատ կծախսես ու կստանաս: Երկրոդի դեպքում փողը կյանքի աղբյուր է ու մահվան պատճառ, հաջողության ուղի ու կործանման ճանապարհ, ազնվազարմություն ու ցինիզմ, միջոց ու նպատակ և այլն, և այլն: Եթե որոշ ցինիզմով էլ ես առաջնորդվեմ, ապա կասեմ, որ ամեն ինչի տակ պետք է փող փնտրել` մարդու անձնական կյանքից սկսած մինչև պատերազմներ: Մի՞թե համաշխարհային պատմությունը, գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը դրա շուրջ չեն: Ես իմ գրքերում, հարյուրավոր հոդվածներում ձգտել եմ թվարկված որակումների առաջինները ցույց տալ ու քարոզել: Ի վերջո, աշխարհի ժողովուրդները փողի վերաբերյալ հորինել են բազմաթիվ ասույթներ ու ասացվածքներ` իրենց փորձառության խտացվածքները: Ինձ դուր է գալիս հայ հանրագիտարանային գրականության հիմնադիր Թեոդիկի մի ասույթը, որը մոտավորապես այսպես է հնչում` եթե ուզում ես իմանալ փողի ինչ լինելը, պարտք վերցրու:
-Բայց դու հիմնականում օգտագործում ես «հայոց ազգային կապիտալ» բառակապակցությունը:
-Այո, և դա գիտական հիմնադրույթ բնորոշող եզր է: Հայերս ինքնուրույն տնտեսական մտքի պատմություն չունենք և չէինք էլ կարող ունենալ, որովհետև այդ միտքը կարող էր ձևավորվել սեփական պետության ներսում: Մենք պետականությունից զուրկ էինք, սփռված աշխարհով մեկ և առաջնորդվում էինք ուրիշի մտքի, տնտեսական կանոնների պարագծում: Բայց դա հանգեցրեց մեր ժողովրդի առանձնահատկություններից մեկին` այդ պայմաններում ստեղծեցինք բազմադարյա հարուստ ավանդույթներ ունեցող ազգային կապիտալ: Երևույթը ձևակերպելու փորձեր եղել են, տրվել են տարբեր բնութագրումներ («խոջայական կապիտալ», «հայ կապիտալ», «հայկական կապիտալ»), բայց դրանք թերարժեք էին: Տարիների ուսումնասիրության արդյունքում հանգեցի այն եզրակացության, որ ճշգրիտ բնութագրումը «հայոց ազգային կապիտալ» եզրույթն է: Ի դեպ, կապիտալը չի կարելի շփոթել բիզնեսի հետ. բիզնեսը գործընթաց է, որ կարելի է վարել անգամ թշնամու հետ, իսկ բիզնեսի արդյունքը կապիտալն է, որը ժողովրդիդ, նրա կառույցներին ծառայել-նպաստելու պարագայում ձեռք է բերում ազգային բնույթ: Հասկանում եմ, որ լրագրային ընթերցողի համար այս ամենը կարող է տտիպ թվալ, բայց առանց որոշակի պատկերացում տալու անհնար է խոսել վերոնշյալի այժմեականության մասին:
(շարունակելի)

Զրույցը՝

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 25274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ