Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյանի հայտարարությունը լուրջ PR էր ԼՂՀ-ի համար

Բակո Սահակյանի հայտարարությունը լուրջ PR էր ԼՂՀ-ի համար
20.11.2015 | 00:31

Մեծ քաղաքականությանը բնորոշ խաղի կանոններին քիչ թե շատ ծանոթ քաղաքական և փորձագիտական շրջանակների համար վաղուց գաղտնիք չէ, որ տեղի ունեցող գործընթացների շուրջ, առավել ևս միջազգային հարաբերություններում, ավելի խոսուն կարող են լինել ոչ այնքան պաշտոնական կցկտուր հաղորդագրությունները, որքան դրանց ուղեկցող ոչ պաշտոնական լուրերը կամ հիմնականում կառավարվող տեղեկատվական հոսքերը։


Օրերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի շուրջ զարգացումները, թերևս, չգրված այս կանոնի հերթական դրսևորումն էին։
Համապատասխան օղակները Լավրովի այցը ոչ պաշտոնապես փորձում էին «արդարացնել»՝ շշնջալով, թե վերջինս ներկա չէր գտնվել Երևանում կայացած МГИМО-ի շրջանավարտների միջազգային համաժողովին, ուստի նոյեմբերին կատարած այցելությամբ ՌԴ թիվ մեկ դիվանագետն ընդամենը վերադարձնում էր Հայաստանին ունեցած իր պարտքը։
Բայց որքան էլ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաները փորձեցին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանմանը հաղորդել սովորական աշխատանքային, նույնիսկ «քաղաքավարական» բնույթ, այնուամենայնիվ, բոլորին էլ ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունների թոհուբոհում, կառավարվող և որոշ դեպքերում անկառավարելի քաոսի պայմաններում ՌԴ արտգործնախարարը դժվար թե իրեն շռայլություն թույլ տար զուտ ֆորմալ այց կատարել Հայաստան։
Սերգեյ Լավրովի խորհրդավոր այցի շուրջ կյանք ստացան բազմաթիվ վարկածներ, որոնք, բացի հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ընդհանուր համատեքստից, հիմնականում երկու վեկտոր ունեին։ Առաջին՝ շատ հնարավոր է՝ ԼՂՀ խնդրի շուրջ Ռուսաստանի Դաշնությունը նոր առաջարկություններ է բերել։ Եվ երկրորդ՝ շոշափվում են Սիրիայի և Մերձավոր Արևելքի շուրջ զարգացող իրավիճակն ու հեռանկարը, որտեղ գուցե ինչ-որ չափով կարող է հաշվի առնվել Հայաստանի մասնակցության կամ աջակցության գործոնը։ Հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանը գտնվում է մերձավորարևելյան թատերաբեմին շատ մոտ, ինչպես նաև այստեղ է տեղակայված այդ տարածաշրջանին ամենամոտ ռուսական ռազմաբազան։
Հայաստանյան քաղաքական շրջանակներին, մամուլին, հասկանալի պատճառներով, ավելի շատ մտահոգում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսաստանյան առաջարկները, առավել ևս, որ վաղուց արդեն արծարծվում է այն հարցը, թե ռուսները փորձում են վերականգնել իրենց աշխարհաքաղաքական և այլ ազդեցություններն ամբողջ Անդրկովկասում։ Գաղտնիք չէ նաև, որ արդեն երկար ժամանակ Ռուսաստանը բավականին լուրջ սիրախաղեր է սկսել Ադրբեջանի հետ՝ հավանաբար փորձելով վերջինիս ինչ-որ կերպ ներգրավել Եվրասիական միության նախագծի մեջ կամ ավելի ճիշտ՝ այդ միությունն Ադրբեջանի համար հրապուրիչ դարձնելու համար։ Եվ Ադրբեջանն այս համատեքստում սկսել է քողարկված ու բացահայտ առևտուրը՝ տարբեր պաշտոնյաների հայտարարությունների, ակնարկների և այլ տեսքով։ Բնականաբար, Ադրբեջանը Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց առաջին հերթին քաղաքական առաջարկներ է ակնկալում Ռուսաստանից ու մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի հեռանկարների շուրջ։ ՈՒստի ենթադրվում է, որ ՌԴ-ն՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից և ԼՂՀ հարցում երկար տարիների ռազմաքաղաքական հենարան, կփորձի իր ազդեցությունը գործադրելով ՀՀ ղեկավարության վրա՝ Հայաստանին առաջարկել ազատագրված առավելագույնը 5 տարածքները զիջել Ադրբեջանին, իսկ որպես անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը մտցնել տարածաշրջան։ Ըստ փորձագիտական շրջանակների քննարկումների՝ չի բացառվում, որ Ռուսաստանն ահա այս սցենարն է փորձում հրամցնել մեզ։ Ճիշտ է, այս պարագայում այդպես էլ հասկանալի չէ, թե որն է հայկական կողմի շահը:
Շատ հետաքրքիր է, որ Լավրովի այցի հենց հաջորդ օրն այս վարկածը վերլուծության տեսքով հրապարակեց ռուսական, ըստ լավատեղյակ աղբյուրների, ադրբեջանական վերնախավին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը։ Գուցե սա լրացուցիչ փաստարկ է, որ այս տարբերակը, որքան էլ հայաստանյան և ռուսաստանյան պաշտոնյաները հերքեն, այնուամենայնիվ, կարող է սեղանին դրված լինել։ Չի բացառվում, որ այս արտահոսքով մի կողմից շոշափվում են հայաստանյան տրամադրությունները, մյուս կողմից էլ, հավանաբար, Ռուսաստանն ադրբեջանական իշխանական վերնախավին և հասարակությանը հասկացնում է, որ երկուստեք պայմանավորված ուղերձները Հայաստանի առջև բարձրացվել են։
Հետաքրքիր է, որ լավրովյան այցի շուրջ արվող վերլուծություններում աննկատ մնաց պաշտոնական Մոսկվային մոտ գտնվող Eurasia Daily (eadaily.com) գործակալության արտահոսքը, որի վերլուծաբանը, անդրադառնալով շփման գոտում խաղաղապահ ուժերի ներգրավմանը, ընդգծում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի նկատմամբ հայաստանյան կողմի անվստահության հանգամանքը և առաջ է քաշում թերևս սենսացիոն մի վարկած. մատնանշելով լավ տեղեկացված աղբյուրները՝ eadaily.com-ի վերլուծաբանը նշում է, թե չի բացառվում, որ հայկական կողմի անվստահությունը փարատելու համար Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնավարման ավարտից հետո առաջարկվի ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ըստ էության դառնալով խաղաղապահ ուժերի փաստացի ղեկավար։ Ճիշտ է, այս տարբերակի դեպքում անհասկանալի է դառնում, թե լինելով ՀԱՊԿ քարտուղար՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է շարունակել մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում և փաստացի ղեկավարել նաև Հայաստանը։
Ինչևէ, եթե վերոնշյալ վարկածն իրոք ճշմարտանման է, ապա դա նշանակում է՝ Ռուսաստանը, հասկանալով, որ բավականին բարդ է լինելու իր առաջարկները կյանքի կոչել, կրեատիվ մոտեցում է ցուցաբերում՝ կոնկրետ, նույնիսկ անձնավորված մեխանիզմներ առաջարկելով։ Սա խոսում է այն մասին, որ ԼՂՀ հարցի լուծումը և Ադրբեջանին Եվրասիական միություն ներքաշելու հարցը Ռուսաստանի համար շատ կարևոր են։
Գուցե արտահոսքերի համատեքստում պետք է դիտարկել նաև ազատագրված տարածքները փոխզիջելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի հայտարարությունը։ Ի դեպ, ֆորմալ առումով զուտ Արցախի հարցի լուծման մադրիդյան սկզբունքներից բխող պատգամավորի հայտարարությունը բավականին բուռն արձագանք ստացավ։ Թեև ՀՀԿ-ն սկսեց հերքել, թե դա իր պաշտոնական տեսակետը չէ, իսկ ինքը՝ Լ. Մարտիրոսյանը, ստիպված եղավ բացատրել, որ ընդամենը խոսել է վաղուց հայտնի փոխզիջումային տարբերակի մասին, այնուհանդերձ, քաղաքական որոշ շրջանակներում այդ հայտարարությունը չեն շտապում վերագրել միայն անհաջող լեզվի սայթաքմանը։ Ըստ այդմ, այն ավելի շուտ նման է հայկական կողմից տրամադրությունները շոշափելու փորձի։ Մի կողմից` հասարակության և քաղաքական գործիչների կարծիքն են փորձում ճշտել, մյուս կողմից` բացասական տրամադրությունները՝ որպես հակափաստարկ ներկայացնում են ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը նման փոփոխությունների պատրաստ չէ։
Այս համատեքստում շատ հետաքրքիր էր թերևս աննախադեպ մի փաստ՝ Մոսկվայում Արցախի օրերի անցկացումը։ Ռուսաստանում չճանաչված երկրի օրերն ինքնին լուրջ իրադարձություն են։ Բնականաբար, ենթադրվում է, որ նման միջոցառումը չի կարող լինել առանց պաշտոնական Մոսկվայի առնվազն քողարկված հավանության։ Ընդ որում, Ռուսաստանը գնաց այս քայլին՝ չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի ջերմացող հարաբերություններին և այդ գործընթացի շուրջ երկկողմ հավակնություններին։ Եվ իհարկե, ՌԴ-ում արցախյան օրերի ընթացքում ոչ պակաս աղմուկ բարձրացրեց հայտնի ռուսական գործակալության՝ «Ռեգնումի» սրահում անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը։ Պատասխանելով նույն «Ռեգնում» գործակալության ներկայացուցչի հարցին, թե Արցախը պատրաստ է մասնակցելու միջազգային հակաահաբեկչական պայքարին՝ Բակո Սահակյանը նախ ասել է, թե իր երկիրը կարողանում է դիմակայել Ադրբեջանի հարձակումներին, ինչն արդեն հակաահաբեկչական պայքարի դրսևորում է: ԼՂՀ նախագահը նաև հայտարարել է, թե Արցախը պատրաստ է մասնակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: «Այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման, ԼՂՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու այդ ենթակառուցվածքն օգտագործելու շուրջ համագործակցության խնդիրը»,- ըստ «Ռեգնումի»` ասել է Բակո Սահակյանը:
Ավելի ուշ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե Սահակյանն ընդամենը խոսել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին։ Բայց այդ պարզաբանումն ընդհանուր առմամբ ընկալվեց զուտ որպես նյուանսային ճշգրտում:
Այսպիսով՝ Բակո Սահակյանը փաստացի առաջարկեց Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում անմիջապես շփվել ԼՂՀ-ի հետ։ Երկրորդ՝ Բակո Սահակյանը հասկացրեց, որ եթե տարածաշրջանի այդ հատվածում ուժեր մտցնելու խնդիր կա, ապա անպայման չէ, որ դա լինի խաղաղապահների տեսքով. օդանավակայանն օգտագործելն արդեն իսկ ապահովում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը։
Անկախ հայտարարության նկատմամբ հնչած իրարամերժ կարծիքներից՝ ակնհայտ է, որ այն ունի բավականին էֆեկտիվ քաղաքական և դժվար իրագործելի պրակտիկ կոմպոնենտներ։ Բանն այն է, որ Ռուսաստանին դժվար թե գոնե այս պահին հետաքրքրի Ստեփանակերտի օդանավակայանը, քանի որ Հայաստանում ունի և՛ ռազմական բազա, և՛ ցանկացած պահի կարող է օգտագործել «Էրեբունի» օդանավակայանը։ Բացի այդ, ՌԴ-ն եթե անգամ ուզենա օգտվել Ստեփանակերտի օդանավակայանից, գոնե զուտ քաղաքական նկատառումներից և ռուս-ադրբեջանական ռազմավարական փոխհարաբերություններից ելնելով՝ չի կարող այն չքննարկել Ադրբեջանի հետ։ Այս պարագայում դժվար թե նշված գաղափարն Ադրբեջանի սրտով լինի, քանի որ վերահսկողություն Ստեփանակերտի օդակայանի նկատմամբ հասկանալի պատճառներով չունի։
Սակայն եթե պրակտիկ տեսանկյունից Բակո Սահակյանի հայտարարությունն առայժմ դժվար իրագործելի է թվում, ապա այն բավականին լուրջ PR էր ԼՂՀ-ի համար։ Այս քայլը շատ լավ տեղավորվում է միջազգային հակաահաբեկչական ժամանակակից տրենդի շրջանակներում, և այս պրոցեսի գրեթե բոլոր դերակատարները, ուժային կենտրոններն ուշադրություն դարձրին Արցախի նախագահ հայտարարությանը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը փորձում է մեկ այլ ասպեկտով մուտք գործել միջազգային զարգացումների և գործընթացների հարթակ։
Ինչևէ, փաստենք, որ Հարավային Կովկասը դարձել է ռազմական թատերաբեմի դարպասը, ու թատերաբեմը կարծես թե շատ արագորեն մոտենում է Հարավային Կովկասին։ ՈՒւստի ուժային կենտրոնների կողմից այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն ավելանում և ավելանալու է, ինչը նաև թե՛ Հայաստանից, թե՛ ԼՂՀ-ից, որոշ դեպքերում համատեղ, որոշ դեպքերում անջատ, դիվանագիտական ոչ ստանդարտ քայլեր է պահանջելու։

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 31726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ