Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թուրքիան Նախիջևանում իր ռազմական ներկայությունն ունի դեռևս 2003-ից»

«Թուրքիան Նախիջևանում իր ռազմական ներկայությունն ունի դեռևս 2003-ից»
07.09.2018 | 00:28

Թուրքիայի հետ կապված վերջին զարգացումների մասին զրուցում ենք թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայի տնտեսական ճգնաժամը, ազգային արժույթի արժեզրկումը ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ երկրի և, մասնավորապես, Հայաստանի համար։
-2008-ից մինչ օրս Թուրքիայի տնտեսությունը գտնվում է խոր ճգնաժամի մեջ, ինչի մասին, սակայն, քիչ է խոսվում Թուրքիայում: Ինչպես հայտնի է, Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ը կիրառում է պատժամիջոցներ, իսկ պատժամիջոցների հիմնական պատճառը Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալումն է, ըստ ԱՄՆ-ի, անհիմն մեղադրանքով: Սա պաշտոնականն է, սակայն իրականում պատժամիջոցները մի քանի պատճառ ունեն, որոնցից մեկն էլ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն է: ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումից հետո՝ 2018-ի օգոստոսի 1-ից, թուրքական լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել. եթե տարվա սկզբին դոլարի նկատմամբ փոխարժեքը կազմում էր 3,40 լիրա, ապա այժմ այն հասել է 6,70 լիրայի: Ակնհայտ է, որ նման ֆինանսական ճգնաժամը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Թուրքիայի տնտեսության, մասնավորապես, ապրանքների գների վրա: Թուրքիայում օգոստոս ամսին սպառողական գների ինդեքսն աճել է միջինը 2,7 տոկոսով: Իսկ եթե անդրադառնանք կոնկրետ ապրանքատեսակների, ապա ակնհայտ է դառնում, որ առաջին անհրաժեշտության կամ արագ սպառվող ապրանքների գներն աճել են: Այսպես, կենցաղային տեխնիկան և կահույքը օգոստոսին գրանցել են 65 տոկոս աճ, տրանսպորտը՝ 37,2 տոկոս, հագուստը, կոշիկը՝ 29,6 տոկոս և այլն: Թուրքիայի տնտեսությունն այսօր գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Մի կողմից, ահռելի ռազմական ծախսերը փաստացի երեք ճակատով սպառում են ռազմական ներուժը՝ հսկայական ֆինանսական միջոցներ ծախսելով: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով կրած վնասները տնտեսությունը դարձնում են շատ ավելի խոցելի: Բազմաթիվ ներդրողներ դադարեցրել են իրենց ներդրումային ծրագրերի գործընթացը և այդ մասին պաշտոնապես հայտնել Թուրքիայի կառավարությանը, չնայած այն բանին, որ կառավարությունը երաշխիքներ է տվել ներդրումային ծրագրերին: Քանի որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը պայմանավորված է դրամավարկային քաղաքականության ճգնաժամով, ապա կարող եմ փաստել, որ Հայաստանի վրա այն ազդեցություն չի կարող ունենալ, իսկ եթե ունենա էլ, ապա ոչ էական: Թուրքիայի հետ թեև չունենք բաց սահմաններ, բայց մեր երկրների միջև կատարվում է մեծ ծավալի ապրանքաշրջանառություն, ինչը տեղի է ունենում ոչ թե թուրքական լիրայով, այլ հենց դոլարով, որի նկատմամբ լիրան արժեզրկվել է: Հիմնական պատճառը հենց սա է, որ Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն չի կարող ունենալ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը:
-Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցները, կարծես, մերձեցրել են այս երկու երկրները։ Թուրքիայի և ՌԴ հարաբերությունների սերտացումը ի՞նչ փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանում։
-Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Չնայած այն բանին, որ ամերիկյան պատժամիջոցները միավորել են Ռուսաստանը և Թուրքիան, սակայն վերջին իրադարձությունները Թուրքիան և Ռուսաստանը տարան բարիկադների հակառակ կողմեր: Խոսքը վերաբերում է Մոսկվայի և Թեհրանի օժանդակությամբ սիրիական Իդլիբ քաղաքի ազատագրման մասին հայտարարությանը, որին դեմ են Թուրքիան և ԱՄՆ-ը: Ակնհայտ է, որ տարածաշրջանում գերտերություններն ունեն շահեր, որոնք կարող են անգամ չհամընկնել տվյալ ժամանակաշրջանում ռազմավարական գործընկերոջ շահերի հետ: Եթե Ռուսաստանը նախկինում ոչ պաշտոնապես զինում էր Թուրքիայի քրդերին, ապա այսօր դադարեցրել է այդ գործողությունը, փոխարենը նա սատարում է Ասադին: Իսկ ԱՄՆ-ը, եթե նախկինում զինում էր միայն Սիրիայի և Իրաքի քրդերին, այսօր վերանայում է իր քաղաքականությունը և փորձում Թուրքիայի քրդերին ևս ներառել իր ծրագրերում: Տարածաշրջանում միակ փոփոխությունը, որին ես սպասում եմ, քրդական պետության ստեղծումն է, ավելի ճիշտ, նրան անկախություն շնորհելն է «մեծ խաղում» ներգրավված երկրների կողմից: Չմոռանանք, որ դեֆակտո քրդական պետություն գոյություն ունի, մնում է, որ այն ամրագրվի դեյուրե:
-Վերջերս լուրեր տարածվեցին, թե Թուրքիան քայլեր է ձեռնարկում Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ։ Որքանո՞վ են այդ լուրերն իրական, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի վրա։
-Միամտություն կլինի կարծել, թե Թուրքիան Նախիջևանում չունի ռազմական ներակայություն: Դեռևս 2016-ին, երբ սրվել էին Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և Թուրքիայի հարաբերությունները, և Իգդիր նահանգում PKK-ն իրականացնում էր ռազմական գործողություններ, հենց Նախիջևանի տարածքից էր թուրքական զինուժը օգնության հասնում: Պետք է փաստեմ նաև, որ այսօր Նախիջևանում տեղակայված են բավականին լուրջ հրթիռային համակարգեր, ու սա պետք է մեզ համար անհանգստության առիթ լինի: Ընդհանրապես, անկախ այն բանից՝ Թուրքիան ունի կամ չունի, կունենա կամ չի ունենա ռազմաբազա Նախիջևանի տարածքում, այսօրվա դրությամբ ռազմականացված Նախիջևանը մեզ համար վտանգավոր է: Թուրքիան փաստացի Նախիջևանի տարածքում ունի իր ռազմական ներկայությունը դեռևս 2003-ից, կամ գոնե այդ ժամանակ պարզ դարձավ, որ այնտեղ գտնվում են թուրքական զինտեխնիկա և մարդկային ուժ:
-Թուրքիան հայտարարել էր Ռուսաստանից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին։ Վաշինգտոնը հակադարձել էր, թե ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկիրը չի կարող ռազմական գործարքի մեջ մտնել Ռուսաստանի հետ։
-ԱՄՆ-ի պատժամիջոցները նաև մասամբ ուղղված են հենց այս հնարավոր գործարքին: ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ անդամ երկրները չեն կարող ձեռք բերել զինատեսակ, պաշտպանական համակարգ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրից այն դեպքում, եթե այդ զինատեսակը վտանգ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Հենց սա էր պատճառը, որ ԱՄՆ-ը դադարեցրեց Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ, պայման դնելով, որ Թուրքիան հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից: Առայժմ Թուրքիան, կարծես, իր քայլերը կատարում է՝ ելնելով Սիրիայում ընթացող գործողություններից: Եթե նա վերջնականապես որոշի, որ պետք է գնի այդ համակարգերը, ապա չի բացառվում, որ դուրս կմնա ՆԱՏՕ-ի դաշինքից, ինչը ձեռնտու չէ հենց այդ դաշինքին: Չմոռանանք, որ Թուրքիան այդ դաշինքում երկրորդ տեղում է զինված ուժերի քանակով: Պետք է փաստեմ, որ այսօր Թուրքիան գտնվում է կիսաառանձնացված վիճակում, ու դրա պատճառը ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմական գործարքներն են, այլև ազգայնական քաղաքական օրակարգը, որը կարող է հակասել դաշնակից երկրների նկատմամբ ստանձնած պարտականություններին: Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են տարածաշրջանում գտնել Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազային այլընտրանք, դա էլ փաստում է, որ վաղ թե ուշ հնարավոր է՝ Թուրքիան դուրս գա այս դաշինքից կամ էլ մնա դաշինքում բացառապես անդամ պետությունների խաղի կանոններով, բայց ոչ այսօրվա վարվող քաղաքական կուրսով:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 8144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ