Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)
30.11.2018 | 01:01

(Նախորդ մասը)

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ


Հասանք բանտ: Դրսի դուռը փակվեց մեզ վրա: Բանտի առաջին բակում, դրսի դռան դիմաց էր գրասենյակը՝ 4-5 քարե աստիճաններով գետնից բարձր: Երկինքը մռայլ էր, օդը՝ ցուրտ:
Չորս-հինգ հոգի էին կանչում գրասենյակ, մյուսներս սպասում էինք դրսում:
Վերջապես կանչեցին կանանց, բոլորիս միասին: Առանց անուն-ազգանվան: Հարցաքննություն չեղավ: Բայց եղավ մանրակրկիտ խուզարկություն: Տարան մեր վրայի ոսկե ակնեղեն զարդերը:


Ինձնից վերցրին մորիցս հիշատակ մնացած ականջօղերը, նույն ակով ագուցված կրծքի մի քորոց, որ մնացել էր բանտ բերված օրը հագած հագուստիս վրա, թևիս ոսկե շղթայով ժամացույցը՝ քրոջս ամուսնու նվերը: (Հետագայում իմացա, որ ժամացույցս ինչ-որ մեկի սեղանի վրա տեսել էր Խորհրդարանի անդամ Գևորգ Վարշամյանը):
Չվերցրին Եվգենիայի կարմիր բուստե մանյակը, երևի անարժեք համարելով: Եվգենիան չափազանց ուրախ էր, դա դարեդար իրեն հասած ժառանգություն էր, որ զարդ լինելուց ավելի հմայակ էր իր համար: (Նահանջի ճանապարհին էլ նա անբաժան մնաց այդ մանյակից՝ հասցնելով մինչև Թավրիզ):
Խուզարկությունն ավարտվեց, կապոցների միջից բռնագրավեցին նաև սպիտակեղեն, թաշկինակ, երեսսրբիչ, որ շատերն ստացել էին Չէկայում:
Երկրորդ բակում, բանտախցերի կողմից ինձ մի ձայն հասավ.
-Եղսո՜, Եղսո՜, քե՞զ էլ բերին, խեղճ աղջիկ:
Դա մեր գերդաստանից ուսուցիչ, ճեմարանավարտ Արտաշես Ստամբոլցյանի ձայնն էր: Այդպիսով, միաժամանակ երեք Ստամբոլցյանով հայտնվեցինք բանտում:
Հետո իմացա, որ այդ կանչի համար Արտաշեսին պատժել էին մեկուսարանով, ուր բարդացել էր թոքերի հիվանդությունը (մեռավ թոքախտից):


Բազմանդամ էր մեր գերդաստանը, բոլորը՝ առնվազն միջնակարգ կրթությամբ: Չհաշված պատերազմի ժամանակ մեր զոհերին, բոլշևիկյան բռնության զոհ գնացին (հետագայում հետմահու արդարացված) հայտնի դաշնակցական Ավո հորեղբորս չորս զավակները՝ Ներսիսյան ճեմարանն ավարտած ուսուցիչ Անուշավանը, նախկին դաշնակցական, բոլշևիկներին հարած Պարույրը, հրետանու սպա, իշխանությունից զզված և ինքնասպան եղած Տաճատը, Խորհրդարանի պատգամավոր, հանրահռչակ բոլշևիկ Անաստաս Միկոյանի նախկին դասընկեր ու հեղափոխական զինակից Արտակ Ստամբոլցյանը:
Չեմ նշում մեր գերդաստանի ոչստամբոլցյան զոհերին, օրինակ, մորաքույրիս՝ Մ. Մրմռուկյանին, որ պատերազմի սկզբին ուներ յոթ արու զավակ և մեկ աղջիկ. այսօր ողջ է միայն մեկ տղան:

Բանտը ծայրեծայր լցված լինելու պատճառով կանանց համար խուց չէր մնացել: Մեզ տարան հիվանդանոցի բուժզննման սենյակ: Դա մի նեղ, երկարավուն սենյակ էր երկու մեծ, երկաթե ցանցապատ լուսամուտներով:
Մեր տեսադաշտում էին բանտի երկու բակերը՝ գրասենյակի մուտքով հանդերձ, որով ավելի շատ բան տեսանք ու լսեցինք եղերական անցուդարձից, քան խցերում գտնվողները:
Մեզնից առաջ այդ սենյակում կային երկու կին: Մեկը գաղթական, պարմանի, գեղեցկադեմ որբուհի էր: Չիմացանք ինչու էին նրան բանտարկել: Մյուսը «քրեական» հանցագործ էր՝ բանտարկված Հանրապետության օրոք: Դա տարիքավոր օրիորդ Մ. Սաֆարյանն էր, որ մեղադրվել էր իր հարազատ եղբոր (նոտար, թե իրավաբան՝ լավ չեմ հիշում) սպանությանը մեղսակցելու համար (ժառանգության խնդիր էր)։ Բանտում էր նաև մի երիտասարդ՝ Արսեն Ղլըթճյանը, որպես Սաֆարյանին սպանող: Այդ սպանության մեղադրանքով բանտարկված կնոջը տրամադրել էին բոլոր հարմարությունները՝ մահճակալ՝ տնից բերված անկողնով, տնից ուտելիք ստանալու թույլտվություն, իսկ սենյակում գիշեր-ցերեկ վառվում էր թիթեղյա վառարան:


Բանտ մտնելիս ինձ հայտնի չէր նրա պատմությունը, սակայն առաջին իսկ հայացքից նա ինձ դուր չեկավ: ՈՒներ սև սաթի նման փայլուն, երկար մազեր, խորն ընկած չարանենգ աչքեր, երկար մատներով ու եղունգներով չոր ոսկրացած ձեռներ, որոնք գիշատչի ճանկերի էին նմանվում: Բացասական տպավորությունս եղավ պատճառը, որ հարցնեի, թե ով է այդ կինը:
Մերոնցից բուն երևանցիները, գիտենալով նրա ով լինելը՝ ըմբոստացան ու պահանջեցին, որ մեզ տեղափոխեն ուրիշ, թեկուզ ամենավատ խուց: Չէին ուզում բանտակից լինել «քրեական» ՛հանցագործի հետ:
Իհարկե, մեզ լսող չեղավ, բանտում ազատ տեղ չկար: Այս անգամ որոշեցինք անտեսել նրա գոյությունը:
Մի կերպ տեղավորվեցինք: Եվգենիային թողեցինք կաշեպատ նեղ թախտը, որ նա գրավեց իր աշակերտուհու հետ: Երկու հոգի գրավեցին լայն ու երկար սեղանը: Սրբուհին համաձայնեց պառկել սեղանի տակ, մյուսներս՝ հատակի վրա:
Արգելվեց տնից ուտելիք ստանալը: Պիտի գոհանայինք բանտային ջրալի ապուրով ու քարի պես կոշտ, սև հացով:


Մի առավելություն ունեցանք՝ դուռը չփակվեց մեզ վրա, կարող էինք ազատորեն բակ դուրս գալ՝ ծորակից ջուր առնելու համար:
Այդպես եղավ, երբ ես մի անգամ աղբյուրի մոտ հանդիպեցի աշխատանքի նախարար Վարոս Բաբայանին, որն առանց ինձ նայելու փոխանակեց մի քանի բառ: Բակում միշտ զինված հսկիչներ և կոմիսար էին լինում:
«Քրեականը», ինչպես մենք անվանում էինք Սաֆարյանին, տնից կերակուր էր ստանում, իր սեղանին մասնակից էր անում որբուհուն, աշխատում էր շահել բոլորի սիրտը, առաջարկում էր պատառներ, նաև օգտվել իր անկողնուց՝ հանգստանալու համար: Ոչ ոք չէր ընդունում:
Անտեսված լինելն անտանելի էր, տառապում էր այդ կինը, լալիս էր ու ձեռքերը երկինք պարզած՝ Աստված կանչելով ասում. «Աստված վկա, հավատացե՛ք, ես ոճրագործ չեմ, ես չեմ սպանել եղբորս: Այո՛, ժառանգական վեճ ունեինք: Եղբայրս զրկում էր ինձ ժառանգությունից, ձեռքիցս խլել էր նույնիսկ ինձ հասանելք զարդեղենը, ադամանդներս: Լուրը տարածվել էր քաղաքում: Կարծելով թե այդ զարդեղենը նա պահում է իր գրասենյակում, որոշ մարդիկ նույնիսկ գիշերներ էին անցկացնում այնտեղ, որպեսզի կողոպտեն: Այդպես մի օր եղբայրս գտնվել էր խեղդամահ, զարդեղենն էլ կորած: Ո՛չ, ո՛չ, ես չեմ սպանել նրան, ես չեմ վերցրել զարդեղենը: Հավատացե՛ք, խղճացեք ինձ: Ինչպե՞ս կարելի է, որ մի քույր… Արդա՛ր եմ, արդար, Աստված վկա»:


Ես խղճում էի այդ տառապող էակին: Ամեն մարդ, թեկուզ պարագաների բերումով՝ հանցագործ, իր հոգում ունենում է մի լուսավոր անկյուն: Արդա՞ր է, արդյոք, որ մարդիկ, իրենց համարելով ավելի բարձր, քան վատ արարքի մեջ գտնվածը, փակեն դուռը նրա առջև՝ լավն էլ մեռցնելու համար:
Ես, որպես իրավաբանության ուսանողուհի, հետաքրքրված էի այդ «ոճրագործով», ուզում էի հետը խոսել, ճանաչել իր ներսի մարդուն, բայց խուսափում էի, որովհետև ինչ-որ բան ինձ հետ էր պահում նրա հետ մտերմանալուց:
Նրա համար երիտասարդ բանտապետը, անունը Ռուբեն (ազգանունը չիմացանք), հաճախ գալիս էր մեր սենյակ, նստում վառարանի մոտ, կատարում այդ կնոջ բոլոր պահանջները՝ «այս տար, այն բեր» և այլն: Այդ պատճառով խոսք էր ուղղում նաև մեզ բոլորիս, կարծես իր հսկողությանը հանձնված բանտարկյալներ չլինեինք: Բացի այդ, «քրեականը» օրը երկու անգամ առանց կանչվելու ազատորեն գնում էր գրասենյակ, այնտեղ մնում բավական ժամանակ ու երբ վերադառնում էր, սև աչքերը արտակարգ փայլում էին: Մասնավոր ի՞նչ գործ ուներ նա բանտապետի հետ, որ իրենից շատ ավելի երիտասարդ մեկն էր: Լրտեսու՞մ էր մեզ: Բայց մենք իր ներկայությամբ ոչինչ չէինք խոսում:


Փետրվարի 14-15-ը անցան առանց հիշատակելի դեպքի, եթե չհաշվենք որբուհու անհետանալը մեր սենյակից: Նա էլ մեզ պես ազատ բակ էր դուրս գալիս: Մի անգամ գնաց և այլևս չվերադարձավ: Ի՞նչ եղավ՝ չիմացանք: Սենյակում նրանից ոչինչ չէր մնացել, իր հետ բանտ բերած ոչինչ չուներ: Ոչ «քրեականը» և ոչ էլ բանտապետը չխոսեցին նրա մասին, ասես ոչ եղել էր, ոչ էլ կար: Ի՞նչ էր լինում աշխարհը, ի՞նչ էր լինում մարդ արարածը…
Տխուր էի:

Մեզ արդեն նեղում էր քաղցը… Շատերը չէին կարողանում նույնիսկ ծամել, կուլ տալ սև, չոր հացը: Ապրում էինք միայն ջրով: «Քրեականն» աղաչում-պաղատում էր, որ մասնակցենք իր առատ, լեփ-լեցուն սեղանին: Բայց՝ իզուր: Բոլորս առաջարկեցինք, որ գոնե Գայանեն, որ շատ երիտասարդ էր քաղցին դիմանալու, մի բան ուտեր: Բայց նա էլ մերժեց: «Ինչպես դուք, այնպես էլ ես,-ասում էր այդ կորովի աղջնակը՝ գլուխը սեղմելով իր ուսուցչուհու կրծքին:- Դուք անոթի եք, ինչու՞ միայն ես պիտի ուտեմ: Չեմ ուզում»:
Երևի այդ աղջկա պահվածքից ազդված, «քրեականն» ինքն էլ այդ օրը մեր ներկայությամբ ոչինչ չկերավ և կապոցն առանց բացելու հանձնեց բանտապետին: «Տարեք,- ասաց,- չեմ ուզում, եթե սրանց քաղցած պիտի մեռցնեք, ես էլ կմեռնեմ իրենց հետ, չեմ ուզում»:
Իր կանչը ջղային ճիչի վերածվեց, ինչն, իհարկե, չազդեց բանտապետի վրա, որն առավ կապոցն ու գնաց, երևի վստահ, որ իր «պաշտպանյալը» քիչ հետո հանգստացած կգա գրասենյակ և այնտեղ կուտի իր համեղ ճաշը:

Երեկո էր: Դրսում ծանր փաթիլներով ձյուն էր տեղում: Տասը քայլի վրա ոչինչ չէր երևում: Բանտում ինչ-որ արտառոց բան էր կատարվում: Բեռնատար մեքենաներ էին գալիս-գնում՝ մեծ աղմուկ հանելով նեղ փողոցում:
Մենք հավաքվել էինք գրասենյակին նայող պատուհանի առջև՝ մի բան տեսնելու ակնկալիքով: Չէինք խոսում:
Այդ օրը մեկ անգամ էլ աղբյուրի մոտ հանդիպել էի նախարար Վարոս Բաբայանին, որը կարողացել էր միայն մի նախադասություն ասել. «Այս գիշեր զգույշ եղեք»…
Ի՞նչ պիտի լիներ այդ գիշեր, ինչի՞ց պիտի զգուշանայինք, ինչպե՞ս պիտի զգուշանայինք… Սպասում էինք ինչ-որ բանի, որի անորոշությունը մեզ տանջում էր:
Տեսնում էինք դրսից եկող մարդկանց ելումուտը գրասենյակ: Պահակների թիվն ավելացել էր, զույգ-զույգ տասը-քսան քայլի վրա շրջապատել էին բանտի զույգ բակերը, կարծես դիրք էին բռնել բանտախցերի պատուհանների առջև:


Դրսի անցուդարձը լավ տեսնելու համար ինչ-որ մեկը հանգցրեց սենյակի լույսը: Սակայն տեղացող ձյունը թույլ չէր տալիս բան տեսնել:
Հանկարծ դուռը բացվեց:
-Ինչու՞ եք լույսն անջատել, արգելված է,- հնչեց բանտապետի ձայնը:
Լույսը միացվեց, ու բանտապետի հետևից ներս մտան չորս-հինգ կոմիսարներ: Նրանցից մեկը հաղթամարմին Անտոն Անտոնյանն էր, որին տեսել էի Դաշտոյանների տանը: Մյուսը, որին ճանաչում էի Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից, որպես «վատ վարքի» համար վտարված աշակերտ, Շավարշ Ամիրխանյանն էր՝ այդ ժամանակ Երևանի Չէկայի նախագահը: Մյուսներին չէի ճանաչում:


Հին ծանոթության բնազդական մղումով նա ինձ բարևելու ձեռք մեկնեց, որ ես անտեսեցի: Մեր միջև տեղի ունեցավ մի խոսակցություն իր դասընկերներից Արտակ Ստամբոլցյանի մասին, որ այստեղ կարևոր չեմ համարում հիշատակել: Մյուսներն առանձնապես չխոսեցին ոչ մեկիս հետ: Թե ի՞նչ նպատակով էին եկել մեր սենյակ՝ չհասկացանք: Այդ այցելության հետևանքն այն եղավ, որ դրսից դուռը բանալիով փակեցին:
Քիչ անց սկսվեց 16-ի գիշերվա ահավոր եղելությունը: Նեղ փողոցում կանգնած բեռնատար մեքենաները գործում էին ամբողջ ուժով՝ խլացնելով մարդկային ձայները: Լսվեց արտասովոր մի մռունչ, հետո հնչեց «օգնությու՜ն» կանչը՝ դուրս թռած հարյուրավոր կրծքերից, ապա որոշակի բառեր. «Մեզ տանում են սպանելու, օգնությու՜ն»…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Բանտարկյալները  երևանյան փողոցում
  • Երևանի Ղանթարի շուկայում
Դիտվել է՝ 4629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ