Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ընտրածների ու չընտրածների խորհրդարանը

Ընտրածների ու չընտրածների խորհրդարանը
11.12.2018 | 00:16

7-րդ գումարման Ազգային ժողովն ընտրվեց: Խորհրդարան անցան «Իմ քայլը»` 70,43 տոկոս, ԲՀԿ-ն` 8,27, ԼՀԿ-ն` 6,37: Խիստ նախնական հաշվարկներով` Աժ-ն կունենա 129 պատգամավոր` «Իմ քայլը»` 86 մանդատ, ԲՀԿ` 25, ԼՀԿ` 18:


«Ես կերազեի գրել լուսավոր բաներ, հուսադրող բաներ հայրենիքիս մարդկանց մասին, հայրենիքիս մարդկանց գիտակցության, ստեղծարարության, արժեքների հեղափոխություն ասածը տեսած ու հասկացած մարդկանց մասին, մարդկանց մասին, որ պատմությունից քաղում են դասեր, բայց… Շիտակն ասած՝ մի վերջին անգամ կարելի ա, իհարկե, ասել՝ մեղքը քո վիզը, դու բախեցիր, ու քեզ բացվեց, ու առանց բեկումի դու ահա արժանի ես նրան, ով պիտի քեզ իշխի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք էր ցույց տալ, որ, հա, ինքը հիմա կգնա, իր ձայնը կտա, ու կընտրվի հենց նա, ում որոշեցինք։ Բայց հիմա նայենք իրականության աչքերին: Ես 21 տարեկան եմ։ Երկար ժամանակ ապրել եմ էն հաճելի մոլորության մեջ, թե իմ ազգը ասպետությունը գիտե ուղնուծուծով, թե իմ ազգն աշխատող է, թե մենք ենք ու մենք հարայ-բուդուր։ Հա՞, որ։


Պատմության մտահոգիչ կողմն է նա, որ մեծ հաշվով, մարդիկ թքած ունեին, որովհետև.
ա) իրոք փող չե՞ն տալու
բ) դրանցից որն ա ինչ արել ինձ համար
գ) ձեզնից ով էլ երեխուս գործի դրեց, նրան էլ կընտրեմ
դ) Նիկոլի ցավը տանեմ։


Լուծեք ռեբուսը. երբվանի՞ց ազգը դարձավ էդքան մուրացիկ, չարչի։ Երբվանի՞ց մենք ունենք յոթմետրանոց կարծիք մեր արժանիքների ու կարողությունների մասին, երբվանի՞ց ու ո՞վ մեզ ներշնչեց, թե մենք պիտի իշխանության, պետականության վրա ծախենք մեր երկրում մնալու, ախ, հայրենանվեր ու գովքի արժանի փաստը։ Երբվանի՞ց ու ո՞վ մեզ ասաց, ով, հայ ժողովուրդ, դու բան էլ մի արա, ապրի քո խորն արտահայտված դեգրադացիան ու ամեն ինչ կլինի պո մասլու։
Ես 21 տարեկան եմ։ Հայրենիքը սիրելն ինձ համար երբեք չի եղել ինքնանպատակ։ Ինչ-որ ալֆա-արուի մինչև կոկորդս սիրելու փոխարեն ես օրերով չեմ քնել, որ ինչ-որ մեկը կարդա օտար լեզվով կամ հենց իմ լեզվով որևէ մեկի ասածն ու հիանա։ Գիշերներով ես նայել եմ առաստաղի նույն կետին ու հարցրել՝ բա մի՞թե տգիտությունը կարող է էսքան խոր լինել։ Մեծ հաշվով՝ 21 տարվա իմ կյանքի գիտակցական հատվածը մի մեծ հարցադրում ա եղել՝ մի՞թե մարդիկ ոչինչ չեն հասկանում։ Երևի ես վատատես եմ։ Աստված տա։ Բոլորիս մաղթում եմ, որ ետ ստանանք «Երկրի զգացողությունը»։ Բոլորիս մաղթում եմ, որ այլևս ոչինչ չծախենք հայրենիքի վրա։ Որ, էդ անտերը, գիտակցենք՝ մենք արժանի ենք էն ամենին, ինչ կատարվում ա մեզ հետ, և արժանի ենք լինելու նրան, ինչ պիտի կատարվի։
Ես ուզում եմ, որ իմ աղջիկն ու տղան ծնվեն էն երկրում, որի մասին ես երազել եմ ու երազում եմ։ Երկրում, ուր մարդիկ ունեն Երկրի, հայրենիքի զգացողությունը։
Շնորհավոր Նոր տարի»։


Հեղինակը ես չեմ, լուսավոր մի աղջիկ է` Լուսին Աթաբեկյան, որ ձայների հաշվարկից մի քանի ժամ անց գրել էր Ֆեյսբուքում: Գրել էր ավելի լավ ու ավելի դիպուկ, քան ես կգրեի: ՈՒ հենց նրա` Լուսին Աթաբեկյանի ու նրա նման մտածողների համար եմ գրում այս տողերը:
Այո, 21-րդ դարում Հայաստանն առաջին անգամ ընտրեց ազատ ու արդար, ու ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների պատկերն արտացոլում է ժողովրդի ընտրությունը: Հետընտրական գործընթացներ չեն լինի` մարդիկ փողոց դուրս չեն գա ու չեն պահանջի անվավեր հայտարարել ընտրությունների արդյունքները, որոնք կեղծվել են զանգվածաբար: Արդյունքները չեն կեղծվել: Կեղծվել է պատմությունը: Մեր պատմությունը: Ոչ ոք իրեն չի հարցնում` ո՞ր ժողովուրդն է ընտրել: Ա՞յն ժողովուրդը, որ տասնամյակներով ինքն իրեն ներշնչել է` Ռուսաստանը մեր պաշտպանն ու փրկիչն է, ու ինչ էլ արել է Ռուսաստանը հակառակն ապացուցելու` սկսած Կարսը, Արդահանը, Սարիղամիշը Թուրքիային նվիրելուց, Նախիջևանն ու Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց, «Կոլցո» օպերացիայից մինչև պարտքի դիմաց գույք գանձելուց ու Հայաստանի արդյունաբերական հզորությունը փոշիացնելուց, ռազմավարական նշանակության ոլորտները ինքն իրեն սեփականաշնորհելուց մինչև 2016-ի քառօրյա պատերազմ, նույն այդ ժողովուրդը ռուսի «օրհնած ոտից» չի հրաժարվում: Ոչ այն պատճառով, որ չի հասկանում:

Այլ այն պատճառով, որ գնում է Ռուսաստան ու օրվա հաց է վաստակում, որ հայրենիքում ընտանիք պահի: Այն պատճառով, որ Հայաստանի անկախ հանրապետությունը ինքն իր համար գոյատևելու հեշտ ճանապարհ էր գտել` տրանսֆերտ: Որովհետև Հայաստանի անկախ հանրապետության վարչապետները մտածում էին ոչ թե արդյունաբերություն վերականգնել ու աշխատատեղ ստեղծել, այլ` աշխատուժ արտահանել: Ձեռնտու էր բոլոր առումներով` փողը մտնում է երկիր, ակտիվ հատվածը հեռանում էր ու չէր դառնում բողոքական զանգված: Պետությունը ժողովրդին դարձրեց սպառող ու մուրացկան, որ սպասում է` փող տան-ապրի: Դեկտեմբերի 9-ին ընտրություն էր անում այն ժողովուրդը, որի կեսը մնաց տանը, որովհետև այս ընտրություններում փող չէին բաժանում: Կամ, ինչպես Արարատ Միրզոյանը բացատրեց, անձրև էր գալիս: Դեկտեմբերի 9-ին ընտրություն էր անում այն ժողովուրդը, որ իր համար մշակել է իշխանության բացարձակ պաշտամունք` ով էլ լինի այդ իշխանությունը` իր չընտրածը, թե իր ընտրածը, թեկուզ այլմոլորակային, որովհետև համարում է, որ միայն իշխանությունը լծակ ունի, մյուսները քամի են անում: Գաղափար-մաղափար, այլընտրանք-մայլընտրանք, կուսակցություն-մուսակցություն, ընդդիմություն-մընդդիմություն` ու՞մ է դա պետք: Ոչ մեկին, որովհետև ոտից գլուխ իրեն կոնկրետ ոչինչ չեն տալիս` գործի չեն տեղավորում, ուսման վարձ չեն տալիս, բժշկի փող չեն տալիս… Այս ընտրություններում ընտրեց այն ժողովուրդը, որ չունի Հրանտ Մաթևոսյան, Հակոբ Հակոբյան, Աղասի Այվազյան: Այն ժողովուրդը, որ այլևս չունի մտավորական, որ իրեն կասի` դու սխալ ես, դու քեզ կորցրել ես ու քեզ ճանապարհ ես դարձրել փակուղին, այն ժողովուրդը, որ մտածող մարդուն համարում է բորոտ կամ խելագար: Այն ժողովուրդը, որ կատվի պես շոյվում է, երբ իրեն անվանում են «Հայաստանի հպարտ քաղաքացի» ու ստանում իր բարեհաճ մլավոցը: Այն ժողովուրդը, որ տասնամյակներով վարժվել է, որ ինքը պատասխանատվություն չունի պետության համար, որ պետությունը օտարոտի մարմին է` միայն պահանջում է ու չի տալիս ոչինչ, ու ինքը պիտի իր գլուխը պահի: Երբ չկա կոլեկտիվ պատասխանատվություն ու չկա հայրենիքի զգացողություն, մնում է պրագմատիզմը: Վերջապես այս ազատ, արդար ու փառահեղ ընտրությունը կատարեց այն ժողովուրդը, որ փոփոխություններ է ուզում, բայց փոխվել չի ուզում: Այն ժողովուրդը, որ չի հաղթահարել վախը, չունի իդեալներ ու արժեքներ, վաղուց դադարել է ոչ միայն մտածել, այլև երազել: Ավելի ստույգ` ունի արժեքներ ու նույնիսկ արժեհամակարգ, որի հիմքում մնում է «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը: ՈՒ դա ազգի նկարագիր է: ՈՒ այդ ժողովրդին պետք է ախտորոշել ու բուժել` նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը չի ընդունում հիվանդությունը, կյանքը կարճանում է: Հետընտրական Հայաստանի միակ իմաստը դա է` փոխել ժողովրդի որակն ու մակարդակը: Հակառակ պարագայում ևս մի քանի տասնամյակ ընտրության գնալու է մի ժողովուրդ, որ ընտրվողից առաջինը հարցնելու է` ինձ համար ի՞նչ ես անելու, բայց չի հարցնելու` պետության համար ի՞նչ ես անելու: ՈՒ դա սերնդի փոփոխության խնդիր չէ: Այո, քաղաքական ասպարեզ է մտնում անկախության սերունդը, բայց այս մթնոլորտում այդ սերնդի համար էլ լավագույն ավանդույթ է կարիերայի համար սկզբունքներ չունենալը, արժեքի ու գնի ընտրության մեջ` շատով էժան առնելն ու թանկ վաճառելը: Մենք ենք այդ մթնոլորտը ստեղծել հարմարվողականությամբ, դավաճանությունը հավատարմություն ներկայացնելով, ստի ու կեղծիքի մեջ ապրելն օրինաչափություն դարձնելով ու բացարձակ բացակայությամբ այն աղի, որ համի զգացողություն է տալիս:
Այս ժողովուրդը այսօր խորհրդարան բերեց հեղափոխություն արածներին, հեղափոխության հասցրածներին ու նրանց կրկնակին: Սա անտրամաբանական է նվազագույնը: Փաստացի այս ժողովուրդն իր ընտրությամբ չավարտեց հեղափոխությունը, այլ մտցրեց փակուղի: Իր 70 տոկոսով ՔՊ-ն մնալու է միայնակ` չունենալով ընդդիմություն, որ ուժեղացնելու ու ամրապնդելու է նրան, այլ ունենալով ֆանտաստիկ խառնուրդ, որի մի հատվածը շարունակելու է քաղաքականությունը հասկանալ բարեգործություն ու գնելու է իր տեղը քաղաքական դաշտում, մյուս մասը դառնալու է ՀՀԿ-2: 7-րդ գումարման Ազգային ժողովը ճշգրիտ պատկեր է 2018-ի Հայաստանի, որտեղ սևերն ու սպիտակները դառնում են գորշ ու ծաղկեցնում գաղջն ու գոլորշին: Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ նոր միայն սկսվում է:
Տնտեսական հեղափոխությունը, որ խոստացվել էր քաղաքական հեղափոխությունից հետո, տեղապտույտ է տալու, որովհետև իր ազատ, արդար ու փառահեղ ընտրությամբ Հայաստանը մնաց ռուսական ազդեցության դաշտում` իշխանության ու ընդդիմության ամբողջ կազմով: Եվ դեռ երկար հանրությանը զբաղեցնելու են ո՞վ կլինի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, ու՞մ կբռնեն, ու՞մ գրավով բաց կթողնեն, ինչու՞ ներդրումներ չեն արվում, ինչու՞ է Հայաստանը անվերջ պարտքեր վերցնում ու դեռ ինչքա՞ն է դեգերելու եվրասիական անծայրածիր տափաստաններում` Նազարբաևի ու Լուկաշենկոյի հետ տեղական նշանակության մարտերով: Ինչ-որ տեղ հեռվում կմնա մեծ աշխարհը, որտեղ զարգացումն է ու իրական փոփոխությունները, որտեղ ներդրումներն են ու տեխնոլոգիաները, բայց մենք կապրենք մեր Ծմակուտում, որտեղ այլևս չկա Նոյ նահապետը ու չկա Տերը: Փաստացի` Մովսեսի հետ, թե առանց Մովսեսի` մենք պտտվում ենք մեր իսկ ստեղծած անապատում ու արդեն ուրացել ենք Ավետյաց երկիրը, Ոսկե հորթը իր նոր տրենդներով մեր մեջ է ապրում, ոչ մի մարգարե չի կոտրի ու պատվիրանները չի պարզի իբրև ճանապարհ, քանի դեռ մենք մեզ չենք հասկանում:
Իսկ մինչ այդ` ընդամենը արձանագրենք.


1. 7-րդ գումարման Աժ-ն ոչ այնքան ընտրածների, որքան չընտրածների խորհրդարանն է: Ընտրության մասնակիցների 48,63 տոկոսը, եթե նույնիսկ համարենք ընտրողների ոչ ռեալ թվի արգասիք, միևնույն է, հեղափոխություն արած հպարտ քաղաքացին մնացել է նախահեղափոխական կյանքում:
2. Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արեցին ՀՀԿ-ին ԱԺ տանելու համար ու ստանալու ընդդիմություն, որի ձայնը ամենահեշտն է կտրելը` «նախորդ հանցավոր ռեժիմի» տարեգրությունից մեջբերումներով, չստացվեց: ՀՀԿ-ի 59059 ձայնը կամ 4,70 տոկոսը վկայում են` ՀՀԿ-ն չպիտի մասնակցեր ընտրությանը:
3. Ընտրություններում չէր շրջանառվում նորին մեծություն 10-հազարանոցը, բայց իր խոսքն ասաց վարչական ռեսուրսը` գյուղապետից մարզպետ իրենց պատվի հարցն էին համարում իշխանությանը ծառայել, ու դա կապ չունի ՔՊ-ի հետ:
4. «Ելքի» ու «Լույսի» հաշվին` մենք երկրորդն ենք ասելով ԱԺ մտավ ԼՀԿ-ն, որ արագ թոթափելու է իրեն ընտրածների պատրանքները ու նախաձեռնելու է հերթական իշխանափոխությունը` ներքին վերափոխումներից հետո:
5. 7-րդ գումարման ԱԺ-ում չձևավորվեց ՔՊ-ի մենիշխանությանը հակակշիռ, ու դա երաշխիք է, որ ՔՊ-ն սկսելու է տրոհվել ու մասնատվել:
6. Նորաստեղծ կուսակցություններն ընտրարշավով ավարտեցին առաքելությունը, իսկ ընտրություններում ընդամենը ձայներ փոշիացրին:
7. «Մենքի» 2 տոկոսը վկայում է, որ, այնուամենայնիվ, մտածելու ունակ 2 տոկոս մարդ կա ու ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, նրանն է փողոցը, որտեղ այսուհետ ապրելու են Հայաստանի ռեալ հեռանկարն ու ապագան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Թող 7-րդ գումարման ԱԺ-ն չկրկնի 6-րդի ճակատագիրը` որևէ զարգացման նախապայմանը կայունությունն ու կանխատեսելիությունն է: Հայաստանին ներքին խաղաղություն է պետք` արտաքին պատերազմը կանխելու համար: Կյանքը շարունակվում է, ամեն ինչ նոր միայն սկսվում է: 21 տարեկանների համար` հատկապես: ՈՒ ոչ միայն նրանց:

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ