Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս ընտրություններով ժողովուրդը քաղաքական գործիք լինելուց պետք է վերածվի իրական գործոնի»

«Այս ընտրություններով ժողովուրդը քաղաքական գործիք լինելուց պետք է վերածվի իրական գործոնի»
11.12.2018 | 00:25

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հետընտրական գործընթացների թեմայով զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։

-Ընտրություններից հետո երկրի կառավարումը գրեթե միաբևեռ է լինելու, ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել միայն մեկ ուժի ձեռքում գտնվող կառավարումը:
-Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երբ մեկ ուժ ստանում է քվեների ճնշող մեծամասնություն, նրա նկատմամբ ձևավորվում է լեգիտիմության բարձր աստիճան, ինչը չի նշանակում, որ այդ լեգիտիմությունը ժամանակի ընթացքում չի կարող դառնալ ռիսկային կամ անկում արձանագրել: Միևնույն ժամանակ այդպիսի միաբևեռությունը կարող է կայունություն հաղորդել քաղաքական համակարգին, քանի որ այս դեպքում առաջնային պլան է մղվում ոչ թե կառավարման ձևը, այլ կառավարելիության աստիճանը: Կառավարումը ստանձնած ուժը պետք է կրի իր ուսերին դրված պատասխանատվությունն ամբողջ ծավալով, ամեն բան անի, որ իշխանական և ընդդիմադիր թևերի միջև կառուցողականություն լինի, քանի որ առանց դրա չեն կարող բացառվել առաջիկա ապակայունացնող բնույթի քաղաքական գործընթացները:
-Գաղափարական պայքարի դրսևորումներ եղա՞ն այս ընտրապայքարի ընթացքում:
-Գաղափարական պայքարի պահանջ չենք տեսել ո՛չ հասարակության, ո՛չ էլ քաղաքական ուժերի մոտ: Մեր քաղաքական մշակույթում դեռ չի ձևավորվել քաղաքական ուժերի գաղափարականացման հստակ պահանջ: Դրանով է բացատրվում նաև քաղաքական դաշտում կուսակցությունների առատությունը: Ընտրությունների ժամանակ կային նորաստեղծ որոշ քաղաքական միավորներ, որոնք փորձեցին գաղափարական դաշտում պայքարել՝ առաջարկելով ազգայնական, արմատական, քրիստոնեա-ժողովրդավարական, սոցիալ-ժողովրդավարական հստակ գաղափարախոսություններ, սակայն նրանք ընդհանուր ընտրապայքարի ձևաչափի վրա չկարողացան մեծ ազդեցություն ունենալ. ընտրողը սովոր է կամ վարժեցվել է այլ պայքար տեսնելուն: Հիմնականում նախկիններին մերժելու, ինչպես նաև կենցաղային, սոցիալական հարցերի լուծմանն ուղղված խոստումներով բավարարվելու պահանջ կար: Այսինքն՝ ընտրողին պետք է ասել այն, ինչն ինքն է ուզում լսել: Այս մոտեցումը շատ ավելի արդյունավետ եղավ: Ապագաղափարական պայքարին նպաստեց նաև չբարեփոխված ընտրական օրենսգիրքը, որը կրկին առաջնային նշանակություն հաղորդեց անձերին, չնայած խորհրդարանական համակարգ ունեցող պետություն ենք, և այս վիճակն ուղղակիորեն հակասում է պառլամենտարիզմի կայացմանը:
-Եթե գաղափարական պայքար չի եղել, ապագա խորհրդարանից ի՞նչ է պահանջելու ընտրողը:
-Գաղափարախոսության պահանջ չունեցող ընտրողը չի կարող ծրագրեր ակնկալել: Նրա հիմնական ակնկալիքը լինելու է սոցիալական խնդիրների կարգավորումը՝ աշխատավարձի, թոշակի, նպաստի բարձրացում, աշխատատեղեր և այլ կենցաղային հարցեր: Հանրության հավաքական որակից է կախված լինելու նաև խորհրդարանի որակը: Քանի դեռ ՀՀ գերքաղաքականացված քաղաքացին չի դարձել քաղաքականապես գրագետ, նա չի կարող քաղաքական ուժերից կամ ԱԺ-ից գաղափարներ և ծրագրեր պահանջել: Ոչ միայն պետությունը, այլև մենք՝ քաղաքագետներս, հասարակությանը քաղաքականապես կրթելու հարցում դեռ մեծ անելիք ունենք:
-Ընդհանուր առմամբ՝ ընտրությանը ի՞նչ բնութագիր կտաք: Սա հեղափոխության մրագրու՞մն է:
-Այս ընտրությունը ես կբնութագրեմ որպես մեկ քայլ առաջ, քանի որ մասնակիորեն և ձևական առումով ամրագրվեց հեղափոխությունը: Սակայն խորքային, բովանդակային առումով դեռ շատ են անելիքները: Հեղափոխություններն ամբողջապես հաղթում են այն ժամանակ, երբ դրանց սահմանած արժեքներն ամրագրվում են ժողովրդի գիտակցության մեջ և դրսևորվում որպես վարքագիծ: Հեղափոխության արժեքների իրացման համար առնվազն պետք է չցածրացնել այն նիշը, որը սահմանեց այս ընտրությունը: ժողովուրդը պետք է գիտակցի, որ այս ընտրությամբ պետք է դադարի լինել քաղաքական գործիք և վերածվի իրական գործոնի, անցում կատարի իշխանության ինստիտուցիոնալ ընկալման: Միայն այս դեպքում հնարավոր կլինի քայլ առ քայլ ամբողջականացնել հեղափոխությունը և քաղել դրա պտուղները:
-Ինչպիսի՞ն էր նախընտրական ընթացքը, և ինչպիսի՞ հետընտրական զարգացումների կարող ենք ականատես լինել:
-Որպես արտահերթ ընտրության նախընտրական ընթացք՝ շտապողականության և ոչ լիարժեքության տպավորություն առաջացավ: Սակայն դա տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ: Երբեք հնարավոր չէ ռևոլյուցիոն քաղաքական գործընթացը բացատրել էվոլյուցիոն գործընթացի մեթոդաբանությամբ: Այնպես որ, ասել՝ քարոզարշավը կարող էր լինել ավելին, քան է՛ր, միանշանակ չէ: Բոլոր ուժերն արել են իրենց ներուժի առավելագույնը՝ հաշվի առնելով նաև ժամանակի սղությունը: Եթե ընտրության արդյունքները կասկածի տակ չեն դրվելու, ապա հետընտրական զարգացումների մասով զարգացումներ չեն լինի: Իհարկե, կլինեն դժգոհություններ, խորհրդարան չանցած ոչ բոլոր ուժերն այդ փաստը միարժեք կընդունեն: Սակայն ողջունելի կլինի, որ նրանք չպասիվանան, դուրս չգան քաղաքական դաշտից, այլ շարունակեն իրենց գործունեությունը՝ ձևավորելով նաև արտախորհրդարանական ուժերի դաշտը, ինչը պակաս կարևոր չէ: Այդ ուժերը պետք է հաշվի առնեն, որ այս ընտրությունն արտահերթ էր՝ որպես ֆորսմաժորային քաղաքական գործընթացի հետևանք: Իսկ երբ ընտրությունը տեղի է ունենում բարձր հուզական ֆոնի ազդեցությամբ, ռացիոնալությունը երկրորդական է դառնում: Արտախորհրդարանական ուժերը ևս կարող են իշխանական (նաև խորհրդարանական ) ուժերին զսպելու, իրավիճակն ադեկվատ գնահատելու, ճշմարիտ ուղուց չշեղվելու հարցում հակակշիռ դառնալ՝ հավակնելով հաջորդ ընտրություններին լինելու խորհրդարանում:
-Նոր ուժերը, որ առաջին անգամ էին մասնակցում ընտրություններին, անցողիկ շեմը չհաղթահարեցին: Սա փորձաքար կարելի՞ է համարել նրանց համար, թե՞ վերջիններիս ծույլ ու այլընտրանք չառաջարկող աշխատանքի հետևանք է:
-Նոր ձևավորված ուժերի համար սովորաբար դժվար է լինում մասնակցությունն առաջին ընտրություններին, առավել ևս եթե նրանք չեն տիրապետում մեծ ռեսուրսների: Բայց եթե այդ հարցը դիտարկենք հեղափոխության տրամաբանության համատեքստում, ապա այն նորաստեղծ ուժերը, որոնց առանձին ներկայացուցիչներ եղել են հեղափոխության շարքերում, հայեցակարգային հիմքերում կամ դրանից առաջ ցուցաբերել են հեղափոխական վարքագիծ՝ հակադրվելով նախկին իշխանությանը, նույնպես պետք է հայտնվեին խորհրդարանում՝ գոնե հաղթահարելով նվազագույն շեմը, մինչդեռ վերջիններս փորձում էին հանդես գալ գաղափարական պայքարի դիրքերից: Այժմ նրանց համար կարևոր է քաղաքական դաշտում չկորցնել դրական ակտիվությունն ու քաղաքականապես գրագետ աշխատանքով մեծացնել հետաքրքրությունն իրենց ծրագրերի ու գաղափարների նկատմամբ:
-Եթե մինչ այս քաղաքական ուժերը խուսափում էին քննադատելուց կառավարության ակնառու բացթողումներն ու պահանջներ ներկայացնելուց, ապա այժմ ենթադրելի է, որ նրանք ներողամիտ չեն լինելու:
-Մեծամասնություն ստացած ուժը չպետք է մտածի այն մասին, թե որ ուժերն իրեն կքննադատեն, այլ գիտակցի այն մեծ պատասխանատվությունը, որ ստացել է ժողովրդի վստահության քվեով: Դժվար է լինելու մեծամասնական ուժի համար կրել այդ պատասխանատվությունը: Որքան մեծ է լեգիտիմությունը, այնքան շատ են հանրության ակնկալիքները, իսկ դրանց չկատարումը միանգամից կապալեգիտիմացնի այդ ուժին: Հասարակությունը ևս պետք է շարունակի պահանջատիրոջ իր գործառույթը, հակառակ դեպքում իշխանության հաշվետվողականությունը կնվազի, կթուլանա՝ ստեղծելով և ժամանակի ընթացքում խորացնելով իշխանություն-հասարակություն անջրպետը: Այս ամենը հստակ բանաձևված է քաղաքագիտության կողմից, և այն անտեսել չի կարելի: Նոր կառավարությունը պետք է պատրաստ լինի քննադատությունների, համալրվի արհեստավարժ մասնագետներով և իր ամբողջ ներուժը ծառայեցնի ազգային, պետական շահերին:
-Իրար հաջորդող անընդմեջ ընտրությունները քաղաքացիներին խճճված հանգույցի մեջ չե՞ն գցի:
-Այդ պնդումը կարելի է բերել ոչ միայն քաղաքացիների, այլև քաղաքական ուժերի մասով, քանի որ վերջիններս քաղաքական դաշտում մանևրելու համար նոր տեխնոլոգիաներ պետք է մշակեն: Եթե քաղաքական ուժերի համար սա ավելորդ դժվարություններ ստեղծեց՝ փոխելով այն առօրյան, որին նրանք վարժվել էին տարիներ շարունակ, ապա քաղաքացիների դեպքում կամարտահայտման իրական հնարավորություն ստեղծեց, օգնեց հաղթահարելու տարիներ շարունակ սեփական քվեի ցածրարժեքության համախտանիշը: Որքան էլ իրարահաջորդ ընտրությունները խճճեն քաղաքացիներին, դա քաղաքացիական փորձառություն ձևավորելու հրաշալի առիթ է: Առաջին անգամ հեղափոխական գործընթացի արդյունքում հասնելով արտահերթ ընտրության՝ քաղաքացիները հասկացան, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել, եթե միասնական են և պահանջատեր: Սա, որպես նախադեպ, հետագայում զգոնության կմղի բոլոր իշխանություններին և ինքնավստահություն կհաղորդի քաղաքացիներին այն հարցում, որ իշխանության աղբյուրը հենց իրենք են:

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ