Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նկարիչ ու թիֆլիսցի ազնվական

Նկարիչ ու թիֆլիսցի ազնվական
11.12.2018 | 01:27

Նիկօն նկարիչ էր: Բայց նկարիչ, որի ստեղծագործական ներաշխարհ այլոց մուտքը փակ էր: Եվ թե որևէ մեկի համար իր այդ դուռը բա՞ց էր՝ չգիտեմ: Ինքն էր, իր կտավները, իր աշխատանքները և ամենևին կարիք չուներ որևէ մեկի ինչ-որ բան բացատրել: Ամեն փորձ ներքաշելու նրան ինչ-ինչ խոսակցության մեջ մատնված էր անհաջողության. կասեր մի քանի բառ ու՝ վերջ:


Առհասարակ սակավախոս, ներամփոփ, արտաքին հուզականությունից զերծ մարդ էր, երբեք չէր վիճաբանում կամ բանավիճում: Սովորաբար այդպես վարվում են կյանքի ահռելի փորձ ունեցող իմաստունները: Անգամ ապագա կնոջը՝ Փիրուզա Մելիքսեթյանին, սիրահետում էր անսովոր զուսպ (շատ տարիներ առաջ անձամբ եմ մեկ-երկու անգամ ականատես եղել): Եվ դա զարմանալի միություն էր, մի կողմից՝ կնոջ եռանդուն, հուզախառն, կրքոտ սկզբունքայնությունը, մյուս կողմից՝ իր պաղարյուն, սառնասիրտ դատողականությունը: Թերևս, հակակշիռների կայուն, անխախտ, անդավաճան միասնություն էր:
Շուրջ 45 տարի առաջ Նիկօն Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագրի գեղարվեստական խմբագիրն էր, ես էլ՝ մամուլի բաժնի աշխատակից: Միջանցքի տարբեր ծայրերում էինք և, բնականաբար, ամեն օր հանդիպում էինք, բայց առօրյա խոսակցություններ վարելը նրա հետ անիմաստ էր, գլխովին իր գործի, իր մտահղացումների մեջ էր: Եվ միայն վերջին տարիներին, իր քչախոսության տաբուն խախտելով, հաճախակի հիշում էր Սփյուռքի կոմիտեի նախագահի տեղակալ և ամսագրի գլխավոր խմբագիր Վահագն Դավթյանին, որը բարձր էր գնահատել իրեն որպես նկարիչ և ըստ ամենայնի ոգևորել:


Աշխատանքի բերումով ես լավ եմ ուսումնասիրել թիֆլիսահայոց կյանքն ու գործունեությունը և ամենայն պատասխանատվությամբ վկայում եմ՝ Նիկօն թիֆլիսցի, ոչ՝ թբիլիսցի, ազնվականի տիպար էր: Կեղծ է այն կարծրատիպը, թե վրացիներն էին Թիֆլիսի ազնվականները: Դարեր շարունակ Թիֆլիսը եղել է հայաքաղաք, որտեղ ապրում էին բազմաթիվ հայ ազնվականներ: Ես չգիտեմ Նիկոլայ Մանուկյանի գերդաստանի ճյուղագրական պատմությունը, բայց ամեն անգամ Նիկօյին տեսնելիս՝ ձիգ, բարձրահասակ, հանդարտ, մշտապես կոկ ու ճաշակով հագնված, աչքիս առաջ հառնում էր ազնվականի կերպարը:
Եվ հիմա, ցավն ու ափսոսանքը ներսս գցած՝ այսքանը կարողացա գրել:
Կորստի զգացումը դեռ թարմ է…
Ընկեր է մահացել…
Երևանը կորցրել է իր ներկապնակի ամենավառ գույներից մեկը…


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ