Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ո՞րն է մեր ճանապարհը

Ո՞րն է մեր ճանապարհը
12.02.2019 | 01:23

(Նախորդ մասը)

Վերջապես, ո՞վ է ժողովուրդը իշխանության համար: Եթե քաղաքացին կարող է իր նմանների հետ միավորվել և հեղեղել ասենք Ազատության կամ Հանրապետության հրապարակը և պահանջներ ներկայացնել իշխանություններին, ապա նա հպարտ քաղաքացի է, իսկ եթե նա գործազուրկ է, միայնակ մայր, կենսաթոշակառու, ընտանիքի սոցիալական ծանր վիճակի արտացոլանքը դեմքին մի պատանի, եթե նա անձնական նպատակներն ու երազանքները աղքատության ու ունեզրկման ճանապարհին կորցրած մի երիտասարդ է, ապա իշխանությունների կողմից ընկալվում է որպես բեռ, խնդիր, գլխացավանք:


Այդպիսին է համակարգի տրամաբանությունը: Դրամավարկային (վաշխառուական) համակարգի պայմաններում դեմոկրատիայի հնարավորությունը պատրանք է, որը պաշտպանվում է միայն այն բանի համար, որպեսզի բնակչության մեջ այդ դեմոկրատական պրոցեսներին մասնակցելու տպավորություն առաջանա : «Իրականում մենք ազատ ենք այնքան, որքան դա մեզ թույլ է տալիս մեր գնողունակությունը: Բայց քանի որ փողը կենտրոնացած է մարդկանց ոչ մեծ խմբի ձեռքում, ապա այդ ազատությունը նույնպես երևութական է» (Ժակ Ֆրեսկո):


Ի՞նչ կարող ենք եզրակացնել: Այն, որ այս իշխանությունների միջոցով մենք ո՛չ մի հաջողություն չենք կարող գրանցել տնտեսության մեջ: Սա միարժեքորեն նշանակում է, որ մեզ հաջողություններ չեն սպասում նաև պետության ու հասարակության կյանքի կարևորագույն ոլորտներից և ոչ մեկում՝ ո՛չ Արցախյան հիմնախնդրի լուծման, ո՛չ երկրի պաշտպանունակության ու անվտանգության ապահովման, ո՛չ սոցիալական աղետալի վիճակի բարելավման, ո՛չ արտաքին աշխարհում մեր տեղը գտնելու փորձերում: Չենք խոսում այլ, ոչ պակաս կարևոր հարցերի մասին, որոնք առկա են և ավելի են սրվում հասարակական բարոյականության և ընտանեկան արժեքների պաշտպանության, կրթության և մշակույթի, արդարադատության և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Դրանցից յուրաքանչյուրում մենք անընդհատ դիրքեր ենք հանձնում, որոնց մասին մամուլը, հասարակությունն իրենց անհանգստությունն ու անհամաձայնությունն են դրսևորում, բայց դրանք չեն արժանանում իշխանությունների համապատասխան արձագանքին:


Եթե նորից մտքում վերաթվարկենք մեզ խանգարող հանգամանքները, ապա մեկ անգամ ևս կհամոզվենք, որ այս տնտեսավարման համակարգով և անկախ կառավարության ներկայացրած ծրագրից մենք ոչ մի արդյունքի հասնել չենք կարող անգամ բավականին երկար ժամանակահատվածում, եթե այն ի վերուստ տրվի էլ մեզ:


Քաղաքացու՝ պետության նկատմամբ ներկայացվող պահանջները հաշվի առնելով՝ կարող ենք ուրվագծել մեր պատկերացրած պետության կերպարը: Քաղաքացին կարիք ունի աշխատանքի, որը նրան հնարավորություն կտա հոգալու իր ընտանիքի ապրուստը, քաղաքացին կարիք ունի բնակարանի, քաղաքացին ուզում է, որ իր երեխան լավ կրթություն ստանա և պահանջված մասնագետ դառնա, քաղաքացին ուզում է, որ հանրային ծառայությունները հասանելի լինեն գրպանին, որ առողջապահական խնդիրներ առաջանալիս պետությունը կանգնած լինի իր կողքին, քաղաքացին ուզում է, որ կենսաթոշակի անցնելիս կարողանա վարել արժանապատիվ կյանք, քաղաքացին ուզում է, որ պետությունը կարողանա պաշտպանել իր իրավունքներն ու շահերը ներսում, թե դրսում: Քաղաքացին ուզում է, որ պետությունը լավագույնս կարողանա հոգալ բանակի պահանջները: Քաղաքացին ուզում է, որ իր պետության հիմնը լսելիս ինքը հպարտությամբ ոտքի կանգնի…


Բայց ապագային միտված մեր ցանկությունների և իրական ապագայի միջև կա մի տարածություն, որն անցնելու համար միայն ժամանակը բավարար չէ:
Դրսից մեզ ոչ ոք որևէ իրական օգնություն ցույց չի տա, և ոչ մեկի, աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնի վրա հույս դնել չի կարելի: Նրանց իրենց խնդիրներն էլ բավարար են, և բացի այդ՝ մեր լավն ուզողներն էլ շատ չեն:


Պարզ է, որ մենք ինքներս պետք է ձևավորենք մեզ անհրաժեշտ տնտեսական միջավայրը, նյութական և ֆինանսական միջոցների շրջանառության վերահսկողության մեխանիզմները, ունենանք տնտեսական, ֆինանսական պրոցեսների կառավարելիության պահանջված մակարդակը: Խնդիրների մասշտաբներն ու ժամանակի սղությունը պարզ են դարձնում, որ մենք մասնավոր ներդրումների վրա հույս դնել չենք կարող՝ բազմաթիվ պատճառներով: Նախ, որ մասնավորն իր փողը դնում է այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում, այն ժամանակ, երբ ինքն է ցանկանում և այն քանակով, որքան ինքն է ցանկանում: Մյուս կողմից մասնավորն իր փողը որևէ գործի մեջ դնելիս հետամուտ է լինում առավելագույն շահին: Մի բան, որ ոչ մի կերպ չի կարող համընկնել մեր մտադրություններին: Ոչ մի կապիտալիստ իր միլիարդները չի դնի տնտեսության այն իրական ոլորտներում, որոնք պետք են մեզ և մեր երկրին: Մասնավորը կարող է միայն իր օժանդակությունը բերել համապատասխան ոլորտներում լրացուցիչ ներդրումներ անելով, հատկապես այն ոլորտներում, որոնք պետական ծրագրերի հաշվին դարձել են գրավիչ և եկամտաբեր: Պետությունը կարող է միայն խրախուսել մասնավորին ներդրումներ անելու ցանկացած ոլորտում ձրի հողահատկացման, ձրի կոմունիկացիոն փաթեթներ տրամադրելու, ձրի թույլտվություններ տալու և այլ ձևերով:


Մեր ներկա վիճակը մեծ արագությամբ փոխելու համար պետք է հսկայական տնտեսական նախագծերի իրականացում կյանքի տարբեր ոլորտներում և միաժամանակ: Դրանց համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ: Դրանք ամենայն բծախնդությամբ պետք է ծախսվեն տնտեսության ամբողջական ոլորտներ ոտքի կանգնեցնելու, կոմունիկացիոն մեծ նախագծեր իրականություն դարձնելու համար: Երկրի կառուցվածքը, դեմքն ու նշանակությունը փոխելու համար: Այսինքն առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպես, ինչ ճանապարհներով է հնարավոր այդ ամենն անել մեզ անհրաժեշտ ծավալներով և արագությամբ:
Այդպիսի մասշտաբների ծրագրեր կարող է անել միայն պետությունը: Ինչ է նշանակում սա՝ վերադարձ դեպի սոցիալիստական պլանային տնտեսությու՞ն: Ո՛չ, սա նշանակում է, որ այն բոլոր ծրագրերը, որոնք կնախաձեռնի պետությունը, պետք է լինեն ճշգրտորեն պլանավորված և կառավարելի սկզբից մինչև վերջ: Այլ կերպ ինչպե՞ս կարելի է պատկերացնել ներգրավված ֆինանսական միջոցների վերադարձն ու պետական եկամուտների ապահովումը:
Այդ նպատակների համար պետությունը պետք է կարողանա ներգրավել հնարավոր և անհնար բոլոր միջոցները:


Ճանապարհները տարբեր են: Միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող վարկեր, միջպետական պայմանագրերի միջոցով այլ պետությունների կողմից ստացվող վարկեր, սփյուռքի՝ ազատ ֆինանսական միջոցներից բավարար շահույթ ապահովող ֆոնդերի ձևավորումով, որոնք կծախսվեն բացառապես համապետական նշանակության ծրագրերի իրականացման վրա:
Վերջապես, և որ ամենակարևորն է, մեր՝ ժողովրդի խնայողություններից ձևավորված հիմնադրամներով, որոնց տոկոսադրույքները ցածր չեն լինի առևտրային բանկերի կողմից նրանց վճարվող տոկոսադրույքներից: Բաց և հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարող ենք կարճ ժամանակում ձևավորել այնպիսի ներդրումային հիմնադրամներ, որոնք թույլ կտան մի քանի տարվա ընթացքում ստեղծել հզոր գործարաններ, բազմամարդ և եկամտաբեր արտադրություններ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, ձևավորել սկզբունքորեն նոր, գիտելիքահենք տեխնոլոգիական արտադրություններ, ստեղծել կրթական նոր բազա՝ տնտեսության բոլոր ոլորտները, այդ թվում ՏՀՏ, բարձրակարգ մասնագետներով ապահովելու ունակ և նրանց պահանջմունքներով առաջնորդվող: Մենք ունենք տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք կարող են դառնալ մեր ազգային տնտեսական չեմպիոնները, բերելով հսկայական եկամուտներ: Մենք ունենք գյուղատնտեսություն, որն այսօր նվազագույն խնդիրներ է լուծում, բայց պետական հատվածի ձևավորման պարագայում և մասնավորին պետական աջակցության դեպքում, կարող է բազմապատիկ ծավալներով արտադրանք տալ, միաժամանակ լուծելով երկրի պարենային անվտանգության հարցը, ապահովելով գնողունակ քաղաքացու և արտահանման հսկայական պահանջարկը:


Մենք խոսում ենք զբոսաշրջային երկիր դառնալու մեր հեռանկարի մասին, բայց այդպիսի հեռանկարը իրականություն կդառնա, երբ մենք կունենանք ինքնաբավ տնտեսություն, բարեկարգ, անվտանգ ճանապարհներ բոլոր ուղղություններով, սպասարկման, հանգստյան տների խիտ, բարձրորակ և մատչելի ցանց: Վերջապես, երբ մենք կկարողանանք մեր երկրի և ժողովրդի դերն ու նշանակությունը հասկանալի և ընդունելի դարձնել աշխարհում:
Մենք պետք է ստեղծենք տնտեսավարման հիբրիդային մոդել, որը չի մերժի տնտեսավարման և ոչ մի ձև, որը ոչ միայն թույլ կտա ունենալ առանձին-առանձին պետական և մասնավոր հատվածներ, այլև կարող է միավորել կամ համադրել տնտեսավարման այդ և այլ ձևերը միևնույն տնտեսական գործընթացներում:


Երկրում տնտեսական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման համար ներգրավված ֆինանսական միջոցների հոսքերը պետք է ճշգրիտ և թափանցիկ կառավարվեն: Դրանց վերահսկողությունը պետք է լինի պետության լիազորության տակ, քանի որ պետությունն է այդ միջոցների նպատակային օգտագործման միակ երաշխավորը: Դա հնարավոր է միայն, եթե իրականացվի կենտրոնական բանկի լիազորությունների և գործառույթների վերաձևակերպում, պետական բանկի մասնաճյուղերի ցանցի ստեղծում երկրի ողջ տարածքում:


ԿԲ-ն կառավարության ֆինանսական գործակալը և խորհրդատուն է, որն օժտված է մի քանի այլ գործառույթներով, որոնց իբր թե հետամուտ է լինում իր տրամադրության տակ եղած շուկայական գործիքներով: Դրանք ոչ մի դրական դեր չունեն մեր երկրի, հասարակության կյանքում: Ավելի ստույգ՝ կենտրոնական բանկը այժմ մեր երկրում գործում է որպես արտաքին մասնավոր կապիտալի գործակալ և նրա նպատակների իրականացման գործիք: Իսկ դա անհամատեղելի է մեր նպատակների հետ:


Եթե մենք կարողանանք ապահովել միջոցների ներգրավման անհրաժեշտ դինամիկան և դրանք վերածենք նպատակային ներդրումների դինամիկայի, ապա արդյունքն իրեն երկար սպասել չի տա: Կարճ ժամանակում մենք կզգանք փոփոխությունների ալիքը, կընդունենք այն և կգնանք առաջ՝ դեպի նոր կարևոր սահմանագծեր:
Ո՞րն է մեր խնդիրը: Այսօր մենք մեր խնդիրն ենք համարում հասարակությանը ներկայացնել այն ճանապարհը, որը մենք ենք տեսնում որպես երկիրը փակուղուց դուրս բերելու հնարավորություն: Սա «Նոր Վասյուկիի» գաղափարը չէ: Սա դժվար, բայց միակ իրական ճանապարհն է, որը թույլ կտա լուծել մեր պետության հիմնախնդիրները, լուծել հիմնավորապես և հնարավորինս կարճ ժամանակում:


Որևէ այլ քաղաքական ուժ չի ներկայացրել նման ուղի: Բայց դա ոչ թե մեզնից մյուսների տարանջատման հնարավորություն է, այլ ընդհանուր գաղափարների շուրջ համախնբվելու: Եվ դա անհրաժեշտություն է, որպեսզի նոր իշխանափոխության դեպքում ավելի անհասկանալի ուժեր չգան իշխանության և վերջնականապես կործանեն երկիրը:
Եթե նպատակներն իրական են, ապա ժողովուրդը կարող է համախմբվել դրանց շուրջը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ժողովրդին հնարավոր է համախմբել իրական նպատակների շուրջը և այդ դեպքում կարելի է հաղթահարել անհնարին թվացող արգելքներ: Այդպիսի փորձ մենք ունենք 2016 թ. ապրիլյան պատերազմից և 2018 թ. իշխանափոխությունից: Այս դեպքում, երբ որպես նպատակ դրվում է երկիրը ոտքի կանգնեցնելու անհրաժեշտությունը, քաղաքացու համար արժանապատիվ կենսակերպ ստեղծելու մտադրությունը, ապա դրանք նույնքան կարևոր են և դրանց համար անհրաժեշտ է գնալ աննախադեպ քայլերի, որոնց ընթացքում բազմիցս կարիք կլինի ապացուցելու համախմբվածության և նպատակամղվածության կարևորությունը որպես հաջողության երաշխիք:

Հ. Գ. Նյութի շրջանակներից դուրս մնացին մյուս կարևորագույն հարցերը: Պետական գրանցման փուլն անցնելուց հետո «Գալիք» կուսակցությունը հանդես կգա քաղաքական հայտարարությամբ: Դրանում մենք համառոտ կձևակերպենք երկրի զարգացման մեր հայեցակարգը, որում տեղ կգտնեն նաև չշոշափված հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները:

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ