Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տարածքում ընթացող թուրք-քրդական պատերազմում

Ի՞նչ է կատարվում Թուրքիայի տարածքում ընթացող թուրք-քրդական պատերազմում
15.02.2019 | 01:29

(Նախորդ մասը)

Կարելի է համարել, իհարկե, որ Թուրքիայի դեմ քրդերի հաջող հարձակումը ՔԲԿ-ի անհամաչափ պատասխանն է այն բանի, որ դեկտեմբերի 22-23-ին թուրքական ռազմական ինքնաթիռներն ուժեղ ռմբակոծության էին ենթարկել Իրաքյան Քրդստանի Կանդիլ լեռը, հետապնդելով, ըստ թուրքական վարկածի, ՔԲԿ-ի զինյալներին։ Սանգասար քաղաքի տեղական իշխանության ղեկավար Ռեզան Խդիրը հայտնել է, որ թուրքական ինքնաթիռները երկու անգամ ռմբակոծել են Սինամոկա գյուղի շրջակայքը, ինչից վիրավորվել է մի բնակիչ, վնասվել մի քանի տուն։ Որոշ քրդական աղբյուրներ էլ հայտնել են, որ թուրքերի օդային հարձակումներ են եղել նաև հունվարի 2-ին։ Բայց Կանդիլ լեռը, որտեղ իսկապես կային կամ հիմա էլ կան ՔԲԿ-ի բազաներ և վարժական ճամբարներ, բավական հեռու է Իգդիր նահանգի թուրք-իրանական սահմանից։ Չնայած լեռնային բազմաթիվ «քարայծերի կածաններ», լեռնանցքներ կան, որոնք լավ գիտեն ՔԲԿ-ի քրդերը։ Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե այդ ինչ քրդական ջոկատ է հարձակվել թուրքական սահմանի վրա, որտեղից է եկել այդ վայրը և ուր է չքացել մարտից հետո։ Անկարան չի շտապում պարզություն մտցնել, տվյալներ չկան, թե ինչպես են վերջացել նոյեմբերի կեսերին սկսված թուրք-քրդական բախումները, մասնավորապես Շիռնակ, Դիարբեքիր նահանգներում։


Սկսել են ավելի քան տարօրինակ պահել իրենց Սիրիայի քրդերը։ Ահա լավ հայտնի տվյալները. դեկտեմբերի 28-ին «Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդել է. «Քրդական ինքնավար վարչակազմի (հյուսիսային Սիրիայում) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյհան Ահմեդը խոստովանել է, որ բուռն բանակցություններ են ընթանում Դամասկոսի հետ։ Նրա խոսքերով, ամերիկամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (ՍԺՈՒ), որոնց կմախքը կազմում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (ԺԻՋ), կողմ են Մանբիջ քաղաքը (Հալեպից 85 կմ հյուսիս) Սիրիայի կառավարական զորքերի ձեռքը հանձնելուն։ «Մենք Դամասկոսի հետ աշխատում ենք փակել Թուրքիայի ճանապարհը»,- ասել է Ահմեդը, հետո բառացիորեն «սպանել» և՛ Թուրքիային, և՛ ԱՄՆ-ին. «Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների վերահսկողության տակ գտնվող տարածքներ սիրիական բանակը մտցնելու մասին համաձայնագիրը տարածվելու է նաև Եփրատ գետի արևելյան ափի վրա»։ Չէ՞ որ հայտնի է, որ ԱՄՆ-ը մտադիր է մասնակիորեն իր ներկայությունը պահպանելու և՛ Եփրատի արևելյան ափին, և՛ Էթ Թանֆի հարավային բազայում։ Եվ հանկարծ` ՔԲԿ-ի ներկայացուցչի այդպիսի հայտարարություն։ Ավելին, Թուրքիան էլ չէր թաքցնում սիրիական տարածքների օկուպացիան շարունակելու իր ախորժակը։ Դեռ հունվարի 4-ին ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը գրել էր, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս գալուց հետո Թուրքիան մտադիր է ստանալու ԻՊ-ից ազատագրված տարածքների կառավարման իրավունքը։ Խոսքը երկրի արևելյան հատվածի մասին է, որն այժմ սիրիացի քրդերի վերահսկողության տակ է։ Այդ տեղեկությունը հունվարի 8-ին հրապարակել է թուրքական «Հուրիեթ» թերթը, որը գրել է, թե Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է «իրեն հանձնել հյուսիսարևելյան Սիրիայի բազաները` ամերիկյան զորքերը հանելուց հետո»։ Խնդրանքը ներկայացվել է Անկարա Ջոն Բոլթոնի այցի ժամանակ։ Ըստ «Հուրիեթի», Անկարան Վաշինգտոնից պահանջել է կա՛մ Թուրքիային հանձնել բազաները, կա՛մ ոչնչացնել։


Հունվարի 5-ին «Ֆրանս-պրեսի» հետ հարցազրույցում ամերիկամետ ՍԺՈՒ դաշինքի զորքերի քուրդ հրամանատար Ռեդուր Խալիլը հայտարարել է. «Սիրիացի քրդերի ուժերն այլ ընտրություն չունեն, բացի երկրի հյուսիսի քրդական շրջանում Սիրիայի կառավարության հետ համագործակցության համաձայնության հասնելուց։ Ինքնավար վարչակազմի և սիրիական կառավարության միջև լուծման հասնելն անխուսափելի է, որովհետև մեր շրջանները Սիրիայի մասն են։ Կառավարության հետ բանակցում ենք Մանբիջ քաղաքի կառավարման գծով վերջնական ձևակերպումը մշակելու համար, և կան դրական նշաններ»։ Այնուհետև Ռեդուլ Խալիլը հայտարարեց. «ԱՄՆ-ի կողմից աջակցվող ՍԺՈՒ-ի ուժերը կարող են մտնել սիրիական բանակի կազմի մեջ ԱՄՆ-ի զորքերի հեռանալուց հետո»։ Վերջապես, հունվարի 13-ին Սիրիայի արտգործնախարարի օգնական Այման Սոուսանը հայտարարեց. «Սիրիայի կառավարությունը չի ընդհատել երկխոսությունը քրդերի հետ, որոնք երկրի լիիրավ քաղաքացիներ և ազգային օրգանիզմի անբաժան մասն են։ Ստեղծված իրավիճակը պահանջում է բոլոր սիրիացիների համախմբումը հանուն ազգային ինքնիշխանության պաշտպանության, այդ պատճառով քրդերի հետ երկխոսությունն անհրաժեշտ և օգտակար է։ Քննարկում ենք նաև քրդերի առաջ քաշած պահանջները, քրդերն էլ դրական հայտարարություններ են անում ի պաշտպանություն սիրիական միասնության»։


Եվ հանկարծ` տիպիկ «քրդական գլուխկոնծի» հունվարի 14-ին. Մոսկվայում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ռշադ Բիենաֆը հայտարարեց, թե իբր «սիրիացի քրդերն առայժմ որևէ բանակցություն չեն վարում Դամասկոսի հետ. դրանք բոլորը կասեցված են»։ Նրա խոսքով, քրդերը պնդում են, որ Սիրիայի ողջ տարածքում «ժողովրդավարական համակարգ» մտցվի, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հանդես է գալիս երկրի մինչպատերազմյան կենտրոնացված կառուցվածքի օգտին։ Այդ անհեթեթ հայտարարությունները հնչում են այն բանի ֆոնին, որ հունվարի 12-ին թուրքական «Դեմիրորենը» հայտնել էր, որ Սիրիայի հետ սահման են ուղարկվել տանկեր ու զրահամեքենաներ։ Իսկ «Ռոյտեր» գործակալությունը հաղորդել է, որ թուրքական զորասյունը մտել է Սիրիա, «Թուրքիան լրացուցիչ համալրում է ուղարկել Սիրիային սահմանակից շրջաններ` պատրաստվելով սիրիացի քրդերի ուժերի դեմ ռազմական գործողությունների»։ Նույն օրը թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդեց, որ Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները զորավարժություններ են կատարել սիրիական Իդլիբ նահանգին սահմանակից Խաթայ նահանգում` տանկերի և այլ զրահատեխնիկայի զանգվածային օգտագործմամբ։ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկայի հաշվարկներ ուղարկել սիրիական սահման` հավելել է գործակալությունը և հիշեցրել, որ դեկտեմբերի 12-ին նախագահ Էրդողանը խոստացել էր ներխուժել Եփրատի արևելյան ափ ու ռազմական գործողություններ ձեռնարկել ՔԺԻ-ի և ԺՄԿ-ի քրդերի դեմ։ Եվ արդեն հունվարի 14-ին Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը կրկին հաստատեց. «Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը և չի ուզում, որ այն մթագնվի ահաբեկչական քարոզչությամբ։ Ոչ մի տարբերություն չկա ԻՊ-ի, ՔԲԿ-ի և ԺՄԿ-ի միջև։ Մենք կշարունակենք պայքարել նրանց դեմ»։


Ա՜յ քեզ բան։ Իսկ ինչ ասես և՛ քրդական, և՛ այլ լրատվամիջոցների այն հաղորդումների մասին, որ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությունից մի քանի օր հետո ԺԻՋ-ի ջոկատների քուրդ առաջնորդ Սիփան Խեմոն ժամանեց Հմեյմիմի ռուսական ռազմաբազա, որտեղ բանակցեց ռուս զինվորականների հետ, այնտեղից ուղևորվեց Դամասկոս և սիրիական իշխանություններին հայտնեց, որ քրդական կազմավորումները պատրաստ են հրաժարվելու թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունից։ Այնուհետև պատվիրակությունն այցելեց Մոսկվա, որտեղ Խեմոն Մոսկվային ու Դամասկոսին առաջարկեց ԺԻՋ-ի կողմից վերահսկվող տարածքների վրա սիրիական իշխանությունների վերահսկողությունը տարածելու պլան, եթե սիրիական իշխանությունները ճանաչեն քրդական ինքնակառավարումը։ Հենց այդ հանդիպումներից ու բանակցություններից հետո ԺԻՋ-ի ջոկատներն սկսեցին հեռանալ Մանբիջից, այնտեղ իսկույն սկսեցին բարձրացնել սիրիական պետական դրոշներ, շուտով քաղաք մտան ռուսական ռազմական ոստիկանությունը (ՌՈ) և սիրիական բանակի առաջավոր զորամասերը։ Դրան հետևեց Ռշադ Բիենաֆի հայտարարությունը, և այն տպավորությունն էր, որ սկզբում դեռ քրդերն իրենց մեջ պետք է պարզեն, թե ով է «ավելի գլխավոր» կամ ով «գիտի ճշմարտությունը»։ Արժե հիշեցնել, որ հյուսիսային Սիրիայում կա ԱՄՆ-ի 22 ռազմաբազա, և Թուրքիան փորձում է կանխել դրանց հանձնումը քրդական ԺԻՋ-ի վերահսկողությանը։
Այսպիսով, Թուրքիայում քրդերը շարունակում են մարտական գործողությունները թուրքերի դեմ, իսկ նրանց սիրիացի ազգակիցները, ինչպես երևում է, մոտ են նոր ներքրդական «հաշիվներ պարզելուն»։ Աշխարհին էլ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով իրավունք ունի խոսելու սիրիացի քրդերի անունից. ամերիկամետ ՍԺՈՒ-ի ներկայացուցիչնե՞րը, ԺԻՋ-ի ջոկատների հրամանատարնե՞րը, թե՞ ԺՄԿ-ի ներկայացուցիչները։ Քրդական խնդրի մնացած տեսանկյունները մենք պարբերաբար կլուսաբանենք, առայժմ արձանագրենք, որ Թուրքիայում, պարզվում է, վատ գիտեն տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես քրդերի հետ իրենց փոխհարաբերությունների պատմությունը, եթե իրենց համարում են «քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամը»։ Պատերազմը հո շարունակվում է...


Հունվարի վերջին աշխարհը որոշ տեղեկություններ ստացավ այն մասին, թե ինչ է կատարվում արևելյան Թուրքիայում, բայց... հյուսիսային Իրաքից։ Եվ այդ հանգամանքը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ թուրքերի վրա քրդերի հունվարի սկզբի հաջող հարձակումից հետո թուրքերի առավելությունը փեշմերգային դուրս մղեց Իրաք։ Ահա շատ անհասկանալի, տարօրինակ տեղեկություն (հունվարի 26-ին), որը, ի դեպ, հաստատվել է Թուրքիայի կողմից։ Իրաքյան Քրդստանում Դոխուկ քաղաքի մոտ թուրքական ռազմաբազան հարձակման ենթարկվեց։ Հարձակվողներից առնվազն մեկը սպանվել է։ Թուրք զինվորականների վրա հարձակման պատճառը եղել է տեղի բնակչության դժգոհությունն այն օդային հարվածներից, որոնք Թուրքիայի ՌՕՈՒ-ն հասցնում է ՔԲԿ-ի օբյեկտներին։ Հունվարի 20-22-ի ռմբակոծություններից զոհվել է ՔԲԿ-ի 21 անդամ` հայտնել են թուրքական ռազմական աղբյուրները։ Թուրքիայի ՊՆ-ն հունվարի 26-ին հայտնել էր, որ հարձակվողներին հաջողվել է «մասնակիորեն վնասել մի փոխադրամիջոց»։ Ինչպես տեսնում ենք, սկզբում ընդունել են, որ հարձակվողները եղել են տեղի բնակիչ իրաքցի քրդերը, բայց արդեն հունվարի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն դրանում մեղադրեց ՔԲԿ-ին. «Մենք գիտենք, որ դրա (հարձակման) հետևում ՔԲԿ-ն է։ Նրանք արդեն սկսել են սադրել տեղական բնակչությանը, և մենք ուշադիր հետևում ենք իրադրությունների զարգացմանը»։


Գերօպերատիվորեն տարածվել է տեղի ունեցածի քրդական բացատրությունը։ Ըստ քրդական ԶԼՄ-ների, Դոխուկ նահանգի Շիլադիզե շրջանի բնակիչները բողոքել են իրենց (այսինքն` իրաքցի քրդերի) տարածքում թուրքական բանակի և թուրքական ՔԲԿ-ի պարտիզանների ձգձգվող հակամարտությունից, որը հանգեցրել է խաղաղ բնակչության զոհերի։ Միայն անցյալ շաբաթ ավիահարձակումներից զոհվածների թիվը հասել է վեցի։ Դրա հետևանքով ենթադրվող խաղաղ հավաքը վերաճել է թուրքական բազայի վրա հարձակման և բազայի հրկիզման։ Վերջին մի քանի տարում Թուրքիայի և ՔԲԿ-ի հակամարտության պատճառով սպանվել է 18 խաղաղ բնակիչ։


Չավուշօղլուի հայտարարությանն անմիջապես արձագանքել են նաև Իրաքի իշխանությունները։ Ընդգծեմ` ոչ թե Իրաքյան Քրդստանի, այլ Բաղդադի կենտրոնական իշխանությունները։ Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Շիլադիզեի քաղաքացիական բնակչության հետ թուրքական բանակի բախման առնչությամբ կանչել է թուրքական դեսպանին։ Պարզվում է` Շիլադիզեի բողոքավորները, որոնք իբր անզեն են եղել, բախվել են թուրքական զորքերի հետ, որոնք բազան լքելուց առաջ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա։ Այսինքն, գրոհը հաջող է եղել, և թուրքերը փախել են բազայից։ Երկրորդ, զոհվածն անչափահաս է եղել, թուրքերը գնդակահարել են երեխայի։ 10 մարդ վիրավորվել է։ Ըստ Իրաքի ԱԳՆ-ի, Իրաքը դատապարտել է թուրքական զորքերի գործողությունները, հայտարարելով, որ ժողովրդի ինքնիշխանությունը և անվտանգությունը գլխավոր գերակայություններ են։ Դրանից հետո Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը ևս դատապարտել է խաղաղ բնակիչների վրա թուրք զինվորականների հարձակումը, բայց խոստացել է ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե ով է բախումներն սկսելու պատասխանատուն։


Զգացվում է, որ Իրաքյան Քրդստանի պաշտոնյաները, որոնք այժմ էլ հիմնականում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցող Մասուդ Բարզանիի կլանի ներկայացուցիչներն են, հստակ հասկացել են թուրք արտգործնախարար Չավուշօղլուի հրամանը և սկսել են «կապ փնտրել» Շիլադիզեի իրադարձությունների և քրդական բանվորական կուսակցություն (ՔԲԿ) միջև։ Բայց երևի ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է. նույնիսկ եթե ընդունենք, որ ՔԲԿ-ի ջոկատների գործակալներն են իսկապես կազմակերպել Շիլադիզեի բնակիչների հարձակումը թուրքական բազայի վրա, ապա դա արել են վարպետորեն։ Շիլադիզեում տուժած քրդերի մեջ չկան ՔԲԿ-ի անդամներ։ Ի վերջո, Էրբիլում յուրատեսակ որոշում են ընդունել։ Իրաքի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ թուրքական կառավարությունը և ՔԲԿ թուրքական կուսակցությանը կոչ են արել իրենց հակամարտությունները Իրաքյան Քրդստանում չանել։ Բարզանիի «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (ՔԺԿ) պատգամավորները հունվարի 29-ին այցելել են Դոխուկ նահանգ` Շիլադիզեում իրադրությունն ուսումնասիրելու համար։ Պատգամավոր Վիան Սաբրին հայտարարել է, որ Թուրքիայի բանակը և ՔԲԿ-ն պետք է լքեն Քրդստանը, ընդգծել, որ ՔԲԿ-ի ներկայությունը թուրքական օդուժի հարվածների պատճառ է դառնում։ «Բռնությունն ազդում է նաև տնտեսության ու մարդկանց սոցիալական վիճակի վրա, հատկապես Դոխուկ նահանգում»,- հայտարարել է Սաբրին։ Նա նաև կոչ է արել Քրդստանի և Իրաքի կառավարություններին` անհապաղ միջոցներ ձեռնարկել և լուծել Թուրքիային սահմանակից տարածքների խնդիրը։


Եթե ենթադրենք, որ ճիշտ է Անկարան, և Շիլադիզեում թուրքերի վրա հարձակումը կազմակերպել են ՔԲԿ-ի գործակալները, պետք է մտածել, որ Թուրքիայում հունվարի վերջին մոտ կռիվները ծայրահեղ անհաջող են եղել այդ կուսակցության համար, և թուրքական բանակի ուշադրությունը շեղելու համար հյուսիսային Իրաքում հարձակում է կազմակերպվել թուրքական բազայի վրա։ Այլ տարբերակ. կռիվներն այնքան են ընդլայնվել, որ պատերազմի բոցն արդեն «քայլում է» դեպի թուրք-իրաքյան սահմանի մեկ այս, մեկ այն կողմը, և Շիլադիզեի բազայի վրա հարձակումը հանգեցնում է նրան, որ Իրաքից հեռանալու պահանջ է առաջադրվում և՛ Թուրքիային, և՛ ՔԲԿ-ի ջոկատներին։ Երրորդ, քրդերի համար ամենաբացասականը. Թուրքիայում կրած պարտություններից հետո ՔԲԿ-ի ջոկատներն ստիպված նահանջել են հյուսիսային Իրաք` իրենց գաղտնի ճամբարներին ու կայաններին ավելի մոտ։ Այնուամենայնիվ, հիշեցնեմ մի նրբություն. Շիլադիզեի հարձակումը հաջող է եղել քրդերի համար։ Թուրքերը փախել են բազայից և այն հասցրել են հրկիզել։ Պատերազմը շարունակվում է. հավանաբար քրդերը համաձայն չեն Օմեր Չելիքին և ի դեմս թուրքերի չեն տեսնում ո՛չ «եղբայրների», ո՛չ էլ «քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամին»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ