Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կփոխվի՞ բրիտանական քաղաքականությունը

Կփոխվի՞ բրիտանական քաղաքականությունը
20.02.2019 | 11:42

Բրիտանական բոլոր թերթերը գրում են, որ Համայնքների պալատի 7 պատգամավորներ դուրս են եկել Լեյբորիստական կուսակցությունից` ի նշան բողոքի կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինի ու նրա քայլերի դեմ: Կոնկրետ` բրեկզիտի ու կուսակցության ներսում հակասեմիտիզմի աճն անտեսելու պատճառով:


Financial Times-ը խմբագրականում նշում է, որ երկարատև ինտրիգներից հետո սկսվեց Լեյբորիստական կուսակցության տրոհումը: Ցուցադրաբար դուրս գալով Լեյբորիստների շարքերից` պատգամավորները ցույց տվեցին, որ իրենց համբերությունը հատել է և այլևս մտադիր չեն հաշտվել, որ նախկին Լեյբորիստական կուսակցությունը այլևս չկա, իսկ իրենք համաձայն չեն Կորբինի «ձախ դրեյֆին»: 7-ի խումբը, ինչպես նրանց անվանել է բրիտանական մամուլը, հայացքներով միատարր չէ, նրանց միավորում է հակաբրեկզիտական դիրքորոշումը և Կորբինին` իբրև կուսակցության ղեկավար չընդունելը, մնացած հարցերում նրանց որոշումները տարբեր պատճառներ ունեն:


«Վաղուց էր հայտնի, որ լեյբորիստ պատգամավորների նշանակալից մասը դժգոհ է այն ուղղությունից, որով շարժվում է կուսակցությունը, երբ ղեկավարությունը ստանձնեց Ջերեմի Կորբինը,- խմբագրականում գրում է Daily Telegraph-ը: - Խզումն այս կամ այն պատճառով անխուսափելի էր Ջերեմի Կորբինի նախագահ ընտրվելու պահից»:
Guardian-ը խմբագրականում գրում է, որ 7 պատգամավորների հեռանալը, ներառյալ հայտնի ու հանրաճանաչ Չուկա Ումումին (որ անգամ դիտարկվում է կուսակցության ապագա ղեկավար), տագնապի ազդանշան է կուսակցության համար: Դա նշանակում է, որ ձախ կորբինականները սպառնալիքի տակ են դնում երկարաժամկետ կոալիցիան ձախակողմյան ուղղվածության քաղաքական ուժերի հետ Լեյբորիստական կուսակցության դրոշի տակ: Մյուս կողմից` պետք է հիշել, որ նման դեպքեր էլի կան մի կուսակցության 120-ամյա պատմության մեջ, որ ավանդաբար եղել է կազմակերպված աշխատավորների ու տարատեսակ մեյնստրիմային սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչների կոալիցիա:
Daily Telegraph-ն առաջարկում է խուճապի չմատնվել, այլ պատմությանը դիմել:

Լեյբորիստներն արդեն տարաձայնություններ ունեին, որի հետևանքը դարձավ Պահպանողականների 18 տարվա կառավարումը: 1981-ի հունվարի 25-ին 4 լեյբորիստներ` խորհրդարանի ու կառավարության անդամներ, հանդես եկան «Limehouse-ի հռչակագրով»: Չորսի խումբը հայտարարում էր, որ մտադիր է հեռանալ Լեյբորիստական կուսակցությունից ու ստեղծել սոցիալ-դեմոկրատիայի խորհուրդ: 38 տարվա վաղեմության հայտարարության պատճառները նույնն էին` ինչ 7-ի խմբինը` անհամաձայնություն կուսակցության ղեկավարության «ձախ շրջադարձի հետ»: Այդ խորհուրսը հիմք դարձավ Մեծ Բրիտանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) ստեղծման համար, որ գործեց 1981-1988-ին: Պատմությունը կրկնվում է: Նորից Լեյբորիստական կուսակցությունը վերահսկում են ծայրահեղ ձախերը, նորից եվրասկեպտիկները, նորից Ռուսաստանի երկրպագուները, ինչպես այն ժամանակ` ԽՍՀՄ-ի: Ինչպես այն ժամանակ, նոր անջատողականները միանգամից չեն հայտարարում նոր կուսակցություն ստեղծելու մասին: Չորսի խումբը ցանկանում էր ջարդել բրիտանական քաղաքականության կարծրատիպերը, նրանք տպավորիչ հաջողությունների հասան Համայնքների պալատի միջանկյալ ընտրություններում` քիչ էր մնում Լեյբորիստներից անցնեին, բայց բրիտանական ընտրական համակարգի առանձնահատկության պատճառով մի քանի մանդատ ստացան և իվերջո միացան Լիբերալ կուսակցությանը` ձևավորելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն: Թեպետ հիմա ոչ բոլորն են հիշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 1980-1990-ականներին նրա ազդեցությունը բրիտանական քաղաքականության վրա նշանակալից էր, հենց այդ տարիներին Տորիները մեծամասնություն ունեին խորհրդարանում, իսկ լիբերալ-դեմակրատների հետ միավորվելուց հետո լեյբորիստները սկսեցին պահպանողականներից մանդատներ խլել: Այդ պատճառով Ջոն Մակդոնելը անջատողական պատգամավորներին զգուշացրեց, որ իրենց գործողությունները կհանգեցնեն Տորիների իշխանության ևս մեկ տասնամյակի:


Ի՞նչ հետևանքներ կունենա բրիտանական քաղաքականության վրա Լեյբորիստների խզումը: Daily Telegraph-ը գտնում է, որ Չորսի խմբի քայլից պետք չէ հետևանքներ սպասել: Այդ խմբում ընդհանուր պլատֆորմով միավորված քաղաքական ծանրքաշայիններ էին, իսկ Յոթի խմբում տարբեր նպատակներ ու գաղափարական հայացքներ կան: 7 պատգամավորներ հայտարարել են, որ անկախ խումբ են ձևավորում, բայց նրանք դեռ կառույց չունեն: Փոխարենը` բավականաչափ անորոշ հայտարարությունը թույլ է տալիս համեմատաբար հեշտ համալրել թե Լեյբորիստների, թե Տորիների շարքերը: Նշանակու՞մ է դա նոր դարաշրջան բրիտանական քաղաքականության մեջ և երկու կուսակցությունների գերակայության շրջանի ավարտ: Անցյալի փորձից դատելով` ոչ: Յոթի խումբը նոր կենտրոնամետ կուսակցության հիմք չէ, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ, այլ ընդամենը` Բրիտանիայի ԵՄ-ում մնալու և Թոնի Բլերի քաղաքականության կողմնակիցների «հնաոճ ակումբ»:


Times-ը գտնում է, որ խզումը կարող է անհապաղ ազդեցություն ունենալ բրեկզիտի վրա: Գուցե կուսակցությունից բրեկզիտի 7 հակառակորդների դուրս գալը Լեյբորիստների ներսում ավելի ուժեղացնի նորից հանրաքվե անելու դեմ ձայները: Բոլոր դեպքերում` ճշմարտության պահը և Տորիների, և Լեյբորիստների համար փետրվարի վերջին գալու է, երբ պատգամավորները պետք է որոշեն` աջակցու՞մ են Թերեզա Մեյի ԵՄ-ից դուրս գալու ծրագրին, թե՞ ոչ: Հենց այդ ժամանակ կուսակցական համակարգի ամրությունը կարող է հասնել ճեղքման կետին ու ապակազմակերպման երազները իրականություն դառնան:
Financial Times-ի կարծիքով` բրիտանական քաղաքականության մեջ երրորդ ուժի տեղը զբաղեցնելու համար, որտեղ մինչև հիմա Լիբերալ-դեմոկրատական կուսակցոթյունն էր, քաղաքական նոր խումբը պետք է ավելի լուրջ պլատֆորմ ստեղծի, քան պարզապես անհամաձայնությունն է Լեյբորիստների նախագահի քաղաքականության հետ: Առայժմ նրանց որոշումն ավելի շատ հարցեր է հարուցում, քան պատասխաններ է տալիս:


Guardian-ը խմբագրականում 7 պատգամավորների որոշումը համարում է սխալ: Լեյբորիստ պատգամավորները գտնում են, որ այդ սխալը թույլ չի տա հաղթել հաջորդ ընտրություններում ու ղեկավարել երկիրը: Մյուս կողմից` Ջերեմի Կորբինը պետք է արագ պատասխանի մարտահրավերին ու իր հասցեին արդարացի մեղադրանքներին: Մեղադրել գործընկերներին ոչ չեզոքության մեջ, լեյբորիստները չեն շտապում` համարելով, որ սեփական համոզմունքները պաշտպանելը ցանկացած քաղաքական գործչի իրավունքն ու պարտականությունն է:
BBC


Հ.Գ. Բնական է, որ բրիտանական հասարակության երկփեղկվածությունը պիտի երկփեղկեր և կուսակցությունները, եթե կուսակցություններն արտահայտում են հասարակության տեսակետները: Փաստացի` բրեկզիտի հարցը աստիճանաբար վերաճեց բրիտանական քաղաքականության վերանայման անհրաժեշտության: Տորիներն իրենց համարում են ճիշտ ու հետևողական, Լեյբորիստները բաժանվում են, սոցիալ-դեմոկրատները բավարար ուժ չունեն քաղաքականություն փոխելու: Մեծ Բրիտանիան մեծ փոփոխությունների առա՞ջ է, թե՞ այս անգամ էլ կխուսափի ու կշարունակի կյանքը` ինչպես եղել է: Բարեկեցիկ, բայց` խնդրառատ: Գուցե տարօրինակ է, բայց բրեկզիտը այդ հարցի պատասխանը չի տալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ