Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոլորը՝ ընդդեմ բոլորի

Բոլորը՝ ընդդեմ բոլորի
22.02.2019 | 03:15

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման գործընթացը յուրահատուկ կատալիզատոր հանդիսացավ Հայաստանում ներքաղաքական բուռն ու սուր պրոցեսների մեկնարկի համար։ Եվ այս փուլը որոշ վերլուծաբաններ անվանում են կոմպրոմատների ժամանակաշրջան։


Այս նոր փուլը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի սուր բանավեճով, ինչի արդյունքում վարչապետը, ոմանց կարծիքով` զգացմունքային պոռթկման մակարդակում, Մարուքյանին և նրա թիմին ուղղակիորեն մեղադրեց, որ նրանց քաղաքական բովանդակությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ձևավորվում է նույն վայրում։ Սակայն իրականում հաշվի առնելով Փաշինյանի բավականին լուրջ փորձը, զանգվածների առջև իրավիճակին տիրապետելու հմտությունը, կարելի է ասել, որ դա ավելի շատ ծրագրված արտահոսք էր։ Ըստ էության, ակնարկվեց, որ մարուքյանական թիմի քաղաքական բովանդակությունը ձևավորվում է Վատիկանի դրոշի ներքո, ասել է՝ Էդմոն Մարուքյանի ծագումնաբանությունը, ֆինանսական աղբյուրները պետք է փնտրել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աջակցության տիրույթում։
Սա իհարկե հետաքրքիր նյուանս է։ Քաղաքական շրջանակներում, հանրության մոտ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այս կամ այն չափով կապված է եղել նախկին իշխանության նշված թևի հետ, սակայն քանի որ այդ համատեքստում ապացուցողական որևէ բան ի հայտ չի եկել, ամեն ինչ մնացել է միայն խոսակցությունների, ասեկոսեների մակարդակում։ Թեև այդ խոսակցություններն էլ այնքան երկար են տևում, այնքան հաստատուն են լինում, որ դառնում են կպչուն գաղափար, և երբեմն քաղաքական կերպարին դրոշմվող նման խոսակցությունները շատ ավելի վտանգավոր են լինում, քան որևէ հստակ բան։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք նման հանգամանքի հետ։
ՈՒշագրավ է, որ «Լուսավոր Հայաստանին» Վատիկանի դրոշի ներքո հանդես գալու մեջ մեղադրում է դեռևս պոպուլյար վարչապետը, որի յուրաքանչյուր մեղադրանք նրա կողմնակիցների մոտ ընդունվում է որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Բացի այդ, մինչև վերջերս Փաշինյանի և Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժերը նույն դաշինքում են գտնվել, և պետք է ենթադրել, որ վարչապետն ամենայն հավանականությամբ, ներսից գիտի այդ ամենի խոհանոցը։


Ինչևէ, կոմպրոմատային պայքարի սկիզբը դրվել է, և դրա արտացոլումը մենք տեսնում ենք թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում, թե՛ տարաբնույթ հարթակներում։ Ըստ էության այդ պայքարն ընթանում է մի քանի հարթությունում։ Առաջինը՝ իշխանություն-ընդդիմություն տիրույթն է։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն իրենց հակառակորդի յուրաքանչյուր սայթաքում փորձելու են օգտագործել ինչպես փաստացի, այնպես էլ ակնարկներով արտահոսքերի տեսքով։ Ինտերնետի դարում սա բավականին մատչելի, հեշտ ու մեծ լսարան ապահովող մեխանիզմ է, տեխնիկական առումով էլ շատ օպերատիվ է։


Կոպրոմատային պայքարի երկրորդ հարթակը շատ ավելի բազմաշերտ է, բարդ ու քողարկված է ոչ պրոֆեսիոնալ աչքից։ Դա ավելի շատ ներիշխանական տարբեր խմբավորումների միջև բավականին սրված պայքարն է, որի ընթացքում իշխանության մեջ ձևավորված առանձին թիմեր ու կլաններ պայքարում են իրական իշխանության, լծակների համար։
Սրանք թերևս այսօր կոմպրոմատային պատերազմի ամենագլխավոր երկու հարթակներն են։ Հատկանշական է, որ շատ դեպքերում այս երկու հարթակները նաև խաչվում են, քանի որ այս երկու բևեռներում գործող ուժերը հաճախ օգտագործում են միմյանց ռեսուրսները՝ ուժեղացնելով դրանք, փոխլրացնելով իրենց ազդեցությունը հակառակորդ ճամբարի վրա։ Այդ ամենի արտացոլումն այսօր մենք տեսնում ենք, և դրա մասին շատ է խոսվում։ Մասնավորապես, իշխանությունը ձևավորած հանրային սեկտորի ներկայացուցիչները, որոնք տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ են, փորձեցին իշխանությունից դուրս մղել նոր իշխանության մեջ դեռևս հնից մնացած պրոֆեսիոնալ թևը, որը ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ այժմ ապահովում է երկրի անվտանգության համակարգի, ֆինանսաբյուջետային, բանկային հատվածների կայունությունը, հարկահանությունը, ի վերջո, գլոբալ առումով նաև՝ պաշտպանվածության մակարդակը։ Այս պրոֆեսիոնալ թիմը նաև արտաքին քաղաքականության մեջ փորձում է մաքրել այն բացթողումները, որոնք, անփորձությունից, խառնվածքից կամ պահի ազդեցության նպատակահարմարությունից ելներով, թույլ է տալիս անձամբ երկրի վարչապետը։ Նախորդ շաբաթներին մենք եղանք ասվածի ականատեսը։ Թիրախ էին դարձել ֆինանսների նախարարը, պետեկամուտների կոմիտեի նախագահը, ոստիկանության աշխատող հատվածը և, եթե «դուխները» բավականացնում էր, նույնիսկ ԱԱԾ-ն։ Պաշտպանության համակարգի մասին չենք խոսում, քանի որ այն վարկաբեկելու կամ թուլացնելու փորձեր հեղափոխության սորոսական թևը ի սկզբանե անում էր։


Կոմպրոմատային արշավով փորձեր են արվում անկայունություն սերմանել ու ներքին քաղաքական իրավիճակը լարել նաև Արցախում։ Եվ դա կատարվում է հիմնականում «Սասնա ծռերի» խողովակով, դրսից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, բլոգերների ու այլ ռեսուրսների միջոցով։
Իհարկե, այս ամենն ունի երկու հիմնական խնդիր։ Բացի ինչ-ինչ ներքաղաքական հարցեր լուծելուց, ֆինանսական լծակներին, Նիկոլ Փաշինյանի ականջին մոտ լինելու պայքարից, կան նաև որոշակի արտաքին քաղաքական պատվերներ` քայքայիչ աղանդների, ավանդական ընտանիքի դեմ պայքարի միջոցով թուլացնել երկրի իմունիտետը, իրականացնել խաղաղության քարոզ և այլն։


Սակայն վերադառնալով Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի թևի ու նրա հովանավորների բանավեճին՝ պետք է նկատենք մի նրբերանգ ևս։ Վերջին օրերին նկատելի է, որ տարբեր ինֆորմացիաներով փորձում են խարխլել, կասկածներ սերմանել ֆինանսական կայունության, տնտեսության կանխատեսելիության նկատմամբ։ Պատահական չէ, որ մեկ-երկու օրվա ընթացքում ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցների էջերում շրջանառության մեջ դրվեցին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնանկության, ֆինանսների նախարարի փոփոխության մասին լուրերը։ ՊԵԿ նախագահի հեռացման մասին հեքիաթներին չենք էլ անդրադառնում, քանի որ դրանք պարբերաբար նոր միս ու արյուն են ստանում, թեև վարչապետն ինքն էլ ըստ էության հերքեց նման լուրերը։ Փաստորեն, այսպիսով ամենակարևոր համակարգերը պահվում են տուրբուլենտության գոտում։ Իրականում ամենայն հավանականությամբ նման բան չկա, քանի որ որքան էլ Նիկոլ Փաշինյանին քննադատեն նրա կադրային քաղաքականության համար (շատ դեպքերում՝ արդարացիորեն), այնուամենայնիվ, նա հասկանում է, որ գոնե այն համակարգերում, որտեղ կայունություն է անհրաժեշտ, ու պետք է ամեն օր արդյունք արձանագրել, պետք է թողնել պրոֆեսիոնալներին և ոչ թե նշանակել «քայլիստներին»։


Այսուհանդերձ, փաստ է, որ Փաշինյան-Մարուքյան ակնարկային պայքարից հետո ասպարեզ նետվեցին խոր ենթատեքստ պարունակող լուրեր։ Պատահական չէ, որ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ կազմվել է սեռական փոքրամասնությունների դասին պատկանող տարբեր տրամաչափի պաշտոնյաների անունների ցուցակ։ Հասկանալի է, որ սա, բարեբախտաբար, դեռևս բավականին աղմկոտ ու զգայուն թեմա է մնում հայ հասարակության համար և շատ քաղաքական առաջնորդների համար կարող է կարիերայի ավարտ նշանակել։ Մեկ հետաքրքրական դրվագ նույնպես. մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Էդմոն Մարուքյանի նախընտրական վերջին արշավը ֆինանսավորվում էր նաև օլիգարխ համարվող մի խումբ գործիչների կողմից։ Այս առումով այն փաստը, որ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում նպատակաուղղված հարձակում էր գործել օլիգարխներից մեկի՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, վերլուծական շրջանակներում գնահատում են որպես Մարուքյանի ընդամենը կանխարգելիչ, ինչ-որ տեղ ինքնապաշտպանական գործողություն իրենից կասկածները շեղելու առումով։


ՈՒշագրավ է, որ այս ֆոնին հանկարծ պայթում է մեկ այլ սկանդալ, որն առնչվում է հասարակական սեկտորի, սորոսական թիմի կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի հետ։ Պարզվում է, որ վերջինս շատ արագ է հարմարվել իր կարգավիճակին և համարում է, որ իր ձեռքում եղած լծակը կարող է օգտագործել անձնական նպատակների համար։ Թե ինչ զարգացումներ կլինեն այս հարցում, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում մենք ականատես ենք լինելու բավականին հետաքրքիր ու լուրջ կոմպրոմատային պատերազմի, որի ընթացքում շատ բաներ կբացահայտվեն, գուցե նաև շատ գլուխներ թռչեն այս պայքարի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ արդեն ժամանակն է հասարակական կարծիքը հանգստացնելու համար որոշակի զոհաբերությունների գնալ, այդ թվում նաև՝ իր թիմի ներսում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ