Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սիրիայի ծովային նավահանգիստները վերահսկելու են Ռուսաստանն ու Իրանը

Սիրիայի ծովային նավահանգիստները վերահսկելու են Ռուսաստանն ու Իրանը
30.04.2019 | 02:48

Ապրիլի 20-ին բազմաթիվ ԶԼՄ-ներ հայտնեցին վաղուց ակնկալվող նորություն. սիրիական միջերկրածովյան Տարտուս նավահանգիստը առաջիկա շաբաթվա ընթացքում տրանսպորտային-տնտեսական օգտագործման համար 49 տարով վարձակալության է տրվելու Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո։

«Առանցքային հարցը, որը պետք է դրական շարժ հաղորդի, Տարտուս նավահանգստի օգտագործման հարցն է։ Այցն ամրապնդեց այդ բոլոր պայմանավորվածությունները։ Մենք շատ լավ առաջ գնացինք այդ հարցում ու հույս ունենք, որ մեկ շաբաթվա ընթացքում պայմանագիրը կստորագրվի, և Տարտուսը 49 տարով կհանձնվի ռուսական գործարարության շահագործմանը»,- ասել է Բորիսովը։ Տվյալ որոշումն ընդունվել է դեռ 2018 թ. դեկտեմբերին Ռուսաստանի և Սիրիայի միջկառավարական հանձնաժողովի նիստում։ Բորիսովը համոզված է, որ այդ քայլը լուրջ շարժ կհաղորդի փոխադարձ ապրանքաշրջանառությանը, մեծ օգուտ կբերի հատկապես Սիրիայի տնտեսությանը։


Հիշեցնենք, որ Արևելյան Հալեպի ազատագրումից և Լաթաքիա նահանգում (հիմնականում ալավիներով բնակեցված) անվտանգության մի շարք նոր երաշխիքներ ստեղծելուց հետո 2017 թ. Ռուսաստանն ու Սիրիան համաձայնագիր կնքեցին Տարտուսում ռուսական ՌԾՆ նյութատեխնիկական ապահովման կետի (ՆՏԱԿ) տեղաբաշխումը 49 տարով երկարաձգելու մասին։ Իսկ 2016 թ. հոկտեմբերին Վ. Պուտինն օրենք էր ստորագրել Սիրիայի տարածքում ռուսական ՌՏՈՒ-ի անժամկետ տեղաբաշխման մասին։ Այդ օրենքը վավերացնում էր Դամասկոսի ու Մոսկվայի միջև 2016-ի օգոստոսին կնքված համաձայնագիրը, որը նախատեսում էր նաև ՌԴ-ի անժամկետ օգտագործմանը հանձնել Լաթաքիայի «Հմեյմիմ» օդանավակայանն իր ողջ ենթակառուցվածքով։ Հիշեցնենք, որ ռուսական բանակը «Հմեյմիմն» օգտագործում է 2015 թ. աշնանից՝ Սիրիայի կառավարական բանակին օդից ակտիվորեն աջակցելով զինված ընդդիմության դեմ պայքարում։ 2017 թ. հուլիսի 19-ին Դաշնության խորհուրդը վավերացրեց ՌԴ-ի և Սիրիայի միջև կնքված համաձայնագրի արձանագրությունը Սիրիայի տարածքում ռուսական ՌՏՈՒ-ի ավիացիոն խմբի տեղաբաշխման մասին։ Այդ արձանագրությամբ Դամասկոսը 49 տարով Ռուսաստանի անժամկետ օգտագործմանն է հանձնում «Հմեյմիմ» օդակայանի տարածքն ու այնտեղ գտնվող անշարժ օբյեկտները։ Այդ ժամկետը լրանալուց հետո համաձայնագիրը կարող է ինքնաբերաբար երկարացվել 25 տարով։ Այդ դեպքում սիրիական կողմն ապահովելու է բազայի ու նրա ափամերձ սահմանների արտաքին պահպանությունը, իսկ ռուսական բանակը պատասխանատու է ներքին պահպանության, ՀՕՊ-ի կազմակերպման և բազայի տարածքում իրավակարգի ապահովման համար։


Հենց «Հմեյմիմի» վերաբերյալ այդ պայմանավորվածությունների կապակցությամբ էլ Տարտուսի հարցը հատուկ նշանակություն է ստանում։ 2016 թ. ՌԴ ՊՆ-ն հայտարարեց սիրիական այդ նավահանգստում ռազմածովային բազա ստեղծելու մտադրության մասին։ Իսկ Տարտուսում ռուսական ՌԾՆ նավերի ՆՏԱԿ-ը նորություն չէ. այն իր աշխատանքն սկսել է դեռ 1977 թ., խորհրդա-սիրիական հարաբերությունների զարգացման շրջանում։ 2017 թ. ՆՏԱԿ-ի տեղաբաշխման ժամկետը 49 տարով երկարաձգելուց հետո հայտնի դարձավ, որ Տարտուսում միաժամանակ կարող է գտնվել ռուսական 11 ռազմանավ, այդ թվում՝ ատոմային։ Այդ ՆՏԱԿ-ը ՌԴ ՌԾՆ 720-րդ ՆՏԱԿ-ն է, բաղկացած է 100-ական մ երկարությամբ երկու լողացող կառանարանից։ Այն պահպանում է ՌԴ ՌԾՆ ծովային դեսանտայինների երկու դասակ։ Լիովին սպասելի է, որ վաղ թե ուշ այն վերափոխվելու է լիարժեք ռազմածովային բազայի, որից կարող է օգտվել ՌԴ Միջերկրածովյան նավախումբը։ Դրա ստեղծումը, ավելի ճիշտ՝ վերաստեղծումը, կայացել է 2013 թ., և հասկանալի է, որ, բացի մոլորակի տվյալ մասում Ռուսաստանի ԶՈՒ-ի ռազմավարական նպատակներից ու խնդիրներից, Միջերկրածովյան նավախմբի վերաստեղծման վրա ազդել են նաև Սիրիայի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի արյունալի իրադարձությունները։


Կարճ՝ այն մասին, թե ինչ է Միջերկրածովյան նավախումբը։ Այն Ռուսաստանի ՌԾՆ-ի մշտական միջնավատորմային օպերատիվ միավորում է հեռավոր ծովային գոտում, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ին ստեղծվել է Միջերկրածովյան տարածաշրջանում խնդիրներ լուծելու համար՝ հաշվի առնելով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրությունը, ենթարկվում է ՌԴ ՌԾՆ Սևծովյան նավատորմի հրամանատարին։ Միավորման կազմի մեջ են մտնում, հերթագայմամբ, ՌԴ ՌԾՆ-ի բոլոր նավատորմերի 10 նավեր։ 2013 թ. մայիսի 31-ին միավորման հրամանատարությունն ստանձնեց Սևծովյան նավատորմի շտաբի պետի տեղակալ, առաջին կարգի նավապետ Յուրի Զեմսկին, 2016-ից հրամանատարն է 1-ին կարգի նավապետ Պավել Յասնիցկին։
ՌԴ Միջերկրածովյան նավախմբի հիմքը կազմում են հրթիռային, հականավակային, դեսանտային նավերը, դիզելային և ատոմային սուզանավերը։ Խմբավորման կազմն այնպես է ընտրվում, որ այն պահպանի ինքնաբավությունը և կարողանա հաջողությամբ փոխգործակցել ավիացիայի հետ, լուծել սուզանավերի և հակաօդային պաշտպանության խնդիրներ։ ՌԴ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի որոշման համաձայն 2017 թ. հունվարին սկսվել է Սիրիայում ՌԴ զորքերի խմբավորման, այդ թվում՝ Միջերկրական ծովում ՌԾՆ օպերատիվ միավորման կրճատումը։ Բայց միավորումն ինքը շարունակել և շարունակում է իր գործունեությունը, օրինակ, 2018 թ. փետրվարի վերջին այն ուներ 15 ռազմանավ և ապահովման նավ, ներառյալ նավերի տեխնիկական պատրաստությունն ապահովող լողացող արհեստանոցը։ 2018-ի մայիսին ՌԴ ՌԾՆ գլխավոր հրամանատար, ծովակալ Կորոլյովը հայտնեց, որ ՌԾ նավատորմը հետագայում պահպանելու է խմբավորման արդյունավետ ու հաշվեկշռված կազմը։


2017 թ. հուլիսին միավորման նավերն առաջին անգամ, ի պատիվ Ռուսաստանի ՌԾՆ-ի օրվա, Տարտուսում՝ 720-րդ ՆՏԱԿ-ի տարածքում, ռազմածովային շքերթ կատարեցին։ 2018 թ. սեպտեմբերին միավորման նավերը մասնակցեցին ռուսական Իլ-20 խոցված հետախուզական ինքնաթիռի փրկարարա-որոնողական աշխատանքներին։ Տարբեր ժամանակներում, հերթագայմամբ, միավորման կազմում են եղել ՌԴ նավատորմերի դրոշակիր նավերը՝ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավը, «Մոսկվա» և «Վարյագ» հրթիռային հածանավերը. «Ծովակալ Գրիգորովիչ» և «Ծովակալ Էսսեն» ֆրեգատները, «Պետրոս Մեծ» ատոմային ծանր հրթիռային հածանավը։


Եվ այժմ՝ համաձայնագիր՝ Ռուսաստանին վարձակալության տալու ողջ Տարտուս նավահանգիստը, ոչ միայն 720-րդ ՆՏԱԿ-ի տեղաբաշխման վայրը։ Ըստ էության, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը 49 տարով կդառնա Տարտուսի նավահանգստի միակ պատասխանատուն։ Իսկ կողքին ՌԾՆ-ի Միջերկրածովյան նավախմբի բազան է, մի քիչ հեռու՝ «Հմեյմիմ» բազան։ Համաձայնենք «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Ս. Ծատուրյանի կարծիքին. «Դա առանցքային հարցն է։ Տվյալ լուծումը դրական ազդանշան է, որը վկայում է, որ պատերազմը Միրիայում մոտեցել է տրամաբանական ավարտին, և երկիրը պատրաստվում է վերականգնման ծավալուն նախագծերի։

Ռազմավարական առումով Ռուսաստանն ամրացնում է իր դիրքը արևելյան Միջերկրածովքում։ Եվ դա սկզբունքորեն կարևոր է, որովհետև վերջին 500 տարում համաշխարհային ողջ աշխարհաքաղաքականությունը ձգտում էր Միջերկրական ծովի արևելյան ափի վերահսկողությանը»։ Մենք կավելացնենք, որ դա էլ ավելի կարևոր է, եթե հաշվի առնենք, որ այդ վերահսկողության համար պայքարի մեջ է մտել նաև Իսրայելը, որը հավանորեն ուզում է ինչ-որ բան զավթել Կիպրոս կղզու ափամերձ ծանծաղուտից, որտեղ կանխագուշակվում են բնական գազի մեծ պաշարներ, կամ էլ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ այնքան էլ կայուն չեն։ Վերջապես, եթե իրավիճակին նայենք «Սիրիայի դաշտում պատերազմի» շրջանակում, ապա Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը, իսկ Տարտուսի նավահանգստի վարձակալմամբ ՌԴ-ն անվիճելիորեն ուժեղացնում է իր դիրքերը և տարածաշրջանում իր ռազմական ներկայության ռազմավարական նշանակությունը, կարող է նշանակել, որ Մոսկվան Թեհրանի հետ համատեղ պատրաստվում է այն պահին, երբ ողջ Հյուսիսային Սիրիան կմաքրվի Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերից։ Հիշեցնենք, որ վերջերս, հերթով, ՌԴ և Իրանի ԱԳՆ-երը բացատրում էին պաշտոնական Անկարային, որ խաղաղությունն ու կայունությունը կարող են հնարավոր լինել միայն Սիրիայի վերահսկողությունը Թուրքիայի հետ նրա սահմանների վրա վերականգնելու և սիրիա-թուրքական սահմանի բոլոր հատվածները սիրիական բանակին վերադարձնելու պայմանի դեպքում։


Իսկ այժմ հիշեցնենք, թե ինչ է գրվել Սիրիայի մասին Իրանի բարձրագույն ղեկավարության հետ Բաշար Ասադի բանակցությունների կապակցությամբ։ 2019 թ. մարտի 15-ին բրիտանական «The Times» ազդեցիկ թերթը գրել է, որ Իրանը պատրաստվում է իր վերահսկողության տակ ստանալու Լաթաքիա քաղաքի սիրիական գլխավոր առևտրական նավահանգիստը։ Խոսքը Լաթաքիայի բեռնարկղային նավահանգիստը իրանցի կառավարիչների կառավարմանը հանձնելու մասին է 2019 թ. հոկտեմբերի 1-ից, երբ լրանում է ներկայիս ղեկավար ընկերության հետ կնքած վարձակալման պայմանագրի գործողության ժամկետը։ Այդ նավահանգստի վերահսկումը Թեհրանին կօգնի ապահովելու Իրանից դեպի Միջերկրական ծով Իրաքով և Սիրիայով տարանցիկ երթուղու անվտանգությունը։ Մինչև Սիրիայում պատերազմական գործողություններն սկսվելը դրանով տարեկան մոտ 3 մլն տ բեռ էր տեղափոխվում։ Ներկայումս Լաթաքիայի նավահանգիստը կառավարում է համատեղ սիրիա-ֆրանսիական ձեռնարկությունը, ընդ որում, նավահանգիստը պատկանում է սիրիական պետությանը և 2015-ից գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո։
Իրանի իշխանությունները բացահայտորեն պաշտպանում են Բաշար Ասադի կառավարությանը Սիրիայում 2011 թ. զինված հակամարտության սկզբից, հիշեցրել է «The TIMES»-ը։ Պաշտոնական վարկածով իրանական ուժերը երկրում ներկա են միայն որպես ռազմական խորհրդականներ։ 2019 թ. հունվարի 16-ին ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանն իր զինվորականներին կպահի Սիրիայում և կշարունակի զենք մատակարարել այդ երկրին։


Ենթադրվում է, որ այդ համաձայնագիրը Սիրիայի և Իրանի նախագահների միջև կնքվել է Թեհրանում նրանց փետրվարյան հանդիպման ժամանակ, և արդեն այժմ սկսվել է նավահանգստի ենթակառուցվածքի նախապատրաստումը նոր «տերերի» ժամանմանը։ Պարզվում է, որ Լաթաքիայի նավահանգիստն Իրանի կառավարմանը հանձնելու մասին նախագահ Ասադն ասել է դեռ 2016-ին, այսինքն այն ժամանակ, երբ հավանություն է տվել Ռուսաստանի բոլոր առաջարկներին և՛ «Հմեյմիմի» վարձակալման ժամկետների, և՛ Տարտուսի ռուսական 720-րդ ՆՏԱԿ-ը լիարժեք ռազմածովային բազայի վերափոխելու, և՛ Տարտուսի ողջ նավահանգիստը Ռուսաստանին հանձնելու մասին։ Այդ հանգամանքը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Սիրիան, Ռուսաստանը և Իրանն արդեն 2016-ի վերջին միասնաբար այն եզրակացությանն են եկել, որ սիրիական նավահանգիստների փրկությունը 2015 թ. ամերիկյան պատժամիջոցներից կլինի Սիրիայի միջերկրածովյան ափի նկատմամբ Մոսկվայի և Թեհրանի լրիվ վերահսկողությունը։


Այժմ դժվար է որևէ հաստատ բան ասել, բայց չի կարելի բացառել, որ Լաթաքիայի նավահանգստի կառավարումն Իրանին հանձնելու Սիրիայի համաձայնությունը կապված չէ այն բանի հետ, ինչը հիմա հնչեցնում են ԱՄՆ-ը, Անգլիան և Իսրայելը, թե իբր Սիրիան համաձայնել է, որ Իրանը Լաթաքիայում ռազմածովային բազա կառուցի։ Միաժամանակ անիմաստ է թաքցնել, որ հնարավոր է նաև Մոսկվայի չհնչեցված պլան կամ Ռուսաստանի և Իրանի համատեղ գաղտնի պլան, ու Մոսկվան իսկապես կարող էր հավանություն տալ Դամասկոսի և Թեհրանի նման գործարքին և չի խոչընդոտել Լաթաքիայում իրանական ռազմածովային բազայի տեղակայմանը, ելնելով նախ և առաջ սեփական ռազմավարական շահերից։ Այն պնդումները, թե այդ քաղաքի մոտիկ լինելը Տարտուսին, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային բազան, և «Հմեյմիմին», որտեղ տեղաբաշխված են ՌԴ ռազմատիեզերական հիմնական ուժերը, կարող է վերջիններս դնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների վտանգի տակ, այնքան էլ տեղին չեն։ Լաթաքիայից մինչև Տարտուս ուղիղ գծով 72 կմ է, մինչև «Հմեյմիմ»՝ 24 կմ, ինչը բացառում է հրթիռների դիպչելու «պատահականությունը», մանավանդ որ ռուսական օբյեկտները պաշտպանված են սեփական հակաօդային միջոցներով (ԶՀՀ Ս-400, ЗРПК «Панцирь-С1», «Тунгуска» և այլն)։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ