Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հավաստագրով կոնֆլիկտներ՝ պատերազմի ապագա՞ն

Հավաստագրով կոնֆլիկտներ՝ պատերազմի ապագա՞ն
14.05.2019 | 10:10

Սառը պատերազմի ժամանակ միջնորդավորված կոնֆլիկտները սովորական երևույթ էին, հետո նրանք տեղը զիջեցին ուղիղ ռազմավարություններին, մեր օրերում նորից են շատացել համաշխահարհային կամ տարածաշրջանային տերությունների բախումների պատճառով՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում։ Բեռլինի պատը քանդելուց հետո ժամանակակից պատերազմները հիմնականում ուղղակի էին։ Մինչև ՆԱՏՕ-ն կանգնեցրեց սերբերին, նրանք կռվում էին խորվաթների ու բոսնիացի մուսուլմանների դեմ նախկին Հարավսլավիայում։ Ռուսները կռվում էին չեչենների հետ, պաղեստինցիները՝ Իսրայելի դեմ։ Կոտ- դ'Իվուարում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ու Մալիիում ապստամբություններն ու քաղաքացիական պատերազմները դադարեցվում էին կամ զսպվում էին ֆրանսիական զորքերով։ Բայց վերջին տարիներին սկսվել են պրոկսի-պատերազմներ, որտեղ տերությունները դիմակայում են միմյանց միջնորդների միջոցով, որոնց աջակցում են ռազմական կամ ֆինանսական օգնությամբ։ «Դա վերադարձ է սառը պատերազմի համակարգին,-բացատրում է գեներալ Վենսան Դեպորտը՝ Ռազմական դպրոցի նախկին տնօրենը։ - Այն ժամանակ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը՝ երկու միջուկային գերտերությունները, չէին կարող ուղղակի միմյանց բախվել, հետևանքները չափազանց լուրջ կլինեին։ Եվ նրանք դիմակայության համար սկսեցին որոնել միջնորդների»։ Հավաստագրով ամենահայտնի պատերազմը Սիրիայում է։ 2011-ին ամեն ինչ սկսվեց Բաշար Ասադի վարչակարգի ու ապստամբների կոնֆլիկտից։ 8 տարի անց դա վերածվեց բազմաստիճան պատերազմի։ Միջազգային կոալիցիան դիմակայում է ԻՊ-ին։ Սունի Սաուդյան Արաբիան՝ շիա Իրանին՝ երկու տերությունները պայքարում են մուսուլմանական աշխարհում առաջնորդի դերի համար, Սաուդյան Արաբիային աջակցում է ԱՄԷ-ն, Իրանին՝ ՌԴ-ն։ Իսրայելի համար տարածաշրջանում գլխավոր թշնամին Իրանն է (և Հեզբոլահի լիբանանյան զինված թևը)՝ հատկապես 1979-ի իսլամական հեղափոխությունից ու միջուկային ծրագրի մշակումից հետո։ Անկարան 1980-ականներից կռվում է երկրի հարավ արևելքում Քուրդիստանի աշխատավորական ուժերի ապստամբ շարժման դեմ՝ ցանկանալով ցանկացած գնով խուսափել Սիրիայում քրդական ինքնավար գոտու ստեղծումից։ Այս պատերազմը ասպարեզ է հանում Ռուսաստանին, որ այդպես էլ չի հաշտվել սառը պատերազմում պարտության հետ ու ցանկանում է ԱՄՆ-ից վրեժը հանել։ Նույնը վերաբերում է միջազգային ճգնաժամերին: Նույնն է կատարվում, օրինակ, Վենեսուելայում, որտեղ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու ընդդիմադիր Խուան Գուայդոյի դիմակայությունը երեք ամիս ձգվում է։ Գուայդոյին աջակցում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ազատ ու ժողովրդավար աշխարհը։ Նիկոլաս Մադուրոյի թիկունքում ավտորիտար, ռևիզիոնիստական պետություններն են՝ լատինամերիկյան սոցիալիզմի նոստալգիայով, որ մարմնավորում էր Ուգո Չավեսը, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Կուբան, Թուրքիան, Բոլիվիան։ Եթե հանենք Թուրքիան, Վենեսուելայում խզման նույն գիծն է, որ 2010-ից Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցներին հակադրում է նրա իշխանության ընդդիմադիրներին։ Այս ալյանսները գաղափարական ու տնտեսական արմատներ ունեն։ «Կրեմլը ալյանսներում տեսնում է Սպիտակ տանը դժվար կացության մեջ դնելու միջոց՝ իր ամերիկյան հետնաբակերում։ Մոսկվան իր հաջողությունները Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում դիտարկում է վրեժ՝ ի հատուցումն ԱՄՆ-ի միջամտության ռուսական հետնաբակերում»՝ պարզաբանում է Ջուլիա Գուրգանուսը Կառնեգիի հիմնադրամի ուսումնասիրության մեջ։


Չինաստանի ու Ռուսաստանի համար Նիկոլաս Մադուրոյին աջակցությունն ունի նաև տնտեսական պատճառներ՝ երկու երկրները պարտք են տվել Ուգո Չավեսին նավթային օգուտների դիմաց և ցանկանում են մի գեղեցիկ օր իրենց գումարները վերադարձնել։ Սակայն Պեկինն ու Մոսկվան, Վենեսուելայի ճգնաժամում խրվելով, ցուցադրում են նաև իրենց առարկությունը արևմտյան տնտեսական ու քաղաքական մոդելին։ Հավաստագրերով պատերազմներին վերադարձը կապված է ընթացիկ փուլում աշխարհաքաղաքական մեծ շրջադարձին, որ ծնում է նոր բախումներ ու վերածնում է ուժերի հավասարակշռությունը։ Եվրոպայի ռազմավարական թուլացումը և ԱՄՆ-ի դուրս գալը Մերձավոր Արևելքից՝ նոր տերություններին մղում են վակուումը լրացնել։ Նախևառաջ՝ Ռուսաստանին, որ այդպես էլ չի հաշտվել սառը պատերազմում պարտության հետ և ցանկանում է հաշիվը հավասարեցնել ԱՄՆ-ի հետ։ Վլադիմիր Պուտինի օգնությամբ Ռուսաստանը գլուխը բարձրացրեց դիվանագիտության մեջ և սպառազինվեց, որ վերադարձնի մեծ գերտերության նախկին կարգավիճակը։ Անմիջապես միջամտելով կամ աջակցելով դաշնակից խմբերին տարբեր կոնֆլիկտներում, Ռուսաստանը վերականգնում է իր ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Մոսկվան բարձրացնում է իր հեղինակությունը՝ ապացուցելով, որ չի լքում իր դաշնակիցներին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։ Վերջապես՝ Ռուսաստանը պաշտպանում է իր մոդելը՝ վարչակարգերին պաշտպանել տեղում՝ որտեղ էլ նրանք լինեն։ 1999-ին Կոսովոյի պատերազմի, 2011-ին Արևմուտքի՝ Լիբիա ռազմական ներխուժման ժամանակ Ռուսաստանը չկարողացավ կանխել Բելգրադի ու Տրիպոլիի վարչակարգերի անկումը: Կրեմլը դա չի մոռացել:


«Միջնորդավորված պատերազմները խնայում են միջոցներն ու էներգիան։ Ուրիշի արյունը թափելն ավելի էժան է»՝ հիշեցնում է գեներալ Դեպորտը, որ հիմա Փարիզի Բիզնեսի բարձրագույն դպրոցի և Քաղաքականության ուսումնասիրման ինստիտուտների պրոֆեսոր է։ Հավաստագրով պատերազմների կիրառման հաճախացումը փոխհատուցում է սովորական ռազմավարությունների արդյունավետության նվազումը։ Այդօրինակ պատերազմը փոխհատուցում է ժամանակակից բանակների՝ ասիմետրիկ կամ ոչ մշտական թշնամու հետ հարցերը լուծելու անկարողությունը։ Բացի այդ՝ երկարատև ուղղակի ռազմական ներխուժումները թանկ արժեն։ Անուղղակի միջոցների ու դաշնակիցների կիրառումը ազատություն է տալիս կիրառողներին: Նրանց դերը երբեմն արդյունավետությամբ գերազանցում է ավանդական զինուժին, որ ապացուցել են ռուսներն Ուկրաինայում։ Ռազմական կազմավորումների կիրառումը Դոնբասում, որ Մոսկվային հնարավորություն տվեց խուսափել տեղերում իր զորքի տեղակայումից, ազատ է արձակել Կրեմլի ձեռքերը քաղաքական ու դիվանագիտական ասպարեզում: Հավաստագրով պատերազմները ունեն և իրենց թերությունները: Ամենակարևորը՝ դժվար է դադարեցնել։ Սիրիան ամենաաղաղակող օրինակն է, երբ ամեն հրադադար, խաղաղության ամեն ծրագիր պարտություն է կրում, երբ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը գտնում է, որ իր շահերը պաշտպանված չեն։
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ﮳Գ﮳ Գուցե տարօրինակ հնչի, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ևս հավաստագրով պատերազմի օրինակ է։ Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ միմյանց հետ տարաձայնություններ չունեն կոնֆլիկտի կարգավորման հարցում, իրականում տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների շահերը ոչ միայն տարբեր են, այլև՝ հակասում են իրար։ Ինչ-որ պահի այդ գործոնը հավասարակշռող դեր է կատարում, ինչ-որ պահի վերածվում է պատերազմի, երբ կողմերից մեկը ներգործությունը թուլացնում է։ Ու սա ևս հավաստագրով պատերազմի առանձնահատկություն է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ