«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած»

«Եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած»
17.05.2019 | 01:51

2000 թվականին Երևանում հինադրվեց «Քսանմեկի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը 2010-ին վերանվանվեց «Երևանյան հեռանկարներ»: Փառատոնի շրջանակներում Երևանն այս տարիներին հյուրընկալել է համաշխարհային ճանաչմամբ այնպիսի մեծ երաժիշտների և երաժշտախմբերի, ինչպիսիք են Վիեննայի ֆիլհարմոնիկը, Բեռլինի պետական, Թագավորական Կոնսերտգեբաուն, Իսրայելի ֆիլհարմոնիկը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Դանիել Բարենբոյմը, Զուբին Մեթան, Լորին Մազելը, Վալերի Գերգիևը, Քրիստոֆ Էշենբախը, Վլադիմիր Ֆեդոսեևը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Պինխաս Ցուկերմանը, Մաքսիմ Վենգերովը, Պլաչիդո Դոմինգոն, Ռենե Ֆլեմինգը, Դմիտրի Խվորոստովսկին, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և այլք: Փառատոնը հյուրընկալել է նաև ջազ և փոփ երաժշտության աստղերի՝ Ալ Ջերոյին, Ջորջ Բենսոնին, Ջո Քոքերին, Լարա Ֆաբիանին, Պատրիսիա Կաասին, Գորան Բրեգովիչին: Մեծն Շառլ Ազնավուրի վերջին համերգը Երևանում ևս կազմակերպել էր փառատոնը:
«Երևանյան հեռանկարներն» այս տարի անցկացվելու է 20-րդ անգամ: Հոբելյանական տարում նախատեսվում են մեկը մյուսից նշանակալի իրադարձություններով և աշխարհահռչակ անուններով հագեցած համերգային երեկոներ: Փառատոնի մեկնարկը տրվեց Արամ Խաչատրյան համերգասրահում՝ «The Swingles» վոկալ խմբի համերգով, ապրիլի 29-ին: Առաջիկայում կկայանան հետևյալ իրադարձային համերգները՝ Իվո Պոգորելիչ, դաշնամուր (մայիսի 13), «Պարկեր» քառյակ (մայիսի 28), «Ամադինդա» հարվածայինների համույթ (հունիսի 19), Նոբոյուկի Թցուջի, դաշնամուր (սեպտեմբերի 6), Սըր Անդրաշ Շիֆ, դաշնամուր (սեպտեմբերի 15), Գոտիե Կապյուսոն, ՀԱՖՆ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան (սեպտեմբերի 24), Քիմ Քաշքաշյան, ալտ, Ռոբին Շելկովսկի, հարվածային գործիքներ (սեպտեմբերի 29), Փիթեր Ունջյան, դիրիժոր, ՀԱՖՆ (հոկտեմբերի 4), Պինխաս Ցուկերման, ջութակ, ՀԱՖՆ (հոկտեմբերի 7), Հոբելյանական երեկո (հոկտեմբերի 8), «Կուս» լարային քառյակ (հոկտեմբերի 9), «Արդիտի» քառյակ (հոկտեմբերի 24), Թեոդոր Կուրենտիս, դիրիժոր, «Լուքս Աեթերնա» նվագախումբ և երգչախումբ (նոյեմբերի 11):
Երաժշտական այս տոնախմբությունն ունի, անշուշտ, իր հեղինակը, որին այսօր հյուրընկալել է «Իրատեսը»:
Իմ զրուցակիցը «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ է:


-Պարոն Ռոստոմյան, այս տարին հոբելյանական է «Երևանյան հեռանկարների» համար: Ի՞նչ նորույթով կնշանավորվի 20-րդ փառատոնային տարին:
-Հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու գաղափարին և Հայաստան ենք հրավիրելու համաշխարհային մեծությունների: Իհարկե, ամեն տարի մի նորություն լինում է: Եվ այս տարի էլ կլինի: Խորհրդային Միության փլուզումից հետո դադարել է կոմպոզիտորներին ստեղծագործություններ պատվիրելու պրակտիկան, և այսօր, ցավոք, կոմպոզիտորի արվեստը դարձել է ընդամենը հոբբի: Այնինչ դա պիտի լինի նրա ապրելու կերպը, հաց վաստակելու ձևը: Մենք այս տարի կփորձենք 20 ստեղծագործություն պատվիրել մեր կոմպոզիտորներին՝ 20-ամյակի առթիվ: Դրանց թվում կլինեն չորս-հինգ մեծ կտավի գործեր՝ սիմֆոնիաներ, գուցե և՝ բալետ, օպերա, ինչպես և բազմաթիվ կամերային ստեղծագործություններ: ՈՒշադրության կենտրոնում կլինեն հատկապես երիտասարդները, բայց չեն անտեսվի նաև ավագ սերնդի ճանաչված ներկայացուցիչները: Այս գործընթացը լինելու է շարունակական, հետագայում էլ կլինեն ստեղծագործությունների պատվերներ, և այդ ստեղծագործությունները կկատարեն մեր լավագույն կատարողական ուժերը: Այդ 20 ստեղծագործություններից լավագույնները կներկայացնենք համաշխարհային բեմերում, մեր գործընկեր փառատոների շրջանակներում: Մյուս նորությունն էլ այն է, որ ստեղծելու ենք բարձրագույն որակի մենակատարների նոր անսամբլ, որը պիտի զբաղվի ժամանակակից գործերի կատարումով:
-Նախորդ տարիներին մեր երկիրը հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների, որոնց ելույթները մշակութային հրավառության են վերածվել: Ինչպե՞ս եք կարողանում մեր փոքրիկ, շատերին անհայտ երկիր հրավիրել նրանց և ինչպիսի՞ տպավորություններով եք ճանապարհում:
-Փառատոնի վարկանիշը շատ բարձր է աշխարհում: Տարիների ընթացքում այն անհավանական վերելք ապրեց և այժմ համարվում է աշխարհի առաջատար փառատոներից մեկը: Ըստ Եվրոպայի մշակույթի հանձնակատարի՝ փառատոնը ամրագրեց Հայաստանը Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզին: Այս պարագայում արդեն որևէ խնդիր չկա համաշխարհային մեծության այս կամ այն երաժշտին հրավիրելու մեր երկիր: Ավելին ասեմ՝ նրանք մեծ պատիվ են համարում իրենց համար Հայաստան գալը: Միակ խնդիրը ժամանակի սղությունն է. նման կարգի երաժիշտներն ու նվագախմբերը մի քանի տարի առաջ են համակարգում իրենց ելույթները: Մեր փառատոնը յուրահատուկ ձևաչափ ունի, այն տեղի է ունենում տարվա ընթացքում, և առավել դյուրին է առաջին մեծության աստղերի երևանյան համերգների պլանավորումը: Նման մոտեցման ճշմարտացիության մեջ արդեն համոզվել են եվրոպացի կազմակերպիչները, որոնցից շատերն անցել են նույն ձևաչափին:

-Մեր հանրության վերաբերմունքը մեգա-աստղերի փառատոնային հյուրախաղերին երկակի է: Մի մասը ոգևորված է, որ այդպիսի անուններ են հանդես գալիս մեր երկրում, բայց կա նաև որոշակի զանգված, որը համարում է այդ երևույթը անհարկի շռայլություն մեզ նման աղքատ, բազում կենսական խնդիրների լուծմանն անընդունակ երկրի համար: Ինչպե՞ս կարձագանքեք այս տեսակետին:
-Դա անգամ պատասխանի արժանացնելու տեսակետ չէ, չի կարելի այդ մոտեցմանը լուրջ վերաբերվել: Եթե Հայաստանն ապրում է 21-րդ դարում, պիտի ունենա համապատասխան նկարագիր: Պարզունակ համեմատական անցկացնեմ. երբ փողոցում տեսնում եք մուրացկանի, լավագույն դեպքում մի փոքր գումար եք տալիս ու անցնում-գնում, նրա հետ չեք մտերմանում, ընկերություն չեք անում: Աղքատներին, խեղճերին չեն սիրում ոչ մի տեղ: Ամեն տեղ ներկայանալ միայն որպես երկրաշարժ տեսած, Ցեղասպանություն ապրած, տնտեսապես քայքայված երկիր և հույս ունենալ, որ մեզ պիտի խղճան, օգնեն, որ կարողանանք ապրել, անթույլատելի է: Այդ ձևով ապրելը մեր ազգային հանճարին հարիր չէ: Այդ դեպքում ինչու՞ ենք տալիս Նարեկացու, Կոմիտասի, Խաչատրյանի անունները: Եկեք խոսենք միայն լավաշի ու դուդուկի մասին ու դրանով վերջացնենք ամեն ինչ: Չէ՞ որ բոլոր դարաշրջաններում մենք անցել ենք արհավիրքների միջով, բայց պահել ենք մեր մշակույթը: Իր գերդաստանը կորցրած կինը սղոցով երկու մասի է բաժանել ահռելի ծանրությամբ գիրքը ու հասցրել Երևան, որ այսօր այն հանգրվանի Մատենադարանում: Մարդիկ կյանք են դրել՝ մշակույթ են փրկել: Հայտնի է Չերչիլի խոսքը. «Եթե մշակույթը չլինի, ինչի՞ համար ենք պատերազմում, ի՞նչն ենք պաշտպանում»: Եթե Հայաստանում չլինի մշակույթ, չլինի ինտելեկտ, մենք ի՞նչն ենք պաշտպանելու. աղքատությու՞նը: Երբ հռչակավոր մեկը գալիս է Հայաստան, նա դառնում է մեր երկրի դեսպանն աշխարհում: Այդպիսի մարդկանց մեկ խոսքը արդեն ծանրակշիռ արժեք է: Օրինակ՝ Եվգենի Կիսինի խոսքը Ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ ահռելի ցնցում էր առաջացնում թե՛ Իսրայելում, թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Ամերիկայում: Այսինքն՝ մենք ոչ միայն բարձրակարգ արտիստների համերգներ ենք կազմակերպում ու մատուցում մեր հասարակությանը, այլև այդ արտիստներին դարձնում ենք մեր երկրի դեսպաններն աշխարհում և ճանապարհ բացում մեր երաժիշտների համար: Քանի՜ հայ երաժշտի կյանք է փոխվել մեր փառատոնի ստեղծած կապերի շնորհիվ: Մենք անում ենք մեր գործը և չենք սպասում, որ մեզ պիտի ծափահարեն:
-Մենք հաճախ ենք պատճառաբանում համերգային, թատերական դահլիճների կիսադատարկությունը հայ հասարակության սոցիալական ծանր վիճակով, բայց փաստ է, որ «Երևանյան հեռանկարների» շրջանակներում կազմակերպվող համերգները մշտապես անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, հաճախ տեսնում ենք ոտքի վրա մնացած հանդիսատեսի, էլ չեմ խոսում բեմի վրա ու եզրերում տեղադրված լրացուցիչ աթոռների մասին: Կարո՞ղ ենք ասել, որ եթե իսկապես մեծարժեք մշակութային նախագիծ է մատուցվում հանրությանը, նյութական դժվարությունները, այնուամենայնիվ, հաղթահարելի են:
-Մեր դահլիճների կիսադատարկությունը փող չունենալու պատճառով չէ: Փողը չէ խնդիրը, խնդիրը որակն է: Մեր ժողովուրդն արվեստի ծարավ է: Միշտ ասում եմ՝ եթե հայ մարդուն մի քար և մի մուրճ տաս, անպայման մի խաչքար կտաշի, որովհետև հայի մեջ դարավոր մշակույթ է նստած, հայի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ նա մշակույթի կրող է: Ասեմ նաև, որ փառատոնի համերգները երբևէ չեն ունեցել կոմերցիոն նպատակաուղղվածություն: Մինչև վերջերս էլ մենք մեր մտավորականներին հրավիրատոմսեր ենք տվել, և դահլիճի մոտ 50-60 տոկոսը զբաղեցրել են հրավիրատոմսերով եկած ունկնդիրները: Բայց հիմա մի քիչ կփոխվի այս կարգը՝ ոչ իմ ցանկությամբ:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ