Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփը զորախումբ ուղարկեց Մերձավոր Արևելք

Թրամփը զորախումբ ուղարկեց Մերձավոր Արևելք
28.05.2019 | 13:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1500 զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով: Թեպետ ասում էր, որ դրա կարիքը չկա: Պետական այցով Ճապոնիա մեկնելուց առաջ նա լրագրողներին ասաց. «Մենք ուզում ենք պաշտպանված լինել Մերձավոր Արևելքում: Մենք պատրաստվում ենք այնտեղ ուղարկել համեմատաբար ոչ մեծաթիվ զորախումբ: Կմեկնեն շատ տաղանդավոր մարդիկ: 1500 մարդ»: Նախագահի խոսքով՝ այդ քայլի նպատակը տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի զինուժի պաշտպանությունն է: Նա Սաուդյան Արաբիային, Հորդանանին, ԱՄԷ-ին 8,1 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագիր է ստորագրել՝՝ շրջանցելով Կոնգրեսին: Իրանի սպառնալիքը Թրամփն անվանել է առանձնահատուկ հանգամանք: Պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ մասին օրենսդիրներին տեղեկացրել է նամակով՝ նշելով, որ Իրանի «չարամիտ» գործունեությունը արմատական սպառնալիք է Մերձավոր Արևելքի կայունությանը և ԱՄՆ-ի անվտանգությանը՝ սահմանից դուրս ու երկրի ներսում:


«Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում խելամիտ պաշտպանական քայլ է և ուղղված է ապագայում մարտական գործողությունների հավանականության նվազմանը,-ասել է ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը: -Ես հակված եմ կարծել, որ ԱՄՆ զինվորականները պիտի ունենան պաշտպանական ռեսուրսներ, որ նրանց անհրաժեշտ են և որին նրանք արժանի են»: Պենտագոնի ղեկավարը լրագրողներին պատմել է, որ ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ուղարկվող խումբը ներառում է հետախուզական ինքնաթիռ, ինժեներների, Patriot զենիթահրթիռային համակարգի լրացուցիչ բատալիոն, որ կարող է բալիստիկ ու թևավոր հրթիռներ չեզոքացնել: ԱՄՆ զինուժի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Մայքլ Գիլդեյը հաղորդել է, որ 1500 զինծառայողներից 600-ը կզբաղվեն Patriot համակարգերով: Խմբի կազմում կլինեն և անօդաչուներ՝ Իրանի թևավոր հրթիռներին հետևելու համար: Հայտնի չէ՝ որտեղ է խմբավորումը տեղակայվելու: «Նրանք չեն տեղակայվի Սիրիայում կամ Իրաքում»՝ լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի օգնական Կետի Ուիլբարգերը: Նա չի ճշտել՝ հատկապես ու՞ր են ուղևորվում զինծառայողները, հիշեցնելով, որ ԱՄՆ-ը մի քանի վայրեր ունի:


ԱՄՆ զորքերի ընդհանուր թիվը Մերձավոր Արևելքում տասնյակ հազարների է հասնում: Նրանք տեղակայված են Բահրեյի նավատորմի բազայում և Կատարի ավիաբազայում: Զինվորականների ճշգրիտ թիվը հայտնի չէ: 2017-ից Պենտագոնը դադարեցրեց հրապարակել զինվորականների թիվը, որ ներգրավված են Աֆղանստանի. Իրաքի, Սիրայի ռազմական գործողություններում: Այնուհանդերձ՝ հայտնի է, որ Իրաքում կան 5200. Սիրիայում՝ 2000 զինվորականներ: Դեռ չորեքշաբթի ԶԼՄ-ները գրեցին, որ Պենտագոնը ծրագրում է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորախումբ ուղարկել: Խոսքը 5-10000 զինվորականի մասին էր:

Տարածաշրջանում խմբավորումը ուժեղացնելու խնդրանքը զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանն էր (CENTCOM): Նրա պատասխանատվության գոտում 21 երկրներ են: Բացի Իրանից, Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Եմենը, Միջին Ասիայի պետությունները՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկաստան, Թուրքմենիա, Ուզբեկստան, Կարմիր ծովի միջազգային ջրերը, Պարսից ծոցը, Հնդկական օվկիանոսի արևմտյան մասը: Սկզբում Պենտագոնը սպառնում էր տարածաշրջան ուղարկել մինչև 120 000 զինվոր, եթե Իրանը հարձակվի ամերիկյան զինվորականների վրա կամ արագացնի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: ԱՄՆ-ը արդեն Պարսից ծոց է ուղարկել «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը, «Առլինգտոն» դեսանտանավը և 5 ռազմանավ. Կատարի ռազմաբազա են ուղարկվել B-52 ռմբակոծիչներ: Իրանի հնարավոր հարձակման դեպքում ԱՄՆ-ը Իրանի սահմանների մոտ կտեղակայի Patriot համակարգեր:
Թրամփը բոլորովին վերջերս ասում էր, որ «չի կարծում, թե կարիք կլինի» ուժեղացնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորամիավորումը: Հակառակը՝ նախագահը ձգտում էր կրճատել տարածաշրջանում ռազմական ներկայությունը: Իսկ մեկ շաբաթ առաջ նա սպառնում էր, որ կարող է ոչնչացնել Իրանը: «Եթե Իրանը ցանկանում է կռվել, դա պաշտոնական վերջ կլինի: Երբեք այլևս մի սպառնացեք ԱՄՆ-ին»՝ գրել էր նա Թվիթերում: Երկու օր անց Պենտագոնը հավատացնում էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանի հետ կռվել. «Խոսքը մեր շահերի պաշտպանության մասին է Մերձավոր Արևելքում»:


2018-ին ԱՄՆ-ը Թրամփի որոշումով դուրս եկան Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց համաձայնագրի պարտավորությունների խախտման մեջ: Նա պնդում էր, որ համաձայնագրի պայմանները բավարար չեն ու չեն սահմանափակում Իրանի միջուկային հավակնությունները: Խզելով համաձայնագիրը՝ Թրամփը վերականգնեց պատժամիջոցները: Ապրիլին Վաշինգտոնը սահմանափակեց Իրանի նավթի մատակարարումները Չինաստանին, Հնդկաստանին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Թուրքիային ևս: ԱՄՆ-ը ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը՝ մեղադրելով միջազգային ահաբեկչական արշավանքներին մասնակցության մեջ: Ի պատասխան Թեհրանը ահաբեկչական հայտարարեց CENTCOM –ը՝ այդ հրամանատարության ենթակա զինվորականները տեղակայված են Մերձավոր Արևելքում: Իրանը սպառնում է փակել Օրմուզի նեղուցը, որ միացնում է Պարսից ծոցը օվկիանոսին: Այդ նեղուցով է անցնում աշխարհում օգտագործվող նավթի մեկ հինգերորդը: Թեհրանը հայտարարեց, որ կասեցնում է 2015-ի համաձայնագրով ստանձնած որոշ պարտավորությունների կատարումը և սպառնաց 60 օրից վերսկսել ուրանի հարստացումը: Որոշ տվյալներով՝ Իրանը Պարսից ծոցում իր ռազմական նավերի վրա մարտագլխիկներ է տեղակայել և ինչպես հայտարարեց Պենտագոնը՝ չորս տանկեր է վնասել ԱՄԷ-ի ափերի մոտ: Թրամփի նպատակն է ստիպել Իրանին նոր երկկողմ համաձայնագիր ստորագրել, որ կսահմանափակի ոչ միայն Թեհրանի միջուկային գործունեությունը, այլև հրթիռային ծրագիրը, ռազմական գործողությունները երկրից դուրս: Թրամփն ասում էր, որ պատրաստ է Իրանի հետ բանակցությունների, «եթե իրեն զանգեն»: «Չի կարելի սպառնալ իրանցիներին ու սպասել, որ նրանք համագործակցության կգնան»՝ պատասխանեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նախագահ Հասան Ռուհանին մինչ այդ ասել էր, որ ճիշտ չի համարում երկխոսություն սկսել այդպիսի պայմաններով: Պենտագոնի ղեկավարի օգնական Կետի Ուիլբարգերը ուրբաթ օրը ընդգծեց, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ չի փոխվել: «Մենք Իրանի հետ կոնֆլիկտներ չենք որոնում: Մենք լրացուցիչ ուժերը չենք դիտարկում իբրև թշնամանքի աղբյուր, նրանք ըստ էության պաշտպանական են»: Ուիլբարգերը պնդում է, որ ԱՄՆ-ի նպատակն է Իրանին բանակցությունների սեղան վերադարձնել: «Չեմ կարծում, որ հիմա Իրանը ցանկանում է կռվել: Եվ ես, իհարկե, չեմ կարծում, որ նրանք ցանկանում են կռվել մեզ հետ,-ասաց Թրամփը ուրբած օրը:-Բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Ու նրանք դա հասկանում են»:
BBC


Հ.Գ. Տարօրինակ է, որ CENTCOM-ի պատասխանատվության գոտում են համարվում 21 երկրներ, այդ թվում՝ Միջին Ասիայի պետությունները՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկաստան, Թուրքմենիա, Ուզբեկստան: Հատկապես անհասկանալի է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի ու Ղրղզստանի պարագան, ստացվում է՝ նրանք կրկնակի պաշտպանության, կամ՝ կրկնակի հարվածի տակ են, եթե սրվեն ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերությունները: Մինչ Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում Սինձո Աբեի հետ ու բանակցում. Իրանը նոր քայլ արեց՝ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաղդադում՝ Իրաքի ԱԳ նախարար Ալի Ալխաքիմի հետ ասուլիսում հայտարարեց, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատատել Մերձավոր Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի երկրների հետ և առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել:


Միջազգային օրակարգի գլխավոր հարցին՝ ԱՄՆ-Իրան պատերազմը հնարավո՞ր է, թե՞ կմնան սպառնալիքների շրջանակում, ոչ ոք 100 տոկոսով չի կարող պատասխանել: Երբ այդքան զորք ու զենք է կուտակվում որոշակի տարածքում, չեն բացառվում և պատահականությունները: Տրամաբանորեն՝ Իրանի և ԱՄՆ-ի լարվածությունը չպիտի վերածվի պատերազմի: Կողմերից ոչ մեկին, առավելևս տարածաշրջանին, դա ձեռնտու չէ ու անկանխատեսելի է հետևանքների ու ժամկետի առումով: Թրամփը Իրանի հետ հարաբերություններում կիրառում է նույն մոդելը՝ ինչ Հյուսիսային Կորեայի: Բայց Թեհրանը Փհենյան չէ՝ մեկ, և երկրորդ՝ փաստ չէ, որ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները կարգավորված են ու Կիմ Չեն Ինը հրաժարվել է միջուկային փորձարկումներից ու սկսվել է Կորեական թերակղզու միջուկազերծումը: Իրանում իշխանափոխության ԱՄՆ-ի մտադրությունը վիրտուալ է, պարտադրանքով Թեհրանին նաև բանակցությունների սեղան չես բերի՝ միջուկային սեպարատ, երկկողմ համաձայնագրի կնքման նպատակով, որ խաղից դուրս է 2015-ին Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքած ԵՄ երկրներին ու ՌԴ-ին: Ու Թրամփը դա հասկանում է: Փաստացի՝ ԱՄՆ-ը և Իրանը միմյանց դեմ մղում են հավաստագրով պատերազմ՝ այլ երկրների տարածքներում ու այլ երկրների հաշվին: Ամենայն հավանականությամբ՝ Հասան Ռուհանին ու այաթոլա Ալի Համենեին փորձելու են ժամանակ ձգել՝ մինչև 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններ, հույսով, որ Թրամփը չի վերընտրվի ու իշխանության կգան դեմոկրատները: Բայց դա կլինի իրավիճակային լուծում:


Իրաքի ԱԳ նախարար Ալի Ալխաքիմը Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում
ասել է, որ Բաղդադը պատրաստ է միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի առճակատման թուլացման հարցում, ընդգծելով, որ Իրաքը դեմ կլինի ԱՄՆ-ի հնարավոր միակողմանի գործողություններին: Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել և բանակցել նախարար Յուսեֆ բեն Ալյավիի հետ՝ ստեղծված իրավիճակի շուրջ: Նա մտադիր Է լինել նաև Կատարում և Քուվեյթում։ 6 երկիր, ներառյալ՝ Իրաքը, Օմանը, Կատարը, որպես միջնորդներ են հանդես գալիս ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության կարգավորման գործում:


Ի՞նչ է անում Հայաստանը, որ հատուկ հարաբերություններ ունի Իրանի հետ, և Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները ազդել ու ազդում են Հայաստանի վրա: Եթե իրոք Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, ինչու՞ միջնորդական առաքելության փորձ չի ձեռնարկում: Արաբական երկրների միջնորդական ջանքերը բոլորովին այլ ուղղություն են՝ նրանք շահագրգիռ երկրներ են: Իրանը տնտեսական բարդ խնդիրների առաջ է, դա վկայեց նաև նովրուզին Հայաստան եկած իրանցի զբոսաշրջիկների թիվը, որ անհամեմատ քիչ էր՝ անցած տարիների համեմատ, ու պատճառը ֆինանսական էր: Միջազգային օրակարգին Հայաստանի բացարձակ անտարբերությունը ու ներքին խնդիրներով խճողվածությունը թանկ գին կարող է ունենալ: Մերձավոր Արևելքում տեկտոնիկ փոփոխություններ են, տարածաշրջանի իրավիճակը պահանջում է ակտիվ քաղաքականություն՝ ապահովելու նաև տնտեսական խնդիրների լուծումը Հայաստանում, պետության ինքնիշխանության ու հեղինակության բարձրացումը միջազգային ասպարեզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ