Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն կհանդիպի ընտանիքով

Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն կհանդիպի ընտանիքով
03.06.2019 | 07:45

Ելիզավետա երկրորդի հետ հունիսի 3-ին Լոնդոնում հանդիպմանը ԱՄՆ նախագահը կներկայանա ընտանիքով: Բրիտանական մամուլը գրում է, որ հանդիպմանը կբացակայի արքայական ընտանիքի միակ ամերիկուհին՝ Սասեքսի դքսուհին: Նա սրտի ուզածի չափ քննադատել է Թրամփին, երբ դերասանուհի Մեգան Մարքլն էր: Հունիսի 3-5-ը ԱՄՆ նախագահը պետական այցով կլինի Մեծ Բրիտանիայում: Արքայական ընտանիքից ու հեռացող վարչապետ Թերեզա Մեյից բացի Լոնդոնում նրան կհանդիպեն հազարավոր ցուցարարներ: 2018-ի հուլիսին Թրամփն արդեն եղել է Մեծ Բրիտանիայում, բայց դա այլ մակարդակի այց էր: Բազմաթիվ բրիտանացիներ, նրանց թվում՝ քաղաքական հայտնի գործիչներ, դեմ էին նրա այցին: Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերկոուն հրաժարվեց խորհրդարանում ելույթի հնարավորություն տալ ԱՄՆ նախագահին, որի հետևանքով պետական այցը իջեցվեց աշխատանքայինի մակարդակի, իսկ Թրամփը շրջանցեց Լոնդոնի կենտրոնը, որտեղ հազարավոր ցուցարարներ բողոքում էին այցի դեմ: Այս անգամ էլ որոշ արարողություններ, որ պետական այցի մաս են, հանվել են, թեպետ պարզ չէ՝ բողոքների՞ պատճառով, թե՞ այլ նկատառումներով: Պետական այցի արարողակարգով նախատեսված է թագուհու հետ հանդիսավոր հանդիպում Հեծելազորի հրապարակում և շքեղ երթ Մելի ճեմուղուց մինչև Բուկինգհեմյան պալատ: Բրիտանական մամուլը գրում է, որ Թրամփը ցանկացել է բաց, ոսկեզօծ կառքով ու հեծելազորի ուղեկցությամբ հասնել պալատ, բայց թագուհին նրան կընդունի արդեն Բուկինգհեմյան պալատում: ԱՄՆ նախագահը կգիշերի ոչ թե արքայական պալատում, այլ, ինչպես նախորդ այցին, ԱՄՆ դեսպանատանը՝ Ռիջենս պարկում: Թագուհու հետ հանդիպմանը Թրամփը կներկայանա ոչ միայն տիկնոջ՝ Մելանյայի հետ (որ արարողակարգն է պարտադրում), այլև իր բոլոր երեխաների ու նրանց ամուսինների: Թրամփների ընտանիքը կհանդիպի նաև արքայազն Չառլզի ու Կոռնուելի դքսուհի Կամիլայի հետ (թագաժառանգի ու նրա տիկնոջ հետ Թրամփները կթեյեն նրանց նստավայրում՝ Կլարենս հաուզում), արքայազն Ուիլյամի ու Քեմբրիջի դքսուհի Քեյթի հետ, նաև՝ արքայազն Հարրիի: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ընդունելությանը չի մասնակցի հարգելի պատճառով՝ նա նոր է լույս աշխարհ բերել արքայազն Արչի Հարիսոնին: Բայց լոնդոնյան մամուլը գրում է, որ Մարքլը չէր ցանկանա տեսնել հայրենիքի նախագահին (կամ նախագահը՝ իրեն) և նախքան առաջնեկին ունենալը: Մեգան Մարքլը խիստ քննադատել է Թրամփին դեռ 2016-ին, երբ նա նախագահի թեկնածու էր՝ անվանելով կնատյաց և մեղադրել է ատելություն տարածելու մեջ:


Հունիսի 4-ին Դոնալդ Թրամփը Դաունինգ սթրիթում կհանդիպի վարչապետ Թերեզա Մեյի հետ, իսկ հունիսի 5-ին նրանք միասին կմեկնեն Անգլիայի հարավային ափ՝ Պորտսմուտ և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այլ պետությունների ղեկավարների ու երկրորդ աշխարհամարտի 300 վետերանների հետ կմասնակցեն դաշնակիցների Նորմանդիայի ափ իջնելու 75-ամյակի արարողություններին:


2018-ին Թրամփի այցի դեմ բողոքի ակցիաներին Լոնդոնի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին: Կազմակերպիչները պնդում էին՝ 250000: Այս անգամ ևս մեծ հանրահավաք է սպասվում. «Ստոպ Թրամփ» կոալիցիայի կազմակերպիչները կոչ են անում հունիսի 4-ին հավաքվել Թրաֆալգար հրապարակում ու երթով գնալ ԱՄՆ նախագահի ավտոշարասյան հետևից: Հունիսի 4-ին Դոնալդ Թրամփը պետք է լինի Թրաֆալգար հրապարակից մի քաի հարյուր մետր հեռու Դաունինգ սթրիթում: Թերեզա Մեյը թագուհու անունից Թրամփին Մեծ Բրիտանիա էր հրավիրել 2017-ին, այն ժամանակ հրավերը հետ կանչելու օնլայն պահանջը 1,8 միլիոն ստորագրություն հավաքեց: Այս այցից առաջ սոցիոլոգիական YouGov ընկերությունը պարզել է, որ այցին դեմ է լոնդոնցիների 54%-ը, կողմ՝ 24%: Մեծ Բրիտանիայի կտրվածքով տեսակետները տարբերվում են՝ 46%-ը դեմ է, 40%-ը՝ կողմ: Մեկ տարի առաջ Թրամփը մեկնեց մոր հայրենիք՝ Շոտլանդիա, որտեղ անշարժ գույք ունի: Այս անգամ հանգիստ Շոտլանդիայում չի ստացվի:
BBC


Հ.Գ. Որ ԱՄՆ նախագահի այցը Մեծ Բրիտանիա սկանդալային է լինելու, պատճառը միայն ցուցարարները չեն: Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին միությունից հեռանալու պատճառով ԵՄ-ի հանդեպ պարտականությունները չկատարելու համար 39 միլիարդ ֆունտ (մոտ 50 միլիարդ դոլար) փոխհատուցումը չվճարել Բրյուսելին: Հունիսի 1-ին, The Sunday Times-ին հարցազրույցում նա ասել է. «Եթե ես լինեի նրանց փոխարեն, 50 միլիարդ դոլար չէի վճարի։ Ես այդպես կանեի։ Չէի վճարի, դա մեծ գումար է»: Նա Թերեզա Մեյին առաջարկել է դատի տալ ԵՄ-ին՝ Բրյուսելում ավելի շատ լծակներ ունենալու համար: «ԵՄ-ի սխալների, Մեծ Բրիտանիային շատ գումար ծախսել տալու և մեծ վնաս պատճառելու համար ես այս հարցը քննարկման կդնեի՝ դատական վեճի կամ միջնորդության ձևով», – ասել է Թրամփը: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան «շատ դժվարությամբ կհասնի լավ գործարքի, եթե բանակցությունները ընթանան այդ ճանապարհով»: Թրամփն առաջարկել է Լոնդոնին՝ ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնության, եթե միության ղեկավարությունը հրաժարվի բրիտանական կողմին տալ՝ ինչ ուզում է: ԱՄՆ նախագահը խոստացել է Brexit-ից մի քանի ամիս անց առավելագույն ջանքեր գործադրել՝ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի գործարք կնքելու համար: Բացի այդ նա նաև արդեն հայտարարել է, որ կցանկանար Մեծ Բրիտանիայի վարչապետ տեսնել Բորիս Ջոնսոնին, որ միշտ լավ է արտահայտվել իր ու ԱՄՆ-ի վերաբերյալ: Հայտնի չէ՝ նրա հայտարարությունն օգնելու՞, թե՞ խանգարելու է Բորիս Ջոնսոնին: Եվ Պրիստոնում ինչպես են Բրյուսելին դատի տալու ու փոխհատուցում չվճարելու Թրամփի հորդորները գնահատելու Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Ընդհանրապես՝ փորձագետների գնահատականով՝ Թրամփի այցի նպատակն է բրիտանացիներին ու ԵՄ-ին ցույց տալ, որ բրեկզիտից հետո Վաշինգտոն-Լոնդոն հարաբերություններն ավելի են սերտանալու: Գուցե նաև՝ ԵՄ-ի դեմ: Միով բանիվ՝ այցը հետաքրքիր է լինելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ