Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սենտինելը» կասկածներ է հարուցում

«Սենտինելը» կասկածներ է հարուցում
28.06.2019 | 11:42

Պարսից ծոցում Իրանի ենթադրյալ ագրեսիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ հրապարակեց նոր ծրագիր, որ ստացավ «Սենտինել» անունը և ենթադրում է ԱՄՆ գործընկերների ներգրավում Օրմուզի նեղուցով անցնող նավերի անվտանգության ապահովման համար՝ գրում է Լառա Սելիգմանը The Foreign Policy-ում: Սակայն փորձագետները հոռետեսորեն են վերաբերվում Պարսից ծոցում դաշնակիցների, ԵՄ-ի կամ Ասիայի աջակցությունը ստանալու և նոր ռեսուրսներ ներգրավելու ԱՄՆ-ի կարողությանը՝ բարձրացնելու անվտանգության մակարդակը աշխարհի ամենաբանուկ ծովային ճանապարհներին: Իվերջո՝ դա կլինի հիմնականում ամերիկյան նախագիծ, եվրոպացի գործընկերները բեռի փոքր մասը կվերցնեն իրենց վրա: ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը կմեծացնի ռիսկը, որ ամերիկացի զինվորականները կներքաշվեն կոնֆլիկտի մեջ, եթե Պարսից ծոցի երկրները ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ: Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբամ Էնտոնի Կորդեսմանը կասկածի տակ է առնում Պարսից ծոցի երկրների ռազմածովային ուժերի կոմպետենտությունը. «Նրանք, իհարկե, կարող են ուղեկցել լցանավերը, բայց եթե նրանք դժբախտության մեջ ընկնեն, հարց է, թե ով աջակցություն ցույց կտա և ինչ աջակցություն»:


ԱՄՆ նոր ծրագրի մանրամասները դեռ պարզ չեն: Օրմուզի նեղուցով անցնող նավերի վրա կդրվեն տեսախցիկներ և այլ սարքեր, որ պիտի հետևեն Իրանի կողմից սպառնալիքին: Որոշ նավերի կուղեկցեն այլ նավեր: Դեռ պարզ չէ, թե որ երկրներն են պատասխանատու տեսախցիկների տրամադրման ու տեղակայման, որ երկրները՝ նավերն ուղեկցելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՊՆ ներկայացուցիչները դեռ չեն պատասխանել այս հարցերին: Բրուկինգի ինստիտուտի վերլուծաբան Սյուզանա Մելոնին գտնում է, որ «Սենտինելը» հիմնականում սիմվոլիկ արձագանք է Պարսից ծոցի վերջին իրադարձություններին: Չնայած ամերիկյան նախաձեռնությունը թույլ չի տա արմատապես փոխել իրավիճակը «միջադեպերի զսպման կամ կանխման տեսակետից» ապագայում, նշանակալից չափով լավ է ռազմական հարվածից: Վերլուծաբան Բեկա Վասերը նշում է, որ արդեն կա միջազգային օպերատիվ-մարտավարական խումբ, որ կոչված է պաշտպանել առևտրային նավերը ահաբեկչական սպառնալիքներից տարածաշրջանում: Ամեն տարի միացյալ օպերատիվ-մարտավարական 150 խումբը վերահսկում է 27 միլիոն բարել նավթի փոխադրումը ծովային ճանապարհով Կարմիր ծովից Օմանի նեղուց, ներառյալ 3 հիմնական հանգուցակետերը՝ Օրմուզի նեղուցը, Բաբ էլ Մանդեբի նեղուցը և Սուեզի ջրանցքը: Օպերատիվ-մարտավարական 150 խմբում 33 երկրներ են՝ ներառյալ ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Հարավային Կորեան և եվրոպական մի քանի երկրներ: Այդ խմբում չկան Պարսից ծոցի երկրները: Կա նաև այլ միացյալ օպերատիվ-մարտավարական խումբ՝ 152, որի կազմում ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրներն են: Ինչու՞ նորից անիվ հնարել: Կարծես թե ԱՄՆ-ը վճռել է ամեն ինչ զրոյից սկսել, երբ արդեն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և օգտագործում է:


Պարսից ծոցի գործընկերները, հավանաբար, կհամաձայնեն անհրաժեշտ տեսախցիկները տրամադրել: Բայց ի վերջո նրանք չեն կարողանա մեծ ներդրում ունենալ ծովային ներկայության կամ ուղեկցող ներուժի մեծացման առումով՝ գտնում են փորձագետները: Վասերը նշում է, որ Պարսից ծոցի շատ երկրներ, մասնավորապես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան, «լրջորեն անտեսում են իրենց սեփական ծովային ուժերի կառուցումը», փոխարենը՝ գնելով ինքնաթիռներ ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր արտասահմանում:
Նրանց զարգացածությունը, հնարավորություններն ու ներուժը բավականին ցածր են և պետք չէ սպասել, որ կկարողանան մեծ դեր խաղալ «Սենտինել» ծրագրում նավերի ուղեկցման տեսակետից: Հաշվի առնելով Պարսից ծոցի գործընկերների սահմանափակ հնարավորությունները՝ լիովին հավանական է, որ ԱՄՆ-ը դիմի եվրոպական երկրներին՝ մասնավորապես նրանց, որ արդեն մասնակցում են միացյալ օպերատիվ-մարտավարական 150 խմբին: Բայց դեռ պարզ չէ՝ ԵՄ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, հատկապես Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Երկրները, որ Իրանի հետ կանոնավոր բիզնես ունեն, ներառյալ եվրոպական ու ասիական դաշնակիցներին, համարում են, որ ԱՄՆ-ը քայլում է սայթաքուն ճանապարհով Վաշինգտոնի ու Թեհրանի լարվածության համապատկերում: Ցանկացած երկիր, որ կմիանա «Սենտինել» նախաձեռնությանը, կարող է դիտարկվել իբրև «Իրանին թշնամի»՝ գտնում է Կորդեսմանը: ԱՄՆ-ը կարող է նաև ասիացի գործընկերներին խնդրել ներդրում ունենալ իրենց նախաձեռնության մեջ, քանի որ ասիական շատ երկրներ նավթ են մատակարարում Պարսից ծոցից: Մասնավորապես՝ Ճապոնիային է պատկանում Օմանի նեղուցում վնասված լցանավերից մեկը: Վասերը սակավ հավանական է համարում, որ ասիացի գործընկերները կմիանան կոալիցիային՝ հաշվի առնելով սպառնալիքները, որոնց բախվում են իրենց տարածաշրջանում Չինաստանի կողմից; Նույնիսկ եթե ասիական երկրները համաձայնեն միանալ ԱՄՆ-ի նախաձեռնությանը, նրանք սահմանափակ ռազմածովային հնարավորություններ ունեն:
Foreign Policy


Հ.Գ. Գուցե ոչ մի «Սենտինելի» կարիք էլ չլինի, երբ կարգավորվեն ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Իվերջո, սա էլ ժամանակ ձգելու ձև է՝ մինչև լարվածությունը նվազի և ինչ-որ պայմանավորվածության հանգեն նոր համաձայնագրի վերաբերյալ, կամ որոշեն կռվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ