«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՆԱՏՕ-ի քաղաքավարի զսպվածությունը

ՆԱՏՕ-ի քաղաքավարի զսպվածությունը
03.03.2020 | 11:45

Իդլիբ նահանգում Սիրիայի գրոհներից հետո Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համերաշխության հույս ունի: Բայց արևմտյան դաշնակիցները մեծ դժգոհություն ունեն, ոչ ոք չի ցանկանում Ռուսաստանին դեմ գնալ՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը: Թուրքիայի ու Սիրիայի վարչակարգի և նրա հովանավոր Ռուսաստանի հետ կոնֆլիկտը նոր աստիճանի է բարձրացել: Կոնֆլիկտի հետևանքները անհապաղ հասան ՆԱՏՕ ու Եվրոպա: Ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհուրդը արտահերթ նիստ անցկացրեց: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախաձեռնեց նիստը՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով, որ նախատեսում է կողմերի համատեղ քննարկումներ, «երբ կողմերից մեկի կարծիքով՝ իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են»: Ալյանսի պատմության մեջ դա 6-րդ նիստն էր՝ այդ հիմքով, 5 անգամ նման նիստեր գումարվել են Թուրքիայի խնդրանքով: Նիստում Թուրքիայի ներկայացուցիչը դաշնակիցներին կոչ է արել ամբողջ ծավալով իրականացնել երկրին աջակցության բոլոր միջոցառումները, նրա կարծիքով՝ առայժմ համաձայնեցված միջոցառումների ցանկում են հետախուզական թռիչքները Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի օդային տարածքում. ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը Միջերկրականի արևելյան մասում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նիստից հետո կարգադրել է կատարել աջակցության այդ միջոցները, նաև Patriot համակարգերով հակաօդային պաշտպանությունը: Սակայն ասում են, որ 2015-ի փաթեթում ներառված է նա Թուրքիայի օդային տարածքում պարեկությունը: Բայց 2015-ի հոկտեմբերին, երբ Թուրքիան խփեց կարճ ընթացքում իր օդային տարածքում հայտնված ռուսական կործանիչը, դրան պատրաստ չէր դաշնակիցներից ոչ մեկը: Մյուս պետությունները չցանկացան ներքաշվել Ռուսաստանի հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ, ու դա մնացել է անփոփոխ: «Դաշնակիցները անընդհատ մտածում են, թե էլ ինչ աջակցություն կարող են ցույց տալ Թուրքիային»՝ ասել է Ստոլտենբերգը նիստից հետո: Արտահերթ նիստը, նրա խոսքով, Թուրքիայի հետ համերաշխության դրսևորում է: Դա կարելի է գնահատել իբրև քաղաքավարի մերժում: Նախորդ նիստերում շատ պետություններ սուր քննադատել են Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Նրանց դուր չի եկել նաև ռուսական С-400-ները գնելու Էրդողանի որոշումը, որ անհամատեղելի են ալյանսի ՀՕՊ համակարգերի հետ: Կա վտանգ, որ Մոսկվան համակարգերի միջոցով կարող է ռազմական գաղտնիքներ իմանալ: Այդ պատճառով Վաշինգտոնը հրաժարվեց Անկարային տրամադրել առավել ժամանակակից F-35 մարտական ինքնաթիռները, դա միլիարդների գործարք կլիներ: Երբ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հատչիսոնը իմացավ Սիրիայում իրավիճակի սրման մասին, լրագրողներին ասաց. «Ես միայն հույս ունեմ, որ նախագահ Էրդողանը կհասկանա՝ ով է հուսալի գործընկեր, ով՝ ոչ: Նրանք տեսնում են՝ ինչ է Ռուսաստանը… Եթե նրանք գրոհում են թուրքական զորքերը, դա պետք է գերակայի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև մնացած ամեն ինչի վրա»: Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի ու Սիրիայի զորքերի մեջ սրված կոնֆլիկտում անցել է Անկարայի կողմը: Կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ դաշնային կառավարությունը դատապարտում է Իդլիբում թուրքական զորամիավորումների վրա գրոհը: ԱԳ նախարար Հեյկո Մաասը ՄԱԿ-ի ԱԽ նիստում Սիրայի հյուսիսում իրավիճակի պատասխանատվությունը դրել է ռուսական կողմի վրա: Բունդեստագի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը հայտարարել է. «Պետք է ընդգծել, որ ռուսական ու սիրիական ռմբակոծությունների դեպքում խոսքը ծանր ռազմական հանցագործությունների մասին է, որովհետև քաղաքացիական բնակչությունը նպատակային հարվածների է ենթարկվում, սպանվում է ու ենթարկվում հալածանքների»: Նա պահանջել է, որ հիմա, վերջապես, անհրաժեշտ է «համոզիչ դատապարտել ու իրական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ներառյալ պատժամիջոցների սահմանումը»: ՔԴՄ /ՔՍՍ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը հայտարարել է, որ գլխավոր պատասխանատվությունը Իդլիբի գործողություններում կրում է Ռուսաստանը, նրա խոսքով՝ մարտական գործողությունները անհապաղ պետք է դադարեցվեն: Ժամանակն է, որ «ԵՄ-ն սկսի նկատելի դեր խաղալ սիրիական կոնֆլիկտում»՝ ասել է նա:


Այնուհանդերձ Մոսկվան ուրբաթ օրը դրսևորել է հարձակումը շարունակելու իր վճռականությունը՝ ուշադրություն չդարձնելով Թուրքիային: «Ահաբեկիչների հետ փոխզիջումներ չեն լինի»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա կրկնել է սիրիա-ռուսական հարձակման սկզբից հնչող մեղադրանքը, որ Թուրքիան չի կատարում Իդլիբում ապառազմականացված գոտու վերաբերյալ պայմանավորվածությունները: Այդ դիրքորոշումը հաշվի չի առնում, որ Ասադի վարչակարգն ու Ռուսաստանը նույնպես երբեք չեն կատարել պայմանավորվածություններն ամբողջությամբ:


Կսրվի հիմա առճակատումը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Ռուսաստանը կարող է Թուրքիային դուրս մղել Սիրիայի հյուսիսից, որ Ռուսաստանի ուղղակի ու անուղղակի աջակցությամբ վերահսկում է մինչև հիա՝ դա և Աֆրինն է՝ Եփրատի ափը Էլ Բաբի մերձակայքում, և Էլ Աբյադ ու Ռաս էլ Այնի միջև հարթավայրը: Թուրքիայում բանավիճում են Բոսֆորի ու Դարդանելի նեղուցնեըը ռուսական ռազմանավերի առաջ փակելու մասին: Անցած ուրբաթ կեսօրին ռուսական երկու ռազմանավեր՝ «Ծովակալ Մակարովն» ու «Ծովակալ Գրիգորովիչը», որոնց տախտակամածին թևավոր հրթիռներ կային, անարգել անցան Բոսֆորն ու Դարդանելը ու մտան Միջերկրական ծով: Դա ցույց է տալիս, որ Մոսկվան բոլոր թելերն իր ձեռքում է պահում: Մոսկվայում վստահ են, որ Անկարայի հետ կոնֆլիկտը չի սրվի՝ Էրդողանը առաջվա պես կախված է Պուտինից՝ իբրև միջնորդից Ասադի հետ հարաբերություններում և ծանր, բայց անհրաժեշտ գործընկեր է այլ հարցերում (քրդեր, Լիբիա, գազ, ատոմային էներգետիա, տնտեսություն): Միջազգային հարցերով զբաղվող Լեոնիդ Սլուցկին կտրականապես բացառում է Մոսկվայի ու Անկարայի բախումը, ինչպես 2015-ին, երբ թուրքերը խփեցին ռուսական կործանիչը: Պաշտպանական հարցերով փորձագետ Ֆրանց Կլինցևիչը հնարավոր է համարում միայն բացահայտ պատերազմը Թուրքիայի ու Սիրիայի միջև: Ռուսաստանը, նրա խոսքով, փորձելու է արգելակել, ՆԱՏՕ-ն միայն բարոյական աջակցություն է ցույց տալու Անկարային: Թուրքիայի ու նրա արևմտյան գործընկերների միջև հասունացել է ևս մեկ կոնֆլիկտ: Ուրբաթ օրը Եվրահանձնաժողովը բախվել է հարցին՝ չի՞ սպառնում Եվրոպային փախստականների նոր ալիքը Թուրքիայից: ՔԴՄ/ՔՍՍ խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեպուլը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա: Պուտինը, նրա խոսքով, իրեն դրսևորում է իբրև «ուժային քաղաքականության կողմնակից, որ անտարբեր է մարդկանց ճակատագրի նկատմամբ»՝ հայտարարել է Վադեպուլը: Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահը ակնհայտորեն ցանկանում է Սիրիայում նոր միգրացիոն հոսքեր սադրել, որ ճնշում գործադրի ԵՄ-ի վրա և մասնավորապես՝ Գերմանիայի, ապակայունացնելու համար: Ռետգենը հայտարարել է. «Մենք չպետք է Թուրքիային թողնենք ճակատագրի քմահաճույքին՝ Անկարան արժանի է եվրոպացիների քաղաքական, տնտեսական ու մարդասիրական աջակցությանը»:
Թոմաս Գուչկեր, Ռայներ Հերման, Յոհանես Լայտհոյզեր, Ֆրիդրիխ Շմիդտ, Frankfurter Allgemeine Zeitung


Հ.Գ. Հաստատ Գերմանիայի հետ համաձայն չեն Հունաստանն ու Ֆրանսիան, որ բացահայտորեն դեմ են արտահայտվել Թուրքիայի ծրագրերին: Հունաստանը ԱԽ նիստ է գումարել Իդլիբի հարցով, որտեղ որոշում է ընդունել սահմանը ուժեղացնել կանխելու փախստականների սահմանահատումը: 10000 փախստականներ կուտակված են Հունաստանի սահմանին, Էմանուել Մակրոնը իր օգնությունն է առաջարկել Բուլղարիային ու Հունաստանին: Եվ միայն Գերմանիան է վախենում միգրանտներից՝ ելնելով իր դառը փորձից, երբ Անգելա Մերկելը լայն բացեց ԵՄ դռները փախստականների առաջ՝ ԵՄ-ում ճգնաժամի պատճառ դառնալով: Թվում էր՝ երկրորդ անգամ Գերմանիան նույն սխալը չի անի ու կգնա ոչ թե հետևանքների, այլ՝ պատճառի դեմ պայքարի ճանապարհով, բայց պահպանողական Մերկելը Բեռլինից դուրս ոչինչ չի տեսնում: Փաստորեն: Գուցե պատճառը Թուրքայի հետ տնտեսական կապերն են, գուցե պատասխանատվությունից խուսափելու ու լուծումները ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վրա գցելու փորձը: Իսկ ընդհանրապես ՆԱՏՕ-ն բոլոր հիմքերն ուներ արտահերթ նիստ չգումարելու, որովհետև շատ մեծ հարց է՝ Թուրքիա՞ն է սպառնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը կամ անվտանգությանը, թե՞ Թուրքիային են սպառնում: Եվ այդ հարցին իրականպատասխանից հետո ՆԱՏՕ-ն այլևս անելիք չէր ունենա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ