Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կովիդհիմարներ»՝ մարդիկ, որ հրաժարվում են դիմակից ու սոցհեռավորությունից

«Կովիդհիմարներ»՝ մարդիկ, որ հրաժարվում են դիմակից ու սոցհեռավորությունից
21.07.2020 | 18:08

«Կովիդհիմարը» կորոնավիրուսի դարաշրջանի խոսակցական նոր եզրույթ է մարդու վերաբերյալ, որ անտեսում է մահացու հիվանդության տարածումը կանխող խորհուրդները: Նոր հետազոտությունը ցույց է տալիս՝ ինչն է մարդկանց ստիպում հաշվի չառնել նախազգուշացումները՝ գրում է Սթեյսի Լիբերատորեն Daily Mail-ում:

Մարդը վճռում է հետևել սոցիալական հեռավորության կանոններին, թե ոչ՝ կախված է նրանից՝ ինչքան տեղեկություն կարող է պահպանել նրա կարճաժամկետ հիշողությունը՝ այդ չափորոշիչով կարելի է կանխատեսել մարդու մտավոր կարողությունները, կոնկրետ՝ ինտելեկտը՝ գտնում են գիտնականները: 850 ամերիկացիների հարցումից հետո հետազոտողների խումբը բացահայտել է, որ աշխատանքային հիշողության մեծ ծավալով մարդիկ առավել մեծ հավանականությամբ են կատարել խորհուրդները կորոնավիրուսի բռնկման վաղ փուլերում: Թեպետ խորհուրդները՝ դիմակ դնել և սոցիալական տարածություն պահպանել, թվում են կատարման համար հեշտ, բազմաթիվ ամերիկացիներ անտեսել են նախազգուշացումն ու երկրում հիվանդության աճը: Կալիֆորնիայի համալսարանի թիմը փորձել է պարզել՝ ինչու՞ են որոշ մարդի մարդիկ վճռում հրաժարվել դիմակ կրելուց կամ սոցիալական տարածությունից, իսկ մյուսները հեշտությամբ կատարում են խորհուրդները: Թիմը պարզել է, որ աշխատանքային հիշողության ավելի մեծ ծավալ ունեցող մարդիկ սոցիալական տարածության ու դիմակ կրելու առավելությունների ու կորուստների ավելի բարձր գիտակցություն ունեն: Հիշողության այդ մասը մասնակցում է որոշումների ընդունմանը, փաստարկմանը, մարդու վարքագծին և պահպանում է տեղեկությունը մի քանի վայրկյան: Տեղեկատվության ծավալով, որ օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ պահում է, կարելի է կանխատեսել մտավոր ունակությունները՝ ինտելեկտը, ընկալումն ու սովորելու ունակությունը:

Ռիվերսայդում Կալիֆորնիական համալսարանի հոգեբանության դոցենտ Վեյվեյ Չժանը նշել է. «Որքան բարձր է կարճաժամկետ հիշողության ծավալը, այնքան բարձր է հավանականությունը, որ մարդու վարքագիծը կհետևի սոցիալական տարածության կանոններին: Այդ հարաբերակցությունը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ վիճակագրորեն հաշվի ենք առնում համապատասխան հոգեբանական ու սոցիալ-տնտեսական գործոնները՝ դեպրեսիվ ու տագնապի զգացումները, անձնական որակները, կրթությունը, ինտելեկտը, եկամուտների մակարդակը»: Վեյվեյ Չժանն ու նրա թիմը մարտի 13-15-ը, երբ կորոնավիորսի պատճառով ԱՄՆ-ում հայտարարվեց հատուկ դրություն, ուսումնասիրել են 850 ամերիկացիների: Սկզբում մասնակիցները լրացրել են ժողովրդագրական հարցաթերթիկ, որ ներառում է սոցիալական հեռավորության պահպանման, դեպրեսիվ ու տագնապի տրամադրությունների անհատական տարբերությունները արտահայտող հարցեր: Հարցման ընթացքում հաշվի են առնվել փոփոխականները՝ մասնակիցների բնավորության, ինտելեկտի և ընկալման՝ կապված սոցիալական տարածության պահպանման ծախսերին ու օգուտներին: «Անհատական տարբերությունները աշխատանքային հիշողության ծավալների մեջ կարող են կանխատեսել սոցիալական հեռավորության պահպանումը և որոշ սոցիալական գործոններ՝ ինչպես անհատի որակները,-նշել է Վեյվեյ Չժանը:- Դա ստիպում է ենթադրել, որ քաղաքական որոշումներ ընդունողները պետք է հաշվի առնեն մարդկանց ընդհանուր կոգնիտիվ ունակությունները վարքագծի նորմեր սահմանելիս՝ ինչպես դիմակ կրելն ու ֆիզիկական տարածություն սահմանելը»:

Չժանը և նրա գործընկերները խորհուրդ են տալիս նորմերի պահպանման քարոզչության մեդիանյութեր՝ խուսափելու տեղեկատվական ծանրաբեռնումից: «Այդպիսի նյութերի մեսիջը պետք է լինի սեղմ, խոր և կարճ,-նշում է Չժանը:- Որոշումների ընդունման գործընթացը մարդկանց համար պետք է պարզ լինի»: Ուսումնասիրությունների արդյունքերը ցույց են տալիս, որ սոցիալական տարածության միջոցառումների՝ իբրև նոր նորմի ուսումնասիրությունը պահանջում է որոշման ընդունման աշխատատար գործընթաց, որի հիմքում աշխատանքային հիշողությունն է: «Մենք չպետք է հույս դնենք սովորական վարքագծի վրա, որովհետև սոցիալական տարածությունը ԱՄՆ-ում բավականաչափ զարգացած չէ,-ընդգծել է Չժանը:-Մինչև սոցիալական տարածությունը դառնա սովորություն ու համընդհանուր ընդունված սոցիալական նորմ, սոցիալական տարածություն պահելու ու դիմակ կրելու որոշումը լինելու է մտավոր աշխատատար: Հետևաբար՝ մենք պիտի գիտակցական ջանքեր գործադրենք, որ հաղթահարենք դժվար որոշումներից խուսափելու մեր միտումը՝ ինչպես սոցիալական տարածություն պահելու պրակտիկան է»: Վեյվեյ Չժանն ակնկալում է, որ կարճաժամկետ հիշողության մասնակցությունը կնվազի, երբ հասարակությունը ժամանակի հետ յուրացնի սոցիալական նոր նորմերը՝ դիմակ կրելն ու սոցիալական հեռավորությունը: «Ժամանակի հետ սոցիալական տարածությունն ու դիմակ կրելը կդառնան սովորական վարքագիծ և նրանց կապը կարճաժամկետ հիշողության հետ կնվազի»՝ ասել է նա:
Սթեյսի Լիբերատորե, Daily Mail


Հ.Գ. Իմա կովիդհիմարը ոչ թե համառ մարդն է, այլ՝ բավարար գիտակցություն ու ինտելեկտ չունեցողը, որ գնահատի իր որոշման դրական ու բացասական կողմերը: Հետևաբար՝ քաղաքացիների առողջության համար պատասխանատու կառույցները պետք է ոչ թե ապավինեն մարդկանց ինքնապահպանման բնազդին կամ գիտակցությանը, այլ՝ հարվածեն գրպանին կամ պարտադրեն: Սա արդեն պետության ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե անհատի կամային կամ գիտակցական որակների: Հակառակ դեպքում՝ կովիդհիմար են դառնում իշխանությունները, որ չեն հասկանում իրենց քաղաքացիների կովիդհիմար լինելու պատճառներն ու հետևանքները: ԱՄՆ-ում դա հասկացան կորոնավարակի տարածումից կես տարի հետո, Հայաստանում՝ չգիտեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ