«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Բորիս Ջոնսոն. Մենք չէինք հասկանում կորոնավիրուսը

Բորիս Ջոնսոն. Մենք չէինք հասկանում կորոնավիրուսը
26.07.2020 | 10:44

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդունել է, որ պանդեմիայի սկզբից իր կառավարությունը «չէր հասկանում կորոնավիրուսը»: «Ինչ-որ քայլեր մենք կարող էինք այլ կերպ անել»՝ պատասխանել է Բորիս Ջոնսոնը BBC-ի մի քանի հարցերին՝ ինչու՞ Բրիտանիայում Covid-19-ից 45000 մարդ մահացավ, ավելի, քան Բրազիլիայում ու ԱՄՆ-ում: Վարչապետը ընդունեց նաև, որ դեռ պատասխանված չէ հարցը՝ ժամանակի՞ն երկրում կարանտին հայտարարվեց: BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգին հարցազրույցում Բորիս Ջոնսոնը փորձել է խուսափել պանդեմիայի առաջին ամիսներին կառավարության գործողությունների վերլուծության վերաբերյալ հարցերից՝ պնդելով «Դրա ժամանակը դեռ կգա»:

«Հիմա ժամանակը չէ հետաքննություն անցկացնելու, թե ինչ է եղել անցյալում: Հիմա, ինձ թվում է, բրիտանացիները ցանկանում են, որ մենք կենտրոնանանք նախապատրաստմանը վարակի հնարավոր վերածննդին ձմռանը»՝ ընդգծել է նա: Ընդդիմությունը հարցազրույցը որակել է անտեղյակության խոստովանություն: «Բորիս Ջոնսոնը վերջապես ընդունեց, որ իր կառավարությունը վատ պատասխան է տվել կորոնավիրուսին,-ասել է լեյբորիստների ստվերային կաբինետի առողջապահության նախարար Ջոնաթան Աշվորտը:-Կառավարությունը չափազանց երկար չէր գիտակցում վիրուսի սպառնալիքը, չափազանց երկար լոկդաուն չէր սահմանում և չափազանց երկար լուրջ չէր ընդունում ճգնաժամը»: Անցյալ շաբաթ Ջոնսոնը խոստացել է ապագայում, ինչ-որ ժամանակ անկախ հետաքննություն նշանակել պանդեմիայից առաջ ու պանդեմիայի ժամանակ իր կառավարության գործողությունների՝ առանց որևէ մանրամասնի:


Մեծ Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի դրական տեստով 45000 մարդ: Վարակի հաստատված դեպքերը հասնում են 300000-ի: Ընդդիմությունը և որոշ գիտնականներ քննադատում են կառավարությանը լոկդաունը ուշ՝ մարտի 23-ից մտցնելու համար: Կառավարության գիտախորհրդատվական խմբի համաճարակաբան Ջոն Էդմունդսը հունիսին հայտարարեց, որ երկիրը «ավելի վաղ պետք է կարանտին հայտարարեր»: «Կարծում եմ՝ այդ պատճառով մենք, ցավոք, այդքան մարդ կորցրինք» տրտնջացել է նա: Հարցին՝ Մեծ Բրիտանիայում լոկդաունը ուշ չսահմանվե՞ց, Բորիս Ջոնսոնը պատասխանել է. «Մենք վիրուսն այնքան չէինք հասկանում, որքան կցանկանայինք առաջին շաբաթներին ու ամիսներին»: «Մենք սկզբում չէինք տեսնում՝ որքան մեծ տարածում ունի ասիմպտոմ վարակը մարդուց մարդու»՝ հավելել է վարչապետը: Ջոնսոնը մերժել է ենթադրությունը, որ դիմակներ կրելու ու բնակչության տեստավորման ավելի վաղ սկսված ծրագրերը ու հստակ ցուցումները բազում կյանքեր կարող էին փրկել: «Մենք սգում ենք յուրաքանչյուր մահացածի համար, մտքերով մենք նրանց ընտանիքների հետ ենք: Եվ ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ արել է կառավարությունը»՝ ընդգծել է նա:


5 տարեկանից մեծ բնակիչների կորոնավիրուսի անալիզի պատասխանները Բրիտանիայում հասանելի էին միայն մայիսի 18-ից հետո, իսկ հեռախոսների հավելվածը, որ պետք է օգներ հետևել Covid-19-ի տարածմանը, մինչև հիմա մշակվում է՝ ըստ կառավարության կայքի: Ապրիլին կաբինետի անդամ ու Ջոնսոնի մերձավոր աջակից Մայքլ Գոուվը ընդունեց, որ վարչապետը հունվար-փետրվարին բաց է թողել կառավարության արտակարգ հանձնաժողովի 5 հանդիպումներ և փետրվարին Բրիտանիան անհատական պաշտպանության միջոցներ է ուղարկել Չինաստան: Համաճարակի բռնկման պահին, որ Բրիտանիայում ապրիլին էր, հիվանդանոցներում, բուժաշխատողների խոսքով, անհատական պաշտպանության միջոցների սուր պահանջ կար: Covid-19-ի սկզբին Բրիտանիայում չկար խալաթների, գլխադիր վահանների պաշար: Կառավարությանը քննադատում են նաև, որ խոցելի էին տարեցների տները, որտեղ ամբողջ երկրում մահերի մեկ երրորդ մասը գրանցվեց: BBC-ին հարցազրույցում Բորիս Ջոնսոնը բազմիցս ընդգծել է, որ կառավարությունը ամենայն լրջությամբ է նախապատրաստվում ձմռանը: Նա հայտնել է, որ երկրի 50-ն անց բոլոր բնակիչներին կառաջարկվի գրիպից անվճար պատվաստանյութ՝ քչացնելու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը սեզոնային հիվանդություններից կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում:


Պատասխանելով կորոնավիրուսի սեփական փորձի մասին հարցին, վարչապետն ասել է, որ իր դեպքում բարդացնող գործոն է եղել հավելյալ քաշը: «Հենց այդ պատճառով մենք պետք է ուժեղացնենք ճարպակալման դեմ ազգային պայքարը»՝ ասել է վարչապետը: «Մեր երկիրը, հիմնականում ավելի շատ հաստլիկներ ունի, քան Եվրոպայի մյուս երկրները: Դուք հարցնում եք ինձ անձնական փորձի մասին, իմ քաղած դասերից մեկը՝ մենք պետք է ավելի առողջ ու մարզական լինենք»՝ ասել է նա:
BBC


Հ.Գ. Բորիս Ջոնսոնը երևի պետության եզակի ղեկավարներից է, որ, այնուամենայնիվ, ընդունում է կորոնավիրուսի դեմ պայքարում իր ղեկավարած կառավարության սխալները, թեպետ՝ ապրիորի ու հետագա հետաքննության խոստումով, որ հազիվ թե կատարի: Մինչդեռ ոչ միայն Բրիտանիայում, կորոնավիրուսի տարածում ունեցող ցանկացած երկրում նման հետաքննությունը անհրաժեշտություն է՝ հնարավոր երկրորդ ալիքին կամ նման մեկ այլ պանդեմիայի նախապատրաստված լինելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ