Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյան. Կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման հրատապ բանակցություններ սկսելը

Էդմոն Մարուքյան. Կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման հրատապ բանակցություններ սկսելը
23.12.2020 | 14:16

Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։

ԼՀԿ պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։ Ամփոփելով ԼՀԿ խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի ՌԴ-ի հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկում է ԼՀԿ-ն կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։
Արցախյան 2020-ի պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994-ի Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կամ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կամ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016-ի ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ։ Անկասկած, ՌԴ-ն, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։ Այդ իսկ պատճառով ԼՀԿ-ն ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։
Մեր խմբակցության երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին։


Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ ՌԴ-ն՝ ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ ՀԱՊԿ պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։ Մենք առաջարկում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա.
- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների պայմանագիր (1992),
- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր (1997),
- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000),
- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015),
- ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016)։
Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։ Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյուավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, սահման հանդիսանում ԵԱՏՄ-ի և ԻԻՀ-ի միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ։ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։ Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը: Այդ իսկ պատճառներով ԼՀԿ-ն սկսել է մեր առաջարկած պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար։

Դիտվել է՝ 3217

Մեկնաբանություններ