Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջիբրալթարից` Մակեդոնիա

Ջիբրալթարից` Մակեդոնիա
17.10.2018 | 13:28

Սկսվեց թավշե հեղափոխության ֆինալը` երեկ 20.00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Վաղուց անոնսված ու հանրամատչելի բացատրված պատճառներով ու նպատակներով հրաժարական, որը, սակայն, վարչապետը հարկ համարեց ևս մեկ անգամ մեկնաբանել ու ստացվեց շատ ինքնատիպ: Հանրապետության հպարտ քաղաքացիներին բացատրվեց, որ
«հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով»: Այսինքն` կար կամ կա նաև փախուստի՞ տարբերակ: Հետո ներկայացվեց ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը` «Իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Այլոց «փախուստը» կանխելու համար` Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց. «Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում»: Այլոց «փախուստը» հարձակման չվրածվելու համար էլ զգուշացրեց. «Շատերը մտավախություն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյո՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի: Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որեւէ ուժ»:
Մտրակից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ կարկանդակին. «Բայց հիմա չեմ ուզում որևէ նման սցենար քննարկել նույնիսկ, որովհետև ինչքան էլ հակասություններ, սուր բանավեճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործելու նպատակ ու մտադրություն ունեն»:
Ու քաղցրացրեց-մեծացրեց կարկանդակը «Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանավանդ որ թե ՀՀԿ, թե Ծառուկյան դաշինք, թե ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, թե չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել»:
Հետո ընդհանրապես անհավատալի անկեղծացավ. «Ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնության ներկայացուցիչներին ասել, որ մենք այո քննադատել ենք և քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ ենք փնտրում, կամ պիտի փնտրենք»:


Իվերջո` ելույթի կեսին կատարվեց` ինչ ի սկզբանե ենթադրվում էր` Նիկոլ Փաշինյանը ինքնանույնականացավ հեղափոխության հետ ու հայտարարեց. «Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա»:
Եվ արդեն այսքանից հետո ասվեցին պարտադիր խոսքերը` «Եվ ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին հաջողություն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաստատել, որ մեր կառավարությունը երաշխավորելու է ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:


Ընտրվողների հետ գործն ավարտելով` հրաժարական տված վարչապետն անցավ ընտրողներին. «Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան:
Եւ հիմա, անդրադառնալով իմ վարչապետության անցած 5 ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր անսահման աջակցության և վստահության համար: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգևորությունը որևէ կերպ ստվերել եմ: Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբա. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թևեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու: Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ»:


Դե այսքանից հետո գնացեք ու ձայն տվեք ուրիշ քաղաքական ուժի` ՔՊ-ի 100 տոկոսանոց հաղթանակն ապահովված է: Փաստացի ԱԺ արտահերթ ընտրություններում շատ բարդ խնդրի առաջ է ընտրողը` բացի հնամենի, հին, նոր քաղաքական ուժերից, որ ընտրվելու հայտ են ներկայացնելու, նրանք պիտի հասկանան ո՞ր Նիկոլ Փաշինյանին են ընտրում: Ապրիլից-հոկտեմբեր մենք ականատես ենք եղել հարափոփոխ Նիկոլ Փաշինյանի` իմպուլսիվ, զայրացկոտ, գոռգոռացող, խզված ձայնով ենթականերին «մայթերին պառկացնելու» ու պատերով խփելու հանձնարարականներ տվող, հավասարակշիռ, հանդարտ, հեգնական, ցինիկ ու սիրալիր` միաժամանակ, բոլորիս առաջ խոնարհվող, անվերջ սիրող ու անտեղի համբուրող մարդու: Այսքանից ո՞ր մեկն է լինելու ապագա վարչապետը: Խնդիրը բարդացնում են ոչ միայն նրա տարատեսակ լայվերն ու զարմանազան հայտարարությունները, այլև` քայլերը: Երեկ հրաժարականից առաջ վարչապետը հրավիրել էր կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ հայտնի դարձան նույն օրը հրաժարական տվող կառավարության նոր նախարարներն ու երեք մարզպետները: Բացի այն, որ շարունակվում է ՀՀԿ-ի օրհնյալ ավանդույթը` առանցքային պաշտոնները յուրայիններին` էներգետիկայի նախարար է նշանակվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանը, Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ստիպված էր իր «տարօրինակ թվացող» նշանակումը բացատրել, նա նշեց, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկը չպետք է իր կյանքը ավարտած համարի Հայաստանում. «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու ու այդ բարիկադները ապամոնտաժելու ժամանակ» և հավելեց. «Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում»: Եթե նույնիսկ ընդունենք, որ կա բարիկադներ կառուցելու ու քանդելու ժամանակ, կա՞ քանդելուց հետո նորից բարիկադ չկառուցելու երաշխիք: Այլապես այս «կառուցապտումը» վերածվում է հասարակական գիտակցության հետ խաղի, անվայել մանիպուլյացիայի, որ իրեն կարող է թույլ տալ կուսակցապետը, բայց երբեք` պետական բարձրաստիճան պաշտոնյան: Կա՞ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի կուսակցական շահի պաշտպանության մղումներից` հանուն պետության շահի պաշտպանության: Չկա: Չկա ու չլինելը նրան դարձնում է ամենախոցելի կերպարը Հայաստանի քաղաքական դաշտում: Հայաստանի հպարտ քաղաքացիները պարզապես չեն հասցնում նրա մտքի թռիչքների հետևից ու չեն հասկանում` ե՞րբ է բարիկադներ կառուցելու ժամանակը, ե՞րբ է բարիկադներ քանդելու ժամանակը: Ու հենց այդ պատճառով երեկ հպարտ սյունեցիները փակել էին մարզ տանող ճանապարհը…մարզպետի առաջ: Նրանք դեռ նախորդ` բարիկադների կառուցման փուլում են, երբ հայտարարվում էր, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոներ են ու հայրենիքի դավաճան ու նրանց տեղը բանտն է, որտեղից ազատվում են գրավով: Բացի` Մանվել Գրիգորյանից: Ու սա էլ Նիկոլ Փաշինյանի հերթական անհասկանալի քայլն է` բանտում պահել հրապարակայնորեն խայտառակված ու քաղցկեղով, շաքարախտով, ևս մեկ տասնյակ հիվանդություններով տառապող գեներալի, որ ստացիոնար բուժման կարիք ունի և ում հանցանքը չի հաստատվել: Ներեցեք` իսկապես մոռացել էի, որ դատարանները Հայաստանում անկախ են:


Երեկ համենայն դեպս` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, կատարում են պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ: Հարցին` հակահեղափոխության վտանգներ տեսնու՞մ է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան։ Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր նշած դեպքերի հետ», նաև նշեց, որ ԱԱԾ խնդիրներից մեկը սահմանադրական կարգի պահպանությունն է. «Ես հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը»: Դե փորձեք Սահմանադրություն խախտել, նույնիսկ եթե ձեր մասին Սահմանադրությունը ոչ մի տող չունի, միշտ էլ կա ընդհանրական «խախտումների» վարկածը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ երեկվա ամենասքանչելին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 4:0 հաղթանակն էր` Մարկոսից Մխիթարյան գոլերով: Գուցե խորհրդանշական է, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստան-Մակեդոնիա խաղը զուգահեռվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականին` առիթ տալով ոմանց Ֆեյսբուքում սրամտել, թե վարչապետն ամեն խաղից առաջ չի կարող հրաժարական տալ, որ Հայաստանի հավաքականը ոգևորվի ու հաղթի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մղձավանջային երազներում Ջիբրալթարը տեսնելուց հետո առավոտյան կարող է արթնանալ ու Մակեդոնիան հիշել:

Դիտվել է՝ 4226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ