Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ նոր ընտրական օրենսգիրքն իրականում ոչ մեկին պետք չէր

Երբ նոր ընտրական օրենսգիրքն իրականում ոչ մեկին պետք չէր
02.11.2018 | 01:16

Վերլուծաբաններից շատերը թերևս կանխատեսում էին, որ դեկտեմբերյան ընտրությունների շուրջ գործընթացում երկու պրոցես բավականին փոխկապակցված են լինելու։ Խոսքը, բնականաբար, ՀՀ վարչապետի հրաժարականի և խորհրդարանի ինքնալուծարման հետ կապված քննարկումների ու քվեարկությունների երկշաբաթյա մարաթոնի, ինչպես նաև ընտրական օրենսգրքի շուրջ զարգացումների մասին է։ Փորձագիտական հանրությունը կանխատեսում էր, որ եթե դեկտեմբերին կայանալիք ընտրությունների և քաղաքական զարգացումների շուրջ խորհրդարանում ներգրավված ուժերի միջև կար կոնսենսուս, ապա նույնը ասել նոր ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող գործընթացների մասին հնարավոր չէր, և հենց դրա շուրջ էր ընթանալու հիմնական պայքարը։


Մինչդեռ վերլուծաբաններից շատերը կարծում էին, որ նշված երկու գործընթացները սերտորեն փոխկապակցված են, և դրանց շուրջ քաղաքական ուժերը կարող էին ունենալ նաև ստվերային պայմանավորվածություններ. կոնսենսուս ԱԺ ինքնալուծարման հարցի հետ կապված՝ ընտրական օրենսգիրքը չընդունելու դիմաց։ Ընդ որում, ենթադրվում էր, որ պայմանավորվածությունները ոչ միայն վարչապետի և ՀՀԿ-ի միջև կարող էին լինել, այլև խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ նույնպես։
Ինչևէ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, իսկապես որևէ լուրջ խնդիր չծագեց և չէր էլ կարող թերևս ծագել վարչապետի հրաժարականի և խորհրդարանի ինքնալուծարման շուրջ։ Փոխարենը, իրոք, որոշակի զարգացումներ տեղի ունեցան նոր ընտրական օրենսգրքի հետ կապված, որոնք ավելի շատ քաղաքական մեծ համաձայնության գործողություններ էին հիշեցնում, երբեմն անգամ մեծ բեմականացման տարրերով։


Մասնագիտացված շրջանակներում բավականին սարկազմով են ընդունում հանրության, քաղաքական ակտիվ շրջանակներում և լրատվական դաշտում ծավալվող այն քննարկումները, թե ի վերջո ինչպես ստացվեց, որ «նոր Հայաստանի» իշխանությունների ներկայացրած ընտրական նոր օրենսգիրքը այդպես էլ չընդունվեց։ ՈՒ թեպետ շատերը հակված են բարդ կոմբինացիաներ տեսնելու, որոնք հյուսվել են գլխավոր քաղաքական թատերաբեմի հետևում, այնուհանդերձ փորձագետներից ոմանց կարծիքով, պատասխանը շատ պարզ է և տրամաբանական. ընտրական օրենսգիրքը չընդունվեց, քանի որ խորհրդարանում փաստացի չկար որևէ քաղաքական ուժ, որն իրականում շահագրգիռ էր այդ օրինագծի ընդունմամբ։ Այսինքն՝ չկար այս փաստաթղթի իրական շահառուն։
Թերևս այս եզրակացությունը շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց փաստ է, որ խորհրդարանում ներկայացված յուրաքանչյուր քաղաքական ուժ ուներ ընտրական նոր օրենսգիրքը չընդունելու իր դրդապատճառը։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հետհեղափոխական իր իսկ խոստումներից ելնելով, պարտադրված էր ներկայացնելու այդ օրենսդրական նախաձեռնությունը։ Ավելին, ՔՊ-ն կառավարության ծրագրում ուղղակիորեն ամրագրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը նոր ընտրությունների նախապատրաստումն է։ Իսկ նոր ընտրության գլխավոր իդեֆիքսերից մեկն ընտրական նոր օրենսդրության ընդունումն էր։ Օրենսդրություն, որի հիմնական մեխը, ինչպես հայտնի է, վարկանիշային համակարգի վերացումն ու քաղաքական ամբողջ դաշտի համար հավասար և հեշտ պայմանների ձևավորումն է, որպեսզի հնարավորինս շատ քաղաքական ուժեր կարողանան մտնել մրցակցության մեջ՝ մասնակցելով ընտրական գործընթացներին։ Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ձևական առումով կատարեց իր խոստումը, թեև ընթացակարգային և ժամանակային խախտումներով։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը տվյալ պարագայում շատ անկեղծ էր և հայտարարում էր, որ այդ օրինագծի ընդունման հարցում ամենաշահագրգիռը ամենևին էլ Քաղպայմանագիրը չէ, քանի որ իր գլխավորած քաղաքական ուժը ներկայիս քաղաքական իրավիճակում և հանրային տրամադրությունների պայմաններում ցանկացած օրենքով էլ իր նվազագույն և առավելագույն ծրագրերը կարող է ի կատար ածել։ Նիկոլ Փաշինյանը նաև ակնարկում էր, որ իշխանությունն այս օրինագծի ընդունման համար իր առավելագույն ռեսուրսները չի օգտագործի։ ՈՒշագրավ է, որ թեև մեծաթիվ պատգամավորներ էին հայտնում օրինագծին կողմ քվեարկելու իրենց պատրաստակամության մասին, և համապատասխան կոնսոլիդացիայի պայմաններում կարող էին հավաքել անհրաժեշտ 63 ձայնը, սակայն նման բան այդպես էլ տեղի չունեցավ։


Այստեղ հատկանշական է նաև, որ ընտրական նոր օրենսգրքի առաջին քվեարկության ժամանակ նաև «Ծառուկյան» դաշինքի «պատահական անփութությունը» տապալեց օրինագիծը, ընդ որում, տարբեր հավանական ու անհավանական, նաև զվարճալի պատճառաբանություններով։ Ըստ էության, դա նշանակում էր, որ կամ չկար կոշտ պահանջ Նիկոլ Փաշինյանի կողմից, կամ գուցե նաև նման գործելաոճով Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ փորձեց ամրապնդել իր դիրքերն իշխանության մեջ՝ ցույց տալով իր անհրաժեշտությունը գործող իշխանության համար և խորացնելով քաղաքական առևտուրն ընտրություններից առաջ, որպեսզի իրավիճակն իր համար ավելի նպաստավոր դարձնի։
Սակայն, քանի որ առաջին քվեարկությունից հետո քննադատության սլաքներն ուղղվեցին դեպի «Ծառուկյան» դաշինքը, փաստորեն նրան դարձնելով տապալման «քավության նոխազ», վերջինս ստիպված եղավ ցույց տալ, որ քվեարկության տապալման պատճառն իրենք չեն, և ստանձնեցին ընտրական օրենսգրքի ընդունման առնչությամբ երկրորդ նիստը հրավիրելու առաքելությունը։ «Ծառուկյան դաշինքը» մի մարդու պես ներկա էր երկրորդ նիստին և կողմ քվեարկեց օրինագծին, սակայն ինչպես պարզվեց, դա էլ բավարար չէր։ Ինչևէ, «Բարգավաճ Հայաստանի» պարագայում իրականում վարկանիշային համակարգին ապավինելը լիովին տրամաբանական է, քանի որ սա այն կուսակցությունն է, որը հայտնի է որպես իշխանությանը այս կամ այն ձևաչափով կապակցված քաղաքական ուժ, որը միշտ լիովին օգտվել է վարչական, ֆինանսական ռեսուրսներից, այդ թվում նաև ռեյտինգային համակարգի ընձեռած հնարավորությոններից՝ մշտապես ապահովելով իր տեղը խորհրդարանում։ «Բարգավաճ Հայաստանի» համար ռեյտինգային համակարգը շատ ծանոթ, գործարկված մեթոդ է, ինչն ապագա ընտրություններում կհեշտացնի ձայներ հավաքելու հնարավորությունը։ Պրագմատիկ հաշվարկը ցույց է տալիս, որ ընտրական հին օրենսգիրքը նախապատվելի է նաև Գագիկ Ծառուկյանին։


Հայ հեղափոխական դաշնակցության պարագայում փորձագետների մեծ մասը արձանագրում է, որ որևէ ընտրական համակարգ դժվար թե օգտակար լինի վերջինիս, քանի որ այդ կուսակցության վարկանիշը, ինչպես ցույց են տալիս վերջին, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անշեղորեն նվազել է և այժմ իր պատմության մեջ հասել է նվազագույնի։ ՈՒստի ընտրակարգը ռեյտինգային լինի, թե 100-տոկոսանոց համամասնական, թերևս միևնույն է, ՀՅԴ-ին ոչինչ չի տալու։ Այս պարագայում Դաշնակցությանը հետաքրքրող թեման նոր քաղաքական ցիկլից առաջ և ընտրություններից հետո ընդդիմության դաշտում տեղավորվելն ու իր ընդդիմադիր կեցվածքը ցույց տալն է։ Եվ պատահական չէ, որ հենց ՀՅԴ-ին է վերագրվում ընտրական նոր օրենսգրքի երկրորդ անգամ տապալման դափնին, քանի որ նիստից բացակայում էին նաև ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորները, թեև կուռ կարգուկանոնով հայտնի ՀՅԴ-ի համար դժվար չէր ապահովել իր բոլոր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստին։


«Ելք» դաշինքի «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները իհարկե կարող էին լինել ամենաշահագրգիռը ընտրական նոր օրենսգրքի անցկացման հարցում, քանի որ ընտրական հին օրենսգրքով դաշինքների համար ԱԺ-ի անցողիկ շեմը 7 տոկոս է։ Սակայն, ելնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ ընտրական օրենսգրքի երկրորդ քննարկման ժամանակ հնչեցրած ելույթից, տեսնում ենք, որ վերջինս շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում խորհրդարանում, ինչ ներքին պայմանավորվածություններ, ինտրիգներ կան ընտրական օրենսգրքի շուրջ։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն իր ելույթում շեշտեց, որ իրենց համար էլ է միևնույն, թե որ ընտրակարգով կմասնակցեն ընտրություններին, քանի որ շատ լավ պատրաստ են ռեյտինգային ընտրակարգին, սակայն նաև ակնարկեց, որ այսօրվա իշխանությունը հետ է կանգնել նախապես որդեգրած իր սկզբունքներից՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու գաղափարից։ Էդմոն Մարուքյանի ելույթում, փաստորեն, հատուկ անդրադարձ եղավ, թեկուզ և առանց անուն տալու, նաև վարչապետի թեթև ձեռքով օլիգարխից «սեփականատերի» վերածված Գագիկ Ծառուկյանին. նա նշեց, որ եթե ընտրություններին թույլատրվում է գործարարների մասնակցությունը, այսինքն, բիզնեսը քաղաքականությունից չի տարանջատվում, ապա որևէ կապ չունի` ընտրությունները կանցկացվեն ռեյտինգայի՞ն ընտրակարգով, թե՞ համամասնական։ Այսպիսով, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը թիրախավորեց միաժամանակ իշխանությանը, ինչպես նաև արդեն իսկ սկսեց պայքարել «Բարգավաճ Հայաստանի» դեմ՝ ապագա ընտրողների ձայների համար։
Հանրապետական կուսակցության պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ ՀՀԿ-ականները թեև բարձր քաղաքականությունից և գաղափարներից են խոսում, նշում են, թե ընտրություններից անմիջապես առաջ ընտրական օրենսդրություն չեն փոխում, ինչը իհարկե, ճշմարտություն պարունակում է, և դրանով են պայմանավորում նոր ընտրական օրենսգրքի նկատմամբ իրենց մերժողական դիրքորոշումը, այնուամենայնիվ, փաստ է, որ ռեյտինգային ընտրակարգը նրանց նույնպես ավելի քան ձեռնտու է։ Որքան էլ ՀՀԿ-ի հին ռեսուրսները այսօր արդեն փորձեն իրենց ծառայությունները մատուցել ՔՊ-ին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն դեռևս շարունակելու է պահել իր կապերը, ինչը նրանց թույլ կտա իրացնել իրենց հենարանի հնարավորությունները։ Հայաստանում կա մի ընտրախավ, որը գուցե այնքան էլ ակտիվ չէ, սակայն իրականում դժգոհ է ներկա իշխանություններից և առիթի դեպքում ձայները կտա հին ռեժիմի ներկայացուցիչներին։ ՀՀԿ-ն փորձում է հանդես գալ որպես Հայաստանում եվրոպական արժեքների կրող և ցույց տալ, որ իրենք են Հայաստանում այդ արժեքների համար պայքարողը՝ ի կատար ածելով Վենետիկի հանձնաժողովի ծրագրերը։ ՀՀԿ-ի դիրքորոշումը հասկանալի էր՝ կար հռետորաբանություն, սակայն կար նաև հստակ պրագմատիզմ։ Չի բացառվում, որ նրանք շատ լավ հասկանում էին, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես առանձնապես դեմ չէ, որ առաջիկա ընտրություններն ընթանան հին ընտրական օրենսգրքով, և խորհրդարանում հայտնվի ընդդիմություն հանրապետականների տեսքով, որի հետ միշտ կարելի է այս կամ այն մեխանիզմով պայմանավորվել, այդ թվում՝ համագործակցել և հանդես գալ հանրայնորեն, երբ իշխանությունների վրա ճնշումներ իրականացվեն արտաքին աշխարհից։ Փաշինյանը ՀՀԿ-ի միջոցով կկարողանա ցույց տալ, որ Հայաստանում կա ուժեղ ընդդիմություն, որը թույլ չի տա իշխանություններին կատարել այս կամ այն քայլը, նույնիսկ եթե այդ իշխանություններն ունեն ծայրահեղ բարձր լեգիտիմություն։


Ի դեպ, զարմանալիորեն պասիվ էին արտախորհրդարանական ուժերը, որոնք որևէ ճնշում չէին գործադրում խորհրդարանի նկատմամբ։ Ընդ որում, նոր ընտրական օրենսգրքի գլխավոր շահառուն պետք է որ հենց արտախորհրդարանական ուժերը լինեին։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ արտախորհրդարանական ուժերը Հայաստանում կա՛մ ժամկետանց են, կա՛մ էլ դեռևս չեն հասունացել։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ