Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանն Իրանի դեմ. իսկ եթե չհաջողվի՞

Ադրբեջանն Իրանի դեմ. իսկ եթե չհաջողվի՞
06.11.2018 | 00:23

(Նախորդ մասը)

Բաքվի իշխանությունները լռում են մինչև այժմ: «Արտաքին ուժերի» մասին Ալիևի ակնարկը հնչեցրեց իբր նախկին դիվանագետ, բայց ինչպիսի՜: «Արտաքին ուժերի» մասին իր խոսքն է ասել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Գյանջայում անկարգություններ կազմակերպելու փորձը ցույց է տալիս, որ կան արտաքին ուժեր, որոնց ձեռնտու չէ Ադրբեջանի զարգացումը, հայտարարել է նա, ընդ որում «խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, այլև որոշ արտաքին ուժերի»: ՈՒշադրություն է գրավում ԱԳ նախկին նախարար Զիլֆուղարովի համոզվածությունը, թե իբր Թրամփ-Պուտին հանդիպումից հետո կուժեղանան ռուսական քաղաքականության հակաիրանական միտումները, Իրանից Ռուսաստանի հեռանալը դեպի Թուրքիա և արևմտյան դաշինք: Ինչպես գիտենք, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում որևէ փոփոխություն, առավել ևս՝ «հեռացում», չի եղել: Ապացույցնե՞ր, խնդրեմ: Շարունակվում են Իրաքը և Սիրիան ծայրահեղական խմբավորումներից ազատագրելու համատեղ գործողությունները, Իդլիբ նահանգի ազատագրման պլան է մշակվում: Միտում կա համատեղ ազդելու Աֆղանստանի գործընթացների վրա: Այսինքն՝ ամենուրեք, որտեղ ՌԴ-ի և Իրանի հատուկ ծառայությունները համատեղ նկատում էին ահաբեկչության բռնկման վտանգ, ընդ որում, Աֆղանստանի հարցում Մոսկվային ու Թեհրանին հաջողվել է դեպի իրենց «հակել» նաև Չինաստանն ու Պակիստանը: Ապացույցներ՝ 2018-ի օգոստոսից: Ռուսական պատվիրակությունը Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի գլխավորությամբ օգոստոսի 21-ին ժամանեց Մազանդարան նահանգի Սարի քաղաքը՝ Իրանի հյուսիսում տարբեր բնագավառներում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու և Մազանդարանի նահանգապետի ու գործարարների հետ հանդիպելու նպատակով: Հուշագրի նախագծի տեքստը հավանության է արժանացել ՌԴ-ի պաշտոնական անձանց և Իրանի ԱԳՆ-ի կողմից: Այնուհետև. ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը բանակցություններ է վարել իրանցի գործընկերների հետ: Ֆոմինը հայտարարել է, որ «Ռուսաստանը լայնորեն համագործակցում է Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարում, և այդ ռազմա-տեխնիկական համագործակցությունը շարունակվելու և աճելու է ապագայում»:
Օգոստոսի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հակառուսական հայտարարություններում հնչած այն եզրակացությունը, թե «Ռուսաստանը խրվել է Սիրիայում», հայտարարել է. «Սիրիայից պետք է դուրս բերվեն այն բոլոր օտարերկրյա ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց Սիրիայի կառավարության հրավերի»: ՌԴ ԱԳ նախարարի այդ «հրամանը» վերաբերում է ինչպես Թուրքիային, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորած «արևմտյան դաշինքին», բայց ոչ Իրանին, որը 2014-2018 թթ. բազմիցս հայտարարել է, որ իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայում են նրա օրինական կառավարության հրավերով՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար, ինչն ամեն անգամ հաստատում էր Դամասկոսը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նկատի ուներ պարոն Բոլթոնը, հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին նա Ժնևում հանդիպել է ՌԴ ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, բայց հանդիպման նախօրեին հայտարարել էր. «Մենք կնայենք, թե Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ ինչի մասին կարող ենք պայմանավորվել մենք և մյուսները: Սակայն նախնական պայմաններից մեկն իրանական բոլոր ուժերի վերադարձն է Իրան»: Բայց ոչ ոք չի կարող Լիբանանի, Հնդկաստանի, Պակիստանի կամ Աֆղանստանի շիաներին ստիպել, որ նրանք «գնան» Իրան, չխոսելով արդեն հարևան Իրաքի բոլոր շիա աշխարհազորայինների՝ Սիրիայում «շիական սրբավայրերի» համար մարտնչելու պաշտոնական պարտավորության մասին: Ես էլ չեմ ասում, որ հետո և սեպտեմբեր-հոկտեմբերին ՌԴ և Իրանի իշխանությունները, ամենաբարձր մակարդակով, տասնյակ անգամ հաստատել են Հարավային Կովկասում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում իրենց ռազմավարական համագործակցությունը:
Այսպիսով, աշխարհաքաղաքականության մեջ Ալիևների ընտանիքը և Զիլֆուղարովը բացահայտորեն սխալվել են: Բայց, ցավոք, Հարավային Կովկասում չեն մնացել գոնե «ազդանշանային բառերով» կամ «ազդանշանային տեղեկույթով» կողմնորոշվելու ընդունակ քաղաքագետներ: Վրաստանում դա տեսանք 2008-ի օգոստոսին՝ Սաակաշվիլու ռեժիմի ռազմական արկածախնդրության օրինակով: Իսկ Հայաստանում 2017-ին, տիրող հանրապետական կուսակցության շատ բարձրաստիճան գործիչների հետ շփման ընթացքում, սույն տողերի հեղինակը բազմիցս է կանխատեսումներ լսել, թե «ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո» կամ «2019-ին» «Պուտինին կտապալեն»: Հանուն օբյեկտիվության պետք է նշել, որ նրանք այդ մասին երազում էին 2011-12-ից՝ հերքելով Պուտինի երրորդ նախագահական ժամկետի նվազագույն հնարավորությունը և պատրաստվելով Մեդվեդևի երկրորդ նախագահական ժամկետին, այսինքն, գործելով ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրահանգների: Եվ դա շարունակվում է նաև հիմա: Բանը հասել է նրան, որ սույն թվականի օգոստոսի 14-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ մինչև իրանական ընկերությունների հետ գործարարություն սկսելը հայ գործարարները «պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանության հետ», իբր իր երկրի հակաիրանական պատժամիջոցների տակ չհայտնվելու համար: Սա հիշեցնում ենք, որպեսզի ընթերցողները պարզ տեսնեն ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Հայաստանի լիակատար կախվածությունը արտաքին կառավարման կենտրոնների թելադրանքից:
Վերադառնանք այն հարցին, թե հուլիսին ինչ է տեղի ունեցել Գյանջայում և Ադրբեջանի այլ բնակավայրերում: Գյանջայի հարցում խառնաշփոթ է, նույնիսկ իրավապահ ուժերի հաղորդագրություններում: Օրինակ, գրել էին. «Ձերբակալված է մոտ 40 մարդ»: Երկու տող հետո. «Ձերբակալվել է հանցագործության 11 մասնակից, նրանցից մեկը ոչնչացվել է»: Այնուհետև հաղորդվում է այլ տեղերում կատարված ձերբակալությունների մասին: «Սումգայիթում ձերբակալվել է արմատական կրոնական խմբերի և նրանց պաշտպանող արմատական ընդդիմության 18 անդամ», «ձերբակալվածները մտադիր էին հունիսի 3-ին և 10-ին Գյանջայում տեղի ունեցածի նման անկարգություններ հրահրելու»: «Արտաքին ուժերի» վրա Ալիևի «հարձակումը», որին աջակցեցին Հաջիևն ու Զիլֆուղարովը, Իրանի մասնակցության մասին հավաստի տեղեկության արտացոլու՞մ է, թե՞ տարատեսակ ջոնբոլթոնների թելադրանք: Էլ չենք ասում, որ ընդհանրապես ոչինչ չի հայտնվում այն մասին, որ Սիրիայում շիաների կողմում կռվում են ադրբեջանցիներ, թեկուզ, ասենք, ռուսական անձնագրով: Մինչև հիմա հակաիրանական գիծը հիմնականում արտահայտվում էր, օրինակ, Նարդարան բնակավայրի իրանամետ բնակիչների, որոնք այս կամ այն ցույցերի ժամանակ վառել էին ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, ճնշմամբ, կամ էլ իբր «Իրանի օգտին լրտեսող» լրագրողներին «նստեցնելով»: Այժմ մակարդակը բարձրացել է. անուղղակի կերպով Թեհրանը մեղադրվում է... Գյանջայի ահաբեկչությանը մասնակցելու համար: Իսկ ո՞վ է ողջ 2018-ի ընթացքում ՌԴ-ին և Չինաստանին կոչ անում, որ Իրանը ճանաչեն ահաբեկչությանն աջակցող երկիր: ԱՄՆ-ը և Իսրայելը: Ահա այսպես Ադրբեջանի իշխանություններն ապացուցեցին իրենց լիակատար ենթարկվածությունը Վաշինգտոնի և Իսրայելի հատուկ ծառայություններին:
Բայց մենք լավ ենք հիշում, որ 2018-ին Ադրբեջանն առաջին անգամ փորձեց հակաադրբեջանական «աշխատանքի» համար մեղադրել Իրանին: Ադրբեջանա-իրանական սահմանի՝ Ջալիլաբադի շրջանի հատվածում զինված միջադեպ է եղել. «Ադրբեջանցի սահմանապահների և նրանց դիմադրություն ցույց տված սահմանախախտների միջև փոխհրաձգություն է եղել: Նախնական տվյալներով, գնդակի վերք է ստացել զինծառայող Ռամազան Կուրուպովը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում»: Թեհրանն արձագանքեց կոշտ և բազմանշանակ: Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ֆազլին հայտարարեց. «Ադրբեջանը և Իրանը ապահովում են ընդհանուր անվտանգությունը, մեր երկրների սահմանին խնդիրներ չկան: Սահմանները բաց են, վտանգավոր միջադեպեր չկան: Չկան ապօրինի հատումներ և մաքսանենգություն: Երկու երկրի սահմանապահները կանոնավոր հանդիպումներ են ունենում: Իհարկե, սահմանին որոշ միջադեպեր են լինում, որոնք մեզ հաջողվում է կանխել»: Իսկ հենց հունիսի 21-ի միջադեպի առթիվ Ֆազլին ընդգծեց. «Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում: Սակայն ես սահմանապահ զորքերին հանձնարարել եմ մանրակրկիտ հետաքննել այդ հարցը և զեկուցել: Կատարվածի էությունն ավելի ուշ կպարզվի: Առայժմ հայտնի է, որ այն եղել է Ադրբեջանի տարածքում, սահմանից 2 կմ հեռու»:
Ֆազլիի խոսքերը հունիսին «փախցրին» սահմանախախտների մասին խոսակցությունը շարունակելու Ադրբեջանի ցանկությունը: Իսկ Բաքվի հուլիսյան մեղադրանքներին, երևում է, իրանական կողմը որոշեց ընդհանրապես չպատասխանել, այնքան նկատելի է հակաիրանական հիստերիայի պատվիրված լինելը: Եթե Բաքուն համարում է, որ Գյանջայի հրաձիգ Սաֆարովը Սիրիայում կռվել է որպես շիա կամավորական, որը, երևի, «հրահանգավորվել է» Ղումում, ապա ադրբեջանական մարմինները պարտավոր են ճշգրիտ նշել, թե նա շիական որ աշխարհազորում է կռվել (քրդերի՞, ասորիների՞, դրուզների՞, գուցե հայերի՞): Չէ՞ որ Սիրիայում շիան կարող էր կռվել միայն Դամասկոսի կողմում: Կամ էլ ոչ թե շիա է, այլ սուննի սալաֆիական:
Այժմ վերադառնանք 2018-ի հոկտեմբերին Բաքվում գտնվող Բոլթոնին: «ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի դերը որպես էներգակիրների այլընտրանքային մատակարարողի: Այդ կապակցությամբ հատկապես կարևոր է «Հարավային գազային միջանցք» նախագիծը»,- նշել է Բոլթոնը: Խոսքը հենց այն նախագծի մասին է, որի պատճառով Բաքուն ԱՄՆ-ից 2016-ի ապրիլի պատերազմն սկսելու հրաման ստացավ: Ղարաբաղյան հակամարտության մասին նա ասաց, որ այն ռազմավարական նշանակություն ունի. «ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»: Իսկ հետո նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի զսպման քայլեր: Բաքվի հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը Թել Ավիվում հանդիպել է իր իսրայելցի գործընկեր Գադի Այզենկոտի հետ: Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել են Ադրբեջանի և Իսրայելի ռազմական համագործակցության ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության գործում երկու երկրների ներդրումը:
Ոչ ոք չի՞ տեսնում, չի՞ զգում, որ Հայաստանի և Արցախի շուրջը ահաբեկչության վտանգը բազմակի ավելացել է Բաքվում ու Երևանում Բոլթոնի հայտնությունից հետո: Չէ՞ որ հենց ԱՄՆ-ն ու Իսրայելն են միջազգային ահաբեկչության հովանավորները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ