Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իրական» ընդդիմությունը՝ ընդդեմ և հանուն իրական իշխանության

«Իրական» ընդդիմությունը՝ ընդդեմ և հանուն իրական իշխանության
16.11.2018 | 02:04

Ինչպես և կանխատեսվում էր, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգը ձևավորվում է ընդդիմադիր դաշտում։ Իսկ թեման հետևյալն է՝ ո՞վ կլինի ընդդիմության առաջին ջութակը։ Դեռևս ընտրարշավը չսկսված՝ տեսնում ենք, որ կատաղի պայքար է սկսվել առաջին ընդդիմադիրի և իրական ընդդիմադիր լինելու դափնիների համար։
Ամեն դեպքում, ինչպես և կանխատեսվում էր, ընդդիմադիր դաշտում զարգացումները պայմանավորված են լինելու նրանով, թե խաղի ինչ կանոններ կորդեգրի օրվա իշխանությունը, և ընտրությունների ինչ ռեժիմ կլինի Հայաստանում. գործի կդրվի սև-սպիտակ ձևաչա՞փը, թե՞ ավելի մեղմ մթնոլորտ կստեղծվի՝ «բարիկադները քանդելու ժամանակն է» կարգախոսով։


Օրերս, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հնչեց իշխանությունների հստակ ուղերձը։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որ առանձնապես հարցազրույցներ չի տալիս, ուղղակիորեն հայտարարեց, որ այլևս սև-սպիտակի ռեժիմով ընտրություններ անցկացնելն իմաստ չունի, քանի որ հանրությունն այժմ շատ հստակ տարբերակում է թացը չորից, և արհեստական լարում առաջացնելու կարիք չկա։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը բացահայտեց նաև իշխանությունների նախընտրական գլխավոր մեսիջը՝ այս նախընտրական արշավում եկել է ժամանակը, որպեսզի իշխանություններն «ուրվագծեն իրենց ապագա ծրագրերն ու անելիքները՝ ակնարկելով, որ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» և նմանատիպ հեղափոխական կարգախոսների անհրաժեշտություն այլևս չկա, և կառուցողական ու ստեղծարար աշխատանքի ժամանակն է։
Փաստորեն, այսպիսով ՀՀԿ-ի համար շատ հետաքրքիր հեռանկարներ են բացվում։ Իհարկե, ՀՀԿ-ի այն հայտարարությունը, թե իրենք հավակնում են ԱԺ-ում դառնալու երկրորդ քաղաքական ուժը, շատ մշուշոտ հեռանկար ունի, և այս պահի դրությամբ ավելորդ է այդ մասին խոսել, քանի որ նման հեռանկար ընդհանրապես չի նշմարվում։ Ամենայն հավանականությամբ, հանրապետականների՝ երկրորդ ուժ լինելու մասին հայտարարությունն ավելի շուտ քարոզչական հնարք է։ Նման հնարքներ բանեցնում են շատ ուժեր, որոնք չեն կարողացել տեղավորվել բուն իշխանության ցուցակում կամ իշխանության հետ դաշինք կազմել։ Ժամանակին նման մարտավարություն ընտրեց «Սասնա ծռերը», օրերս համանման հայտարարություն արեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։


Պարզ է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում ունի երկու նպատակ՝ ծրագիր մինիմում և ծրագիր մաքսիմում։ Մինիմումը խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելն է, ինչը սև-սպիտակ հակադրության բացառման պարագայում, թերևս, բավականին իրատեսական է դառնում, և ծրագիր մաքսիմում՝ բոլոր գործոնների համադրության արդյունքում փորձել դառնալ ընդդիմադիր կեցվածքով թիվ մեկ ուժը և երկրորդ խմբակցությունն Ազգային ժողովում։


Հետաքրքիր է, որ վերջին շրջանում հիմնական դերակատարներն այս համատեքստում սկսել են բավականին անկեղծ արտահայտվել։ Մասնավորապես կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հարցազրույցում ուղղակիորեն ասվում է, որ հանուն օբյեկտիվության պետք է նշել, որ հանրապետականները ամենահարմար ընդդիմությունն են «Քաղաքացիական պայմանագրի» համար, քանի որ հնարավորություն են տալիս օրվա իշխանությանը թիրախավորելու իրենց, որոնց վրա թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացներում, երբ կրքերը հանդարտված կլինեն խորհրդարանում, կարելի է բարդել ամբողջ մեղքը ստեղծված իրավիճակի համար։ Փաստորեն, դեռևս երկար ժամանակ գործող իշխանությունը կարող է ՀՀԿ-ի վրա դուրս գրել երկրում առկա և ապագայում հնարավոր բացթողումները։
Մյուս կողմից հանրապետականներն ամենաբարձր մակարդակով՝ Վիգեն Սարգսյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, անընդհատ շեշտում են, որ իրենք պետք են վարչապետ Փաշինյանին, քանի որ ապահովում են այլընտրանքը երկրում, դա դեմոկրատիայի տեսլականն է (նախկինում դա կոչում էին դեմոկրատական շղարշ)։ ՀՀԿ-ն ուղղակիորեն ասում է, որ եթե Փաշինյանի վրա ճնշում գործադրվի արտաքին քաղաքական դաշտում, մասնավորապես Արցախի հարցի համատեքստում ինչ-ինչ պարտադրանքներ լինեն, իրենք պատրաստ են թև-թիկունք կանգնելու վարչապետին՝ այդ հարցում իշխանությանը հզոր ընդդիմության պատրանք ստեղծելով։


Այսպիսով, խաղը սկսել է բավականին բաց ընթանալ։ Ամեն դեպքում պարզ է, որ հանրապետականները փորձում են տեղ գրավել այսօրվա իշխանության աշխարհաքաղաքական լղոզված գաղափարախոսության հակառակ բևեռում։ Այն կարելի է բնութագրել որպես նեոկոնսերվատիվ գաղափարախոսություն, և ՀՀԿ-ն փորձում է տեղավորվել աշխարհում առկա միտումների համատեքստում՝ նեոկոնսերվատորների և համաշխարհային լիբերալիզմի դեմ ընդհանուր պայքարում։ Թեև Փաշինյանի կառավարության գաղափարախոսությունն այնքան լղոզված ու անհստակ է, որ նույնիսկ դժվար է ասել, թե փաշինյանական իշխանությունը համաշխարհային միտումների որ թևն է ներկայացնում։
Այս պայմաններում պատահական չեն ՀՀԿ առաջնորդների հնչեցրած կարգախոսները։ Դա շատ ցայտուն կերպով արտահայտվում է վերջին շրջանում իրեն որպես ժողովրդի մասնիկ ներկայացնող Շարմազանովի բառապաշարում, որն ասում է, որ եթե չեք ցանկանում՝ Հայաստանում համասեռամոլությունը զարգանա, աղանդները արմատավորվեն կամ Արցախի հարցում նահանջ ունենանք, ընտրեք հանրապետական կուսակցությանը։ Այսինքն՝ հենց հանրապետականներն են փորձում նախընտրական պայքարը տեղափոխել սև-սպիտակի դաշտ։ Այս մարտավարությունն է ընտրվում, որպեսզի ընդդիմադիր 20-30 տոկոս ձայները, որոնք դեռևս չեն գտել իրենց հասցեատերերին, կարողանան, այսպես ասած, իրենցով անել։ Նման հայտարարությունները հնարավորություն են տալիս նրանց նաև տարբերվելու ընդդիմադրի հավակնություններ դրսևորող քաղաքական ուժերից։


Եթե մյուս ուժերը ընդդիմադիր լինելով աջակցում են Փաշինյանին, ապա ՀՀԿ-ն հստակ հայտարարում է, որ իրենք գաղափարապես են տարբեր և լինելու են իրապես ընդդիմություն՝ ձգտելով իրենց կողմը գրավել ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածը։
Նախընտրական քարոզարշավում առաջին ընդդիմադիրի դերի համար պայքարը բավականին թեժ է լինելու, և արդեն իսկ ակներև է, որ առանց Փաշինյանի թիմի խիստ քննադատության էլ ՀՀԿ-ին քավության նոխազ ու քննադատության թիրախ դարձնելու հավակնորդները քիչ չեն լինելու։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ