Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

7-րդ գումարման ԱԺ` 11-N

7-րդ գումարման ԱԺ` 11-N
20.11.2018 | 03:21

Նախընտրական ժամանակները դառնում են հետաքրքիր ոչ միայն քաղաքական դաշտի, այլև հասարակության համար: Աժ արտահերթ ընտրությունները շարժման մեջ են դրել բազմաթիվ մարդկանց, որ կազմում են ընտրության գործընթացում ներգրավվածների երկրորդ շերտը. նրանք են իրականություն դարձնում իրենց քաղաքական ուժերի ընտրություններում հաջողության հասնելու վիթխարի տեխնիկական աշխատանքը, որի արդյունքները կերևան ընտրություններից հետո: Իսկ քաղաքական ու փորձագիտական դաշտում գերակշռում են …հոռետեսական տրամադրությունները: Եվ դա վկայում է, որ նախ հեղափոխության էյֆորիան հեղափոխության օրերին էլ համապարփակ չէր, ապա աստիճանաբար անցնում է:


Սոցիոլոգների գնահատականով` ԱԺ արտահերթ ընտրությունները ակտիվ ու հետաքրքիր են լինելու: Ամենակարևորը` առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները իմաստ ունեն: Դա ճիշտ գնահատական է, եթե նկատի են առնվում 21-րդ դարում կատարված ընտրությունները: Արդեն իսկ արձանագրվում է, որ կարող ենք ունենալ փայլուն ընտրություններ, բայց խորհրդարանը կարող է արդյունավետ չլինել` դատելով ընտրացուցակներից: Կատարվում են կանխատեսումներ, որ հակառակ 70 տոկոս հավաքելու հայտարարությունների` «Իմ քայլը» դաշինքին ձայն կտա ընտրողների 50-60 տոկոսը: Աժ կանցնեն նաև ՀՀԿ-ն ու և ԲՀԿ-ն, որ արդեն իսկ բազմիցս ազդարարել են երկրորդ ուժի իրենց հավակնությունները: Գուցե երազելը լավ է, բայց ոչ քաղաքականության մեջ: Երկու կուսակցություններն էլ ունեն 5 տոկոսը հաղթահարելու խնդիր, երկրորդ ուժ դառնալն այս ընտրություններում կարող է լինել պայմանական հասկացություն` 1-2 մանդատի առավելությամբ: Սոցիոլոգներն արդեն իսկ տարբերակում են դնում մյուս քաղաքական ուժերի և «Մենք» դաշինքի միջև, հաստատելով, որ «Մենքը» ԱԺ մտնելու բոլոր նախադրյալներն ունի և կհաղթահարի 7 տոկոսը` լինելով քաղաքակրթական այլընտրանք: Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը շարունակում են Հայաստանը տեսնել եվրասիական տարածքում ու դավանում են ռուսաստանյան-բոլշևիկյան արժեհամակարգ: Ընտրական մեծ փորձ ունեցող ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը ևս բախվելու են 5 տոկոսի պատնեշին, չի բացառվում` տեղում մնալով: «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Քաղաքացու որոշում» կուսակցությունների շանսերը առավել քիչ են։ Նույն` ժամանակի սեղմության պատճառով արտահերթ ընտրությունների ռեժիմը պարտադրում է հայտնի բրենդների մրցակցություն և լավագույն ապագա մաղթում նորաստեղծ ուժերին: «Սասնա ծռերը» հավակնում են ազգայնական նիշային` խլելով ՀՅԴ-ի հացը, բայց նրանց դեռ պետք է ինքնահաստատվել ու ձերբազատվել «մաուզերիստական» ընկալումից: Ոմանք ակնկալում էին, որ ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր կմասնակցեն` հաշվի առնելով հեղափոխության բերած մասնակցային դեմոկրատիայի հնարավորությունները։ Գուցե այդպես լիներ, եթե ընտրությունները 2019-ի գարնանը կայանային: Համեմատության համար` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 12, ԱԺ արտահերթ ընտրություններին` 11 քաղաքական ուժեր։ Իրենց քաղաքական հավակնություններից տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին «Ժառանգությունը», «Երկիր ծիրանին», «Ռեֆորմիստները», «Հայքը»: 2017-ի Աժ ընտրությունների համեմատությամբ` 2018-ին ԱԺ մանդատների հավակնություններ չունեն ՀԱԿ-ը, կոմկուսն ու ՕՐՕ դաշինքը: Սոցիոլոգները ընտրության առանձնահատկություն են համարում արդյունքների կանխորոշվածությունը, երբ հաղթողը հայտնի է, մնում է պարզել` քանի՞ տոկոս կստանա Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը», և, ըստ այդմ, ի՞նչ կմնա մյուս ուժերին: Այս հարցն առայժմ արձանագրվում է, ու արագ անցում է կատարվում մյուս հարցերին. իրականում սա սկզբունքային ու գերկարևոր հարց է 7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության տեսակետից: Գործող օրենսգրքի պարտադրած պրոկրուստյան չափանիշներով, երբ ռեյտինգային ընտրակարգով բոնուսային ձայների հեռանկարը ստիպում է ցուցակները ոչ միայն մեծացնել` գերազանցելով խորհրդարանի պատգամավորների թիվը` 101+N, այլև հարկադրաբար ցուցակներում ներառել ապաքաղաքական ու պատահական մարդկանց: Այս պայմաններում միանգամայն հավանական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պարզապես չեն հասցնի փոխել քաղաքական իրավիճակը` ինչպես թավշե հեղափոխությունն էր խնդիր դնում:

Բացի այդ, միջազգային ու հայկական փորձը վկայում է, որ ոչ մի քաղաքական ուժ արդյունավետ չէ, եթե հավաքում է 70-80 տոկոս ձայն: Դա բացարձակ մեծամասնության տեր կուսակցությանը զրկում է ճկունությունից ու լճացնում է, իսկ մյուս կուսակցություններին զրկում է քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից: Հետևանքը դառնում է խորհրդարանի, քաղաքականապես լեգիտիմ լինելով հանդերձ, որակյալ որոշումներ ընդունելու անկարողությունը: Առավել ևս, եթե մյուս քաղաքական ուժերի դեպքում կա քաղաքական ինչ-որ ուղղություն, «Իմ քայլը» դաշինքի ուղղվածությունը մինչև հիմա հասկանալի չէ` նրանք ստիպված են ապահովել և՛ բիզնեսի, և՛ սոցիալապես անապահով մարդկանց շահերը համաժամանակյա, որ դաշինքը դարձնում է տարտղնված: «Իմ քայլի» պետականաշեն գործունեության առավելագույն հարմարավետություն կարող էր ստեղծել 40 տոկոսը, որ հնարավորություն կտար խորհրդարանում տարբեր ուժերի ներկայությանը և նրանց հետ համագործակցությամբ իսկապես մրցակցային ու որակյալ լուծումներ գտնել: Այլապես, ԱԺ արտահերթ ընտրությունները կրկնելու են Երևանի ավագանու ընտրությունների պատկերը, ու ի՞նչ: Ո՞վ է շահել: Համենայն դեպս, ոչ ՔՊ-ն:


Ցավալի, բայց փաստ է, որ ընտրողների մեծամասնությունը սովոր չէ ընտրություն կատարել սեփական վերլուծությունների հիման վրա: Անցած տասնամյակների ընտրությունները հասարակությանն ընտելացրել են ընտրատեղամաս գնալ ուղղորդումով, ու հիմա ընտրողները չգիտեն ուրիշ դրդապատճառներով ընտրելու ձևն ու իմաստը: Բոլորն ասում են, որ այս ընտրություններում բացառվում է ընտրակաշառքը, բայց ոչ ոք դեռ չի ասում, որ ընտրություններում ֆինանսական միջոցները շատ մեծ դեր ունեն` պարզապես ոչ թե 10-20 հազար դրամի տեսքով մտնելու են կոնկրետ ընտրողի գրպանը ու 1-2 օրում ծախսվեն, իսկ հետո վերածվեն գնաճի, այլ ընտրողի կատարած ճիշտ ընտրության արդյունքում կուտակվելու են պետական գանձարանում ու վերածվեն սոցիալական ծրագրերի, արդյունաբերության վերագործարկման ու աշխատատեղերի ստեղծման: Ոչ ոք դեռ չի ասում, որ այդ նպատակով ձայնը պետք է տալ ոչ միայն «Իմ քայլին», այլև այն կուսակցություններին, որ կարող են դառնալ իրական, ոչ թե պայմանական, իրավիճակային կամ ոխակալ ընդդիմություն իշխանությանը` ապահովելով իշխանություն-ընդդիմություն հավասարակշռությունն ու կառուցողական համագործակցությունը: Փաստացի` հասարակության մեծ մասը դեռ չունի վերլուծելու` համադրելու, հակադրելու ու սեփական եզրակացություններն անելու անհաժեշտության գիտակցություն, ուրեմն նաև` ցանկություն ու կարողություն: Ստացվում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների գաղափարական ողջ պատասխանատվությունը կրելու է Երևանը: Միայն մայրաքաղաքում, ելնելով քաղաքական մթնոլորտի գոյությունից, ձևավորվելու է որոշակի տեսակետ ու դիրքորոշում` ու՞մ և ինչու՞ ընտրելու, ու՞մ և ինչու՞ չընտրելու առումով: 12-օրյա ընտրարշավը հնարավորություն չի տալու շրջել մարզերի բոլոր բնակավայրերով, բացահայտորեն նախապատվությունը տրվելու է այն տարածքներին, որտեղ մեծ է ընտրողների թիվը, և ուժեղ են սեփական կառույցները: Իսկ այդ հարկադրական մարտավարության հետևանքը դառնալու է ընտրողների մեծ թվի դուրս մնալը ընտրական գաղափարական գործընթացից. նրանք գնալու են ընտրատեղամաս ու ձայն են տալու ծանոթ-բարեկամին կամ ընդհանրապես դեկտեմբերի 9-ին զբաղվելու են անձնական գործերով:
Ընտրություններում գաղափարական բաժանարար գիծ է դառնալու հեղափոխությունը: Փաստացի` այդ ռեսուրսը պատկանում է միայն ու միայն ՔՊ-ին, և մյուս ուժերը կամ փորձելու են տզրուկի պես կառչել հեղափոխությունից, հայտարարելով, որ իրենք էլ հեղափոխական են, կամ հակադրվելու են հեղափոխությանը ու մատնանշելու են հետհեղափոխական սխալները: ՔՊ-ն ևս փորձելու է հեղափոխության ռեսուրսը 100 տոկոսով քամել: Բոլորն էլ սխալվելու են: Հետընտրական Հայաստանի համար հեղափոխությունը չպետք է ֆետիշացվի, և պետք է բացառվեն քայլածների ու չքայլածների տարբերության հիման վրա բաժանումները: Հեղափոխությունը պետք է ընդունվի իբրև կատարված փաստ, որից հետո է սկսվում բուն գործընթացը, որտեղ չկան հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, կան նոր Հայաստանի կառուցման ու պաշտպանության մասնակիցներ: Հակառակ դեպքում բոլորը միասին անվավեր են դարձնելու հեղափոխության բուն փաստը: Իսկ հասարակությունը նորից կընկղմվի գաղջ մթնոլորտի մեջ` պատճառ դառնալով իներտության ու ապաքաղաքականացման սրընթաց աճի: Դա սպառնալիք է միջին վիճակագրական հայի կենսագոյությանը:


Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների հրապարակումը հիմք տվեց փորձագետներին հայտարարելու, որ այդ ցուցակներով կազմված խորհրդարանը լուրջ քաղաքական գործառույթ չի իրականացնելու, ցուցակներում չկան լրջագույն հարցեր բարձրացնելու, քննարկելու, հարկ եղած դեպքում կառավարության նախաձեռնություններին առարկելու ունակ մարդիկ, որ համարձակություն կունենան դեմ քվեարկել, սկզբունքային դիրքորոշում արտահայտել: Եվ դա առաջին հերթին վերաբերում է ՔՊ-ի ընտրացուցակին: Գուցե այդպես է, բայց նախ այնպես չէ, որ այդ մարդիկ կան ու ցուցակներում դիտմամբ չեն ընդգրկվել, և հետո` կանխավ գնահատական տալ դեռ չընտրված խորհրդարանին անշնորհակալ գործ է: Ի վերջո, խնդիրներն են ձևավորում լուծումների հնարավորությունները: 7-րդ գումարման ԱԺ-ն կազմավորվելու է 11-N սկզբունքով, հայտնիների ու անհայտների մրցակցության մեջ գլխավորը լինելու են այն N-երը, որ կմտնեն խորհրդարան` նրանց է վիճակվելու նոր Հայաստանի ինքնիշխանության վերականգնման պատմությունը գրելը` ածանցյալ բոլոր խնդիրներով: Իսկ այն N-երը, որ խորհրդարան չեն մտնի, կատարելու են քաղաքական դաշտի ամբողջականությունն ու մրցակցայնությունը ապահովողի դերը, թեպետ Հայաստանում, որպես կանոն, ընտրություններում չհաղթած կուսակցությունները մինչև նոր ընտրություններ արջաքուն են մտնում: Հուսանք, որ այս անգամ այդպես չի լինի. իրավիճակ է փոխվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ձմեռային ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները` բացառապես անհարմար պայմաններ են ստեղծում ընտրարշավի համար: Եթե Հայաստանում դեկտեմբերը լինի ցուրտ, ընտրողների հետ բացօթյա հանդիպումները համարյա բացառվում են, կուսակցություններին մնում է քաղաքներում ու գյուղերում փողոցից փողոց բարձրախոսով շրջելն ու իրենց կարգախոսները բարձրաձայնելը` համարյա առանց ուղղակի շփումների: Առավելագույնը` մեծ քաղաքներում կլինեն հանրահավաքներ: Հազիվ թե ընտրողները հակված են կատարելու իրենց «տնային աշխատանքը»` ինքնուրույն ծանոթանալու կուսակցությունների նախընտրական ծրագրերին, որ հաճախ այնքան ծավալուն ու խրթին են գրվում (մի քանի տողից այն կողմ կարդալ չի լինում): Ակտիվ պայքարի մեջ կլինի «ինտերնետի ժողովուրդը», բայց սոցիալական ցանցերի շրջագիծը որքան էլ մեծ, տարիքային բացթողում ունի` ընդգրկում է երիտասարդներին, իսկ տարեցներին մնում են թերթերն ու հեռուստացույցը: Չի բացառվում, որ ընտրության ելքը որոշեն ոչ թե նրանք, որ գնացել ու ընտրել են, այլ նրանք, որ չեն գնացել ու չեն ընտրել: Եվ դա կլինի հետհեղափոխական Հայաստանի թիվ 1 ֆենոմենը, որի դեմ պիտի պայքարեն 11 քաղաքական ուժերը: Ընտրողն է որոշելու 11-N հավասարման պատասխանը:

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ