Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով և ինչպես Թրամփին «ընծայեց» Իրանին

Ով և ինչպես Թրամփին «ընծայեց» Իրանին
20.11.2018 | 13:50

(Նախորդ մասը)

Ճիշտն ասած, Իրանում ներքին քննարկումներ էին ընթանում, թե արժե՞ հավանություն տալ կամ միանալ նման կարգի միջազգային համաձայնագրերին: Նրանց մտահոգությունը հասկանալի է. միջազգային համաձայնագրերի մեծ մասն օգտագործվում է կոնկրետ երկրների դեմ, և ոչ թե, ասենք, միջազգային ահաբեկչության իրական հովանավորների: Իսկ ընդունված որոշումը, օրենք դառնալու համար, դեռ պետք է ստուգում անցնի Սահմանադրության պահապանների խորհրդում (ՍՊԽ), թե ինչ չափով է համապատասխանում Իրանի Սահմանադրությանը: Արտգործնախարար Մոհամադ Զարիֆը ներկա է եղել խորհրդարանում՝ պաշտպանելու համար ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաձայնագրին միանալու օրինագծի վավերացումը: Քվեարկությունից առաջ նա հայտարարել է. «Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ, համաձայնագրին միանալով, բանկային խնդիրները կլուծվեն, բայց կարող ենք երաշխիքներ տալ, որ եթե Իրանը չմիանա օրինագծին, ապա ԱՄՆ-ը պատրվակներ կմտածի մեզ համար ավելի շատ խնդիրներ ստեղծելու նպատակով»: Զարիֆի խոսքով, առանց օրինագծին հավանություն տալու նույնիսկ Իրանի «ռազմավարական գործընկերներ» Չինաստանն ու Ռուսաստանը խնդիրներ կունենան Իրանի հետ բանկային գործառնություններում: Նա պատմել է, որ ՌԴ ԿԲ-ի ղեկավարը հայտնել է իր իրանցի գործընկերոջը, որ առանց համաձայնագրին միանալու իրենք չեն կարող աշխատել Իրանի հետ, ուստի «խորհրդարանը պետք է պատմական որոշում ընդունի... ի շահ ազգի գործելու և ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու դեպքում ապագա արդարացումներից զրկելու համար»:


ՈՒշադրություն դարձնենք. Իրանի ԱԳՆ-ն, օրենսդիրներին հօգուտ օրինագծի քվեարկելու կոչ անելով, փաստորեն նշում է, որ դա ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ համաձայնեցված քայլ է: Որպեսզի նորից ու նորից կասկածներ կամ վեճեր չծագեն, ներկայացնենք սովորական տրամաբանական հիմնավորումներ, թե ինչու են Մոսկվան ու Պեկինը շահագրգռված ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական հարվածների տակից Իրանի դուրսբերմամբ: Ահաբեկչության, հետևաբար և նրա ֆինանսավորման վաղօրոք կասեցումը մինչև «անմիջական պատերազմի» այդ ձևը հասնի ռուսական կամ չինական տարածքին, մեր կարծիքով, լիովին արդարացված է և՛ մարտավարական, և՛ ռազմավարական տեսանկյուններից: Չինաստանն Իրանի թիկունքին կանգնած էր դեռ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունների ծավալման նախնական փուլում: Այն ժամանակ ՉԺՀ-ի փոխարտգործնախարարներից մեկը Ռուսաստանի բուհերից մեկում իր համակուրսեցու հետ մասնավոր զրույցի ժամանակ ասաց. «Իրանը մենք չենք հանձնի»: Մասամբ, գուցե և ամբողջությամբ, դա էլ է դեր խաղացել, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցի Իրանին: Բայց ակնհայտ է գլխավորը. ԱՄՆ-ի ծավալապաշտության այս կամ այն դիմակայության ժամանակ՝ Մերձավոր թե Հեռավոր Արևելքում, Հնդկական թե Խաղաղ օվկիանոսների ջրատարածքում, Աֆղանստանում, Միջին Ասիայում թե Հարավային Կովկասում, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը համընկել և համընկնում են մինչև այժմ: Ի դեպ, արդեն հոկտեմբերի 7-ին գրանցվել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաձայնագրին Իրանի միանալու հարցով քվեարկության առաջին... ֆինանսական արդյունքը: Հենց որ այդ լուրը տարածվեց, Իրանում ԱՄՆ-ի դոլարի և օտարերկրյա այլ արժույթների փոխարժեքներն զգալիորեն ընկան:


Մի քանի խոսք այն մասին, թե Պեկինում ինչպես էին արձագանքում հոկտեմբերի այդ օրերին Իրանում և Իրանի շուրջը կատարվող գործընթացներին: Դա անհամեմատ կարևոր է «Իրանի դեմ պատժամիջոցներին հավատարմության» մասին Հայաստանի ԱԳՆ-ի շշնջյունից. Չինաստանը ոչ մի դեպքում չի հանձնի Իրանը: Այնպես որ, պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի կողմն անցնելը Չինաստանի թշնամիների ճամբար անցնել է: Չինական պաշտոնական տեղեկատվական «Սինխուա» գործակալությունը հայտնել է, որ միջազգային շուկաներում նավթի գնի աստիճանական բարձրացմամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների զգալի մասն անարդյունավետ կլինի: Թեհրանի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 6 ամսում նավթից Իրանի եկամուտն ավելացել է 16 %-ով: Ֆինանսական տարում Իրանի կառավարությունը բյուջեն հաշվարկել էր նավթի 1 բարելը 55 դոլարով, մինչդեռ թանկացման պատճառով բարելն արժե 70 դոլարից ավելի, իսկ որակյալ նավթի բարելը վաճառվում է 84 դոլարով: «Սինխուան» նշել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների տապալումը և հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ռազմավարությունը հանգեցրել է 2014-ից ի վեր նավթի գների ամենամեծ բարձրացմանը, և որ Հարավային Կորեայից բացի ոչ մի երկիր չի դադարեցրել Իրանից նավթ գնելը ԱՄՆ-ի ճնշման և պատժամիջոցների հետևանքով:
Հոկտեմբերի 7-ից տագնապալից հրապարակումներ սկսվեցին արևմտյան ԶԼՄ-ներում: Այսպես, ամերիկյան «Baron» շաբաթաթերթը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին գրեց, որ գալիք պատերազմը Վաշինգտոնի և Պեկինի միջև լինելու է պատերազմ իրանական նավթի համար: Ըստ թերթի, Չինաստանը, որն իրանական նավթի 1/4-ի գնորդն է, դարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների համաշխարհային դիմադրության կենտրոնը: Նավթի շուկայի վերլուծաբան Ստեֆան Բառնոկի կարծիքով, Չինաստանը չի պատասխանելու ԱՄՆ-ի պահանջներին: Թերթը գրում է, որ իրանական նավթի խոշոր գնորդներն արդեն դեմ են նոր պատժամիջոցներ մտցնելուն: Փիթ Հարոլը, որը Բարաք Օբամայի վարչակազմում ծառայում էր Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու գծով, իսկ այժմ Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի անդամ է, հայտարարել է. «Չինաստանը պատժամիջոցները շրջանցելու լավ հնարավորություններ ունի: Չինացիներն ունեն փոքր ու միջին նավթավերամշակման գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ի կառավարությանը: Պեկինը նաև սեփական արժույթով հում նավթ գնելու փորձ ունի. այս տարվա սկզբին նա պայմանագրեր է կնքել նավթայուաններով: Հավանաբար Չինաստանը կկրճատի Sinopec-ի նման խոշոր պետական նավթավերամշակման գործարանների կողմից ներմուծումը՝ որպես Վաշինգտոնի շորթման դեմ միջոց»: «Baron» շաբաթաթերթը վերլուծության եզրափակիչ մասում նշում է. «Քիչ հնարավոր է, որ Թրամփի կոշտ դիրքորոշումն Իրանի և Չինաստանի նկատմամբ տա նրա ակնկալած առավելությունները»:


Իսկ հոկտեմբերի 8-ին ահա թե ինչ է հայտնել IRNA գործակալությունը՝ հղում անելով նավթափոխադրման գծով չինական խոշորագույն ընկերություններից մեկի՝ CMES-ի նախագահ Սե Չունլինին. այդ ընկերությունը լիովին դադարեցրել է ԱՄՆ-ից նավթի գնումը երկու երկրների միջև բախումների ուժեղացման և լարված առևտրային պատերազմի պատճառով: Այդ կապակցությամբ IRNA-ն հիշեցրել է, որ նախորդ ամսում Չինաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների սակագների բարձրացման, 10 %-ով բարձրացրել էր ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ բնական գազի սակագինը: Չինաստանն իր նավթավերամշակման գործարաններին և գործարարներին կոչ էր արել չգնել ամերիկյան նավթը: «Մինչև առևտրային պատերազմը և սակագների բարձրացումը մենք տնտեսական լավ հարաբերություններ ունեինք ԱՄՆ-ի հետ, բայց հիմա ԱՄՆ-ից նավթի գնումը լիովին դադարեցված է»,- հայտարարել է Սե Չունլինը: Ինչպես հաղորդում է հեղինակավոր «Բլումբերգ» լրատվամիջոցը, Չինաստանը փորձում է ԱՄՆ-ից ներմուծվող նավթամթերքների փոխարեն դրանք ձեռք բերել Արևմտյան Աֆրիկայի երկրներից և այնտեղից արդեն կարող է օրական գնել 1700000 բարել նավթ, միաժամանակ պահպանելով Իրանից և Ռուսաստանից ածխաջրածինների ներմուծումը:


Ինչպես տեսնում ենք, սա արդեն ԱՄՆ-ի և Իսրայելի սովորական վեճը չէ Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների մնալու կամ չմնալու մասին: Նավթի և գազի առևտուրը, նույնիսկ միայն չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների մասշտաբով, արդեն համաշխարհային առճակատման նախակարապետն է, ոչ թե ինչ-որ տեղական տարածաշրջանային «հաշիվների պարզում»: Այնպես որ, հաստատվում է Իրանի ԱԳ նախարար Զարիֆի ասածը, որ, ըստ էության, ահաբեկչության ֆինանսավորման դեմ համաձայնագրին Թեհրանի միանալը կատարվել է Մոսկվայի և Պեկինի խորհրդով և համաձայնությամբ: Այդ դեպքում ինչու՞ ոչ բոլոր պատգամավորներն էին կողմ համաձայնագրին Իրանի միանալուն (կողմ քվեարկել է 143, դեմ՝ 120, ձեռնպահ՝ 5 պատգամավոր): Դեմ հանդես եկած պատգամավոր Մոհամեդ Դեհգանը հայտարարեց, որ իրանական ռիալի վերջին արժեզրկման պատճառը եղել է կառավարության կողմից փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) որոշ պահանջների կատարումը. «Թշնամու նպատակն է եղել Իրանի վրա ճնշում գործադրելը, որը տեղի է ունեցել կառավարության միամտության պատճառով»: Պատգամավոր Հոսեյն Հոսեյնին ասաց, որ Իրանի առաջնորդը խորհրդարանականների հետ իր ամենամյա հանդիպման ժամանակ նախազգուշացրել է, որ հավանություն չտան Իրանի թշնամիների պարտադրած համաձայնագրերին. «Բոլորս կռահում ենք, թե նա ինչ համաձայնագրեր նկատի ուներ»: Քվեարկությունից հետո պատգամավոր Նադեր Ղազիփուրը հայտարարեց, որ FATF-ի հաստատումը խորհրդարանի «սև օրն է», նաև հայտնեց, որ խորհրդարանի փակ նիստում ավելի վաղ զինվորականները նախազգուշացրել են FATF-ի վտանգի մասին, բայց կառավարական պաշտոնյաները պնդել են, որ օրինագիծն ընդունվի, և ի վերջո, այն հավանության է արժանացել խորհրդարանում:


Այնինչ Պահապանների խորհրդի մամլո քարտուղար Աբաս Քադհոդաին հայտարարեց, որ դեռ վաղ է օրինագծի բովանդակությունը մեկնաբանելը, և խորհուրդն իր կարծիքը կհայտնի օրինագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բայդինեժադը բարձր է գնահատել Իրանի խորհրդարանում FATF-ի օրինագծի վավերացումը:
Ինչպես կարելի է նկատել, համաձայնագրին Իրանի միանալու հակառակորդների հակափաստարկները հիմնվում են երկու զորեղ գործոնի՝ Իրանի առաջնորդ, այաթոլահ Խամենեիի նախազգուշացումների և ԻԻՀ «զինվորական իշխանությունների» բացասական վերաբերմունքի վրա: Ամենից հավանականն է, որ խոսքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրագույն հրամանատարության և համաիրանական «Բասիջ» աշխարհազորի մասին է: Այսպես թե այնպես, Պահապանների խորհրդի եզրակացությունը, ամենայն հավանականությամբ, երկար կտևի, ինչը կապված կլինի ոչ միայն ներիրանական խմբակցությունների և հոսանքների, այլև Ռուսաստանի և Չինաստանի բարձրագույն իշխանությունների դիրքորոշումների նախնական պարզման հետ, մանավանդ որ Իրանի արտգործնախարար Զարիֆը խորհրդարանում հայտնեց, որ համապատասխան խորհրդակցություններ է ունեցել ՌԴ-ի և ՉԺՀ-ի կենտրոնական բանկերի, ՌԴ և ՉԺՀ ԱԳՆ-երի ղեկավարությունների հետ:
(շարունակելի)


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ