Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էրկեն կիշերը» երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում»

«Էրկեն կիշերը» երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում»
11.12.2018 | 02:02

Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Վանի բարբառով՝ երկար գիշեր) լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը մեծ էկրանին է: «Էրկեն կիշերը» ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմը յուրօրինակ ճամփորդություն է երեք տարբեր պատմությունների, երեք տարբեր ժամանակաշրջանների միջով: Հերոսները ճակատագրերը կապված են գայլի և գնդաձև քարի հետ: «Այն երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում,- մինչ առաջնախաղն ասաց Էդգար Բաղդասարյանն ու կեսկատակ-կեսլուրջ հավելեց,- այս ֆիլմը նաև երեք նախարար է փոխել»: Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին, նշեց նաև, որ ուզում էր բարձրանալ բեմ ու ասել` մեռած հայկական կինոն ողջունում է ձեզ, բայց այն, ինչ երբևէ ապրել է, չի մեռնում:


«Էրկեն կիշերը» սկսվում է Բաբկեն Չոբանյանի և Լուիզա Ներսիսյանի խաղով: Ամուսնական զույգի ընտանեկան տարօրինակ դրաման պատկերվում է մեքենայով պտույտի ժամանակ, նրանց միանում է մարմնավաճառը, որի բարոյական արժեքները, պարզվում է, ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը: Մարիա Սեյրանյանն այս նովելում ներկայանում է առաջնախաղով:


Ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանվել է ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի (սցենարի համահեղինակ է Քնարիկ Միրզոյանը): Առանցքում 1915 թվականի իրադարձություներն են: Փախուստը, «ավելորդը» և մեծահարուստ Հաճի աղայի դրաման (Սամվել Գրիգորյան) հեշտությամբ կարելի է զուգորդել նաև մերօրյա իրականության հետ:
Երրորդ մասի գործողությունները կատարվում են Նարեկացու մահվան օրը: Մատենադարանի գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը «վերստեղծել է» Վանի բարբառը: Վերստեղծված լեզուն ու ձմեռային անտանելի պայմանները, գիշերվա մութն ու գայլերի ոհմակը հաղթահարել է Շանթ Հովհաննիսյանը: Գլխավոր դերերում են նաև Նարինե Գրիգորյանը, Մինաս Ասրյանը, Վաչե Երիցյանը։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, բեմադրող նկարիչները՝ Սեդրակ Վելիկոդնին, Տիգրան Առաքելյանը, երաժշտությունը՝ Անդրանիկ Բերբերյանի, պրոդյուսերներն են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ