Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տարածքը պահողը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը»

«Տարածքը պահողը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը»
05.04.2019 | 02:40

Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չունենք օրակարգ Ադրբեջանի հետ և միայն մեկ թեզ ենք փորձում առաջ տանել՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Սա նոր բան չէ, նախորդ իշխանության ներկայացուցիչներն էլ պարբերաբար խոսել են այս մասին, սակայն և՛ նախկինում, և՛ հիմա այս թեզը, բացի Հայաստանից, ոչ մեկը չի ընդունում։ Ստացվում է՝ կառչել ենք միայն այդ առաջարկից և բանակցային այլ օրակարգ չենք սահմանում։ Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ օրակարգային հարց չի քննարկվում, օրակարգ չկա։ Որքան հնարավոր կլինի առանց օրակարգի, առանց Արցախի ձգել այս բանակցությունները, դժվար է ասել։ Հասարակական, քաղաքական գործիչ, ակադեմիկոս ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆԻ հետ մեր զրույցը այս թեմայի շուրջ է։

-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում։
-Հայաստանի իշխանությունները միշտ էլ ցանկացել են ինչ-որ ձևով վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը։ Ի վերջո, հակամարտությունը Արցախի և Ադրբեջանի միջև է, բայց վերջինիս դա, բնականաբար, ձեռնտու չէ։ Ալիևը նուրբ քաղաքականություն տարավ՝ չընդունելով, որ կոնֆլիկտը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է` հարցը տեղափոխելով այլ հարթություն։ Հարցը դարձնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ` Ալիևն ավելի առաջ անցավ ու սկսեց խոսել արդեն Հայաստանի ագրեսոր լինելու մասին։ Իրականում ողջ պատմությունը Ադրբեջանը փորձում է աղավաղել։ Իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է իր տարածքի վրա։
-Ի տարբերություն մյուս իշխանությունների, այս իշխանությունն ասում է, որ ոչ մի օրակարգ չի լինի, եթե Արցախը չմասնակցի բանակցություններին։ Ինչպե՞ս է հնարավոր հասնել դրան։
-Պարտադիր չէ դրան հասնել, կարևորն այն է, որ բոլոր բանակցություններում շեշտը դրվի ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վրա։ Սրա համար բոլոր փաստարկները կան։ Արցախը երբևէ Ադրբեջան կոչվող պետության տարածքում չի եղել, այդ հարցը ծագեց այն ժամանակ, երբ Ադրբեջանում 1920-ի ապրիլին խորհրդային կարգեր հաստատվեցին, երբ դեռ Հայաստանում իշխանություն հաստատված չէր։ Ադրբեջանն օգտվեց այդ հանգամանքից, հայտարարեց, թե Հայաստանը բուրժուական երկիր է և ներկայացրեց տարածքային պահանջներ։ Թուրքերը մտածեցին, որ շատ հարմար պահ է, որպեսզի Ադրբեջանը միանա Թուրքիային, հենց այս ժամանակ էլ ծագեց Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի հարցը։ Լուծեցին Նախիջևանի հարցը, Արցախինն էլ ինչ-որ ձևով, հերթը Զանգեզուրինն էր, միայն Նժդեհի հերոսության շնորհիվ հնարավոր եղավ պահել Զանգեզուրը։ Բայց այդ օրերից բան չի փոխվել, թուրքերը նույն ծրագիրն այսօր են փորձում են իրականացնել։
-Այսօր էլ Նախիջևանի կողմից անհանգստացնող լուրեր ենք ստանում, էլ չենք խոսում չեզոք գոտու կրճատման, դիրքերի առաջբերման մասին։ Ասել է՝ իրական վտանգ ամեն պահի կա՞։
-Ընդհանրապես, միշտ էլ վտանգը կա, որպեսզի այն լիովին չեզոքացվի, պետք է լուրջ քաղաքականություն վարել։ Այսօր 150 կմ տարածքով Ադրբեջանն անջատված է Թուրքիայից, մինչև արցախյան շարժումը դա կազմում էր 40 կմ։ Խոսքը Մեղրու միջանցքի մասին է, որի մասին միշտ խոսում են։ Մեր ազգի ապագան այդ հեռավորության պահպանումն է, դա սեպ է նրանց միջև, որը պետք է անպայման պահել։
-Ինչպե՞ս պահել։
-Իշխանությունը չէ պահողը, այլ ժողովուրդը։ Տարածքը պահողը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը։ Հայ ժողովուրդն այդ հարցում միասնական է, այդ հատվածում անգամ 1 կիլոմետրի զիջումը նշանակում է, որ մենք այս հողի վրա ապրելու խնդրի առաջ ենք կանգնելու, Հայաստանի վերջն է լինելու։ Դա կենսական հատված է Հայաստանի համար։ Բարեբախտաբար, այս հարցում մենք ունենք դաշնակիցներ։
-Ովքե՞ր են։
-Նախ և առաջ Իրանը, որին ձեռնտու չէ որևէ տարածքի զիջում, քանի որ իր երկրի հյուսիսային հատվածում ադրբեջանական ծագում ունեցող մարդիկ են հայտնվելու, իսկ դա լուրջ վտանգ է նրանց համար։ Այստեղ շահեր ունի Ռուսաստանը։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը միացան, հաջորդը լինելու են միջինասիական թուրքալեզու պետությունները, իսկ նրանք սերտ կապերի մեջ են Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ այդ շարժումը տարածվելու է Միջին Ասիայով ու կհասնի մինչև Չինաստան, որին ևս ձեռնտու չէ այս միջանցքի զիջումը։ Այսինքն, ունենք իրական դաշնակիցներ, որոնց հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել, քանի որ կան ընդհանուր շահեր։ Պետք է գիշեր-ցերեկ աշխատել։ Թուրքը լավ գիտի, որ Արցախն իրենը չէ, բայց, տեսեք, որքան կառչած են այդ հողին։ Իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է, ասում են՝ Ադրբեջանը թող ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ազատագրված տարածքները տանք իրեն։ Էլ չեն հասկանում, թե դրանով որքան է մեծանում վտանգը։ Այսօր ԼՂՀ-ն ունի այն նվազագույն սահմանները, որոնք ապահովում են այդ երկրի գոյությունը, որևէ զիջում կարող է հանգեցնել ողջ Ղարաբաղը զիջելուն։ Չի կարելի որևէ տարածք տալ, քանի որ դրանք հայկական են` սա է ապացուցում պատմությունը։ Ովքեր չգիտեն, թող գոնե Րաֆֆու գիրքը կարդան։ Այդքան հեշտությամբ այլևս չի կարելի տարածք տալ թշնամուն։ Մենք այսօր կրիտիկական վիճակում ենք, որևէ տարածք տալը նշանակում է խաչ քաշել Հայաստանի վրա։
-Այսօր խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Ի՞նչ է սա ենթադրում, տարածքների զիջու՞մ։
-Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և ուզում ենք խաղաղություն լինի։ Իսկ խաղաղության նախապատրաստումը բացառապես վերաբերում է Ադրբեջանին, պարզապես խնդիրը կոնկրետ դրված չէ։ Տեսեք, թե ինչ հռետորաբանությամբ են նրանք խոսում, դպրոցական բոլոր դասագրքերում համար մեկ թշնամին հայն է, նույնիսկ Երևանն են համարում իրենցը, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Հեռահար նպատակներ ունեն և կարողանում են սպասել։ Ստեղծում են օազիսներ, հետո քաղաքական հարմար իրադրության պայմաններում այդ օազիսները միավորում են։ Երևանի հարցը դնելով, նրանք այդքան հիմար չեն, հող են նախապատրաստում, որ պատմական որոշակի իրադրության պայմաններում գրավելով Երևանը, հայտարարեն, որ ազատագրեցին իրենց հողը։ Թուրքական դիվանագիտությունն այս տեսակետից բավական հզոր է։ Այսօր եթե ուզում ենք հարցն օբյեկտիվ լուծել, պետք է պահպանել ստատուս-քվոն։ Եթե Եվրոպայում շատերը համաձայնել են այս տարբերակով լուծել տարածքների հարց, երբ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից և այլ երկրներից տարածքներ են կտրվում, հետո մնում են բարեկամ երկրներ, ինչու՞ մեզ մոտ հնարավոր չէ։ Ժամանակն է քայլ անելիս բազմակողմանի մտածելու։ Երբ ասում են, թե ազատագրված տարածքները տանք, մտածու՞մ են` հետո ինչ է լինելու։ Պատկերացնենք՝ Քարվաճառը տվեցինք, մեր ողջ ջրային համակարգը տվեցինք թշնամու ձեռքը, վաղը կարող են և՛ ջուրը կտրել, և՛ թունավորել։
-Լուծման տարբերակ է համարվում փոխզիջումը, ուրեմն ի՞նչը կարելի է զիջել։
-Զիջումներ, իհարկե, կարելի է անել։ 500-700 հազար փախստականներ ունենք, որոնք կորցրել են իրենց գույքը։ 94-ին, երբ պատերազմն ավարտվեց, պարտվող երկրին` Ադրբեջանի պիտի ներկայացնեինք կոնտրիբուցիայի (ռազմատուգանք) սկզբունքը։ Ողջ Արցախում մնացել է տարածքի մեկ երրորդը, մնացածը նրանց ձեռքին է։ Մենք մեր բոլոր տարածքները չէ, որ ազատագրել ենք, մնացել են Գետաշենը, Խանլարը։ Արդեն դրանք զիջել ենք։ Պետք է որոշում ընդունելիս հաշվի առնել այն, թե Քաղբյուրոյի չարաբաստիկ որոշումից առաջ Հայաստանն ինչ սահմաններ է ունեցել։ Արդեն կտրտել են մեր հողերը, որոնց միայն մի մասն ենք վերականգնել։ Հարցադրումներ պետք է անել և ստանալ հստակ պատասխաններ։ Դրա համար ոչ թե պետք է գնալ տարածքները հանձնելու, այլ այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ճանապարհտով։
-Այս հարցում մենք ունե՞նք դաշնակիցներ, Ռուսաստանը, Արևմուտքը, ԵՄ-ն կհամաձայնե՞ն այդ տարբերակին։
-Պետք է հարցը լավ ներկայացնել դրսում, հասկացնել, որ ուզում ենք վարվել այնպես, ինչպես Եվրոպան, ասել, թե ուզում ենք իրենց օրինակը վերցնել, ինչպես են նման դեպքերում հարցը լուծել։ Հարկավոր է դիվանագիտական մեծ աշխատանք և հարցի լիարժեք ներկայացում։ Պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։ Եթե այսօր Հայաստանում մի փոքր էպիզոդ է լինում, րոպեների ընթացքում տեղեկանում են դրսում, հատկապես այն, ինչ իրենց ձեռնտու է։ Իսկ մեզ մոտ ներկայումս անհասկանալի է` ով է զբաղվում այդպիսի հարցերով, ինչպես են զբաղվում։ Ցանկացած պետություն ղեկավարում են համապատասխան ինստիտուտները։ Այդպես է ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Ռուսաստանում, այդ ինստուտներն են մշակում քաղաքականությունը, իսկ իշխանությունները որոշակի ուղղորդումներ են տալիս այդ քաղաքականությանը։
-Մեզանում բացակայու՞մ են այդ ինստիտուտներն ու քաղաքականություն մշակողները։
-Համենայն դեպս, այս տարիներին, եթե տարածքային ամբողջականության հարցը հօգուտ Հայաստանի չեն ծառայեցրել, նշանակում է լուրջ քաղաքականություն չի վարվել։
-Երբ դրսում ուզում ենք լուրջ հարցերով հանդես գալ, ներսում ևս շատ հարցեր պետք է լուծած լինենք։ Ի՞նչ է արել նոր իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում, մեր կյանքի որակը փոխվե՞լ է։
-Ճիշտ է, հիմա կարծես իրավիճակը փոխվել է, բայց այստեղ էլ որոշ չափազանցություններ կան։ Ես միշտ հիշում եմ Վիկտոր Համբարձումյանի խոսքերը. երբ մեխանիկայի ինստիտուտի ղեկավարն էի, Վիկտոր Համբարձումյանն ինձ իր մոտ կանչեց, հարցրեց`ինչպե՞ս են գործերը, ասացի` փորձում եմ օբյեկտիվ լինել, ճիշտ որոշումներ կայացնել։ Նա լսեց, լսեց, ասաց. «Աշխատեք, որ Ձեր որոշումները լինեն իմաստուն»։ Այդ իմաստուն որոշումներն են այսօր պակասում։ Հատկապես այս վիճակում ցանկացած որոշում պետք է լինի իմաստուն։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ